Գլխավոր » ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՔՍՏՐԵՄԻԶՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՔՍՏՐԵՄԻԶՄ
22:20
Քաղաքական էքստրեմիզմը բարդ սոցիալական երևույթ է: Ներկայումս պետությունների միջև հակասությունների կտրուկ ակտիվացման պայմաններում, խնդիրների քաղաքական, իրավական մեթոդներով լուծմանը հակառակ բախվում ենք որոշ պետությունների էքստրեմիզմի դրսևորմանը, որն անշուշտ իրական սպառնալիք է ստեղծում մարդկության համար: Քաղաքական էքստրեմիզմը առավել վտանգավոր է ազգամիջյան, կրոնական հարաբերություններում:

Անդրկովկասն այս խնդրում չի զիջում այլ տարածաշրջաներին: Եթե համեմատենք աշխարհի տարբեր երկրների հետ, (Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա և այլն), ապա կնկատենք, որ էքստրեմիզմի դրսևորումներն այնքան էլ ցայտուն ձևով չեն դրսևորվում նշված պետություններում իշխող քաղաքական իշխանության մեջ: Ինչը մեր տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանում, արտահայտվում է արկածախնդրորեն՝ էքստրեմիզմ պետական մակարդակով:

Աստանայում ՀՀ նախագահի ելույթը, ինչ որ չափով զսպել է Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչներին էքստրեմիստական հայտարարություններում: Սակայն վերջին ժամանակներս կրկին ակտիվացել են նմանատիպ հոխորտանքները, և այս ամենը՝ քաղաքակիրթ աշխարհի առջև:
Խուսափելով միջազգային իրավասուբյեկտ պետությունների նման երևույթների նկատմամբ միջազգային իրավունքով նախատեսված պարտավուրությունների կատարման շրջանակների մասին քննարկումներից, փաստենք միայն, որ ազգայնական էքստրեմիստական հայտարարություների արտոնումը թշնամանքի, զինված բախումների, պատերազմների և, վերջին հաշվով, ցեղասպանության իրագործման նպաստող պայմաններ է ստեղծում:

Անվիճելի է, որ ինչպես ամեն մի երևույթ, այնպես էլ քաղաքական էքստրեմիզմն ունի իր նպատակները, ընդ որում՝ քաղաքական էքստրեմիզմի միտումը ազգամիջյան հարաբերություններում, բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մերժումը և վերջինիս նկատմամբ քաղաքական ու սոցիալական առավելության հաստատումն է: Ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքի մերժումը իրավական մեթոդներով արդարացված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ այդ իրավունքը իրականացվում է անջատողական հասկացությամբ:
 
Անջատողականությունը իրավաբանորեն անհիմն ու անօրինական պահանջ է և, կամ, այն չի կարող տեղավորվել ինքնորոշման իրավունքի այն ծավալում, եթե տվյալ ժողովուրդը կամ ազգը իր էթնիկական ծագումը, սոցիալական և մշակութային զարգացումը չի կայացել իր պատմական բնօրրանում: Վերջին տարիներին ինքնորոշման իրավունքով անկախացած պետությունների թվում կան այնպիսիք, որոնց հիմքում առկա չեն թվարկված հատկանիշները։ Չնայած նրան, որ միջազգային իրավունքում ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք ունի իմպերատիվ բնույթ, այնուամենայնիվ, դա իրավունքի տեսանկյունից չի նշանակում, թե այդպիսի հատկանիշների բացակայությունը պայման կարող է լինել ինքնորոշման իրավունքի իրագործման: Այդպիսի երկրներին, որոշ պետությունների կողմից անկախ պետություն ճանաչելը, ոչ թե միջազգային իրավունքով նախատեսված ինքնորոշման իրավունքի փաստում է, այլ արդյունք է շահերի համապատասխանատվության: Ինքնորոշման իրավունքի ակունքում ընկած այս հատկանիշների ամբողջական առկայությունն է միայն առաջացնում միջազգային իրավունքով նախատեսված ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը: Հակառակ դեպքում՝ այն հակասում է մյուս ազգի թվարկված հատկանիշների և սեփականության իրավունքներին: Այս հատկանիշների բացակայության հանգամանքներում է ինքնորոշման իրավունքն անդրադառնում տարածքային ամբողջականության իրավունքի վրա: Մյուս դեպքում այդ իրավունքի պահանջը հիմնավոր է, օրինական և արդարացված:

Դա է պատճառը, որ ներկայումս Ադրբեջանի իշխանությունը կազմակերպված մակարդակով, էքստրեմիստական հայտարարություներով զուգորդված, ջանք չի խնայում կեղծելու միջոցով հափշտակել օտարին պատկանող սեփականությունը, ավելին՝ սպառնում է այդ նպատակին հասնել ռազմական ճանապարհով:
Հատկանշական է, որ այդ սպառնալիքները ոչ թե մեղմում են հարաբերությունները, այլ ամրապնդում են հակադրությունը: Քաղաքական այս էքստրեմիզմը պայմանավորված է սոցիալական, ազգային, գաղափարախոսական, հոգեբանական գործոնով: Որպես ապացույց նշենք միայն պետական բոլոր մարմինների միջպետական հարաբերություններում դրսևորած ծայրահեղական բնույթի հայտարարությունները, ընդդիմադիր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների շարունակական հայտարարությունները, բռնի գործողություններ կատարողներին խրախուսելը:

Անվիճելի է, որ քաղաքական էքստրեմիզմի իրագործումը պետական մակարդակով բնորոշ է ավտորիտար պետություններին: Այս տեսակն ավելի զարգացած է ու կազմակերպված, քանի որ ղեկավարվում է պետական մարմինների հիերարխիկ կառուցվածքի կողմից: Ի տարբերություն մյուս տեսակների, այն իրենից ներկայացնում է բարձր հասարակական վտանգավորություն: Նախ՝ այն անդրադառնում է քաղաքացիների ճնշող մեծամասնության կենսական շահերին, ապա՝ միջազգային հանրության անվտանգությանը:

Վերջին ժամանակներս ԼՂՀ-ում աշխարհահռչակ արվեստագետների հայտնվելը, սպորտային միջոցառումների անցկացումը պատճառ են հանդիսացել դիվանագիտական ուղիներով ծայրահեղական դրսևորումների: Ակնհայտ է, որ պետության զարգացման գործընթացը ավելի դյուրին կլինի միայն այն դեպքում, երբ պետության կողմից կարգավորվում են առանձին մարդկանց, հասարակության և պետության միջև ներդաշնակ համադրությունը: Փոխարեն դրան, մենք վկա ենք հարևան երկրում այլակարծության հետապնդմանը, ինչպիսին, օրինակ, Խոջալուի դեպքում լրագրողի դատապարտումն է, քաղաքական կուսակցությունների հետապնդումը:

Դեռևս 1989թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան իր 44-րդ նստաշրջանում հայտարարել է, որ անդամները դատապարտում են բռնի և ապորինի միջոցներով քաղաքական նպատակներին հասնելը: Այդ ժամանակաշրջանում էր, որ խորհրդային իշխանության թողտվության պայմաններում Ադրբեջանի իշխանությունը ապօրինի կալանավորում, ազատությունից զրկում, կտտանքների էր ենթարկում մարդկանց՝ միայն նրա համար, որ հայ են: Ադրբեջանի այս արարքները ամենածանրագույն հանցանքն են, որն բնութագրական է գենոցիդի հանցակազմին:
Նախորդ դարրերում ոչ միայն հայերին, այլև հույներին, արաբներին, լեզգիներին, թալիշներին, ավարներին և շատ ու շատ ազգերի նկատմամբ ցեղասպանության իրագործման դրդապատճառները նվաճած ժողովրդի կենսաբանական գործոններն էին:

Էքստրեմիզմը, որպես կանոն, կապված է ազգայնականության հետ: Ինչքան էլ տարօրինակ թվա, այն ազգային թերարժեքության արդյունք է: Ազգայնամոլության ետևում թաքնված թվացող երևույթների ճիշտ գնհատման միջոցով բացահայտվում են վախկոտության դրսևորումները: Վերջինս բնորոշ է այն ժողովուրդներին, ովքեր չունեն հոգևոր ռեսուրսներ, ընդունելու այս կամ այն իրավացիությունն ու իրողությունը: Փաստ է, որ էքստրեմիզմին հաջորդում է բռնութունը, վանդալիզմը, ցեղասպանության ակտիվ գործողությունները, որին ականատես ենք եղել դեռ 1988-1994 թվականներին: Այսօր դրան զսպում է ուժերի հավասարակշռությունը: Հենց հակառակ կողմի ռազմական առավելության բացակայությունն է, որ մենք վկա ենք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծայրահեղական դասական դերասանություններին:

ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մ. Մաշտոց համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի ավագ դասախոս

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ