Գլխավոր » Սերժ Սարգսյանի «սեւ ցուցակը» պատրաստ է
Սերժ Սարգսյանի «սեւ ցուցակը» պատրաստ է
20:26


Մամուլում տեղեկություն եղավ, որ ՀՀԿ վերնախավը քննարկել է պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու հարցը: Հայաստանում լուրջ ու հիմնավոր դժգոհություններ կան այս հարցում, եւ ինչպես Սերժ Սարգսյանն է «խոստովանել»՝ հանրության 80 տոկոսը դեմ է դրան:


Իհարկե, պարտադիր կուտակայինը հետաձգելու որոշումը, եթե այն կայացվի, կապված չի լինելու հանրային կարծիքը հաշվի առնելու հետ: Հայաստանում եթե այդ կարծիքը հաշվի առնվեր, ՀՀԿ-ն օրինակ չէր լինի իշխող կուսակցություն, իսկ Սերժ Սարգսյանը՝ նախագահ, ներկայիս կառավարությունն ու ԱԺ-ն էլ այսպիսի կազմ չէին ունենա:

Հետաձգելու պատճառ կարող է լինել, որքան էլ տարօրինակ է, փողը, ընդ որում՝ մի քանի «նպատակներով»: Նախ, հույս ունենալով պարտադիր կուտակայինից կուտակված փողը «ներդնել տնտեսության մեջ», ինչպես ասում է կառավարությունը, այնուամենայնիվ իրավիճակի քիչ թե շատ սթափ գնահատականը ցույց է տալիս, որ նոր օրենքը մտցնելուց հետո կառավարությունը կանգնելու է ավելի մեծ ֆինանսական բարդությունների առաջ:


Մասնավորապես, հայտնի է դարձել, որ շատ ձեռնարկություններ իրենց բարձր վարձատրվող երիտասարդ աշխատակիցներին հանում են «հաստիքացուցակից» եւ տեղափոխում «ստվեր», իսկ այն ձեռնարկությունները, որոնք Հայաստանից դուրս ունեն մասնաճյուղեր կամ «դուստր ձեռնարկություններ», աշխատակիցներին ձեւակերպում են այդտեղ: Բացի այդ, շատերն արդեն պարզապես աշխատանքի չեն վերցնում երիտասարդների:

Այս հանգամանքը սպառնում է բյուջեն զրկել լուրջ եկամուտներից, որի համեմատ կուտակայինից ստացված փողը չնչին տոկոս է կազմելու: Բացի այդ, լրջորեն խախտվելու է «սերունդների համերաշխությունը», որը դրված է նոր օրենքի «գաղափարական մասում»:


Մինչ այդ, ՍԴ հայտնի որոշումից հետո, պետական մի քանի մարմիններ՝ ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը տարածեցին հայտարարություններ, որոնք նպատակ ունեին գործարարներին ստիպել կատարել պահումները: Պահումները կատարելուց հետո սպառնացին, որ եթե այդ գումարները չփոխանցվեն կենսաթոշակային ֆոնդերին, դա ենթադրելու է քրեական պատասխանատվություն:


Մարտավարությունը շատ պարզ էր՝ մինչեւ ՍԴ նոր որոշումը եւ ՀՀԿ վերնախավի «քաղաքական որոշումը» որքան հնարավոր է շատ ձեռնարկություններ ու հիմնարկներ ներգրավել պարտադիր կուտակային: Քանի որ, եթե նույնիսկ օրենքի պարտադիր բաղադրիչը հետաձգվի կամ չեղյալ արվի, նրանք, ովքեր արդեն միացել են, այլեւս չեն կարող հետ կանգնել:


Իսկ միացել են շատերը, մասնավորապես պետական հաստատությունները եւ խոշոր ձեռնարկությունները: Կան տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանին ցուցակ են ներկայացրել, թե որ ձեռնարկություններն են միացել, եւ որոնք՝ ոչ: Շատ ձեռնարկությունների նույնիսկ զգուշացրել են այդ ցուցակի առկայության մասին:

Այսպիսով, տեղի է ունեցել նաեւ մեկ այլ գործընթաց՝ «թարմացվել» է յուրայինների ցանկը:


Միաժամանակ, առաջիկա ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես 2017-2018 ընտրական ցիկլին ընդառաջ՝ իշխանությունը կատարել է յուրատեսակ «գույքագրում», որի արդյունքով էլ ըստ ամենայնի տեղի է ունենալու սեփականության վերաբաշխման եւ նոր քվոտաների սահմանման գործընթացը:

Հետաքրքիր է, Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ մյուս գործարարները միացե՞լ են պարտադիր կուտակայինին:


ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/95605


Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Արխիվ