Գլխավոր » Ռուսաստանը ստանձնում է Արցախում դիվերսիայի պատասխանատվությունը
Ռուսաստանը ստանձնում է Արցախում դիվերսիայի պատասխանատվությունը
16:41

 

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել է, որ Ռուսաստանը ավարտել է Ադրբեջանին 100 T 90 տանկերի մատակարարումը, եւ պատրաստ է եւս այդքան էլ մատակարարել։ Հարձակողական այդ սպառազինությունը Ադրբեջանի հետ զենքի մատակարարման 4 միլիարդ դոլարանոց գործարքի կարեւոր մասերից է։

Ռուսաստանը ամիսներ առաջ հայտարարեց, որ պատրաստ է ավելացնել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործակցության ծավալը։ Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանի ռազմական սպառազինության 80 տոկոսի մատակարարը, Բաքվի թիվ մեկ գործընկերը։

Ներկայում, Ռուսաստանի համար Ադրբեջանը դառնում է առավել քան կարեւոր գործընկեր, այն իմաստով, որ արեւմտյան տնտեսական պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի համար կարեւոր է զենք վաճառել Ադրբեջանին ու ստանալ միլիարդներ։

Հիշեցման կարգով՝ Մոսկվան Հայաստանի անվտանգության երաշխավորն է, Հայաստանի անվտանգության դաշինքի՝ ՀԱՊԿ-ի առանցքային անդամը, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը։ Իմաստ կա՞ արդյոք այդ կարգավիճակների թվարկումից հետո գնահատել այն, ինչով զբաղված է Մոսկվան Բաքվի հետ։ Երեւի թե չկա, առավել եւս, որ դրա մասին խոսվել է շատ անգամներ։

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի դիվերսիոն խումբը կրկին փորձել է ոտնձգություն կատարել Արցախի նկատմամբ։ Դրա նախօրեին էլ մարտական հենակետում թշնամու գնդակից հայ զինվոր էր մահացել, որին Արցախի իշխանությունը պարգեւատրել է արիության համար։

Այդ իրադարձությունների ֆոնին, Ադրբեջանի հանդեպ սպառազինությունների մատակարարման անխափանության եւ նորը մատակարարելու պատրաստակամության մասին Ռուսաստանի պաշտոնյայի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական դիվերսիայի համար պատասխանատվության ստանձնում։ Դաշնակից համարվող պետությունը սովորաբար դատապարտում է դաշնակցի դեմ կատարվող գործողությունները։ Բայց, դրա փոխարեն, Ռուսաստանը հայկական զինուժի հանդեպ հերթական դիվերսիայից անմիջապես հետո հայտարարում է, որ պարտաճանաչ զինում է Ադրբեջանին։

Ընդ որում, դիվերսիաներն էլ այդ գործընթացի կարեւոր մաս են։ Դրանցում իհարկե տանկեր կարծես թե չեն օգտագործվում, բայց դրանք այն կայծն են, որ կարող են ինչ որ բան բռնկել։ Իսկ բռնկելը Ռուսաստանի համար խիստ անհրաժեշտ է։ Չէ որ Ադրբեջանի ռազմական պահեստները անսահմանափակ չեն եւ մի օր կլցվեն, հետեւաբար պետք է պարբերաբար կայծ տալ, որպեսզի կրակ բռնկվի եւ զենք օգտագործվի, որպեսզի Մոսկվան կարողանա եւս մի քանի հարյուր գերժամանակակից տանկ վաճառել Ադրբեջանին։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Lragir.am

 


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ