Գլխավոր » Ռուսաստանը չի փոխում շանտաժի եւ սպառնալիքների քաղաքականությունը
Ռուսաստանը չի փոխում շանտաժի եւ սպառնալիքների քաղաքականությունը
12:55

Վերջին ամիսների իրադարձությունները, սկսած օգոստոսից, երբ Ռուսատանը Ուկրաինայի եւ Հայաստանի հանդեպ անցավ «հարձակման», կապված վերջիններիս ԵՄ ասոցացման ցանկության եւ մտադրության հետ, լույս սփռեցին բազմաթիվ հարցերի վրա, որոնք հասարակ մարդկանց համար անհասկանալի էին թվում: Հատկապես այն մարդիկ, ովքեր ծնվել ու իրենց կյանքի մեծ մասն ապրել են Խորհրդային Միությունում եւ տարբեր աղբյուրներում կարդացել են հետխորհրդային երկրների եւ նրանց բնակիչների կյանքում ու ճակատագրում Ռուսաստանի «փրկիչ» դերի մասին, լսել անգամ չեն ուզում, որ Ռուսաստանի «բարեկամությունը» իր նախկին հանրապետությունների հետ ոչ այլ ինչ է, քան տարբեր ժամանակների տիրակալների կայսերական վարքագիծ:

Սակայն միջին տարիքի մարդիկ եւ հատկապես երիտասարդները, ովքեր ծնվել եւ մեծացել են ԽՍՀՄ-ից դուրս եւ տեսել են իրենց լավ թե վատ կառուցված ինքիշխան պետությունները, տեսնում են այն, ինչ կատարվում է այսօր, եւ այդ զանգվածի համար միանգամայն պարզ է դառնում, թե ինչու են մեր իշխանությունները 25 տարուց ավելի ծառայում ոչ թե իրենց ժողովուրդներին, այլ ինչ-որ վերացական քաղաքականության, որը չի բխում ԱՊՀ երկրներում ապրող ազգերի եւ ժողովուրդների շահերից: Հենց ԱՊՀ հապավումն է հանգեցնում այն մտքին, որ ԽՍՀՄ-ը չի փլուզվել, եւ Ռուսաստանն այսօր էլ նայում է մեզ ԽՄԿԿ Քաղբյուրոյի բարձունքից:

Ուկրաինայի եւ Հայաստանի ԵՄ հետ ասոցացման ցանկության հանդեպ Ռուսաստանի խանդը ստիպեց դիմել աղբյուրներին ու պարզել, թե ինչ է ի վերջո իրենից ներկայացնում ԱՊՀ-ն եւ նրա հիման վրա նախաձեռնվող Մաքսային միությունը, որն, ակնհայտորեն, պետք է դառնա վերակենդանացված ԽՍՀՄ:

Եվ այսպես, Վիկիպեդիայում այդ առումով ընթերցում ենք. «1991 թվականի դեկտեմբերի 8-ին Վիսկուլ քաղաքում ստորագրվեց Անկախ Պետությունների համագործակցության ստեղծման մասին պայմանագիրը, որն հայտնի է որպես Բելովեժյան համաձայնագիր»:

Ներածությունից եւ 14 հոդվածներից բաղկացած փաստաթղթում հաստատվում էր, որ Խորհրդային Միությունը դադարել է գոյություն ունենալ որպես միջազգային իրավունքի եւ աշխարհաքաղաքական իրողության սուբյեկտ: Սակայն, հիմնվելով ժողովուրդների միջեւ պատմական կապի վրա, հաշվի առնելով երկկողմ համաձայնագրերը, ժողովրդավարական սահմանադրական պետություն ստեղծելու ձգտումը, ցանկությունը, պետական ինքնիշխանության ճանաչման ու հարգանքի վրա հիմնված փոխադարձ հարաբերությունների զարգացման ցանկությունը, կողմերը պայմանավորվել են Անկախ Պետությունների համագործացության ստեղծման մասին: Դեկտեմբերի 10-ին պայմագիրր վավերացրին Ուկրաինան ու Բելառուսը: Այստեղ պետք է նշենք, որ նույն օրը Լեռնային Ղարաբաղում անցկացվեց Անկախության մասին համաժողովրդական հանրաքվեն:

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի Գերագույն Խորհուրդը` Ռուսաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ «կողմ»՝ 188, «դեմ»՝ 6 եւ «ձեռնպահ»՝ 7 հարաբերակցությամբ վավերագրեց այդ որոշումը, ինչով խախտվեց ՌԽԴՍՀ սահմանադրության 104-րդ հոդվածը, քանի որ Բելովիժյան համաձայնագրի վավերացման համար պետք է ստեղծվեր պետական իշխանության գերագույն մարմին` ՌԽԴՍՀ ժողովրդական պատգամավորների Համագումար, հաշվի առնելով, որ պայմանագիրն վերաբերվում էր հանրապետության պետական կառուցվածքին, ինչը պահանջում էր փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ: 1992 թվականի ապրիլին Ռուսաստանի ժողովրդական պատգամավորների Համագումարը երեք անգամ հրաժարվեց վավերացնել պայմանագիրը, ու մինչեւ լուծարման օրը` 1993 թվականի հոկտեմբերը չվավերացրեց այն: Խնդրում եմ ընթերցողներին հիշել այդ ամսաթիվը, քանի որ հետագայում կներկայացվեն փաստեր, որոնք մոտ են դրան:

1991 թվականի դեկտեմբերի 13-ին Աշխաբադում կայացավ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող կենտրոնական Ասիայի 5 պետությունների նախագահների հանդիպումը, որի արդյունքում համաձայնվեցին մտնել կազմակերպության կազմը՝ այն պայմանով, որ ապահովվեն նախկին Միության բոլոր սուբյեկտների հավասար մասնակցությունն ու ԱՊՀ բոլոր պետությունների` որպես հիմնադիրների ճանաչումը: Հետագայում Ղազախստանի նախագահ Նազարբաեւն առաջարկեց հավաքվել Ալմա-Աթայում հարցերը քննարկելու եւ որոշումներ ընդունելու նպատակով:

Դժվար չէ նկատել, որ գլխավոր դերն, ինչպես եւ մեր օրերում, պատկանում էր Նազարբաեւին:

Կազմակերպության անդամ դառնալու համար պոտենցիալ անդամը պետք է համաձայնվեր ԱՊՀ նպատակների եւ սկզբունքների հետ, ստանձնելով Կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները, ինչպես նաեւ ստանալ անդամ-պետությունների համաձայնությունը: Դժվար չէ նկատել, որ նույն պայմաններն են դրվում Մաքսային միության պոտենցիալ անդամների առջեւ եւ պահանջվում կազմակերպության այլ անդամների համաձայնությունը:

Սակայն, ամենակարեւորն այս առումով կայանում է հետեւյալում. պայմանագիրը վավերացրած երկրների շարքում էր նաեւ Հայաստանը, որը վավերացրեց ԱՊՀ կազմ մտնելու պայմանագիրը 1991 թվականի դեկտեմբերի 26-ին, նույն օրը վավերացվեց ԱՊՀ ստեղծման մասին Պայմանագրի Արձանագրությունը, իսկ Կանոնադրություն՝ միայն 1993 թվականի նոյեմբերի 9-ին: Խնդրում եմ ընթերցողներին ուշադիր լինել այս ամսաթվերի նկատմամբ:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը չի համաձայնվել մտնել ԱՊՀ կազմ, կամ էլ մի քանի անգամ դեմարշներ էր կատարել, դա էական չէ, սակայն ինչ-ինչ պատճառներով 1993 թվականի սեպտեմբերի 24-ին մեկ օրվա ընթացքում այդ երկիրը վավերացրեց եւ ԱՊՀ ստեղծման մասին Պայմանագիրը, եւ ԱՊՀ ստեղծման մասին Պայմանագրի Արձանագրությունը, եւ կազմակերպության Կանոնադրությունը: Ոչ մի այլ պետություն չի ստացել նման արտոնություն` վավերացնել բոլոր փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում:

Հարկ է նշել, որ այդ ժամանակ Ղարաբաղյան ռազմաճակատում տեղի էին ունենում թեժ մարտեր. Հայկական կողմն ազատագրել էր Մարտակերտի շրջանի մեծ մասը, ետ էր վերցրել Սարսանգի ջրամբարը, որն օկուպացվել էր 1992 թվականի հունիսին, իսկ մարտի 10-ից-ապրիլի 2-ը հայկական զորքերն ազատագրեցին Քարվաճառը: Մարտերի ժամանակ ադրբեջանական կողմը կրեց զգալի կորուստներ եւ ետ քաշվեց: Դա Ադրբեջանի` Մարտակերտի ուղղությամբ կրած պարտություններից ամենամեծն էր Արցախյան պատերազմի ընթացքում: Քարվաճարի ազատագրումը դարձավ պատերազմի շրջադարձային կետը. ազատագրվեցին Ակնան (Աղդամը), Վարանդան (Ֆիզուլին) եւ Հադրութի շրջանի ամբողջ հարավային մասը մինչեւ Իրանի սահմանն ու Սյունիքի Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղը:

Փաստորեն, Ադրբեջանը ջախջախված էր թե ֆիզիկապես, եւ թե բարոյապես: Սակայն,մի քանի ամսվա «ընդմիջումից» հետո, դեկտեմբերի 27-ին, ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրեցին ղարաբաղյան ռազմաճակատի հարավային հատվածում, որի արդյունքում հայկական ուժերը ստիպված էին թողնել Հորադիզը եւ նահանջել 11 կիլոմետր խորության վրա: Նկատենք, որ դա տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից ԱՊՀ կազմ մտնելու մասին փաստաթղթերի ստորագրության հաջորդ օրը:

Նշենք, որ Հայաստանը համաձայնվեց մտնել ԱՊՀ կազմը 1993 թվականի նոյեմբերի 9-ին, այսինքն, իր ռազմական հաջողությունների գագաթնակետի ժամանակահատվածում, երբ հայկական կողմը թելադրում էր Ադրբեջանին իր կամքը: Եվ հանկարծ դեկտեմբերի 26-ին ԱՊՀ կազմ է որոշում մտնել Ադրբեջանը, որին հաջորդ օրը հնարավորություն է տրվում վերադարձնել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Հորադիզը եւ զգալի վնասներ հասցնել հայկական միավորումներին, ընդհուպ մինչեւ 1994 թվականի հունվարի 6-ը: Կրելով ահռելի կորուստներ, հայկական կողմը ստիպված էր համաձայնվել կրակի դադարեցմանը, որի մասին պայմանագիր կնքվեց 1994 թվականի մայիսի 12-ին:

Ընթերցողին կարող է թվալ, որ չափազանց շատ են ամսաթվերը, որոնք հնարավոր չէ մտապահել: Սակայն դրանք պետք չէ հիշել. այդ ամսաթվերն ապացուցում են, որ Ռուսաստանն այն ժամանակ էլ օգտագործում էր շանտաժի եւ սպառնալիքների քաղաքականությունը` նախկին հանրապետությունների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար: Մեւկ անգամ եւս ուշադիր հետեւելով ամսաթվերին ու փաստերին, դուք կհամոզվեք, որ այսօր Ռուսաստանը Ղրիմում իրականացնում է նույնը, ինչը որ «փորձարկել» էր Լեռնային Ղարաբաղում 1993 թվականի վերջին – 1994 թվականի սկզբին: Սա` կայսերական շանտաժի դասական օրինակ է, որով չպետք է թույլատրվեր եւ այժմ էլ չպետք է թույլատրվի Ռուսական կայսրության փլուզումը:

Սակայն, Ռուսատանը հաշվի չի առնում, որ ժողովուրդները երբեմն գնում են իրենց ճանապարհով, ու եթե այդ ժողովուրդների ղեկավարները պատրաստ են ոչնչացնել սեփական բնակչությանը` իշխանությունը պահելու համար, դա դեռ չի նշանակում, որ անկախության համար պայքարը հաշվի է նստում նրանց ցանկությունների հետ: Արցախը դա լիովին ապացուցեց:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ

karabakh-open.info


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ