Գլխավոր » Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՄԵՆՔ ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵՆՔ
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՄԵՆՔ ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵՆՔ
22:29
Հարցազրույց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական
գործիչ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

- Արցախի վիճակագրական ծառայության հաղորդած տեղեկության համաձայն, այսօր հանրապետությունում ապրում է 143,5 հազար մարդ։ Արդյո՞ք այսպես ենք շենացնում մեր երկիրը։
- 1989 թվականին, երբ ստեղծվել է Ազգային խորհուրդը, մենք բնակչության հաշվառում ենք կատարել և պարզել, որ Արցախում, առանց ազերի բնակչության, 198 հազար մարդ է ապրում։ Երբ Անուշավան Դանիելյանը Ղրիմից եկավ և մեզ մոտ վարչապետ դարձավ, խոստացավ բնակչության թիվը հասցնել 300 հազարի, բայց երբ նա գնաց, այստեղ խոստացածի նույնիսկ կեսն էլ չէր ապրում։ Դաշնակցությունը ժամանակ առ ժամանակ Արցախը վերաբնակեցնելու կոչեր է անում, փորձում նախաձեռնել այդ գործը, բայց արդյունք չկա։
1992-93 թվականներին երբ մեկնում էինք Հայաստան, նկատում էինք, որ այնտեղ շատ ավելի վատթար է վիճակը, քան Ղարաբաղում։ Հիմա Հայաստանը շատ թե քիչ զարգացել է, բայց Ղարաբաղը մնացել է այն վիճակում, ինչպես եղել է։ Կոլեկտիվ տնտեսությունները ավերեցինք և գյուղատնտեսության վիճակն ավելի ողբալի դարձրինք։

- Ստեղծված վիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում։
- Այդ մասին ես շատ եմ խորհել։ Այդ առթիվ այսպիսի մի առաջարկություն ունեմ։ Ղարաբաղյան շարժումից ի վեր Արցախի անունով բազմաթիվ ղարաբաղցիներ մեծ հարստության տեր են դարձել, Երևանում բոլոր ղարաբաղցի ղեկավարները հարստացել են։ Նրանք՝ մեծ հարստություն կուտակած այդ մարդիկ, թող գոնե իրենց հարստության մի 15-20 տոկոսը, որպես փոխհատուցում, բերեն իրենց հայրենի Արցախում մի բան սարքեն, մեկական շրջան իրենց ձեռքը վերցնեն և զարգացնեն։ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, նրա եղբայրը, խանաբադցի Բարսեղը և մյուսները, որ Ղարաբաղի անունով հարստացել են, թող իրենց նյութական հարստության մի մասը ներդնեն հանուն Արցախի զարգացման։
Առաջարկում եմ մի խորհուրդ ստեղծել։ Ասենք, 3 հոգի ՀՀ նախագահը՝ Սերժ Սարգսյանն է առաջարկում իր շրջապատից, իր ցանկալի մարդկանցից, 3 հոգի Հայոց ազգային կոնգրեսն է տալիս, 3-ը՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարած ՀՀ հանրային խորհուրդը և, վերջապես, 3 ազնիվ, նվիրված մարդ էլ արցախցիներս ենք ընտրում։ Այդ ոչ պետական կառույցը ծննդով ղարաբաղցի մեծահարուստներին առաջարկում է որպես պարտք իրենց կարողության մի որոշ մասը 20-25 տարով ներդնել Արցախի զարգացման համար։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Արցախի բնակչության թիվը 2-3 անգամ ավելացնել, զարգացնել, շենացնել այս երկիրը, որի համար այնքա՜ն արյուն է թափվել։

- Իսկ նման ծրագիրն իրակա՞ն եք համարում։
- Իհարկե։ Ադրբեջանն այսօր ինչո՞ւ է այդքան հոխորտում, պատերազմով սպառնում մեզ։ Որովհետև վերջին 10-15 տարում իրոք ուժեղացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում, միայն շինարարությամբ ենք զբաղվել։ Նրանք տարեցտարի մեծացրել են իրենց ռազմական բյուջեն, ժամանակակից զենք են գնել և հզորացել։ Մենք էլ ենք, իհարկե, ավելացրել մեր զինապահեստը, բայց շատ ավելի համեստ չափերով, քան նրանք։
Ղարաբաղի խնդիրը լուծելու միակ պայմանն այն է, որ մենք ոչ թե հավասար, այլ ավելի ուժեղ լինենք հակառակորդից։ Իսկ այսօր եղած այդ հավասարակշռությունը խախտվում է, բայց՝ ոչ հօգուտ մեզ։ Շարունակ ցեղասպանությունից ենք խոսում, գումարներ ծախսում, լոբինգ անում, որ աշխարհի այս կամ այն պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ես դա չեմ ընդունում։ Ցեղասպանություն է եղել, և դա մեր մեղքն է։ Վաղն էլ է ցեղասպանություն լինելու, եթե մենք չսթափվենք, գործնական միջոցներ չձեռնարկենք այս խղճուկ վիճակից դուրս գալու համար։

- Պատերազմ կսկսվի՞, թե չի սկսվի՝ օտարազգի քաղաքագետները, մեր գործիչները, վերլուծաբանները շարունակ այս հարցի շուրջ են վիճաբանում։ Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին։
- Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն և աշխարհի մյուս հզոր տերությունները թույլ չտան, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսի։ Բայց նաև հնարավոր է, որ աշխարհում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերջիններս չկարողանան խանգարել հակառակորդին։ Այնպես որ՝ միակ ճիշտ ճանապարհն այն է, որ մենք հույսներս առաջին հերթին մեզ վրա դնենք և զարգացած, հզոր երկիր ստեղծենք, ժամանակակից ուժեղ բանակ ունենանք։ Եթե հակառակորդը պատերազմ սկսի, ինքն էլ է մեծ կորուստներ կրելու, բայց սկզբնական շրջանում մեր բնակչության շուրջ 30 տոկոսը կորցնելու ենք։ Ճիշտ է, հետո հաղթելու ենք, սակայն ո՞ւմ է պետք այն հաղթանակը, որ պիտի ձեռք բերվի մեր բնակչության մի մասի կյանքի գնով...

- Մեր թերթի նախորդ համարում և հայաստանյան մամուլում հոդված եմ տպագրել առ այն, որ Ստեփանակերտում ապաստարաններ չունենք։ Եթե վաղը ռմբակոծվի, հրետակոծվի քաղաքը, մարդիկ պատսպարվելու տեղ չեն ունենալու։
- Ճիշտ է։ Այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Հույսները դրել են նրա վրա, որ կարող է պատերազմ չլինի։ Դա, իհարկե, սխալ է... Ես գտնում եմ, որ այսօր այլ ելք չունենք։ Բոլոր այդ բանակցությունները, միջնորդները, նախագահների հանդիպումները դատարկ բան են։ Հարցի լուծումը միայն բնակչության կրկնապատկումը, եռապատկումը, բազմապատկումն է, երկրի հզորացումն է։ Կրկնում եմ, Ղարաբաղի անունով հարստացած մարդիկ պարտավոր են տեր կանգնել այս երկրին։ Օրինակ, ասում են, թե Ռ. Քոչարյանը 4,5 մլրդի հասնող կարողություն ունի։ Թող կես միլիարդը մեզ տա, 20-30 տարի հետո իրեն կվերադարձնենք։ Նույնը նաև այստեղ, Հայաստանում, Ռուսաստանում և այլուր ապրող ղարաբաղցի մյուս մեծահարուստները։
Լևոն Հայրապետյանը Վանքում տեսեք ինչ մեծ գործեր է կատարում։ Թող մյուսները, ուրիշներն էլ նույնը կատարեն իրենց ծննդավայրում կամ ցանկացած այլ բնակավայրում։ Թող ունեցածի 10-20 տոկոսը ժամանակավոր ներդնեն, ոտքի կանգնեցնեն մեր երկիրը։

- Իսկ ինչո՞ւ եք կարծում, թե ձեր առաջարկած խորհուրդը ազնիվ է լինելու։
- Հայաստանում ամենաարդար, ամենաազնիվ ընտրությունները 1990 թվականին են եղել։ Այդ ընտրություններում հաղթած ազնիվ պատգամավորներից կարելի է ստեղծել իմ առաջարկած խորհուրդը։ Այն մարդկանցից, ովքեր եղել և մնացել են իրենց հավատամքին, ինչպես ապրում էին, այսօր էլ այդկերպ են ապրում։
Իմ առաջարկության մյուս կետը հարկային ծառայության գործունեության ժամանակավոր դադարեցումն է մի 5 տարով։ Ավելի կոնկրետ, փոքր կամ միջին բիզնես ունեցողներին չպիտի հարկերով ծանրաբեռնել։ Պետությունը չպիտի միջամտի Խորհրդի, հանձնախմբի գործունեությանը։ Թող ինքը զարգացման ծրագիր մշակի և վերահսկի դրա իրականացումը։ Առաջներում, օրինակ, մի ազնիվ կոմունիստ էին ուղարկում որևէ տեղամաս, որևէ շրջան, և նա գնում ու աշխատում էր։ Այսօր հեղինակություն, փորձ ունեցող մարդկանց թող ուղարկեն որևէ շրջան։ Ասենք, թող ինձ մի երկու տարով ուղարկեն մի շրջան, գնամ օգնեմ վերականգնել տնտեսությունը։

- Իսկ ավելի մանրամասն։
- Մենք ունենք գյուղապետեր, որոնց պետք է առաջարկել սեփական համայնքում հաշվառում կատարել, պարզել, թե այս կամ այն գյուղացին որքան եկամուտ ունի և ինչի կարիք ունի։ Եթե նա հնարավորություն չունի, նրան պետք է մի կով, երկու ոչխար տանք՝ պայմանով, որ 1-2 տարի հետո եղածը կրկնապատկելու է։
Ասում ենք՝ մենք դեռ հողեր ունենք ազատագրելու, Արևմտյան Հայաստանից ենք խոսում... Բայց եկեք գոնե ունեցած հողերը, ազատագրած տարածքները, որ իրոք մեր պատմական հողերն են, պահենք, բնակեցնենք, մշակենք, շենացնենք, հետո միայն մնացյալի մասին մտածենք։ Ղարաբաղի հարցը մենք արդեն լուծել ենք, առաջին մեծ խնդիրը լուծել ենք։ Մնում է երկրորդը՝ պահենք, զարգացնենք ու հզորացնենք այն։ Ղարաբաղում յուրաքանչյուր ընտանիքի, գյուղաբնակ թե քաղաքաբնակ, պետք է 5 հա հող տալ, որ իր ուզած ձևով օգտագործի, մշակի, բայց այն վաճառելու իրավունք չունի։

- Իսկ եթե տվյալ մարդը տեխնիկա չունի, այն մշակելու հնարավորություն չունի՞...
- Իմ առաջարկած խորհուրդը, հիմնադրամը հենց նրա համար է, որ օգնի այդ մարդկանց... Ղարաբաղցին պիտի լավ ապրի։ Արժանի է դրան։ Նա վաստակել է այդ իրավունքը... Ավելի լավ հնարավորություն չենք ունենալու։ Մեր երկիրը պաշտպանել ենք, հողեր ենք ազատագրել, ուրեմն՝ պիտի ազգովի տեր կանգնենք։

- Բայց չէ՞ որ մենք շրջվարչակազմեր ունենք, մարդիկ են աշխատում, աշխատավարձ են ստանում, ինչո՞ւ նույնը նրանցից չենք պահանջում։
- Ֆինանսական բավարար միջոցներ չկան... Ես ծանոթ եմ իրավիճակին։ Ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում։ Հայաստան համահայկական հիմնադրամին այլևս չեմ հավատում ես։ Եվ ոչ միայն ես։ Դրա համար առաջարկում եմ իմ ասած ձևով հիշյալ Խորհուրդը ստեղծել և նրան լայն լիազորություններ տալ... Ամենակարևորը՝ որպեսզի ամեն ինչ ազնիվ ու թափանցիկ լինի, Խորհուրդը պարտավոր է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրությանը՝ կատարած աշխատանքի, օգտագործած ֆինանսական միջոցների մասին։

- Բայց որքանո՞վ եք համոզված, թե դա ձեռնտու է իշխանություններին։
- Սա նրանց անձնական հայեցողությունից չպիտի կախված լինի։ Սա ազգային, համազգային խնդիր է։ Ոսկու, պղնձի և այլ հանքեր ունենք, պետությունը թող դրանցով զբաղվի, շարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատել է։ Իսկ Խորհուրդը՝ իր տրամադրության տակ եղած հիմնադրամով հիմնականում պիտի աշխատի վերաբնակեցման, բնակչության թիվը բազմապատկելու ուղղությամբ։

- Ձեր կարծիքով, փողի, ֆինանսների պակա՞սն է միայն պատճառը, որ այսօր երկիրը ողբալի վիճակում է։
- Ես չեմ ուզում կառավարության աշխատանքի գնահատականը տալ։ Ես առաջարկում եմ ազգովի տեր կանգնել մեր երկրին։

- Ասում ենք՝ վերաբնակեցնենք երկիրը, բնակչության թիվը կրկնապատկենք և այլն։ Հասարակ մի օրինակ, լիբանանաբնակ Ժիրայր Սեֆիլյանը թողել իր բարեկեցիկ կյանքը, եկել կռվել է Արցախի ազատագրության համար։ Պատերազմից հետո տարիներ ի վեր ապրում է Երևանում։ Նույնը նախկին ֆրանսաբնակ Սարգիս Հացպանյանը, որ հետո ամուսնացել, ընտանիք է կազմել Երևանում, երեխաները դպրոց են հաճախում։ Ինչո՞ւ այդ մարդկանց քաղաքացիություն չեն տալիս։ Ընդհակառակը, բանտ են նստեցրել։ Ժիրայրին արդեն ազատ են արձակել, իսկ Սարգիսին դեռ շարունակում են պահել վանդակաճաղերի հետևում։ Այդպե՞ս ենք շենացնում, հզորացնում մեր երկիրը։
- Ես երկուսին էլ լավ եմ ճանաչում, լավ գիտեմ նրանց։ Նրանք լիովին արժանի են, որ քաղաքացիություն ստանան...

- Բայց ձեզ չի՞ թվում, որ իշխանություներին երկրի զարգացումը, երկրի ճակատագիրը, մեղմ ասած, շատ չի մտահոգում։
- Դրա համար էլ ես կոչ եմ անում նրանց, դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։ Իմ այս առաջարկությունը երկիրը փրկելու մի հնարավորություն է։ Եթե դա չօգտագործենք, հետո շատ ուշ է լինելու։ Ամեն ինչ վերջանալու է՝ և՛ երկիր, և՛ ազգ...

- Դուք էլ գիտեք, որ դժբախտաբար արտաքին թշնամուց բացի ունենք նաև ներքին թշնամի, որ ոչ պակաս նենգ ու վտանգավոր է։ Վերջին հաշվով, հայկական երկու պետություն ենք ստեծել, իշխանություններ ունենք, ի՞նչն է խանգարում, որ նրանք իրոք մտահոգվեն երկրի զարգացման, շենացման խնդրով։ Ասում եք՝ ազնիվ մարդկանցից նոր Խորհուրդ ստեղծենք, հիմնադրամ ստեղծենք։ Ձեզ չի՞ թվում, որ նույնը կրկնվելու է։ Երբ ՀՀ առաջին նախագահին ընտրեցին, որևէ մեկը կասկածո՞ւմ էր նրա ազնվությանը...
- Ինչ վերաբերում է ներքին թշնամուն, դրա համար պետք է այնպես անենք, որպեսզի ազնիվ, հայրենասեր մարդիկ մեզ ղեկավարեն։ Արցախյան շարժման առաջին շրջանում իրոք ազնիվ մարդիկ էին կանգնած շարժման գլուխ՝ Ա. Մանուչարով, Վ. Գրիգորյան և այլք։ Հետո Ադրբեջանը պատերազմ սկսեց, նոր մարդիկ եկան, որ միայն թալանով, հարստանալով էին զբաղվում... Այդ մարդիկ այսօր փողն ավելի շատ են սիրում, քան Հայրենիքը։ Դրա համար այնպիսի մարդիկ պիտի ղեկավարեն Հայաստանում ու Ղարաբաղում, որոնց համար փողը նշանակություն չունի, անձնական բարեկեցությունը չէ առաջնայինը։

- Ձեր առաջարկածն իրականացնելու ավելի հեշտ, ավելի կարճ ճանապարհ չկա՞։ Ավելի լավ չէ՞ նորմալ ղեկավարություն ընտրել, որպեսզի ձեր ասածն իրագործի։
- Դա հետագայի հարց է, մենք աստիճանաբար պիտի հասնենք դրան։
 
- Կրկին վերադառնանք ձեր առաջարկին։ Ուրեմն համոզված եք, որ նրանք, ավելի կոնկրետ ՀՀ ղեկավարությունը ընդունելու է այն։
- Նրանք այլ ելք չունեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե հիմա փորձ չարվի երկիրը փրկել, ժողովուրդը միշտ ըմբոստանալու է նրանց դեմ... Եվրոպան, Արևմուտքն ասում է, չէ՞՝ կարգին երկիր ստեղծեք, ժողովրդավարական պետություն կառուցեք... Ինձ թվում է, թե հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մեր ղեկավարներն էլ են ցանկանում, որպեսզի դուրս գանք այս դժվարին կացությունից։ Ուրիշ ելք չունենք։
Այս անկայուն վիճակը միայն Ռուսաստանին է ձեռնտու։ Ադրբեջանին միակողմանի զենք է վաճառում, բայց թույլ չի տալիս հարձակվել։ Ասում է՝ Հայաստանն իմ ռազմավարական դաշնակիցն է։ Սակայն, նորից եմ ասում, աշխարհում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն չկարողանան, հնարավորություն չունենան մեր տարածաշրջանում վերահսկել իրադրությունը։ Դրա համար միակ ելքը մեր երկրի հզորացումն է։

Վ. ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ