Գլխավոր » ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՎԱԽԸ
ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՎԱԽԸ
13:33
Ահա մի պաշտոնյա՝ անձնական օգտագործման իր ավտոմեքենայով, անձնական լրջությունը դեմքին փքված նայում է աշխարհին, ու իր անձի, կատարած գործի կարևորությունը պարուրում, նստում է նրա դեմքին, ինչպես գլուխ պանրի վրա նստում է բորբոսի խոնարհ շերտը:
Այս մարդը թույլ չի տա, որ իրեն հեգնեն, ինքն էլ չի համարձակվի իրեն հեգնել, ավելի ճիշտ, նա այդքան մարդկային կարողություն չունի, նա այնքան թունդ է որպես պաշտոնյա, որ ինքն էլ իր անձնասենյակ վախենալով է մտնում. չէ՞ որ ներսում իր պաշտոնն է, իր աթոռը, իր տերը:

Այս պաշտոնյան արդեն արձան է, բայց ինքը չգիտի դա. ինքն իր արձանն է ու կուռքը:
Ծիծաղելի է այս մարդուկը, բայց գրեթե բոլորը վախենում են նրանից ու հարգում, որովհետև գրեթե բոլորի սրտում ազատությունը ստրուկ է, և գլխին տեր ունենալու ցանկությունը ապրելու կերպ է և հնար:

Եթե ավելացնենք, որ այս պաշտոնյայի կարդացած վերջին գիրքը «Այբբենարանն» է եղել, որ սա կարդալիս դեռևս օժանդակ բայերը բառերից անջատ է արտասանում, եթե ավելացնենք, որ սա շատ փող ունի և շատ նենգ է ու շատ խարդախ, որ խիղճ բոլորովին չունի ու դիմացինի վերջին շապիկն էլ է հանում, որ ամբողջ կյանքում գողացել է, քծնել ու քցել, որ աշխարհը մեզ նայում է նրա միջով, պարզ կլինի մեր վիճակը:
Պարզ կլինի, որ հազարավոր տարիներ այդ պաշտոնյան կա, անմեռ է նրա տեսակը, և թվում է՝ պրծում չկա: 

Ի՞նչ անել, պարոն Չեռնիշևսկի և Դանեմարքայի Համլետ, և Սոկրատես, և Նարեկացի:
– Մի՜ պայքարիր արդարության համար, այլ ապրի՜ր արդար,- եղավ պատասխանը:
– Հնարավոր չէ:
Ուրեմն միշտ կլինի պաշտոնյան և երգիծանք ու հումոր էլ չի հասկանա ամեն ինչից զատ:

Իսկ երգիծանքի համար հասարակականով, ազգայինով ապրող, տառապող ու չհաշտվող սիրտ է պետք, հումոր, կատակ անելու համար՝ ընդամենը անհոգ ու սուր լեզու:
– Ուրիշ ցավ ու դարդ չունե՞ս, պաշտոնյա է, էլի, կմթնի, անց կկենա:

Վ. Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ