Գլխավոր » «ՊԵԼԵ» ԱՆՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ Է
«ՊԵԼԵ» ԱՆՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ Է
23:51
(հիմնավոր վարկածի իրավունքով)
 
Ֆուտբոլի կործանումը հնարավոր է: Բայց դրանից առաջ կկործանվի ամբողջ աշխարհը։
ՊԵԼԵ

Պելեից հետո ֆուտբոլն արդեն այն չի լինի։
ՆԻԼՏՈՆ ՍԱՆԹՈՍ
(աշխարհի կրկնակի չեմպիոն)

2010 թ. հոկտեմբերի 21-ին (որոշ տվյալներով՝ 23-ին) լրացավ Պելե մականունով առավելապես հայտնի «ֆուտբոլի արքայի»՝ Էդսոն Արանտես դու Նաշիմենտուի ծննդյան 70-ամյակը, ով տակավին 25 տարեկանում արժանացավ իրեն նվիրված թանգարանի, իսկ 29 տարեկանում (1969թ., երբ խփեց 1000-րդ պաշտոնական գոլը) պետականորեն հռչակվեց հայրենի Բրազիլիայի «ազգային հարստություն»:
Պելեն մեր ֆուտբոլաշունչ աշխարհի ամենապատանի, դեռ անչափահաս մրցակալ - չեմպիոնն է (1958թ.), ամենաերիտասարդ կրկնակի չեմպիոնը (1962թ.), միակ եռակի չեմպիոն խաղացողը (1970թ.): Վերջին մենագագաթը տանող մրցուղու առնչությամբ հույժ ուշագրավ է ականատես-մասնագետի՝ խորհրդային ականավոր ռմբարկու Անատոլի Բիշովեցի բնութագրումը. «Տարիքը, թերևս, փոքր-ինչ սահմանափակել էր նրան արագության առումով, բայց դա արդյո՞ք պետք էր նրան, երբ հասունությունն օժտել էր գերներըմբռնումով, որ թույլ էր տալիս ողնաշարոЇվ, ծոծրակոЇվ, մաշկոЇվ զգալ խաղընկերներին»:

1999թ. Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից Պելեն ճանաչվեց 20-րդ դարի լավագույն մարզիկ ընդհանրապես, թեև երբեք հանդես չէր եկել օլիմպիական խաղերում: Անչափազանցորեն՝ ամենից առաջ ու ամենքից շատ Պելեի «թեթև ձեռքով», ավելի ճիշտ՝ «ոտքով» է, որ՝

Ա. Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարերն անմասն են մնում ազգային հավաքականներից և ուժեղագույն ֆուտբոլիստներից:
Ֆուտբոլը միակ մարզաձևն է, որի աշխարհի առաջնությունները (այն էլ՝ պաշտոնապես շատ ավելի համեստ՝ «ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկություն» անվանվող) վարկանշային կարգով մեծապես գերազանցում են օլիմպիական մրցումները.

Բ. Համայն մարզաշխարհում «ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթակիր» («Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն») կոչումն է առավել բարձրն ու հեղինակավորը.

Գ. Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններն, օլիմպիական հաղթողների նման, արտոնված են հավերժ այդ տիտղոսը պահպանելու (առանց «նախկին» նախդիրի) բացառիկ առանձնաշնորհով.

Դ. Ամեն կարգի մրցաձևերի (ոչ միայն սպորտի) վիթխարի ընդգրկույթում ֆուտբոլի աշխարհի առաջնության պարգևների (մրցանակատեղերի) տեսականին ամենահարուստն է՝ գերազանցելով ավանդական «երրորդությունը». 1966թ.-ից աշխարհի չեմպիոններին շնորհվում են ոսկե մեդալներ, փոխչեմպիոններին՝ ոսկեջրված արծաթե, 3-րդ տեղ գրավածներին՝ արծաթե, 4-րդ տեղ՝ բրոնզե.

Ե. Բարձրագույն նվաճումների կամ մեծ սպորտում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն հավաքականը միակն է եղել և մնում, որի ներկայացրած երկրին գլխավոր մրցանակը հավերժ է ի պահ շնորհվել (1970թ., «Ոսկե աստվածուհի» արձանիկը՝ Բրազիլիային, 1983թ. առևանգվել է և չի գտնվել).

Զ. Մեծ ֆուտբոլն ինքն առհասարակ հասավ իր սահմանների և …սահմանումների լրումին, այն է՝ տիտղոսվելով «Տարածության և Ժամանակի հավերժական հանգուցաշարժիչ» «վերազգային քաղաքակրթության գործուն գործոն», «հավաքական բանականություն և վճռախել մենակ, այլև (հ)ոգեմարմնավոր թիմուժ +անհատազորույթ՝ շարժման մեջ», «Կյանք, որի անունն է ֆուտբոլ», «մարդկության ամենահանճարեղ ստեղծագործություն»...

Ի վերջո՝ Պելեն այն անզուգական - անմրցակից այրն է իր բազմոլորտ գործունեությամբ, ում համար տասնամյակներ անընդմեջ պատվավոր տեղ է ապահովված մոլորակի 100 առավել ազդեցիկ անձանց ընտրախավում: Բուն «Պելե» մականունն էլ արդի 7- միլիարդանոց մարդկությանն ամենից քաջածանոթ և մշտարծարծ անձնանունն է: Բավական է վկայել, որ, միջազգային հանրահարցումներով, 100 պատասխանորդներից 95-ը ճանաչել են իր՝ արքայի ինքնությունը հենց այդ և ոչ նրա իսկական անվամբ:

Որտեղի՞ց, ինչպե՞ս է ծնվել այդ մոգանունը, ո՞ր լեզվով է դա առաջին անգամ հնչել և միշտ հնչելու...
Հիմք ընդունենք Պելեի հենց ինքնակենսագրական սկզբնաղբյուրը՝ «Իմ կյանքը և հիասքանչ խաղը» ռուսերեն գիրքը (Ռ. Լ. Ֆիշի մասնակցությամբ, Մ., 1989թ., թարգմանված 1977թ. անգլերեն հրատարակությունից): 17-րդ էջից իմանում ենք, որ մսուրահասակ Էդսոնի ընտանիքը վերաբնակվում է Սան Պաուլու նահանգի Բաուրու քաղաքում: 28-29-րդ էջերում փաստվում է, որ ապագա արքան մոտ 9 տարեկանում է (1949թ.-ից ի վեր) մականվանվել «Պելե»: Ըստ որում՝ ինքը՝ Պելեն, խոստովանում է. «Որքան ինձ հայտնի է, այդ բառը ոչինչ չի նշանակում ո՛չ պորտուգալերենում, ո՛չ էլ այլ լեզվում», այնուհետև՝ «Իմ մի մերձընկերը պնդում է, որ այդ անունն ինձ տվել է զուտ պատահականությամբ ինչ-որ մեկը թուրքերից, որոնք բնակվել էին Բաուրուում: Նրանցից ոմանք ապրում էին մեր կողքին: Ամեն անգամ, ասում էր մերձընկերս, երբ ես պատահաբար գնդակին ձեռքով էի դիպչում, թուրքն արտասանում էր «պե-լե», ինչը թուրքերեն, կարծեք թե, նշանակում է «հիմարություն է» («հիմար է». ընդգծումներն իմն են - Գ. Ղ.): Բնորոշ է նաև Պելեի զայրալից հակազդեցությունն այս անպատիվ փոթ անունն իրենից վանելու համար. «Մի ժամանակ ես ատում էի դա: Եվ դպրոցում դրա պատճառով հաճախ էի ծեծկռտուք սարքում: Այդ կռիվներում երևի միշտ չէ իմ բախտը բերել, քանի որ Պելե մականունն այդպես էլ կպավ ինձ ընդմիշտ»:

Իրականում Պելեի մայրենի պորտուգալերենն ունի լավ էլ գործածական «pele» բառ, այն էլ՝ 4 արժեքներով. 1.կաշի, մաշկ, 2.պտղակեղև, կճեպ, 3.բուրդ, մորթեղեն, 4.տիկ: Սրանք, սակայն, որևէ աղերս չունեն խնդրո առարկա «հիմարություն» իմաստի հետ: Նմանահունչ կամ հարանուն բառեր կան եվրոպական երկրներից Բրազիլիա ներգաղթածների այլ լեզուներում ևս (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն), որոնք դարձյալ չեն համապատասխանում Պելեի ինքնակենսագրականի համատեքստին: Բացառման մեթոդով փորձենք բացահայտել «պելե» նույնահունչ համանուն կամ գեթ հարանուն բառերի գոյության հնարավորությունը Թուրքիայից Բրազիլիա գաղթելու ներունակ՝ հիմնական ազգերի և ազգությունների ներկայացուցիչների 18 լեզուներում (թուրքերեն, հայերեն, քրդերեն, հունարեն, եբրայերեն, չերքեզերեն, լազերեն, արաբերեն, ասորերեն և այլն): Թուրքերենում չկա և չէր էլ կարող լինել «պ» հնչյունի տառավորմամբ սկսվող բառ, քանզի այդ լեզուն զուրկ է «պ» հնչյունից. գրված «p»-ն «փ» է կարդացվում (հնչում): Չի պարզվել նաև, որ Բաուրու քաղաքում, տվյալ ժամանակ, ազգությամբ թուրքեր ապրած լինեն: Նման բանալի բառեր բացակայում են և հիշյալ մյուս լեզուների թե՛ ակտիվ, թե՛ պասիվ բառապաշարներում՝ բացի հենց հայերենից: Ակնհայտորեն դա մեր ժողովրդախոսակցական շերտում հաճախագործածական «պել» («պըլ», «պըել») արմատն է՝ որոնելի իսկ «հիմար» իմաստով և լրացնող հոմանիշերով: Հայոց լեզվի գավառական, բացատրական, հոմանիշերի, տերմինաբանական, բարբառային բառարանները հավաստում են հետևյալ պատկերը.

Պել-հիմար, ապուշ, խենթ, գիժ, շաշ, խելագար, խելառ, չարաճճի, ծուռ, կատաղած, շշմած, անուշադիր: Ընդսմին՝ այս նշանակություններով «պել»-ն առավելապես կիրառվում է Արարատյան, Նոր Ջուղայի, Արցախի (Ղարաբաղի), Բորչալուի, Գորիսի, Մուշի, Ալաշկերտի, Շամշադինի բարբառներում:
Համեմատելով Պելեի մերձընկերոջ պնդած «պե-լե»-«հիմարություն է» զուգադրության հետ՝ համոզվում ենք, որ տվյալ իմաստով «պելե», ավելի ճիշտ՝ «պել է» (այսինքն՝ «հիմար է կանոնների կոպիտ խախտմամբ՝ ձեռքով ֆուտբոլ խաղացողը» մեկնությամբ) կարող էր արտասանել հայը միայն, որ Բրազիլիայում էր հանգրվանել Արևմտյան և Արևելյան Հայաստանների, Իրանի վերոնշյալ բարբառախոս վայրերից:

Հայոց մեծ գաղթերի երթուղիների ուսումնասիրությամբ ամրապնդվում է սույն վարկածի արժանահավատությունը: Ըստ «Հայ սփյուռք» հանրագիտարանի (Եր., 2003թ., էջ 118)՝ հայերը Բրազիլիայում սկսել են հաստատվել 19-րդ դարի 2-րդ կեսին: Հայերի առավել ստվար խմբեր (հիմնականում Կիլիկիայից բռնագաղթածներ) Բրազիլիա են արտագաղթել 1920-ական թթ. և բնակվել առավելապես Սան Պաուլու քաղաքում ու նույնանուն նահանգի այլ վայրերում, այդ թվում՝ Բաուրուում: Ինչ մնում է Պելեի գրքում նշված էթնանվան հոլովանքների («թուրք», «թուրքերեն») թյուրիմացությանը, ապա, ընդերկար, չծավալվելու համար, շեշտենք միայն.

1) մինչև այժմ էլ Թուրքիայից Հարավային Ամերիկա արտագաղթած այլազգիներին, ներառյալ հայերին, տեղացիները սովորաբար կոչում են «թուրքեր» (նախկին մետրոպոլիայի անունով).
2) Արցախից և Արևելահայաստանի այլ թրքաճարակ տարածաշրջաններից բրազիլական Բաուրու ներգաղթած հայորդիք կարող էին գալուստները բացատրել իրենց նախկին բնակավայրերի թշնամական - բռնաճնշող տարրի՝ իրենց իսկ ավանդական ազգակոչմամբ՝ «թուրքերի» միջից օր առաջ դուրս պրծնելու կենսական անհրաժեշտությամբ, իսկ այդ հաճախահոլով «թուրք» բառն էլ, թերևս, բրազիլացու առնվազն ենթագիտակցության մեջ չէր կարող չարտացոլվել և հետագայում էլ չարտաբերվել...

Տարածված է նաև «պելե» բառի 2-րդ հիմնիմաստը՝ քավոր, կնքահայր: Այս մեկնանկյունից պերճախոսուն է նախկին ԽՍՀՄ վերջին կինոֆիլմերից մեկի խորագիրը՝ «Ես Պելեի պելն եմ» («Я - крестный Пеле»,1991թ., «Վրացֆիլմ»):
«Պել» հայարմատը հատկանշաբար կրկնվում է բոլոր ժամանակաց մեծագույն խաղի լավագույն ներկայացուցչուհու՝ բրազիլացի Մարթայի (անունն այս ասորերեն նշանակում է «տիրուհի») հավելանվան մեջ. նրան հաճախ շրջասությամբ այդպես էլ կոչում են՝ «Շրջազգեստով Պելե»:

Վերջում հայաշահ ու հանրապես օգտաշատ եմ համարում ներկայացնել հետևյալ առաջարկությունները.
Պելեի ծննդյան 70-ամյակի առթիվ և նրա աշխարհափառ անվան «հայկական հիմնավարկածի»կապակցությամբ, պետական մակարդակով հրավիրել նրան ՀՀ և ԼՂՀ (մականվանակից Պըլը-Պուղու «փոքր հայրենիք»)՝ նաև մեզանում, միասին նշելու նրա հոբելյանը, միաժամանակ միջոցներ ձեռնարկելով նրա աջակցությամբ ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի՝ որևէ կարգավիճակով անդամ (մասնակից) դարձնելու (նախ՝ Արցախի միջազգային իրավաքաղաքական ճանաչման տեսանկյունից) կարևորագույն նպատակով, մանավանդ որ կան միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ-պետություններ չհանդիսացող, բայց արդեն իսկ ՖԻՖԱ-ի կցանդամներ Ամերիկյան Սամոայի, Նոր Կալեդոնիայի, ՖԻՖԱ-ի անդամ-ժամանակավոր մասնակից Պաղեստինի, առավել ևս լիիրավ անդամներ Պուերտո Ռիկոյի, Ֆարերյան կղզիների նախադեպերը...

Հաշվի առնելով ֆիզկուլտուրայի և սպորտի անփոխարինելի դերը քաղաքակրթության զարգացման, ամենազգի սերունդների համակողմանի դաստիարակության և բուն առողջապահության ասպարեզներում՝ համահիմնել
Պելեի անվան համաշխարհային մրցանակ՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Բրազիլիայի ԴՀ-ի կողմից (հնարավոր է՝ ՖԻՖԱ-ի, ՄՕԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կինոյի, հեռուստատեսության և սպորտի դաշնության (FICTS) հետ համատեղ), Նոբելյան մրցանակին համարժեք, նրա դրամական պարգևաչափերին չզիջող հիմնադրամով և, սկսած 2011թ.-ից, ամեն տարի, Պելեի ծննդյան օրը, մարզական փոխանցարշավի հաջորդափոխությամբ՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի, Բրազիլիայի մայրաքաղաքներում, հանդիսավորապես շնորհել ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառներում առավելագույն համամարդաշահ ավանդ ներդրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (անկախ գործունեության տեսակից):

Առավել խոր ու բազմակողմանի (լեզվաբանական, պատմագիտական, մարզագիտական, իրավագիտական, ազգագրական, սփյուռքագիտական, աշխարհաքաղաքագիտական) հիմնավորումներով հագեցած սույն նյութը, գրավոր դիմումի հետ մեկտեղ, շուրջ երեք ամիս առաջ ներկայացրել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ ուշադրություն հրավիրելով հատկապես առաջարկությունների իրագործման կարևորության վրա: Վերջինիս բարեհաճած ընդամենը հեռախոսային արձագանքումն, ավաЇղ, որքան մեծամիտ էր՝ ձևով, այնքան էլ զրոյարդյուն՝ բովանդակությամբ: Սփյուռքի նախարարի տեղակալի նամակում խորհուրդ է տրված դիմելու այլ հասցեով («համապատասխան գերատեսչություն»):

Գագիկ Ծառուկյանի կողմից առհասարակ անդրադարձ չեղավ (երկիցս, օրենքով սահմանված կարգի կրկնախախտումով):
Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանագրի՝ նյութն ընդունվել է ի գիտություն: Մնանք ձեռնարկումներին սպասող…

ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ