Գլխավոր » ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ «ԱՌՕՐՅԱ»
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ «ԱՌՕՐՅԱ»
21:24
Տարեցտարի մոդայիկ դարձող ուսանողի կոչմանը արժանանալ ցանկանում են շատերը: Բուհերն էլ այդ ցանկությանը անտարբեր մնալ չեն կարող: Ուսումնական տարին սկսվելուն պես հյուրնկալ բուհերը լայնորեն բացում են իրենց դռները: Սակայն մուտքի անվճար չլինելու հետ գործում է մեղմացուցիչ հանգամանք՝ գրագետ լինելու ոչ կարևոր պայման: Եվ ինչ-որ մասնագիտության նկատմամբ արթնացած «հսկայական սիրուց» տառապող երիտասարդն այլընտրանք չի կարող ունենալ, բացի սիրուն տրվելուց...

Սակայն ուսումնական տարվա առաջին երկու շաբթում որոշ ուսանողներ հազիվ են համբերում 80 տանջալից րոպեներին: Եվ իսկույն օգնության են գալիս «առողջական վիճակը, հիվանդ տատիկն ու պապիկը, ամուսնացող քույրը, ծառայությունից վերադարձած եղբայրը…»: Ոմանք էլ հարազատ կրթօջախի պատերը լքելու զորություն չեն ունենում: Եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դասերի ձանձրույթից փրկում են ֆոյեյում նստած, Օրիֆլեյմի կատալոգներ ուսումնասիրելը, ապա արական սեռի ներկայացուցիչներն իրենց համար կարող են կազմակերպել ավելի հետաքրքիր ժամանցներ՝ համալսարանի առջև ելումուտին հետևելը, անցնողներին գնահատական տալը, աստիճաններով վերուվար անելը և, վերջապես, ամենահայտնի ու սիրված տարբերակը՝ լսարանի դռներ բացելն ու չգիտես իրենց որերորդ կեսին փնտրելը: 

Դռան մոտ նստելը կամ գուցե այս երևույթի նկատմամբ համբերությունս ստիպեցին ինձ առանձնահատուկ ուշադրությամբ հետևել նման «բախտ որոնող» երիտասարդներին: Ահա միջանցքից ոտնաձայն լսվեց: Արդեն գիտեմ ճանապարհորդության «գրաֆիկը»՝ կանգառ լսարանի առջև, լսարան է մուտք գործում նրա ձեռքը, ապա՝ քիթը, այնուհետև երևում է դեմքի դժգոհ հայացքը... Ոնց-որ այստեղ չգտավ փնտրածը, բայց հոգ չէ, առջևում դեռ այլ լսարաններ կան... Հուսանք բախտը կժպտա նրան...

Արդեն կես ժամ է՝ ոչ մի այցելու։ Հասցրի անգամ «կարոտել» դռան ճռռոցին ու, ըհը՛, լսվեց նրա «հարազատ» ձայնը: Այցելուի դեմքին երևաց ժպիտ, ուրեմն՝ փնտրտուքն արդյունավետ էր: Եվ սկսվե՜ց դռան ճռռոցի «համերգը»... Այս մեկին ուշադրություն չդարձնելն անհնար էր։ «Զանգը տվեց»,- դուռը բացելով, բացականչեց մեր հանգստով մտահոգված երիտասարդը։ Տպավորությունն իրոք դասամիջոցի էր՝ նկատի ունենալով միջանցքում տիրող եռուզեռը: Տիրող աղմուկի միջից հազիվ լսվող դասամիջոցի զանգն ինձ սթափեցրեց։ Ես հիշեցի, որ գտնվում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունում… 

 ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ 
ԱրՊՀ, լրագր. 4-րդ կուրս

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ