Գլխավոր » ՌՈՒՍԻՈ ՎԵՐՋԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒՍԻՈ ՎԵՐՋԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
21:45
Հայկական մամուլում տեղեկատվություն է հրապարակվել, ըստ որի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է նախագահական և հանդիպել Սերժ Սարգսյանին: Հայտնի չէ, թե ինչի մասին է եղել զրույցը, ենթադրվում է, որ Մոսկվան անհանգստացած է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դիրքորոշմամբ և ցանկացել է պարզաբանումներ ստանալ: 

Թեև, առավել տրամաբանական կլիներ, եթե դեսպանը հրավիրվեր նախագահական, կամ արտաքին գործերի նախարարություն, և նրանից բացատրություն պահանջվեր իր վերջին շրջանի հայտարարությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Կովալենկոյի նյարդերը վերջերս տեղի էին տվել, և նա մի քանի անպարկեշտ ու դիվանագիտական էթիկայի նորմերի մեջ չտեղավորվող հայտարարություններ էր արել: Մասնավորապես, նա հայտարարել էր, թե հայերի ինքնությունը պահպանվել է շնորհիվ Ռուսաստանի, և եթե Ռուսաստանը չլիներ, հայերն էլ չէին լինի: 

Դեսպանից ոչ միայն պետք էր բացատրություն պահանջել նման հայտարարությունների համար, այլև նրան վտարել Հայաստանից, բողոքի նոտա հղելով Ռուսաստանի ԱԳՆ: 

Իհարկե, դեսպանի հայտարարությունների մեջ կա ճշմարտության հատիկ, ինչպես նաև դիվանագետին ոչ բնորոշ անկեղծություն. դեսպանն ասել է այն, ինչը հայերի հարցում ռուսական քարոզչության հիմքն է: Ռուսները կարողացել են հայերի գիտակցության մեջ արմատավորել այդ թեզը, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի կարող լինել: Եվ այդ հարցում հասել են աներկբա հաջողության: 

Սակայն, երևում է, դարերի այդ քարոզչությունը կորցնում է իր ուժն ու ազդեցությունը, և Մոսկվայում զգում են, որ հայ հասարակության մեջ թեև դանդաղ, սակայն վերաիմաստավորման ընթացք կա, որը սկսում է քանդել կարծրատիպերը: Փոխարենը, Մոսկվայում կարծես այլ բան չեն կարողանում մտածել: Չեն կարողանում գտնել այդ առասպելին այլընտրանք: Առասպել, որն արմատավորվել է քարոզչության, բռնությունների և շանտաժի միջոցով: 

Դժվար է ասել, թե ինչու: Հնարավոր է՝ այն պատճառով, որ հայերին Ռուսաստանում միշտ վերաբերվել են անթաքույց արհամարհանքով և համարել են անհույս ստրուկներ, որոնց որքան ծեծում ես՝ այնքան հավատարիմ են դառնում, և ի վիճակի չեն երբևէ կասկածի տակ դնել իրերի առկա վիճակը: Եվ ելնելով դրանից՝ այդպես էլ նոր բան չեն մտածել: 

Հնարավոր է նաև, որ նոր բան չկա էլ, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական իմաստով, բացի արտագաղթից ու տրանսֆերտներից, և հայերի «ինքնության» արթնացմանը զուգահեռ ռուսական կողմն ավելի դյուրագրգիռ է դառնում: Չէ՞ որ, ի վերջո, այդ արթնացած ինքնագիտակցությունը մի օր կարող է Ռուսաստանի առջև հարցեր բարձրացնել, օրինակ, Մազանդարանի մասին, 1915 թ. հայերի ցեղասպանության մասին, Ղարաբաղի դեմ ռազմական պատժիչ գործողությունների մասին, հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի մասին, և այլն: Այդ հարցերն իհարկե ներկայիս իշխանության օրոք չեն բարձրացվի, քանի որ ներկայիս իշխանական-քաղաքական-բիզնես համակարգը, կամ քրեա-օլիգարխիկ համակարգը, կերտվել է Ռուսաստանի «տեսքով և նմանությամբ»: Սակայն նույնիսկ այդ համակարգն է արդեն անզոր դիմակայել «ինքնության» արթնացմանը, որն արդեն տալիս է այդ հարցերը:

Վյաչեսլավ Կովալենկոն Ռուսաստանի վերջին դեսպանն էր Վրաստանում, և այնտեղից հետ կանչվեց 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, ու նշանակվեց Հայաստանում: Իհարկե, Ռուսաստանը երբևէ նոր դեսպան կունենա Վրաստանում, սակայն ռուս-վրացական հարաբերությունը երբևէ այլևս չի լինի վասալային, թեև, ի տարբերություն հայերի, վրացիների հանդեպ Ռուսաստանը միշտ հարգանքով է վերաբերվել: 

Կովալենկոն Ռուսաստանի վերջին դեսպանը կլինի նաև Հայաստանում, որի հետ կփակվի հայ-ռուսական «ոխերիմ բարեկամության» դարավոր շրջափուլը: Եվ արթնացած ինքնության երկրի հետ Ռուսաստանը ստիպված կլինի հաստատել իրապես գործընկերային, հավասար հարաբերություններ, որքան էլ դա նրա համար հոգեբանորեն դժվար լինի: Իհարկե, վերոհիշյալ հարցերին պատասխանելուց հետո: 

Բնության մեջ միակողմանի կախվածություն չի լինում: Եվ որքան Հայաստանն է կախված Ռուսաստանից, նույնքան էլ՝ հակառակը: Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի շահերը տրամագծորեն հակառակ են, և երկու երկրները պետք է գիտակցեն ու սկսեն հաշվի նստել այս իրողության հետ: Եվ գտնեն իրական համագործակցության եզրեր:

ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Lragir.am

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ