Գլխավոր » Ո՞ՒՄ ՕԳՏԻՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Ո՞ՒՄ ՕԳՏԻՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
22:59
Հայրենասիրությունը դա էություն է. ի ծնե՝ գեներից եկող, արյան բաղադրության մեջ երակներում հորդող։ Այն քարոզով, հորդորելով, պատվաստովի, ձեռքբերովի լինել չի կարող... 
Հարգելի ընթերցող հիմա փորձենք միասին վերլուծել զինադադարի պահից սկսած մեր երեք նախագաների դիվանագիտական «հաջողություններն ու ձեռքբերումները»... Ինչպես գիտենք, 1994թ. հունիսի 12-ին գործողության մեջ մտավ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ կնքվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կողմից՝ Բիշքեկում և ստացավ «Բիշքեկյան համաձայնագիր» անվանումը: 

Ո՞ւմ է գաղտնիք, որ շուրջ չորս տարի տևած Ղարաբաղի ազատագրական, հայրենատիրական պատերազմի հաղթանակը ձեռք բերվեց հազարավոր զոհերի, զրկանքների գնով... Հազարավոր նվիրյալների կյանքեր խլեց, հազարավոր մայրեր որդեկորույս դարձան, հազարավոր կանայք այրիացան, երեխաները որբացան... բայց արդյո՞ւնքը... Ինչպե՞ս կարելի էր այսքան անպատասխանատու անտարբերությամբ, սնանկ դիվանագիտական ռազմավարական գիտելիքներով ներկայանալ բանակցությունների և արյունով ձեռք բերած 12 հազ. քառ. կմ ազատագրված մեր հայկական հողերի ճակատագիրը մատնել բախտի քմահաճույքին. ավելի ճիշտ՝ Ադրբեջանի բարի կամքին: 

Մի՞թե դիվանագիտական խայտառակ պարտություն չէ, երբ պարտվող կողմն է իր կամքը թելադրում հաղթողին։ Սա երևի աշխարհի պատմության մեջ չգրված ու չլսված միակ ու եզակի դեպքն է և չի տեղավորվում մարդկային նորմալ տրամաբանության սահմաններում: Ինչո՞ւ չարժևորվեց մեր հաղթանակը, ինչո՞ւ կրակի դադարեցումով վերջնականորեն չվճռվեց Ղարաբաղի կարգավիճակի ճակատագիրը՝ կամ ԼՂ հանրապետություն, կամ վերամիավորումը մայր հայրենիքին: Ադրբեջանական կողմը 100% ընդունում էր իր պարտությունը, այլապես ինչքան էլ միջազգային կառույցները ճնշում գործադրեին, կամ Ռուսաստանը միջնորդությամբ հանդես գար, միևնույն է, Հեյդար Ալիևը կրակի դադարեցման համաձայնագիր երբեք չէր կնքի: Հայկական կողմի աններելի սխալն էր, եթե հրադադարի դադարեցումը պայմանավորված չէր վերջնականորեն Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմամբ, ուրեմն այդ համաձայնագրի տակ ստորագրություն դնելը առնվազն դավաճանություն էր: 

Հեյդար Ալիևը ուղղակի խնդրում էր մեր բոլոր դաշնակիցներին, միջազգային կառույցներին, որպեսզի միջնորդեն, որ Հայաստանը դադարեցնի ռազմական գործողությունները: Գիտակցում էր, որ պատերազմի շարունակությունը բերելու էր նոր զոհեր, նոր տարածքների կորստի, քանզի ադրբեջանցի զինվորի մոտ բարոյահոգեբանական անկում էր, պարտվողի հոգեբանությունն էր տիրում ադրբեջանական բանակում, իսկ հայկական կողմը հաղթականորեն տարածք-տարածքի հետևից գրավելով առաջ էր շարժվում...

Լևոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ ուզեց ապացուցել միջազգային կառույցներին... Իսկ 2008-ին նա՝ որպես նախագահի թեկնածու, նախընտրական հանրահավաքներում այսպիսի «լուսավոր» մտքեր էր շաղ տալիս հավաքվածների վստահությունը շահելու համար. «Որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա ու հայ-թուրքական սահմանը բացվի, պետք է հրաժարվենք Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, իսկ Ղարաբաղն էլ պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարությամբ»: Լ. Տեր-Պետրոսյանն էն գլխից գիտեր, թե ինչ քար է գցել փոսը, որը ո՛չ ինքը և ո՛չ էլ ուրիշ մեկը չի կարող հանել, դրա համար էլ ցուցանում էր ստեղծված վիճակից դուրս գալու «միակ ու ճիշտ» ուղին՝ «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ»: Հավաքվածներից ոչ-ոք չհանդգնեց հարց ուղղել առաջին նախագահին՝ «Եթե Ղարաբաղի կարգավիճակը տեսնում էր Ադրբեջանի կազմում, բա մեր կռիվն ինչի՞ համար էր. այսքան արյունը, մութը, ցուրտը, սովը, զրկանքները, արտագաղթը...»։

...Փաստերը գալիս են ապացուցելու, որ Ղարաբաղյան պատերազմի ազատագրական, հայրենատիրական հաղթանակների համար մեր նվիրյալներին ենք պարտական, իսկ Լ. Տեր-Պետրոսյաններն ակամայից էին ներքաշվել այդ պատերազմին, այլապես տեր կկանգնեին արյունով ձեռք բերված մեր հողերին, հաղթանակներին, ու սակարկության մեջ չէին մտնի բանակցությունների սեղանների շուրջ. ցավոք, մեր հաղթանակները հողին հավասարեցվեց հենց Բիշքեկում: 

Հիմա երկրորդ նախագահի դիվանագիտական «հաղթանակների» մասին։ Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է խոստովանեմ, որ տնտեսապես անդունդի եզրին կանգնած Հայաստանը փրկվեց լոկ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ: Նա Ղարաբաղի «ստատուս քվոն» պահպահնելով 10 տարի, բանակցային գործընթացը «սառեցնելու» հաշվին զարկ տվեց տնտեսությունը բարձրացնել չգերազանցված մակարդակի, արձանագրելով տնտեսական աննախադեպ աճ. (որի համար խորին շնորհակալություն): 1998 թ. սեպտեմբերին Ռ. Քոչարյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից առաջին անգամ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության ու Հայ Դատի պահանջատիրության հարցը, իսկ այնուհետև 2004-ի հունիսին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից Էրդողանի և Ալիևի երեսին շպրտեց. «Թուրքիան ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի նկատմամբ, ու մենք պահանջատեր ենք», իսկ Ալիևին էլ ասաց՝ «Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ինքնորոշվել է Սովետական կարգերի փլուզումից անմիջապես հետո՝ Ադրբեջանից առաջ»: 

Այս ելույթները հույսի լույս վառեցին շատերիս հոգիներում... Գոտեպնդվեցինք, որ այսուհետ հուսալի ձեռքերում են մեր ազգային խնդիրները... Շուրջ 10 տարի ինֆորմացիայի բլոկադա էր. հանրությանն անհասանելի էր, թե մեր Նախագահն ու արտգործնախարարն ի՞նչ են բանակցում համանախագահների, կամ Ադրբեջանի հետ, քանզի ամեն բան գաղտնիության քողի տակ էր արվում, իբր բանակցային գործընթացին չվնասելու համար: 

Առաջին լուրջ սխալ քայլը, որ ակնբախ էր և անհանգստացնող, դա Ղարաբաղյան կողմի դուրս մնալն էր բանակցային գործընթացից: Մեր անհանգստությունները սկիզբ առան 2007-ից, երբ շրջանառության մեջ դրվեց «Մադրիդյան սկզբունքներ»-ի ստորագրման փաստը ու դարձյալ գաղտնի... Բայց երբ վերջապես հնարավոր եղավ կոտրել ու բացել չարաբաստիկ գաղտնիության սնդուկի յոթ կողպեքները, հանրությանը հասանելի դարձան «Մադրիդյան սկզբունքներ» անվանումն ստացած փաստաթղթի հայավնաս ձևակերպումները, այդ միֆը հօդս ցնդեց... 

Անկախությունից անցել է շուրջ 20 տարի, սակայն այդպես էլ չհասունացավ հայ քաղաքական, ռազմավարական միտքը. այն դեռ սաղմնային փուլում է, և դեռ դեգերում ու խարխափում է մոլորության լաբիրինթոսում: Մոլորություն, որ նախագահ Սերժ Սարգսյանն ազգին մատուցեց իր «Ֆուտբոլային դիվանագիտության» քայլով։ Հենց ֆուտբոլային հրավերքի պահին ես Բաց նամակով դիմեցի Սերժ Սարգսյանին... (Այդ նամակը տպագրվել է նաև «Նոր էջ»-ում - խմբ.)։
...Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական կամք ցուցաբերի ու սրբագրի ոչ միայն իր նախագահության օրոք արտաքին դիվանագիտության ասպարեզում թույլ տված սխալ քայլերը՝ կտրականապես հրաժարվի Շվեյցարիայում ստորագրված Հայ-թուրքական պրոտոկոլներից, այլ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք վավերացված «Մադրիդյան սկզբունքներից»... 

...Ոչ միայն Հայոց Ցեղասպանության փաստի դատապարտումը, այլ խորհրդային տարիներին Ստալինյան ռեժիմի հետևանքով Ադրբեջանի կազմում հայտնված Արցախի ու Նախիջևանի ճակատագրերի վերջնական լուծումը քննելի դարձնել Հաագայի միջազգային դատարանում: Ինչպես նաև Թուրքիայի կողմից բռնազավթված մեր հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի խնդիրը բարձրացնել: Մեր հայրենիքին՝ Արևմտյան Հայաստանին տեր դառնալու համար ունենք դատական գործընթացը շահող և մեր իրավունքները պաշտպանող այնպիսի հաղթաթղթեր, ինչպիսիք են Սևրի դաշնագրը և ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ իրավարար վճիռը, որտեղ ամրագրված են մեր իրավունքները Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103, 599 քառ. կմ... Այսօր, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, ձեր ուսերին է դրված այդ առաքելությունը...
Ուրեմն, ի գործ*...

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս
Բրյուսել
www.louysworld.com
-----------------------------------------------
*Տպագրվում է կրճատումներով

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ