Գլխավոր » ՊԼԱՆԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԱՄ՝ «ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
ՊԼԱՆԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԱՄ՝ «ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
23:56
Սեպտեմբերի 22-ին հերթական տեղեկատվությունն է տարածվել առ այն, որ վերոհիշյալ օրը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում»։

Հայկական ԶԼՄ-ները կրկին անուն առ անուն թվարկում են դիտարկումն իրականացնող «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ» անձանց, չմոռանալով նշել նաև վերջիններիս զինվորական կոչումները։ Պարզվում է, օրինակ, որ հունգարացի Իմրե Պալատինուսը, ոչ ավել, ոչ պակաս, փոխգնդապետ է։ Տնաշենի¯ տղա, մե¯ծ բան է։ Մեզանում քո տարիքի տղերքը վաղուց առնվազն գեներալ-լեյտենանտ են...

Բայց շտապենք հայտնել, որ այս անգամ ևս «դիտարկումն անցել է սահմանված գրաֆիկով և դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։ Փա¯ռք աստծո։ Միջնորդ տղերանց բախտն այս անգամ էլ է բերել։ Նրանք ողջ և առողջ են...

Հարց է ծագում՝ ո՞ւմ համար են «դիտարկում» կոչվող, պարբերաբար կրկնվող այս ներկայացումները՝ Արցախի արտգործնախարարությա՞ն, ԵԱՀԿ միջնորդ անձա՞նց, միջազգային հանրությա՞ն, թե՞ Բաքվի խաղաղասեր դեմքը հաստատելուն են միտված այս շոուները։

Մի՞թե պարզ չէ, որ այնտեղ, որտեղ մի քանի րոպեով, այսպես ասած, «պլանային դիտարկումներ» են անցկացվում, այնտեղ երբեք կրակոցներ չեն հնչում։ Հակամարտ կողմերը «նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն» նախօրոք իմանում են, թե շփման գծի որ հատվածում են իրենց պլանային զբոսանքներն անցկացնելու ԵԱՀԿ առաքելության տղերքը, և նախապես խստիվ հրահանգում են «խլապուշկա» անգամ չտրաքացնել...

Եթե դիտարկումների ժամանակ շարունակ երբեք «կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվում», այսինքն կողմերը սրբորեն պահպանում են հրադադարի պայմանավորվածությունը, ապա հայկական ԶԼՄ-ներն ինչո՞ւ են աստծո յուրաքանչյուր օր տեղեկատվություններ սփռում առ այն, որ «Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, այսինչ գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման X դեպք...»։

Այսպես, վերոնշալ լուրերի համաձայն, սեպտեմբեր 21-ին, դիտարկումից 1 օր առաջ Ադրբեջանը 85 անգամ խախտել է հրադադարը՝ արձակելով 600 փամփուշտ։ Իսկ Անցած շաբաթ 229 անգամ խախտել է հրադադարը, արձակելով 2398 փամփուշտ... Թիվն էլ շատ խոսուն է ու դրանից միանգամայն արժանահավատություն է ճառագում՝ ոչ թե 2390 կամ 2400, այլ՝ ուղիղ 2398...

Եթե սեպտեմբերի 17-ին Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում 200 անգամ գնդակոծվել են ղարաբաղյան հենակետերը, և նույն օրը «հակառակորդի կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը», ապա ո՞ւմ աչքերին են փորձում թոզ փչել «դիտարկում» ներկայացման ղեկավարները՝ իրենց խաղաղասիրական շոուով։

Իսկ գո՞ւցե ամենևին էլ չեն գնդակոծվում հայկական դիրքերը, և ամենևին զինծառայողներ չեն վիրավորվում ու սպանվում։ Չէ՞ որ ամեն անգամ դիտարկման ժամանակ պարզվում է, որ արշալույսներն այստեղ խաղաղ են...
ՆՈՐ ԷՋ

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ