Գլխավոր » Շավարշ Կարապետյան. «Իմ հավատը հոգուս խորքում է»
Շավարշ Կարապետյան. «Իմ հավատը հոգուս խորքում է»
21:26

 

Եթե մեզնից որևէ մեկը իրագործեր Շավարշ Կարապետյանի սխրանքներից գոնե մեկը, ապա այդ պատմությունը վերջ չէր ունենա: Եվ այդ պատմությունը տարեցտարի կհամալրվեր նորանոր մանրամասներով:

 

Նա, ոչ միայն ջրում ընկղմված տրոլեյբուսից մարդիկ է փրկել և Երևանի կենտրոնում հրդեհ հանգցրել, այլև եղել է մեծագույն մարզիկ, ջրասուզալող մարզաձևում 17 անգամ դարձել աշխարհի, 13 անգամ Եվրոպայի, 7 անգամ ԽՍՀՄ չեմպիոն, սահմանել է 11 համաշխարհային ռեկորդ:

 

Շավարշը հանգիստ ու համեստ անձնավորություն է: Մեզ դիմավորում է մետրոյի մոտ: Ցածրախոս է: Իր սխրանքների մասին պատմում է ամաչելով: Ավելի շատ հիշում է քաղաքավարությունից ելնելով, քանի որ թղթակիցները կտրել-անցել են ողջ Մոսկվան, դեպի Կոնկովո, անհարմար է...

 

Ճակատագիրը իր հերթական փորձություններն է հրամցնում: Աշնանը նրա ձեռքում հանգչեց օլիմպիական ջահը, Շավարշը դրանից շատ էր ընկճվել:

 

 

- Մինչև հիմա այդ պահը ծա՞նր եք տանում:

 

- Արդեն այդպես չէ: Սկզբում ահավոր հիասթափվել էի, քանի որ չէի հասկանում. քամի չկա, գազ կա, բայց ջահը չի վառվում: Երևի տեխնիկական խոտան էր: Ջահի հետ այլոց մոտ նույնպես խնդիրներ եղել են: Չնայած ինձ մի աստվածավախ մարդ մինչ այդ փորձում էր հետ պահել. «Օլիմպիական ջահը դիվային է, իսկ Կրեմլը հեթանոսական ծեսերի վայր չէ, Շավա՛րշ, քեզ պե՞տք է: Չէ որ քրիստոնյա ես...»: Ես պատասխանեցի. «Մի՛ մոռացիր, որ ես մարզիկ եմ և կվերցնեմ այդ ջահը, քանի որ դրանով ինձ պատվել են»:

 

- Այն էլ երկու անգամ: Դա կապվա՞ծ էր առաջին անհաջող փորձի հետ:

 

- Ոչ, կապված չէր: Կրեմլի փուլը նախատեսված էր օլիմպիական կրակի պաշտոնական մեկնարկի համար, երբ ինձ հրավիրեցին, ես արդեն հայտավորվել էի մոսկովյան փուլի համար, դրա համար էլ երկու անգամ վազեցի:

 

- Ջրասուզային մարզաձևում աներևակայելի տիտղոսներ ունեք, եթե մնայիք դասական ոճում, ապա կկարողանայի՞ք այդպիսի հաջողություններ արձանագրել:

 

- Երևի թե` ոչ: Հայաստանում մարզիչների մակարդակն այն չէր, որպեսզի ամենաբարձր տեղերին հավակնեի: Այժմ տեսնում եմ՝ ինչպես են 12 տարեկանները ծանրաձող բարձրացնում: Լրիվ սխալ: Մեկին հուշեց, հետո՝ մյուսին: Իսկ լողը ծանրաձողի պես է: Մի սխալ որոշում. ուսդ կամ ողնաշարդ կվնասես: Մոտենում եմ տղաներին, որոնց թվում պարապում է նաև իմ որդին: Գիտեմ, թե նրանց ինչպես ճիշտ մերսել, դա մկանների համար չէ, այլ արյան ազատ շրջանառման բարելավման:

 

- Ձեր մարզումների վերաբերյալ լեգենդներ են պտտվում: Դասական ոճային լողորդները այդպիսի ծանրաբեռնվածությունների ենթարկվու՞մ էին:

 

- Նրանք իմ մարզումների նույնիսկ 1/3 մասին չէին դիմանա: Ես մարաթոնյան վազորդից վատ չէի պատրաստված: Հայաստանում նույնիսկ մարաթոնյան վազքի եմ մասնակցել և գրավել եմ 5-րդ տեղը:

 

- Օրեկան 25 կիլոմետր վազու՞մ էիք:

 

- 30: Բացի այդ ուսապարկում 25կգ քաշ կար, ամբողջ մեջքս վերքերով էր պատված: 10 օրվա ընթացքում մենք պարտավոր էինք 300կմ վազել: Նաև գիշերային փորձնական մարզումներ կային:

 

- Ո՞րն է դրա իմաստը:

 

- Կարծ ասած, գիշերվա ժամը երկուսից հետո մարդու մոտ բոլոր համակարգերն անջատվում են: Ուղեղը ավտոմատ կերպով սկսում է հանգստանալ: Մենք այդ պահն օգտագործում էինք ֆիզիկական ծանրաբեռնվածությունների համար: Մրցաշարերից 10 օր առաջ գիշերվա ժամը երկուսին գալիս էի լողավազան ու լողում: Մի անգամ նույնիսկ 50կմ լողացել եմ:

 

- Գիշե՞րը:

 

- Ոչ, որպեսզի հոգեբանորեն ծանր աշխատանքին պատրաստ լինես: Առավոտյան մտնում էի լողավազան, երեկոյան դուրս գալիս: Ողջ օրը ջրում:

 

- Օգնու՞մ էր:

 

- 400մ տարածության վրա աշխարհի ռեկորդ սահմանեցի: Պատահել է, որ մրցաշարերից առաջ ոչ մի կերպ մարզվել չէի կարողանում: Մարզչիս ասեցի. «Նախավարժանք եմ անում և վերջ, հետո 50մ տարածությունում կփորձեմ աշխարհի ռեկորդ սահմանել: Գրազ գա՞նք»: Մենք միշտ գրազ էինք գալիս:

 

- Հետո՞:

 

- Ես նրան երկու շիշ օղի պետք է գնեի, իսկ եթե հաղթեի, ուրեմն երկու կիլոգրամ «Мишка косолапый» կոնֆետ պիտի տար: Դա ավելի բարդ էր ճարելը, քան կես լիտր օղին:

 

- Ռեկորդ սահմանեցի՞ք:

 

- Այո՛: Ջրից դուր եկա ու. «Միշկայի» մասին չմոռանա՛ք»: Նա Երևանում շատ վազվզեց, բայց ճարեց: Մի անգամ լսում եմ, որ մարզիչներից մեկը, ինձ ցույց տալով, ասում է. «Գիտե՞ս, թե Շավարշը ինչու հաղթեց: Նրա համար երկրորդական մեկնարկ հասկացություն չկա»: Ես ամենուր նվիրումով էի աշխատում:

 

- Ճի՞շտ է, որ Դուք, շնչառությունը պահելով, ջրի տակ կարողանում էիք 6 րոպե անցկացնել:

 

- Ավելի ճիշտ 5.50 րոպե, իսկ համաշխարհային ռեկորդը 13 րոպե է: Բայց այդ մարդը յուրահատուկ էր, նրան գիտնականները ուսումնասիրում էին: Սրտի ուղղությամբ արյան ճնշումն էին չափում: Պարզվեց, որ դա կապված է ինչ-որ կաթնաթթվի հետ:

 

- Ամենաանտանելի պայմանները, որտեղ հանդես եք եկել:

 

- Չեխոսլովակիայում: Նրանք իրենց լողորդներին ինչ-որ տեղ էին ուղարկել, իսկ մեզ թողել էին 12 աստիճան ջերմաստիճանով լողավազանում: Ես միակն էի, ով մտավ ջուրը և լողաց:

 

- 12 աստիճանը շատ քի՞չ է:

 

- 20-նն էլ է քիչ: Լավագույն ջերմաստիճանը 22-23 աստիճանն է: Երևանյան լճում, որտեղ տրոլեյբուսն ընկել էր, նույնպես 12 աստիճան էր:

 

 

- 1976թ.-ի տրոլեյբուսի ընկնելու պատմությունից հետո, երբ դա ազդեց Ձեր առողջության վրա, Դուք ևս մեկ համաշխարհային ռեկորդ սահմանեցիք: Հրա՞շք էր:

 

- Չեմ կարող ասել, այն էլ ինչպիսի հրաշք: Ես չորրորդն էի, առաջինը կրկնեց համաշխարհային ռեկորդը, նրան հաջորդող երկուսը բարելավեցին այդ արդյունքը: Աչքերիս չէի հավատում: Վերջին 100 մետրի ժամանակ եղբայրս ժեստերով ցույց է տալիս, որ ես նույնպես ռեկորդի եմ գնում: Ես շրջադարձ կատարեցի և իմ մեջ ամեն ինչ անջատեցի: Երբ վերջացրի, ցանկանում էի ցավից գոռալ, ես մեռնում էի, չէի կարողանում շնչել: Ուղեղս ցավում էր: Եղբորս շշնջացի. «Կամաց-կամաց ինձ տար բժշկական սենյակ...»:

 

- Տրոլեյբուսի պատմությունից հետո Ձեր օրգանիզմում ի՞նչ էր փոխվել:

 

- Օրգանիզմիցս խոնավությունը դուրս չէր գալիս, մնում էր թոքերիս մեջ: Եթե խորը շնչում էի, շունչս կտրվում էր: Այդ ժամանակ պնևմոնիա ու արյան վարակում տարա:

 

- Այդ լճի մոտ հուշարձան չկա՞:

 

- Նույնիսկ ցուցանակ չկա: Հիմա դա ամերիկյան գոտու մի մասն է: Այդտեղ ներս մտնել չեն թույլատրում:

 

- Մարդիկ տրոլեյբուսում գիտակից վիճակու՞մ էին:

 

- Ոչ: Հին մոդելի տրոլեյբուսների հետևի հատվածը բաժակի պես է: Որոշ ժամանակ այդտեղ օդ կար, բայց լողալ և ապակին ջարդել չէին կարողանում:

 

- Եղբայրդ քո հետևից ջուրը չնետվե՞ց:

 

- Ես նրան կանգնեցրի: Առաջին հերթին, վախեցա Կամոյի համար, նա ազարտային բնավորություն ունի: Այնքան կսուզվեր, մինչև կզոհվեր: Երկրորդ.` նա միակն էր, ով կարող էր ինձ ապահովագրել: Եթե մի բան այն չլիներ, ինձ ջրից կհաներ:

 

- Հիվանդանոցում Ձեզ մոտ քննիչներ եկե՞լ էին:

 

- Ոչ: 90-ականներին Կենտկոմից որոշակի փաստաթղթեր էին բացել: Այնտեղ գրված էր, որ դեպք է տեղի ունեցել, կուսակցությունն ու կառավարությունը ուժեղացրել են կարգուկանոնը: Իմ ազգանունն ընդհանրապես չկա, ոչ մի ազգանուն չկա: Մանրամասները ինձ մի աղջիկ է պատմել, ով վարորդի նստատեղին մոտ է եղել: Նախկին լողորդուհի էր, ինքուրույն էր կարողացել փրկվել: Մի քրեական տարր մոտեցել է վարորդին, պահանջել է չթույլատրված վայրում արգելակել: Վարորդն էլ, նոր բանտից դուրս եկած, կոպիտ է պատասխանել: Առաջինը մի երկաթե գործիք է ճանկել և վարորդի գլխին: Տրոլեյբուսը, որում 92 մարդ կար, ընկել է լիճը: Մի հիմարի պատճառով այդքան զոհ: Իսկ արձանագրության մեջ հիմարություններ էին գրել. «Անիվը դիպչել է կողային սահմանաքարին, ղեկը շարքից դուրս է եկել...»: Այդպիսի բան չի եղել:

 

- Վարորդն էլ, նրան հարվածողն էլ զոհվե՞լ են:

 

- Այո, երկուսն էլ:

 

- Այդ վայրում լցվում էր քաղաքային կոյուղին: Դրանո՞վ է պայմանավորված, որ այդ դեպքից հետո Ձեր առողջությունն այդչափ վատթարացավ:

 

- Այդտեղ կոյուղի չկա, այլ արդյունաբերական թափոններ են լցնում: Ջրի տակ տեսանելիության մակարդակը հավասար է զրոյի, ես ամեն ինչ արել եմ շոշափելով: Եկավ ոստիկանությունը, ասում են. «Կրկին սուզվի՛ր, ամրացրու ճոպանը»: Ես պետին բացատրում եմ, թե ինչպես է պետք ամրացնել, իսկ նա. «Ես հրամայու՛մ եմ»:

 

Իհարկե, դուրս չհանեցին, այդ պահին ես սկսեցին հրամաններ տալ: Ճոպանը կապեցի հետին դռնից, խողովակից ու կոտրված պատուհանի հատվածից: Կռունկավարին ասում եմ. «Կամաց կքաշես, որ ջուրը հասցնի դուրս հոսել»:

 

- Հիվանդանոցում 45 օր շարունակ կոմայի մեջ եք եղե՞լ:

 

- Կոմա չի եղել, ես գիտակից վիճակում էի: Բարձր ջերմություն, սեպսիս: Անտիբիոտիկներով էին կերակրում: Մի սրսկման ժամանակ 6 ասեղ էին ներարկում: Եթե այդ օրը 21կմ վազած չլինեի, ապա ամեն բանի կդիմանայի, բայց օրգանիզմս այդ պահին հյուծված էր:

 

- Մենք լսել ենք, որ տրոլեյբուսում գտնվող փրկվածներից մեկն իր որդու անունը Շավարշ է դրել:

 

- Չեմ պարզել: Երբ սկսում ես ակտիվանալ, մարդիկ մտածում են, որ պետք է նվերներ տան: Հայկական բնավորություն է: Այդ իսկ պատճառով ինձ համար հանգիստ ապրում եմ: 1982թ.-ին «Комсомольская правда»-ն անդրադարձել էր այդ պատմությանը: Մի քանի ամիս անց «Литературная газета»-ի թղթակից Բոչարովը մեծ հոդված գրեց, դրանից հետո 75 հազար նամակ ստացա:

 

- Այդ հոդվածից հետո հաջորդ առավոտը հիշու՞մ եք:

 

- Ինչպես չեմ հիշում: Ես գործարանում ինժեներ էի աշխատում: Առաջին անգամ իմ «Վոլգային» թույլ էին տվել տարածքում վարել: Հետո առանց հերթի մեքենա փոխելու հնարավորություն տվեցին: Գործարանը հետաքրքիր տեղ է: Ես այդտեղ լրիվ այլ մարդ դարձա: Թե՛ երջանկությունը, թե՛ ցավը այդտեղ միասին են: Ինձ անընդհատ ուղարկում էին Մոսկվա, որոշ հարցեր լուծելու համար:

 

- Ինչու՞:

 

- Շատ ընկերներ ունեի: Օրինակ, Քաղբյուրոյի ավտոպարկի պետը: Գալիս էր ինձ մոտ՝ հյուրանոց, զանգահարում էր գործարանների ղեկավարներին. «Ինչ ասում են, անհապաղ կատարե՛ք»: Վերցնում էր իմ ցուցակը: Երևանցի մի տնօրեն, Գերագույն խորհրդի պատգամավոր մի օր ասեց. «Շավա՛րշ, որտեղի՞ց այդպիսի իշխանություն ունես, ախր դու սովորական ինժեներ ես»:

 

- Որոշ ժամանակ անձ «Հերոսի աստղի» փոխարեն համեստ «Պատվի շքանշան» ստացաք:

 

- Բոչարովն իր հոդվածից հետո ամեն ինչ արեց, որ ինձ «Հերոսի» մեդալի արժանացնեին: Երկու անգամ եկավ Հայաստան, բայց այդպես էլ ինձ այդ պարգևին չարժանացրեցին: Տրոլեյբուսի ընկնելու վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկար: Արդյունքում արժանացա «Պատվի շքանշանի»:

 

- Գոնե տոնական մթնոլորտում անցա՞վ:

 

- Ինչ-որ ֆորումի ժամանակ ընթացքում հայտարարեցին. «Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը արժանանում է կառավարական պարգևի», շնորհեցին նաև «Խեղդվողներին օգնություն ցուցաբերելու համար» մեդալ, ինչպես նաև 40 ռուբլի պարգևավճար:

 

- Ռուսաստանում ջրասուզային մրցաշարին կարծես Ձեր անունն էին շնորհել:

 

- Այո, խորհրդայրն տարիներին այդ մրցաշարը կոչվում էր «Երիտասարդ ջրասուզակ»: Հետո այդ մրցաշարը Տուլեևը Կեմերովոյում էր անցկացնում: Յոթ ամիս առաջ հատուկ դրա համար նոր լողավազան կառուցեցին: Ինձ ոսկե ժամացույց նվիրեցին, վրան փորագրված. «Կարապետյանին՝ Տուլեևից»:

 

- Իսկ ինչու՞ չեք կրում:

 

- Դա հավաքածուիս մեջ եմ դրել: Փոքր ժամացույց էր: 10 զույգ ժամացույց ունեմ, բոլորն էլ անվանական են: Ինձ համար ամենաթանկարժեքը կաթողիկոս Վազգեն Առաջինի նվիրածն է՝ շվեյցարական, հատուկ պատվերով, Արարատի նկարով, փորագրված է՝ Հայաստան: Հետո, երբ կաթողիկոսի հետ բանտում մատուռ էինք բացում, ամբոխի միջից ասում էին. «Հասկանալի է, որ իշխանության ներկայացուցիչներ կան, նա էլ հոգևորական է, իսկ դու ո՞վ ես»: Ես էլ մտածեցի՝ «Ժողովրդի ներկայացուցիչը»...

 

- Պատմությունները Ձեզ հետևում են: Ամեն ինչ սկսվեց 1974թ.-ի ավտոբուսի դեպքից, որը կարողացաք անդունդի եզրին արգելակել:

 

- Մեքենաները այդ ժամանակ հաճախ էին փչանում, հարկ էր լինում սպասել ավտոմասերին: Վարորդի մոտ ձեռքի արգելակ և ուժակուտակիչը շարքից դուրս եկան: Ավտոբուսի շարժիչը չէր անջատել, թողել էր ճանապարհի եզրին, գնացել դիսպետչերների կենտրոն: Ավտոբուսի հետևի մասը բարձրացավ ու սկսեց գլորվել: Մենք ներսում էինք:

 

- Յուրաքանչյուր ոք կարո՞ղ էր կանգնեցնել:

 

- Վարորդի նստատեղի հետևի կողմը փակ էր, իսկ կողքը՝ բաց: Նա այդ մասն էլ էր ցանց քաշել, որ խոսակցություններ չլինեին: Ես ոտքերով մեկնվեցի դեպի ղեկը և սեղմեցի արգելակը: Դրեցի առաջին արագության վրա: Այդ պահին վարորդը եկավ. «Օյ, օյ... շնորհակալություն...»: Նստեցինք ու գնացինք: Այդ ավտոբուսում գյուղում դասավանդող ֆիզկուլտուրայի ուսուցիչ կար: Տեղական թերթում դրա մասին գրեց: Տրոլեյբուսի հետ կապված պատահարից հետո մոսկովյան լրագրողները այդ դեպքը նույնպես գտան:

 

- 1985թ.-ին Երևանում հրդեհվեց մարզահամերգային համալիրը: Այդ ժամանակ ինչպե՞ս այդտեղ հայտնվեցիք:

 

- Կողքն էի աշխատում:

 

- Գործարանու՞մ:

 

- Ոչ, գործարանից դուրս էի եկել: Երեխաների համար համակարգչային դասարան էի բացել: Աբովյանի «Սիրիուսը» այդ ժամանակ նոր սերնդի ԷՀՄ-ներ էր թողարկել: Առավոտյան գալիս եմ աշխատանքի ու լսում եմ. «ՄՀՀ-ն վառվում է», և շտապեցի դեպքի վայր:

 

- Հրդեհն ի՞նչից էր բռնկվել:

 

- Իսկական պատճառը վերջերս եմ իմացել: Մի մարդու հետ էի զրուցում, նա այդ ժամանակ ՄՀՀ-ում պատասխանատու էր էլեկտրականության ապահովման համար, իսկ այժմ Ամերիկայում է ապրում: Նա պատմեց. «Երբ ջահերը մոնտաժում էին, ես զգուշացրեցի, որ կաբելները համապատասխան հզորություն չունեն: Ինձ չլսեցին: Կարճ միացում, որի արդյունքում էլ հրդեհ բռնկվեց»:

 

- Ամեն տեղ պայթյունի մասին է հիշատակվում:

 

- Ոչ, այդպիսի բան չի եղել: Դա ջահերի ընկնելու ձայնն է եղել, շատերին թվացել է` պայթյուն է: Փառք Աստծո, ոչ մեկ չզոհվեց, զոհեր չեղան: Իսկ ես հրշեջների հետ հիվանդանոց ընկա. թունավոր գազից թունավորվել էինք:

 

- Եկե՛ք հերթով, դուք վազեցիք դեպքի վայր և ի՞նչ տեսաք:

 

- Հրշեջներն այդ պահին քիչ էին: Ես նկատեցի, որ ՄՀՀ-ն շրջանագծով վառվում է, բայց մեջտեղի հատվածում կրակը դեռ չի մոտեցել: Եվ մենք երիտասարդ հրշեջների հետ մոտեցանք այդ մասին: Փոքր խողովակները այդտեղ չէին հասնում: Միայն մի հատ մեծ խողովակ կար, որը սնուցվում էր գետից. ծանր, մեծ ճնշմամբ, երկու հոգով հազիվ էինք պահում: Տղաներից մեկը հետևից պահում էր, ես էլ կրակի ուղղությամբ էի պահում: 20 րոպեի չափ առաստաղն էինք թրջում, որպեսզի կրակը տանիք չհասնի: Հետո այլ հրշեջների հետ կողային աստիճաններով սկսեցինք վերև բարձրանալ: Այդտեղ լրիվ ծխապատ էր: Հետո ոչինչ չեմ հիշում:

 

- Ձեզ որևէ միջոց տվե՞լ էին, օրինակ հակագազ:

 

- Ոչ, ես իմ լավագույն կոստյումով էի, սպիտակ վերնաշապիկով ու փողկապով: Ինձ այդ օրը Կենտկոմում սպասում էին: Գրպանումս անձնագիրս էր, վարորդական իրավունքն ու կուսակցական տոմսս:

 

- Վառվեցի՞ն:

 

- Ոչ, մի փոքր թրջվել էին: Հրշեջները իրենց ընկերներին դուրս բերեցին կրակից, միանգամից ուղարկեցին մոտակա առաջին հիվանդանոցը: Իսկ ինձ քաշեցին թփերի ուղղությամբ, մտածեցին մեռած եմ: Այնտեղ ինձ մի տղամարդ գտավ, շոշափեց զարկերակս ու իր «Ժիգուլիով» տեղափոխվեց երկրորդ հիվանդանոց, որը գտնվում էր ծայրամասում: Հետո ինձ բացատրեց. «Առաջինում այնքան մարդ կար, որ անհայտ է, թե երբ քեզ հերթ կհասներ, իսկ երկրորդում ոչ ոք չկար, հիմա հաստատ հսկողության տակ կլինես»:

 

- Որքա՞ն ժամանակ բուժվեցիք:

 

- Մի ամիս: Այրվածքներ չկային: Հիմնական խնդիրը թոքերս մաքրելն էր: Հիվանդանոցում սրսկումներ էին կատարում, ինչ-որ բաների միջոցով շնչել էին տալիս, անօգուտ էր: Տանը ես տաք կաթ խմեցի ու գնացի լողավազան: Մի փոքր լողացի և թոքերիցս մրուրի մնացուկները, որոնք կպել էին թոքաբշտիկիս, սկսեցին դուրս գալ: Այնպես որ, ինձ փրկեցին տաք կաթն ու լողը:

 

- Ասում են՝ Աստված ամեն մարդու նրա հնարավորության չափով է հոգս տալիս, կարծես Ձեզ համար է ասված:

 

- Վերջացրե՛ք, շատերի մոտ է այդպես, ուղղակի երբ ինչ-որ բան է պատահում, ես անտարբեր չեմ լինում: Աշխատում եմ օգնել: Վերջ:

 

- Այդքան բան եք տեսել, Աստծուն ավելի ուժե՞ղ եք հավատում:

 

- Ժամանակին ակադեմիկոս Սախարովը խոսել է այդ մասին. «Ինչպե՞ս կարող եմ ես, որպես ֆիզիկոս, հավատալ Աստծուն: Բայց ինչ-որ բան մեզ շարժում է»: Իմ հավատը հոգուս խորքում է: Իսկ գնալ և աղոթել... Ես կարող եմ այդպիսի բաներից խուսափել, ճի՞շտ է: Եթե ինչ-որ մեկն ուզում է զուգահեռ աշխարհների մասին ինչ-որ բան իմանալ, ապա կարող եմ բաղադրատոմս տալ: Լավ խմեք, մոտեցեք հայելուն ու նայեք ուղիղ աչքերի մեջ: Ինչ-որ կտեսնեք, հենց դա էլ զուգահեռ աշխարհներն են:

 

- Դուք հիմա էլ եք պատրա՞ստ հանկարծակի պահերին: Չորրորդ դրվագ կա՞, որի մասին մենք չգիտենք:

 

- Չորրորդ, հինգերորդ: Շատ են: Չեմ ցանկանում հիշել: Կասեն ուռճացնում է, այդպիսի բան չի լինում:

 

- Եթե այդ ամենը ճիշտ է, ինչու՞ չպատմել:

 

- Դե լավ: Առաջին անգամ մարդ փրկեցի, երբ դեռ երկրորդ կարգի լողորդ էի: Երևանում, 16 տարեկան էի: Բաց լողավազանում 10 մետրանոց աշտարակի վրա արևահարվում էի: Հանկարծ տեսա, որ ներքևում գլուխը դեպի ներքև մի մարդ է լողում, բայց ո՛չ ձեռքերը, ո՛չ ոտքերը չեն շարժվում, և ես ցատկեցի:

 

- Այդպիսի փորձ ունեի՞ք:

 

- Իհարկե: Այլ բանի համար էի անհանգստանում, որ մարդկանց գլխին չընկնեմ: Բայց ամեն ինչ հաշվարկել էի: Տղամարդուն դուրս բերեցի, այդ պահին բժիշկը մոտեցավ ու կարողացավ նրան հետ բերել:

 

Կամ էլ, դուռը թակում են, հարևանուհիս է: Ինչ-որ բան է եղել, ուշագնացություն: Նետվում եմ նրա բնակարան: Դուռը կիսաբաց, միջանցքում ամուսինն է պառկած: Նույնպես անգիտակից վիճակում: Նրանց հինգամյա տղայի մոտ էպիլեպսիայի նոպա է, լեզուն է կուլ գնացել: Փայտե գդալի օգնությամբ երեխայի  բերանը բացեցի, նա սկսեց շնչել: Մորը երկու անգամ այտերին ապտակեցի, ուշքի եկավ: Հորը ուշքի բերեցինք մի դույլ սառը ջրով:

 

- Նրանք հարբա՞ծ էին:

 

- Ոչ, շոկային վիճակում: Նրանց փոքր տղան, որը նույնպես էպիլեպսիկ էր, մահացել էր: Վախեցել էին: Չնայած տղամարդը այդպիսի իրավիճակում թուլանալու իրավունք չունի, կարող էին երկրորդ երեխային նույնպես կորցնել:

 

- Վերջերս որևէ մեկին չեք փրկե՞լ:

 

- Փրկել բառը ճոխացված կհնչի: Տարրական բան: Բակում մի հարբեցող է պառկած: Ձնախառն անձրև է տեղում: Բարձրացրի նրան, հենեցի շքամուտքի պատին, գլխին պոլիէթիլենի տոպրակ քաշեցի, որպեսզի չթրջվի: Մոտենում է ոստիկանը. «Դու, ինչ է, այդ տոպրակով մարդ ես խեղդու՞մ»: Երբ հասկացավ, թե ինչ է կատարվում, երկար ծիծաղում էր:

 

- Արտերկրում այդպիսի դեպքեր եղե՞լ են:

 

- Մի անգամ մի հարբած գերմանացու դնչին հարվածել եմ:

 

- Ինչու՞:

 

- Սպասասրահում իմ եղբոր կնոջը անհանգստացնում էր: Տանկի պես այս ու այն կողմ էր գնում: Ոչ մի բառ չէր հասկանում: Աստիճաններից ցած նետեցի: Ասեցին. «Շավա՛րշ, Գերմանիայում ենք: Այստեղ այդպես ընդունված չէ, ոստիկանություն կտանեն»:

 

Թունիսում մի դեպք եղավ, երբ կնոջս հետ հանգստանում էի: Ծովափում մի փոքր կռվեցինք: «Գնացի»,- ասում եմ. «Գնա՛»,- պատասխանում է կինս: Ակնոցներս ու գլխարկս դրեցի ու մտա ծովը: Այդ պահին 5 բալանոց փոթորիկ էր: Ոչ ոք չէր լողում:

 

- Հանդուգն մարդ եք:

 

- Մրրկապտույտ ալիքների մեջ ես չէի նետվի: Իսկ այդ ալիքներում լողալ հնարավոր էր, բացի այդ էլ ափից հեռանալիս, նրանք այդքան էլ վախենալու տեսք չունեին: Այդ եղանակին ոչինչ չկար, ո՛չ նավակ, ո՛չ նավ, ո՛չ էլ պահակային ծառայություն: Երեք ժամ ծովում անցկացրեցի:

 

Երկու կիլոմետր ափից հեռացա, կինս խուճապի մատնվեց: Գնաց փրկարարների մոտ: Նրանք էլ ասեցին. «Ինչպե՞ս կարող ես այս ծովում որևէ մեկին գտնել»: Կողքին փարոս կար, վազել էր այդտեղ: Բացատրում է իրավիճակը: Պատասխանում են. «Մադա՛մ, մոռացե՛ք: Այստեղ նոր ամուսին կգտնեք»: Նելլին արտասվում է, այդ ժամանակ նրանք հեռադիտակ են հանում: «Ձեր ամուսինը ակնոցներո՞վ է», «Այո», «Գլխարկո՞վ», «Այո՛», «Վերադառնում է»: Փոթորկի ժամանակ ծով մտնելը հեշտ է, դուրս գալն է բարդ: Մի կերպ դուրս եկա: Ափին գտնվող տարեց մարդիկ ինձ ծափահարություններով դիմավորեցին:

 

- Դրանից հետո կնոջից երբեք չեք լսե՞լ. «Հեռացի՛ր»:

 

- Մի քանի անգամ եղել է: Նոստալգիան նեղում էր, ցանկանում էի Երևան գալ: Ընկերս. «Արի՛, գառները փչանում են»: Այն իմաստով, որ ոչխար են դառնում: Նելլին չէր թողնում: Ես էլ խորամանկության դիմեցի: Մի օր, երկու օր ընկերներով լավ զբոսնեցինք: Կինս փրփրել է, ես նեղացածի տեսք եմ ընդունել. «Եթե շարունակես այդպես, կգնամ Երևան»: Երրորդ օրը նույնը կրկնեց, նա էլ. «Գնում ես, գնա՛»: Հենց դրան էլ սպասում էի, ինքնաթիռի տոմսն արդեն գրպանումս էր:

 

Երևանում հրավիրեցին հեռուստաընկերություն: Ուղիղ եթերում հարցնում են. «Ի՞նչ առիթով եք հայրենիքում»: Ես քմծիծաղ տվեցի: «Հորինե՞մ, թե՞ ճիշտն ասեմ»: «Իհարկե ճիշտը»: Եվ պատմեցի, այնպես ինչպես եղել էր: Առավոտյան Նելլիի ընկերուհիները նրան հեռախոսազանգերով ողողեցին. «Ի՞նչ է, բաժանվու՞մ եք»:

 

- Նրա համար դժվար է Ձեզ հետ:

 

- Ճիշտ է, բայց մենք արդեն երեսուն տարուց ավել միասին ենք: Երկու աղջիկ ու տղա ենք մեծացրել:

 

- Հարցազրույցներից մեկում ասել էիք. «Ինքս էի խորտակվում»: Ե՞րբ:

 

- Կիևում միջազգային մրցաշար էր: Բալոնում թթվածնի այնքան պաշար կար, որ հանգիստ կհերիքեր ամբողջ տարածության համար: Ֆինիշին 75մ էր մնում, թթվածինը հանկարծակի պրծավ:

 

- Ինչու՞:

 

- Երևի մրցակիցներից մեկը մեկնարկից առաջ բացել էր փականը: Մարզիչս տեսնում է, որ պղպջակներ չկան, ուրեմն` բալոնը դատարկ է: Գոռում է. «Հանե'ք Կարապետյանին: Նա կանգ չի առնի»: Սակայն, մինչ պարզում էին ինչ ինչոց է, ես տեղ հասա: Ու միևնույն է, հաղթեցի: Չնայած, արդեն գիտակցությունս գրեթե կորցրել էի:

 

- Ինչպիսի անողջամտություն:

 

- Իսկ ուղեղդ այդպիսի պահերին անջատվում է: Բնազդաբար լողում ես: Ամեն ինչ ենթարկվում է մի նպատակի. առաջինը հասնել վերջնակետին:

 

- Սպորտը Ձեզ առողջություն է տվե՞լ, թե՞ խլել է:

 

- Հինգ տարի առաջ իմ սրտում 9 սանտիմետր երկարությամբ տրոմբ հայտնաբերեցին: Վիրահատեցին: Վիրաբույժն ասաց. «Սպորտի շնորհիվ Դուք հիանալի անոթներ ունեք»: Դրա շնորհիվ դժբախտ ելքից խուսափեցի:

 

- Վիրահատությունից հետո ծխելը թողեցի՞ք:

 

- Միանգամից չստացվեց: Մի տարի, չնայած բժիշկների արգելքներին, շարունակեցի: Կինս հորս բողոքեց: Նա էլ Երևանից զանգեց. «Որդիս, ախր քեզ չի կարելի», «Կթողնե՛մ, խոստանու՛մ եմ»: Անջատեցի սիգարետս, ու վերջ: Այդ օրվանից չեմ ծխել: Որդիս՝ Տիգրանը լսեց մեր խոսակցությունը ու ասեց. «Նա ախր հեռու է, ոչինչ չի իմանա, դու կարող ես հետո էլ ծխել»:

 

- Տրամաբանական է, ի՞նչ պատասխանեցիք:

 

- «Եթե հորս խոստացել եմ, ապա խոստումս կպահեմ»: Երեխաներին պետք է սեփական օրինակով դաստիարակել: Հիմա Տիգրանին ինչ ասում եմ, նրա համար օրենք է: Դա վերաբերում է թե՛ սպորտին, թե՛ կյանքին:

 

- Նա քանի՞ տարեկան է:

 

- 16: Արդեն 186 սմ հասակ ունի: Երազանքս է նրան Օլիմպիական խաղերում տեսնել: Դեռ օրգանիզմը աճում է, մարզումներին զգուշորեն եմ մոտենում: Հատուկ մարզումներ չեմ տալիս: Բայց մի տարուց հետո լիովին կսկսեմ հետը զբաղվել: Կփոխանցեմ իմ գիտելիքները: Առանց դոպինգի, նրան հոգեբանորեն ու ֆիզիկապես կպատրաստեմ: Կարևոր է, որ Տիգրանը հավատում է իր մարզչին: Ինձ՝ նույնպես: Երբեմն, երբ լողավազանից հեռանում եմ, նրան ասում եմ, թե այդ տարածությունը որքան ժամանակում կանցնի: Նա հետո զարմանում է. «Ո՞նց գուշակեցիր», «Որդի՛ս, փորձ է»:

 

- Իսկ երբևէ եղե՞լ է մի դեպք, երբ Դուք վախեցել եք:

 

- Այո: 90-ականներին ընտանիքով եղբորս մոտ Գերմանիայում հանգստանում էինք: «Մերսեդես» գնեցի և որոշեցի դրանով Մոսկվա վերադառնալ: Լեհաստանում մեր պոչին բանդիտներ նստեցին: Փող չկար, որպեսզի նրանցից ազատվեինք: Նրանք իրենց կետերն ունեն: Նրանք ինձ ուղղորդեցին Վարշավա-Գրոդնո մայրուղուց ոչ հեռու մի տեղ: Բայց մեքենայում բենզինի պակասորդ չկար: Առանց կանգնելու առաջ շարժվեցի:

 

- Հաջողվե՞ց:

 

- Առաջ էի ընկել, երբ ճանապարհին արագությունը սահմանափակող 40կմ/ժ ցուցանակ հայտնվեց: Նրանք վախեցան խախտել օրենքը, իսկ ես ընդհակառակը, ուրախ կլինեի ոստիկանությանը հանդիպել: Դատարկ ճանապարհ էր, ես էլ լրիվ սեղմել էի գազի ոտնակը: Գրեթե 200-ի տակ գնում ենք, բայց թարսի պես ոստիկանություն չկա: Մեքենայի հայելիով մեզ հետապնդող մեքենայի լույսերն արդեն չեն երևում: Ես էլ իմը անջատեցի ու ինչ-որ գյուղ մտանք: Ռեստորաններից մեկում մի կտոր բան կերանք: Կես ժամից հետո դուրս եկանք մայրուղի ու հասանք մինչև սահմանի մոտ:

 

Գրոդնոյում հյուրընկալվեցինք ընկերոջս տանը: Ես նրան խնդրեցի մի բաժակ օղի լցնել: Խմեցի ու գնացի քնելու: 12 ժամ անց ինձ մի կերպ արթնացրին: Նյարդային վիճակից էր: Հետո դիաբետի պատճառով պառկեցի: Սթրեսի պատճառով արյանս մեջ շաքարի մակարդակը բարձրացել էր: Ես իրոք շատ էի վախեցել: Ինձ համար չէ, այլ՝ կնոջս ու երեխաներիս: Եթե մենակ լինեի, իմ ուզածը կանեի:

 

- Ի՞նչ կանեիք:

 

- Կհարվածեի բանդիտների մեքենային: Երբ այդպիսի հարվածը նախապատրաստված է, ապա փրկվելու հնարավորությունը մոտ 70 տոկոս է: Ավելի շատ, քան այն մեքենան, որին դու հարվածում ես:

 

- Հիմա ի՞նչ ավտոմեքենա եք վարում:

 

- ԲՄՎ: Ծննդյանս օրն են նվիրել: Մինչ այդ, 15 տարի շարունակ «մերսեդեսներով» էի երթևեկում: Տարբերությունը զգացել եմ, ԲՄՎ-ն դա սքանչելի աղջիկ է:

 

- Իսկ «մերսեդե՞սը»:

 

- Սքանչելի կին: Ես մեքենաներ շատ եմ փոխել: Առաջինը հորս «Պոբեդան» էր: 15 տարեկանից երեք տարի շարունակ, առանց վարորդական իրավունքի վարում էի, ոչ մի անգամ չեն կանգնեցրել: 18-ում վարորդական իրավունք ստացա, հազիվ էի Պետավտոտեսչությունից դուրս եկել ու կանգնեցրին:

 

- Հորիցդ գաղտնի էիք վարու՞մ:

 

- Ոչ, նա թույլ էր տալիս:

 

- Դուք Տիգրանին կթույլատրեի՞ք:

 

- Աստված մի արասցե: Բայց ինձ հայրս վստահում էր: Ես 4 տարեկան հասակում ղեկ եմ բռնել:

 

- Ինչու՞:

 

- Նրա «վիլլիսը» Ստավրոպոլի երկրամասում փչացել էր: Ոչ մի տեղից օգնություն չկար: Հայրս ոտքով վերադարձավ տուն, վերցրեց բեռնատարը, և մենք գնացինք «վիլլիսի» հետևից: Նա իմ նստատեղի տակ մի բան դրեց ու ասաց. «Որդի՛ս, ղեկը բռնիր, իսկ ես կամաց-կամաց կգնամ»: Նա սկսեց քաշել «վիլլիսը», իսկ ես ղեկն էի բռնել: Եթե չեք հավատում, զանգահարեք հորս ու հարցրեք, նա կհաստատի: 7 տարեկանում ես ինքնուրույն արդեն Կիրովականում երթևեկում էի:

 

- Մեքենայո՞վ:

 

- Այո: Առավոտյան հորս տանում էի ծառայության, երեկոյան բերում տուն:

 

- Մայրդ նորմա՞լ էր վերաբերվում:

 

- Մայրս մի կողմ, ահա թե ինչպես էին ոստիկանները վերաբերվում...

 

- Եվ ինչպե՞ս:

 

- Նորմալ: Հորս, ով ավտոբազայի տնօրենն էր, քաղաքում հարգում էին: «Կարապետյանի տղան է»: Այդպիսի բան միայն 60-ականներին կլիներ, այն էլ միայն Հայաստանում:

 

- Հայրդ մինչ օրս Երևանում է ապրու՞մ:

 

- Այո: Նա 85 տարեկան է:

 

- Իսկ Մոսկվա չեք փորձե՞լ տանել:

 

- Ես երազում եմ այդ մասին: Շատ եմ խնդրել, անօգուտ: Մորս մահից հետո ես նրան ստիպեցի ամուսնանալ: Տղամարդու կողքին մշտապես ինչ-որ մեկը պիտի լինի: Այդ սքանչելի կնոջ շնորհիվ նա այդքան տարի արդեն ապրում է: Ես առաջին անգամ էի նման բան տեսնում. նա հորս ոտքերը լվանում էր, քսուքներ քսում ու պառկեցնում քնելու: Իմ ընտանիքին ասում եմ. «Նայե՛ք ու սովորե՛ք»: Ես նրա համար ավելի հանգիստ եմ, քան՝ իմ:

 

- Մայրդ ե՞րբ է մահացել:

 

- 1993-ին: Ես արդեն տեղափոխվել էի Մոսկվա: Թաղման ու Երևան վերադառնալու համար գումար չունեի: Զանգահարեցի իմ ընկեր, լրագրող Սերգեյ Վիշնյակովին: Այդ ժամանակ նա բիզնեսմեն էր: Սերգեյը ինձ Մոսկվայում տեղավորել էր: Պատասխանեց. «Մտի՛ր իմ կաբինետ, բազմոցը բարձրացրու, որքան պետք է` վերցրու՛»: Չեմ ցանկանում ասել, թե ինչքան փող կար բազմոցի տակ, բայց մորս թաղումը կազմակերպեցի ու վերադարձա:

 

- Ձեր կոշիկի արհեստանոցը գործու՞մ է:

 

- Այո, ոչ ստանդարտ չափերի կոշիկներ ենք կարում: Մի անգամ 60 համարի պատվեր ենք ընդունել:

 

- Այդ ինչ հսկա է եղել:

 

- Մոսկվայի ֆիրմաներից մի ամերիկացի: Սպորտի հետ առնչություն չունի: Ես նրան չեմ տեսել, կինը՝ փոքրիկ, փխրուն: Նա էր եկել կոշիկների հետևից:

 

- Ձեզ մոտ քանի՞ մարդ է աշխատում:

 

- Երկու հոգի, նախկինում 9-ն էին: Հիմա պատվերները քիչ են: Ես այլ ուղղություններով էլ եմ աշխատում, բայց եկե՛ք առանց մանրամասների: Մի՛ նեղացեք:

 

- Ձեր կյանքում տրոլեյբուսի դեպքից բացի ավելի բարդ 20 րոպեներ եղե՞լ են:

 

- Այո, 1993թ. Մոսկվա տեղափոխությունը: Ինքնաթիռում տեղ չկա, մարդիկ մուտքի մոտ կանգնած են: Օմոնականը արդեն սանդուղքի վրա «սապոգով» վերջին ուղևորին հրում է, որպեսզի դուռը փակեն: Մոսկվայի վրա պտտվում ենք, օդաչուն հայտարարում է. «Ընկերնե՛ր, առաջին սալոնից շարժվեք դեպի հետ, այլապես քթով կբախվենք գետնին»:

 

- Ահավոր է:

 

- Իսկ շարժվել ոչ-ոք չէր կարողանում: Տղամարդիկ կանանց նստեցրին ծնկներին: Երբ վայրեջք կատարեցինք, բոլորը անձնակազմի պետին համբուրում էին:

 

- Իսկ նա ինչպե՞ս էր համաձայնվել թռչել:

 

- Ողջ բեռը հանել էին, որպեսզի մարդկանց մտցնեին: Ահավոր ժամանակներ էին: Մի անգամ ինձ հարազատների հետ, առանց տոմսի նստեցրել էին Երևան մեկնող օդանավի մեջ: Օմոնականները մտան ստուգելու: Նրանց ասում են. «Սա Շավարշ Կարապետյանի զոքանչն է, սա նրա եղբորորդին է, սա նրա հորեղբայրն է»: Հարցեր չկան, հետո շրջվում են դեպի ինձ. «Սա ո՞վ է», «Շավարշ Կարապետյանը», «Ի՞նչ Շավարշ, ի՞նչ եք գլուխներս տանում»: Ծիծաղելի վիճակ էր, իմ անունն ավելին արժի, քան ես՝ ինքս:

 

- Իսկ առանց տոմսի ինչպե՞ս եք օդանավ նստել:

 

- Լուրջ մարդիկ բարեխոսել էին: Մի անգամ այդպես բեռնատար «Իլ-76» օդանավով կոշկակարի սարքավորումներով մի մեքենա էին ուղարկել, ինչպես նաև վեց մարդու: Ես ինչ-որ բան առաջարկեցի, պատասխանեցին. «Ինչու՞, Շավարշ, նեղացնում ես, ի՞նչ փող»: Ինձ սիրել են թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում: Վերջերս Լենինգրադում քայլում ենք, հետս «Плавание» ամսագրի գլխավոր խմբագիրն է, հարցրեց. «Շավա՛րշ, իսկ քեզ փողոցում ճանաչու՞մ են»: Չէի հասցրել պատասխանել, մի աղջիկ մոտեցավ ու ինձ համբուրեց: Ես շատ ամաչեցի...

 

Արգենտինայում էլ զվաճալի դեպք եղավ: Այնտեղ մեծ հայկական սփյուռք կա: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իմ մասին արգենտինացի թղթակիցներից մեկը, ով ԽՍՀՄ-ում էր աշխատում մի հոդված գրեց: Հետո՝ նաև մի ամբողջ գիրք:

 

- Թարգմանվա՞ծ է:

 

- Ոչ: Ո՛չ հայերենով, ո՛չ էլ ռուսերենով թարգմանված չէ: Ես մեկնեցի, օդանավակայանում ինձ տվեցին տեղի ամենահեղինակավոր թերթը՝ Clarin-ը: Ողջ երկայնքով իմ լուսանկարներն էին: Ես այդ արգենտինական ավանդույթի մասին չգիտեի, եթե դու աղջկան դուր ես գալիս, նա մոտենում ու լուռ համբուրում է:

 

Թերթի առաջին էջում հայտնվելուց հետո քաղաքում չէի կարողանում երևալ: Բոլորը համբուրում էին, այտերիս արդեն շրթներկի կիլոգրամներ կային: Բուենոս-Այրեսում ծանոթացա մի ծեր միլիարդատիրոջ՝ Մանուկյանի հետ: Խնդրեց, որ ես նրան իր սիրելի կնոջ մոտ ուղեկցեմ: Ծաղիկներ առանք, գնացինք, խոսեցինք: Դրանից հետո նա ինձ համար ավելի հետաքրքիր հանդիպում կազմակերպեց: Ողջ աշխարհից 7 հայ միլիարդատերեր Արգենտինա եկան:

 

- Ինչու՞:

 

- Ճաշ, այնուհետև ընթրիք: Այդ ընկերակցությունում ութերորդը ես էի՝ խորհրդային մի քաղաքացի, կոպեկային օրավարձով:

 

- Միլիարդատերերի շրջանում Ձեզ լա՞վ էիք զգում:

 

- Հայերենով էինք զրուցում: Նրանք անմիջական էին: Հետո տանտերը կանգնեց ու ծովային որդերից պատրաստված կերակուր լցրեց: Մի ափսեի գինը հազար դոլար էր: Ինձ ասում են. «Մի գդալ փորձի՛ր, ոչ բոլորին է դուր գալիս: Եթե մի բան այն չլինի, կարող ես թափել»:

 

- Միլիարդատերերը գիտեի՞ն Ձեր ճակատագրի մասին:

 

- Այո, ասում էին «մեր հերոսն է», բայց մանրամասներով չէին հետաքրքրվում:

 

- Դուք 75 հազար նամակների մասին հիշատակեցիք, քանի՞սն եք կարդացել:

 

- Բոլորը: Ամենահուզիչ նամակները վերցրել ու հետս Մոսկվա եմ բերել: Ինձ նույնիսկ Ֆաինա Ռանևսկայան բացիկ էր ուղարկել: Ցավոք, նրա հետ չհասցրի ծանոթանալ, մահացավ:

 

- Ֆրունզիկ Մկրտչյանին ճանաչու՞մ էիք:

 

- Այո: Նա իմ սիրելի դերասանն է: Առաջին անգամ նրան բեմի վրա տեսա: Կանգնած մռայլ հայացքով նայում էր դահլիճին: Հետո թեքվեց ու սկսեց բամբ ձայնով ծիծաղել: Գնաց: Դահլիճը թուլացավ ծիծաղից: Հետ եկավ, սկսեց էլ ավելի մռայլ հայացքով նայել: Ամեն ինչ նույնությամբ կրկնեց: Դահլիճի մոտ արդեն հիստերիա էր: Ամբողջ կյանքիս ընթացքում հիշում եմ:

 

Մի անգամ Կիրովական էր եկել, հյուրանոցից դուրս եկավ հրապարակ, միանգամից ամբոխը շրջապատեց: Մի տղամարդ խնդրում էր. «Ֆրունզի՛կ, մի բան ասա ծիծաղենք»: Այդ հարց տվողը կանգնած է լրիվ կարմիր հագուկապով: Մկրտչյանը հայերենով պատասխանեց. «Եթե հետույքդ մի փայտ մտցնենք, ապա լրիվ խորհրդային դրոշ կդառնաս»: Նա մշտապես պահպանում էր հումորային տոնը: Բացառիկ մարդ էր: Ողջ Հայաստանը նրան պաշտում էր, բացի Ջիգարխանյանից:

 

- Դերասանական նախա՞նձ:

 

- Այո: 2007թ.-ին «Պուշկինսկիում» կայացավ Ֆրունզիկի հիշատակին նվիրված երեկոն: Բոլոր մոսկվաբնակ հայերը՝ ռեժիսորներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, հավաքվել էինք: Միայն Ջիգարխանյանը չէր եկել: Ցուցադրեցին «Հին օրերի երգը», որը նկարահանել էր Ֆրունզիկի կրտսեր եղբայր Ալբերտ Մկրտչյանը: Մեծագույն ֆիլմ է: Մենք Ֆրունզիկին սիրում ենք նրա ծիծաղաշարժ ֆիլմերով, բայց նա նաև դրամատիկ դերեր ուներ: Վերադառնում է ճակատից, առանց մի ոտքի, փոստատար է աշխատում: Մի կնոջը նամակ է տանում, ում չորս տղաները ռազմի դաշտում են: Առաջին մահվան թուղթը, երկրորդը, երրորդը, գալիս է նաև չորրորդ մահվան թուղթը, փոստատարը հասկանում է, որ իր ուժերից վեր է դա տեղ հասցնել: Եվ ճանապարհին այդ բացիկը սկսում է ուտել... Երբ լույսերը միացրին, ողջ դահլիճը արտասվում էր:

 

- Իսկ Ձեր եղբայրների ճակատագրերը ինչպե՞ս դասավորվեցին:

 

- Կամոն աշխատեց ոստիկանությունում: Մեկնեց Ամերիկա, վերադարձավ, հիմա երևանյան լողավազաններից մեկում երեխաներին է մարզում: Իսկ Տոլյան Գերմանիայում էր ապրում, ինը տարի առաջ կնոջ հետ ավտովթարի ենթարկվեց...

 

- Իսկ ԱՄՆ կամ Գերմանիա տեղափոխվել չեք մտածե՞լ:

 

- Երբե՛ք: Ես խորհրդային մենթալիտետ ունեմ: Այդպիսինների համար Մոսկվայում լավ է: Իմ տունն այստեղ է: Մի անգամ տրոլեյբուս մտա, մի մեծահասակ կին ինձ տեսավ ու ասեց. «Որդի՛ս, արի՛ քեզ համբուրեմ», ես ինձ կորցրեցի. «Ինչու՞», «Գիտեմ, թե դու ով ես...»: Ուրիշ որտե՞ղ ինձ այդքան շատ կսիրեին:

 

ArmFootball.com


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ