Գլխավոր » ՊԱՅԾԱՌ ԱՐԵՎ
ՊԱՅԾԱՌ ԱՐԵՎ
02:05

Ասկերանի «Քաղաքապետարան» ցուցանակն ու անելումուտ շենքն ինձ դրդեցին ներս մտնել: Առաջին հարկը քանդված էր, հավանաբար՝ նորոգման նպատակով, բայց երկրորդ հարկից ձայներ լսվեցին: Ակամա բարձրացա: Միջանցքում մանկական ձեռքի շնորհիվ պայծառություն կար, առինքնող: Պատերը շնչում էին մանուկների հոգու տեսիլքը, երևակայությունը և ձեռքի կարողությունը ասելիքի վերածված գույներով:

Նկարները հրապուրում էին պարզորոշ նպատակով, սիրո դրսևորմամբ, մտքի տեսանելիությամբ: Մոտեցավ մի կին.
- Ո՞ւմ եք ուզում:
- Հենց այնպես, նկարներն եմ դիտում: Հետաքրքիր է: Քաղաքապետարան... ու երեխաներ:
- Քաղաքապետարանը տեղափոխվել է: Գնանք ներս: Այնտեղ ավելի հետաքրքիր գործեր կան, ասաց երիտասարդ բարետես մի կին, որը երկու երեխաների մայր էր, բայց ասես աղջնակ լիներ: Նա ինձ առաջնորդեց տնօրենի սենյակը, որտեղ ոչ միայն նկարչական գործեր կային, այլև՝ գոբելենի, ուլունքագործության, մաքրամեի, ասեղնագործության, շյուղագործության, կարուձևի, փափուկ խաղալիքների, խեցեգործության, ծաղկաբուծության ինքնատիպ նմուշներ, որոնք տեսարժան թանգարանի էին վերածել աշխատասենյակը:

Պատին փակցված էին նաև պարի, ասմունքի և տարբեր միջոցառումների խմբակային լուսապատկերներ՝ մրցույթներից, փառատոներից:
Եվ այս ամենը իր կենդանությամբ ու բովանդակությամբ մոռանալ տվեց առաջին հարկի լքյալ վիճակը: Առավել ևս, թեկուզ ժամանակավորապես այստեղ տեղավորված, այս հյուրընկալ օջախի ներկայացուցիչները տիրոջ սրտացավությամբ էին հետևում իրենց գողտրիկ ապաստարանի բարետեսությանն ու նորոգ լինելուն, որպեզի այն ներդաշնակի իր անվանը՝ Ասկերանի շրջանային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:

Ներս հրավիրողը տնօրենն էր՝ Մանե Հայրյանը: Նա այստեղ սկսնակ լրագրող խմբակն է վարել և այլևս չի կարող հեռանալ, քանի որ ամեն մի երեխայի մեջ երբ խմբավարը նախասիրության առկայծում է տեսնում, ապա փորձում է բոց դարձնել։ Մանեին թվում է, թե նոր աստղ են հայտնաբերել հայոց հոգու երկնակամարում, և կենտրոնում ընդգրկված 380 աշակերտներից մի քանիսն անպայման տաղանդավոր են, մյուսները՝ շնորհալիներ: Շնորհքն արդեն գտածո է, այն էլ՝ այդ բույլը համալրող դպրոցների սաներից կազմված (Ասկերանի, Նորագյուղի, Խնապատի, Խանցքի, Ավետարանոցի, Շոշի, Լեռնավանի, Ակնաղբյուրի):

Ամենամսյա միջոցառումներն էլ ավելի են զարգացնում երեխայի րնդունակությունը՝ պարտավորեցնելով նրան աշխատասիրություն, իր ներքին աշխարհի ճանաչում ու հայտնագործում, ազգային հպարտության արժեվորում, դրա երանգ ու աճ:

Մանեն մայրական գորովանքով հայտնում է, որ հենց այսօր Մելինեն մեկնել է Երևան ասմունքի մրցույթի, իսկ խեցեգործության վարպետ Արմեն Ղազարյանի աշակերտներից Ավետիքը որոշել է սովորել կիրառարկան արվեստի ակադեմիայում: Մանեն իրենց աշխատանքը գնահատված է համարում՝ վկայակոչելով պատվոգրերը, գրառումների մատյանը, լուսանկարների տրցակը:

Տարաբնույթ ցուցահանդեսները և մրցույթները վեր են հանում մատղաշ հայի բազմաշնորհությունը, որը պետք է խնամվի և զարգացվի: Սա է Մանե Հայրյանի հոգսը: Թերևս այս կենտրոնը պատահաբար հայտնաբերելուս դիպվածին անդրադառնալու հարկ չլիներ, եթե ուշադրությունս չգրավեր Ասկերանի հինավուրց բերդաքաղաքի մուտքի մոտ երեխաների հոծ կուտակում:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ երեխաներ խմբով ստեղծագործում էին՝ հայրենի հողին դաջելով իրենց երազանքը, կարողությունը և ներկայի ու ապագայի տեր լինելու վստահությունը: Նրանց շուրջը ստվարանում էր հետաքրքրասերների բազմությունր՝ հասկանալու նոր սերնդի հոգու կանչը, որ է՝ արդարություն Արցախում և Արցախի հարցում, ազատություն, անխախտելի խաղաղություն, շենշող արև:

Նրանք ներքուստ լիահույս էին, որ «Ասկերանում և պատմական ու նորօրյա Արցախում կշողա պայծառ արևը՝ տնօրինելով կյանքի բոլոր բնագավառներում, իսկ այս մանուկները կկարողանան ստեղծել Աստծու արքայությունը ա՛յս հողի վրա, ինչպիսին իրենք են. հեքիաթային աշխարհը, հայի աշխարհը, հավերժող բարու աշխարհը»...

ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ