Գլխավոր » Քեսաբցի հրամանատար. «Հայ ազգը չի կարող կործանվել, եթե ինքնասպան չլինի»
Քեսաբցի հրամանատար. «Հայ ազգը չի կարող կործանվել, եթե ինքնասպան չլինի»
12:59

Քեսաբի բնակիչ ճարտարապետ Հակոբ Պետերջիկյանն այն անձանց թվին է պատկանում, որոնք մաս են կազմել հայկական ինքնապաշտպանական ջոկատներին և պատրաստ են զենքով մասնակցել Քեսաբի ազատագրմանը։ «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթը հարցազրույց է վերցել պարոն Պետերջիկյանից։

-Պարոն Պետերջիկյան, մի շարք ուժեր և գործիչներ պնդում են, որ հայությունը Քեսաբի հարցում  և ընդհանրապես Սիրիայի հարցում պետք է չեզոքություն պահպանի։ Ո՞րն է ձեր տեսակետն այս հարցում։
-Հարցին պետք է հարցով պատասխանեմ։ Մենք խաղաղ ապրում էինք մեր տներում, Սիրիայում ցույցերի սկսվելուց ի վեր, 2011թ.-ից սկսած մենք զբաղված էինք մեր առօրյայով, հող էինք մշակում, նույնիսկ ընդդիմադիրների հարազատներն էին մեզ մոտ աշխատում։ Իսկ մեկ ամիս առաջ ընդդիմադիրները եկան և գրավեցին մեր հողը, Քեսաբի բնակչությունը տարհանվեց Լաթաքիա, նրանց կողմից սպանվեց քեսաբցի երիտասարդ։ Հիմա եկել է սիրիական բանակը և ցանկանում է մեզ վերադարձնել Քեսաբը։ Այս դեպքում, ասացեք, ճիշտ է՞ արդյոք չեզոքությունը։

1938թ. Իսկենդերունի սանջակը խլեցին Սիրիայից և տվեցին Թուրքիային։ Քեսաբը մաս էր կազմում սանջակին։ Մուսալեռցիներին տեղափոխեցին Անճար։ Քեսաբցիների համար էլ տեղ էին պատրաստել Լիբանանի հարավում։ Հայ կաթողիկե պատրիարք, կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանը (ծագումով ախալցխացի էր) հատուկ խարիզմա ունեցող մի հոգևորական, կարողացավ ազդել Վատիկանի և Ֆրանսիայի վրա և 16 ամիս հետո Քեսաբը միացավ Սիրիային։ 1996թ. Աղաջանյանի ծննդյան 100-ամյակն էր։ Մենք ժայռի վրա հուշարձան կառուցեցինք այս մարդու հիշատակը հավերժացնելու համար։ Հիշատակարանի մեջ արձանագարեցինք, որ կարդինալը լուրջ աշխատանք տարավ փրկելու համար սիրիական հայրենիքի այս մասը, պատմական Կիլիկիայի այս կտորն իր ժողովրդով։

Իսկ ահա մեկ ամիս առաջ ընդդիմությունը եկավ, մեզ հանեց մեր տներից, Քեսաբում մնացածներին ուղարկեց Վաքըֆլը (հայաբնակ գյուղ Թուրքիայում), ասացեք, ի՞նչ է սա, եթե ոչ թուրքական ծրագիր։ Մենք սիրիական որևէ ուժի հետ ոչ մի խնդիր չունենք, բացառությամբ այն ուժերի, որոնք Թուրքիայի քաղաքականությունն են առաջ տանում Սիրիայում։ Մենք հարց ունենք այդ ուժերի հետ և լուրջ հարց։ Քեսաբում իրենց տներն ու հողակտորներն ունեն բնակիչներ Սիրիայի բոլոր շրջաններից։ Մենք նրանց բոլորի հետ ունեցել ենք ջերմ հարաբերություններ։ Ուզենք թե չուզենք, չնայած մենք հայ ենք արմատներով, բայց Սիրիայի քաղաքացի ենք և սիրիական պետությունը մեզ մեծ արժանիքներ է տվել։ Այս դեպքում ես ինչպե՞ս կարող եմ չեզոք լինել, և ի՞նչ է նշանակում այս դեպքում չեզոք լինելը։

-Չեզոքության կողմնակիցները ինչի՞ց են վախենում։
-Նրանք վախենում են, որ Քեսաբում ինքնապաշտպանվելով՝ մենք վնաս կհասցնենք Հալեպում, Դամասկոսում կամ Դերզորում ապրող հայերին։ Հիմա Դեր զորում հայ չի մնացել։ Բոլոր փախչող հայերը գալիս են դեպի իշխանության հսկողության տակ եղած շրջաններ։ Ընդդիմադիրներն ապրում են վայրի աշիրեթական օրենքներով, բազմաթիվ վկայություններ կան, թե ինչպես են խաչում քրիստոնյաներին, ինչ վայրենություններ են թույլ տալիս։ Հավատի և դավանանքի ազատության մեծ խնդիր կա նրանց հսկողության տակ հայտնված շրջաններում։ Ամեն հարսանիքում մենք երգում ենք ռազմական երգեր, «զարթնիր լաո» ենք երգում, սակայն երբ գալիս է կռվելու պահը, ասում ենք՝ զենքին չմոտենանք, չեզոք մնանք։

-Մտավախություն կա՞, որ Քեսաբի ազատագրումից հետո այն կարող է կրկին հայտնվել զինյալների ձեռքում։
-Սիրիայում կան շրջաններ, որոնք ազատագրվեցին, ապա որոշ ժամանակ անց կրկին հայտնվեցին զինյալների ձեռքում։ Քեսաբը պահելը դժվար, բայց հնարավոր է լինելու։ Եթե Քեսաբում ապրող հայերը և մյուս ժողովուրդները համաձայնեն Քեսաբը պահել՝ հեշտ կլինի։ Այստեղ կարևոր է նաև Թուրքիայի դերը, որը պետք է փակի իր սահմանները և գործի չդնի հրետանին։ Մենք հաճախ ենք մեջբերում Չարենցի խոսքերը. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է», սակայն գործնականում երբեք այն չենք կարողանում օգտագործել։

-Ինչպե՞ս վերաբերվեցիք հայաստանյան իշխանությունների և Դաշնակցության ղեկավարության չեզոքության կոչերին։
-Չեմ ուզում վիրավորել նրանց, հնարավոր է նրանք ավելի լուրջ քաղաքագետներ են և ավելի լուրջ տեղեկություն ունեն։ Ժամանակին սփյուռքի մասին ասում էին, որ շքեղ տներում ապրող նարինջ ուտողները չպետք է որոշեն Հայաստանի ճակատագիրը։ Այժմ ես ցավում եմ, որ Հայաստանի ճոխ ապարանքներում ապրողները փորձում են որոշել Քեսաբի ճակատագիրը։ Եթե չեք կարողանում օգնել, մի խանգարեք։ Քեսաբի ճակատագիրը որոշում են Քեսաբի հայերը։

-Ինչպե՞ս ընդունեցիք Վահան Բադասյանի ղարաբաղյան նախկին հրամանատարների փոքր խմբի գալուստը ձեզ մոտ։ Կարողանում են արդյո՞ք նրանք օգտակար լինել ձեզ։
-Մեծ ջերմեռանդությամբ, ուրախությամբ և հրճվանքով ընդունեցինք Վահանի խմբին։ Նա ինձ վերադարձրեց 30 տարի առաջ, իմ ուսանողության աշխույժ շրջանը։ Ամեն մարդ սիրում է ապրել քաղաքակիրթ ժողովուրդների մեջ։ Դու կարող ես ստեղծել այդ քաղաքակրթությունը, քո նկարագրով։ Սակայն, երբ հողից պոկվում ես, ազգային նկարագիրդ էլ է կորչում։ Սահարա անապատը շատ ավազ ունի, բայց Եգիպտոսը բետոն անելու համար ավազ է ներկրում, անապատի ավազով բետոն չի դառնում։ Ստացվեց այնպես, որ մեր բետոնն անելու համար մենք Ղարաբաղից ավազ ստացանք։ Հայ ազգը չի կարող կործանվել, եթե ինքնասպան չլինի։


http://avk.am


Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ