Գլխավոր » ՈՐՊԵՍ ՀԱԹԵՐՔՑԻՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
ՈՐՊԵՍ ՀԱԹԵՐՔՑԻՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
21:42
Ընթերցողի սեղանին է Միքայել Աղաջանյանի «Հաթերք. պատմությունը՝ հնադարից մինչև մեր օրերը» ստվարածավալ գիրքը, որը երկար որոնումների և ուսումնասիրությունների համառ ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Մի քանի տարի առաջ լույս տեսած նրա «Զագլիկի անմահները» վերտառությամբ գրքույկի բնութագրականում ասվածը, իրավամբ, կարելի է ասել նաև այս նոր գրքի վերաբերյալ, քանի որ հեղինակը հավատարիմ է մնացել իր ստեղծագործական նախասիրություններին ու սկզբունքներին: Այն է՝ Միքայել Աղաջանյանն ունի ինքնուրույն ոճ, ասելիքի պատկերավորման համանվագ հնչեղություն: Ավելին՝ այդ ոճը տարիների ընթացքում առավել հստակվել է, ասելիքը՝ խորացել, խտացել: Միքայել Աղաջանյանը պահպանելով հինը, մշտապես նորի ջատագով է, իսկ դա, ինքնըստինքյան, նոր չափանիշներ, նոր մոտեցումներ, արժևորում է պահանջում: 

Լինելով պատմության հրաշալի գիտակ, երկար տարիներ դասավանդելով հարազատ գյուղի՝ Հաթերքի դպրոցում, իսկ հետագայում որպես տնօրեն գլխավորելով կրթօջախը, ինչպես նաև՝ պատկառելի մի ժամանակահատված հանդիսանալով գյուղի կոլտնտեսության ղեկավարը, հասարակության հետ ակտիվ շփումները Միքայել Աղաջանյանին հնարավորություն են տվել լավ ճանաչել մարդկանց և ըմբռնել նրանց հոգեբանությունը, քաջատեղյակ լինել ժողովրդի խնդիրներին և մտահոգություններին:

Այս գրքի թեման իր ծննդավայրն է: Գիրքը ներառում է 40 բաժին, որոնցում տրվում են գյուղի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը, աղբյուրագիտական տեղեկություններ, գյուղի անցյալի, նրա անվան ծագման, պատմաճարտարապետական հուշարձանների և քրիստոնեության տարածման, ինչպես նաև տեղեկություններ են հաղորդվում Արցախ-Խաչենի անվանումների ծագման, իշխանությունների, այդ թվում՝ Հաթերքի տեր, Խաչենի գահերեցներ, Վախթանգյանների, Արցախ-Խաչենի իշխանների և Զաքարյան զորապետների օտար նվաճողների դեմ մղած պայքարի, Արցախ-Խաչենի սոցիալ-տնտեսական վիճակի և մշակութային կյանքի մասին:

 Գրքում լուսաբանվում են նաև թուրք-պարսկական պատերազմների, մելիքականության, ազգային-ազատագրական պայքարի և ռուսահպատակության ժամանակաշրջանի, Ղարաբաղում և Հաթերքում տեղի ունեցած անցքերը, 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին քառորդում Հաթերքի սոցիալ-տնտեսական վիճակի, 1946-1988 թթ. Հաթերքի տնտեսական զարգացման, շինարարական աշխատանքների, սոցիալական վիճակի մասին, Մեծ հայրենականին հաթերքցիների մասնակցության և տեղի ունեցած բռնությունների մասին հարցերը: 

Գրքում մեծ տեղ է հատկացվում Արցախյան գոյամարտին հաթերքցիների մասնակցությանը, Հաթերքում տեղի ունեցած նշանավոր իրադարձությունների, հաղթանակի աղբյուրների, պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, գյուղի սոցիալ-տնտեսական պրոբլեմների և նրանց լուծման հեռանկարների մասին հարցերի պարզաբանմանը: Մյուս բաժինները նվիրված են Հին և Նոր Հաթերքի բնակչության նիստ ու կացի, ընտանեկան սովորույթների, մահվան հետ կապված արարողությունների, հավատալիքների և պաշտամունքի ձևերի, հաթերքցիների կողմից գործարծվող ասացվածքների, աղոթքների լուսաբանմանը և այլ խնդիրների:

Հեղինակին հաջողվել է ստեղծել հաթերքցի երևելիների գերդաստանի յուրատեսակ հանրագիտարան՝ սիրով, տքնանքով, արժանապատիվ հպարտությամբ, կերտել Երախտագիտության հուշարձան, որը միաժամանակ ներկայացնում է հայրենասեր հայի, իր երկրի ու ժողովրդի հոգս ու հրճվանքով ապրող մտավորականի իր տեսակը: 

 Միքայել Աղաջանյանը համակողմանի անդրադարձ է կատարել գյուղի նախնիներին, նշանավոր մարդկանց, ականավոր գիտնականներին, գիտությունների թեկնածուներին, բժիշկներին ու գործիչներին։ Այդ մեծ գյուղի անվանի մարդկանց ցուցակում կան դոկտոր-պրոֆեսորներ, տասնյակ գիտության թեկնածուններ, սպորտի վարպետներ, մարզիչներ, անկախության մեծ ջատագովներ:

Գրքի հեղինակն անդրադարձել է Արցախյան ազատագրական պայքարին, Հաթերքի քաջարի զավակներին, գոյամարտում զոհվածներին։ Ներկայացնելով Հաթերքի անվանի զավակներին, նրանց կենսագրություններն ու ճակատագրերը՝ միաժամանակ նրանց միջոցով պատկերել է տոհմածառի շարունակությունը: 

 Միքայել Աղաջանյանի «Հաթերք. պատմությունը՝ հնադարից մինչև մեր օրերը» գիրքը տեղեկատու է հայրենիքի և Սփյուռքի հայերի համար, հայագիտությամբ զբաղվող կենտրոնների համար, քանզի այստեղ հեղինակը չափազանց հարուստ նյութ է ներկայացնում, անդրադառնում է նաև Հաթերքի բնությանը, ճարտարապետական հուշարձաններին՝ կատարելով հայրենագիտական-երկրագիտական լուրջ հետազոտություն:

Գրքի վերջաբանում Մ. Աղաջանյանը նշում է, որ հարազատ գյուղի պատմությունը վաղուց պետք է գրվեր ու դառնար սեղանի գիրք: Նշում է նաև, որ չի գրվել, որովհետև բավարար աղբյուրներ չկային, հետևապես, շատ տվյալներ ձեռք բերվեցին մեծ դժվարությամբ: Վերջում հեղինակը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, որոնց օժանդակությամբ լույս է տեսել գիրքը։

Մնում է շնորհավորել հեղինակին՝ այս հիասքանչ գրքի հրատարակման առթիվ և ցանկանալ նրան հաջողություններ:

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ