Գլխավոր » Փախուստ նոյան տապանից
Փախուստ նոյան տապանից
12:58

Այս բարձրաքանդակները զարդարում են Փարիզի ամենահին տաճարը՝ 13-րդ դարում կառուցված Սեն-Շապել եկեղեցում, որը գտնվում է Պալե-Ռոյալում, այսինքն արքայական պալատի տարածքում եւ հինգհարյուր տարի հանդիսացել է Ֆրանսիայի թագավորների սրբավայրը: Բարձրաքանդակներում պատկերված է աշխարհի Աստվածաշնչյան պատմությունը՝ ստեղծումը, դրախտը, ջրհեղեղը:

Այս երեք պատկերներում բավականին անսպասելիորեն հայտնաբերեցի մի շինություն, որը ծանոթ է ամեն հայ մարդու՝ սա, անշուշտ, Զվարթնոց տաճարն է: Որպեսզի կասկած չառաջանա, թե սա պատահական մի պատկեր է, Զվարթնոցը փորագրված է եւ նաեւ մյուս հատվածում, որտեղ մարդիք ու կենդանիները տեղավորվում են տապանում: Եւ առավել ցնցող է երրորդ պատկերը, որտեղ Զվարթնոցը գտնվում է հենց տապանի ներսում, ջրհեղեղի փոթորկված տարերքից փրկված միակ տարածքում:


Այս զարմանահրաշ ու քիչ հայտնի պատկերաշարը մի կողմից վկայում է, որ ֆրանսիական արքաների պալատական տաճարը կառուցել ու զարդարել են հայ վարպետները, որոնք մեծ թվով վաղ միջնադարում հայտնվել էին Եվրոպայում՝ թուրքական զավթումից փրկվելով: Սակայն առավել հատկանշական է այս առեղծվածի ոչ թե ազգային, այլ համաշխարհային աստառը: Փաստորեն, հայ անհայտ նկարիչը մեզ թողել է ցնցող մի ուղերձ՝ Նոյան տապանի միջոցով Հայաստանի սրտում, Արարատի փեշերին փրկվել ու պահպանվել է ոչ միայն մարդկային ցեղը եւ կենդանի աշխարհը, այլ նաեւ մարդկային մշակույթը՝ որի խորհրդանիշն է անշուշտ հանդիսանում այստեղ հենց Զվարթնոց տաճարը, առանց խաչի բայց իր ողջ վեհությամբ: Այսինքն, հայ միջնադարյան վարպետը հուշում է մեզ այսօր, որ չկա փրկություն առանց արվեստի եւ մշակույթի: Ու քանի որ հեռավոր Փարիզում նա հիշում ու քանդակում է հենց Զվարթնոցը, ապա դրանով իսկ հուշում է մեզ նաեւ, որ չկա փրկություն Հայրենիքից դուրս:


Հայաստանը իզուր չէ նշված եղել բոլոր միջնադարյան Աստվածաշնչյան քարտեզներում որպես դրախտի երկիր: Ու խնդիրը ոչ միայն այն է, որ հենց պատմական Հայաստանի տարածքում է գտնվում դրախտային պարտեզը, որ հենց հայերեն «պարտեզ” բառից են առաջացել դրախտի անվանումները բոլոր եվրոպական լեզուներում՝ պարադիզո, պաղադիզ, պեռեդայզ:

Հայաստանն ի սկզբանե եղել է փրկության տապան ու հանգրվան ազատության, արդարության ու անկախության համար մարտչողների համար: Մեր գրավոր պատմությունը սկսվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, 2107 թ. երբ Հայկ Նահապետը հավաքում է իր ցեղը, ապստամբում է Բաբելոնի դեմ եւ բնակություն հաստատում Արարատյան երկրում: Աստվածաշնչում գրանցված են մ.թ.ա. 681 թ. իրադարձությունները, երբ Հայոց Ծովինար արքայադստեր որդիները՝ Սանասարն ու Բաղդասարը ապստամբում են իրենց հոր՝ Ասորեստանի դաժան արքա Սենեքերիմի դեմ, սպանում նրան ու փախչում Հայաստան, սկիզբ դնելով հայոց ազատագրման հերոսական էպոսին:

Եվ այսպես, մեր ողջ պատմության ընթացքում Հայաստանը հյուրընկալում է աշխարհակալների ու բռնապետների դեմ կռվող մարտիկներին ու ողջ ազգերին: Մ.թ.ա. 3-րդ դարում Արտաշես արքայի մոտ է պատսպարվում Հռոմի ախոյան Կարթագենցի Հաննիբալը , մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Մեծի արքունիքում փրկվում է նույն Հռոմի մեկ այլ պատմական հակառակորդ՝ Պոնտացի Միհրդատը, եւ երկու դեպքում էլ հայ արքաները չեն հանձնում իրենց հյուրերին ահեղ թշնամուն՝ անգամ Հռոմի դեմ պատերազմի գնով:

4-րդ դարում արդարության ու ազատության քարոզների համար հենց Հայաստան է աքսորվում V դարի սկզբին հռչակավոր բյուզանդացի աստվածաբան Հովհաննես Ոսկեբերանը եւ որոշ տվյալներով հենց նա է հուշում Մեսրոպ Մաշտոցին Էդեսիայի գրադարանում հրաշքով պահպանված հին հայ գրերի տեղը, որոնց հիման վրա ստեղծվում է մեր այսօրվա այբուբենը:

Միջնադարում թոնդրակյանների շարժման, զրադաշտ եզդիների ու քրիստոնյա ասորիների, աքսորված ռուս հնադավան-մոլոկանների, անգամ վերջերս Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ապաստանն ու փրկության հանգրվանը եղել է Հայաստանը: Մեր Հայրենիքն իրոք աշխարհի փրկության տապան է եղել ու մնում է այդպիսին: Բոլորի համար, բացի հայերից... Մի՞թե այսպես է...
Իրավունք չունեմ ո՛չ քար նետելու, ո՛չ էլ դառը խոսք ուղղելու հեռացողներին: Քանզի գիտեմ՝ ինչու եւ ինչից են հեռանում: Կարող եմ միայն խոնարհաբար հիշեցնել, թե ինչ են թողնում ետեւում: Երբեմնի դրախտն են թողնում, որ թույլ տվեցինք դժոխքի վերածել, այն Դրախտի պարտեզը, որտեղից սատանայի գայթակղությանը տրվելու պատճառով դուրս հանվեցին առաջին մարդիկ, իսկ այժմ մենք ինքներս կամավոր ենք հեռանում՝ սատանայի գայթակղությանը տրվելով: Խորտակվող նավից առաջինը մկներն ու առնետներն են փախչում, իսկ մենք Փրկության տապանից ենք հեռանում, թողնելով այն մկների ու առնետների խրախճանքին... Խենթի պես շատերը Տապանն են թողնում ու խորտակվող «Տիտանիկի» տոմսերն են գնում՝ Ռուսաստանում բախտ որոնելով: Այդ «Տիտանիկն» արդեն բախվել է սառցե սարին՝ ո՞նց չեք տեսնում, կույրեր...

Կանգ առեք: Չկա փրկություն Հայաստանից դուրս: Մեր պանդուխտ նախնիները վկա: Չկա փրկություն՝ փրկության Տապանից հեռու: Չկա Արարատն առանց հայերի՝ այն արդեն Աղրի-դաղ են կոչում քոչվորները: Չկա Տապանն առանց Արարատի: Չկա Հայաստանն առանց մեզ, առանց ձեզ՝ յուրաքանչյուրիդ: Իսկ եթե մենք չկանք, եթե Հայաստանը չլինի, եթե տապան չկա՝ ո՞ւր է վերադառնալու աղավնին։ Մնալու են միայն առնետներն ու ագռավները... Մի՛ հեռացեք, հայեր: Ջրհեղեղից փախչել հնարավոր չէ՝ փրկությունը միայն պայքարով է լինելու, դիմադրելով է լինելու, տապան կառուցելով ու այնտեղ ապրելով: Իսկ տապանն այստեղ է: Արարատի փեշերին:

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ