Գլխավոր » ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ
ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ
17:08
Անդրադարձ ԼՂՀ վիճակագրական ծառայության հերթական հաղորդագրությանը
 
Իրարամերժ զգացումներ ես ապրում, ընթերցելով ԼՂՀ վիճակագրական ծառայության հերթական հաղորդագրությունը։ Այն այս անգամ վերաբերում է ԼՂՀ-ում 2010 թ. հունվար-սեպտեմբերին տեղի ունեցած ժողովրդագրական ցուցանիշներին։ Առաջինը քեզ համակում է այն, որ վերջապես Արցախում բնակչության թվաքանակը նվազումից թևակոխել է մի այնպիսի աճ, որ կարող ենք ասել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևին, թե զուր եք ոգեկոչումներով երազում, թե Ղարաբաղը դատարկվում է և ահա, ուր որ է, ձերն է լինելու։
 
2010 թ. 9 ամսում ծնվել է 2003 երեխա, որը հազար բնակչի հաշվով կազմում է 14,2 ծնված։ Նախ, ինչպես ընդունված է, ինչո՞ւ ծնելիության այս մակարդակը համեմատության մեջ չի դրվում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի հետ։ Կարելի է կասկածել, որ նվազում է տեղի ունեցել։ Երկրորդը. եթե ծննդաբերության մակարդակը սեպտեմբեր-դեկտեմբերին պահպանվի նույնը, տարվա կտրվածքով ծնունդների թվաքանակը կկազմի 2700։ Լա՞վ է սա, թե՞ վատ։ Մի բան պարզ է՝ գոհանալ դրանով չենք կարող։ Մեծ Հայրենականին նախորդած տարում՝ 1940 թ. ըստ նախկինում տպագրված «Ամփոփ վիճակագրական տեղեկագրության բրոշյուր»-ի, Արցախում հազար բնակչի հաշվով ծնվածների թիվը եղել է 35։ Չնայած Մեծ Հայրենականից չի վերադարձել 23 հազար արցախցի, իսկ 1951-1965 թթ. տարեկան կտրվածքով տատանվել է 34-39 թվերի արանքում։ Հետագա տարիներին էլ աճը հիմնականում պահպանվել է։
 
Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի իրավիճակը։ Իհարկե, սա խոր ուսումնասիրության նյութ է, սակայն թեթևակի իսկ ծանոթությունը բերում է այն համոզման, որ Արցախում անցյալ դարի 80-ական թվականների համեմատ իջել է բնակչության կենսամակարդակը։ Կործանիչ դեր է խաղացել նաև կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների վերացումը։
 
Այսօրվա մեր գյուղական երիտասարդը գործազուրկ է, չունի եկամտի ոչ մի աղբյուր։ Մայրաքաղաքում, շրջկենտրոններում էլ երիտասարդների նյութական վիճակը ոչնչով բարվոք չէ։ Մինչև մեր արդյունաբերության հիմնահատակ կործանումը Ստեփանակերտում արդյունաբերական արտադրական անձնակազմը 21-22 հազար էր, ներկայումս՝ 3600-3800։ Հարաբերակցություն, որ վկայում է մայրաքաղաքում գործազրկության անասելի չափերի մասին։ «Երջանիկներից», որոնք ապահովված են, մեծամասամբ աշխատելով օրական 10-12 ժամ և չօգտվելով տարեկան արձակուրդից, ամսական ստանում են 30-40 հազար դրամի չափով աշխատավարձ։ Սրանք էլ, եթե չունեն հարուստ ծնողներ, ամուսնանալ չեն ցանկանա։
 
Սակայն սա էլ մեր այսօրվա կենսակերպի լրիվ պատկերը չէ։ Մենք դեռ շատ բան ունենք անելու մեր երկու հայկական երկրում սոցիալական արդարություն հաստատելու համար։ Այս առթիվ ԼՂՀ վիճակագրական վարչությունը խուսափում է տեղեկություններ հաղորդելուց։ Թվարկենք այն, ինչ հայտնի է Հայաստանից։ Հաշվարկումների համաձայն, 23 օլիգարխ լրիվ վերահսկում են ՀՀ-ի ամենաեկամտաբեր ոլորտները՝ ներմուծման և շինարարական, նրանց է պատկանում ՀՆԱ-ի շուրջ 75 տոկոսը։ Հենց ՀՆԱ-ի այսպիսի բաշխումն է պատճառը, որ պետությունն ի վիճակի չէ էականորեն բարելավելու բնակչության կենսամակարդակը, գոնե իր վրա վերցնելու գազի օգտագործման սակագնի այնպիսի աճ (46 տոկոս), որպիսին մտցվեց այս տարվա սեպտեմբերից։ Արդյունքում՝ մեր բնակչության անապահով խավը ստիպողաբար անցել է անտառափայտի օգտագործմանը։ Խե՜ղճ նոր արհավիրքի առջև կանգնած մեր անտառներ։
 
Սոցիալապես կայուն և առողջ է այն երկիրը, որն արժևորում է իր քաղաքացուն, հանդես գալիս նրա արժանապատվության հարգմամբ, իրավունքների պաշտպանությամբ։ Այն, ինչ, օրինակ, մեկ տարի առաջ տեղի ունեցավ մեզ մոտ, չես ասի, թե արցախցին պաշտպանված է օրենքի ուժով։ Ինչպես արդեն գրել եմ այդ մասին, մայրաքաղաքի զինվորական հանդերձանքի արտադրամասի բոլոր 120 բանվոր-ծառայողները նրա տնօրենի պարտադրմամբ, մեկ տարի առաջ «սեփական» դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից՝ հումք չլինելու պատճառով։ Նման արարքի նպատակն էլ պարզ էր՝ պարապուրդի անցնողներին չվարձատրել օրենքով նախատեսված աշխատավարձի երկու երրորդի չափով... Խորհրդային տարիներին մայր-հայրենիքում՝ Հայաստանում բնակչության թվաքանակն աճել է 5 անգամ, իսկ Արցախում այն մնացել է նույն մակարդակի (139 հազար)։ Ասելն էլ ցավալի է, սփյուռքում ներկայումս մենք ունենք ծննդով արցախի մեկ միլիոն հայրենակից։
 
Ըստ հաղորդագրության, 2010 թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ-ում բնակություն հաստատածների թվաքանակը կազել է 747 մարդ, որից 686-ը Հայաստանից են տեղափոխվել Արցախ։ Որքա՞ն է սա հարիր մեր ազգային շահերին։ Ներհոսքը ողջունելի կլիներ, եթե ԼՂՀ բնակության եկածները լինեին այլ երկրներից, այլ ոչ թե Հայաստանից։ Մենք թեկուզև աշխարհին ներկայացված ենք երկու երկրով, մի ամբողջություն ենք, ու նման ներհոսքը ոչ այլ ինչ է, քան բնակչության տեղաշարժ միևնույն հանրությունում։
 
Սակայն սա էլ դեռևս լիակատար ամբողջությունը չէ։ Հայաստանից Արցախ բնակության եկածներից 301-ը ետ են դարձել։ Եվ ստացվում է հետևյալը՝ քանի որ յուրաքանչյուր եկած ընտանիքի հատկացվում է 200 հազար դրամ, մենք կրել ենք 60 միլիոն 200 հազար դրամի չափով վնաս։
 
Ժամանակին մենք ունեինք հայրենադարձությամբ զբաղվող ծառայություն։ Ճի՞շտ վարվեցինք, որ այն վերացրինք և ներհոսքի կազմակերպման բարդագույն աշխատանքը հանձնեցինք տարբեր հոգսերով ծանրաբեռնված սոցապահովության նախարարությանը։ Մինչդեռ հետաքրքրության արժանի և հետևություններ անելու խնդիրներ շատ կան։ Կարո՞ղ է, օրինակ, որևէ մեկն ասել, թե ինչու անչափ շատացել են Ստեփանակերտի շենքերի ճակատամասերին կպցվող այն էլ զուտ ռուսերենով գրված «срочно продаю квартиру» ազդագրերը, որոնց թիվը տեղ-տեղ հասնում է մինչև 100 - ի։ Պարզ է, դա Արցախը լքողներին է պատկանում։ Բայց ինչո՞ւ են թողնում հայրենիքը, ի՞նչն է ստիպում և, վերջապես, ո՞ւր են մտադիր մեկնելու։ Հարցեր, որոնցով մեր վիճակագրական ծառայությունն ու իրավասու այլ հաստատություններն էլ կարող են զբաղվել։
 
Կամ գոյություն ունի՞ որևէ հաշվառք, թե արտահոսքից մենք նյութական ինչ վնասներ ենք կրում։ Չէ՞ որ մինչև ցուպը ձեռքն առնելը, այլ երկիր տեղափոխվողը վաճառում է սեփականաշնորհված բնակարանը, որ իր ժամանակին, առանց որևէ կոպեկի ծախսման, պետությունից է ստացել։ Չէ՞ որ նա իր հետ տանում է նաև այն ծախսերը, որ նույն հայրենի պետությունը հատկացրել է նրա ձրի կրթության ու մասնագիտական որակավորման համար։
 
Հիմք ընդունելով մեր իրավիճակը, չարժե՞, որ մենք բեկանենք բնակարանների սեփականաշնորհման մասին ընդունված իրավական ակտը։ Հնարավոր չէ, իհարկե, կարճ ժամկետում ստեղծել և գործարկել արտադրական անհրաժեշտ կարողություններ, բայց որ մենք պետք է թե՛ պետական և թե՛ մասնավոր կապիտալի գերակշիռ մասը դրա համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ ուղղենք մեր այդ նպատակի իրականացմանը՝ դա միանշանակ է...
 
Մտահոգիչ է նաև այն, որ մենք, ինչպես այդ մասին հուշում է մամուլը, վատ ենք զբաղվում մեր արտադրատեսակների, հատկապես գյուղատնտեսական մթերքների արտահանմամբ։ Եվրախորհրդից են գալիս Երևան և հուշում, որ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որին իրավունք է վերապահված Եվրոպա մրգեր, կանաչեղեն, բանջարեղեն և դրանցից պատրաստված պահածոններ առաքել՝ առանց սահմանային մաքսատուրքի...
 
Ուղղակի զարմանալու բան է, որ մենք արդյունաբերական մշակմամբ թթի դոշաբ չենք ստանում, անտեսելով, որ թթենու այգիների պլանտացիաներ միայն մենք ունենք, շուկա դոշաբ հանող ուրիշ չի լինի, դրան հավելած նաև այն, որ այդ մածուկն իր սննդարար ու բուժիչ հատկանիշներով իրեն հավասարը չունի։
 
Արցախյան ընտանիքը, որ հնուց ի վեր հայտնի է ամուսինների և մյուս անդամների համերաշխությամբ, ըստ տեղեկագրության, այսօր ամորֆ ու խարխուլ է։ Մինչդեռ յուրաքանչյուր ընտանիքի ամրությունն է, որ շաղախվելով մյուսների հետ, կազմում է ամեն մի երկրի գոյության հուսալիության պատվարը։ Պատի՞վ է բերում մեզ, որ 2010 թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ-ում գրանցված 717 ամուսնացածից 96-ը ամուսնալուծվել են։ Տարաբախտություն, որ շատ ուրիշների պես փաթաթվել է մեր վզին, բայց աղմուկ- աղաղակ հանող չկա, անդորր է, կարծես տեղի է ունենում բնական երևույթ և տագնապ բարձրացնելու անհրաժեշտություն չկա։ Ինչպե՞ս չհիշել, որ նախկինում սիրո ու փոխադարձ հարգանքի պայմաններում էր, որ ամուսնալուծությունները հազվադեպ էին, ընտանիքում ոչ թե մեկ, երկու, այլ առնվազն վեց, յոթ երեխա էր ծնվում։
 
Այսպիսին են իմ մտորումները վիճծառայության տեղեկագրի առթիվ։ Միանշանակ և անվիճելի է, որ Արցախում ծնելիությունն անհամեմատ կաճի, մեր երկիրն էլ ներհոսքի համար գրավիչ կդառնա, եթե լինի տնտեսապես ուժեղ, ունենա ժամանակակից արտադրական կարողություններ, զարգացած գյուղատնտեսություն, ենթակառուցվածքային շահավետ գործող ճյուղեր։
 
ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Լրագրող, Մեծ հայրենականի վետերան

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ