Գլխավոր » ՇՆԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՇՆԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21:08
Դարձյալ հաչում ես մեզ վրա, Շո՛ւն: Արհամարհում ենք քեզ՝ հաչում ես, ատում ենք՝ դարձյալ հաչում ես մեզ վրա...

Ամիսներ ու տարիներ անցան, կարծեցինք, թե մոռացել ես մեզ, բայց դու՝ Շուն, պարզվեց, որ շարունակում ես հետևել մեզ և հաչել: Մերթ հարևան բակի ցանկապատի տակից ես փրչոտ գլուխդ երկարում ու զզվելիորեն կաղկանձում, մերթ փողոցում, որևէ աղբարկղի միջից ես դուրս պրծնում ու ոռնում մեզ վրա:
Ուշադրության չենք արժանացնում քեզ, արհամարհում ենք շնային քո ողորմելի գոյությունը, մտածում ենք՝ թող հաչի, որքան ուզում է, մի օր ինքն էլ կզզվի կաղկանձելուց և ձայնը կկտրի: Բայց դու գետնովը տալով շնային քո ինքնասիրությունն ու արժանապատվությունը, շարունակ մեր ոտնատակն ես ընկնում ու շարունակում քո վայրահաչությունը:

Հիմա ի՞նչ անենք քեզ, Շուն, ինչպե՞ս վարվենք քեզ հետ: Գոնե գնա մի անգամ էլ ուրիշների վրա հաչիր կամ գոնե մի անգամ մարդավարի հաչիր՝ հասկանանք, թե ինչ ես ուզում... Գնա մի քիչ էլ այլ ջահանդամներում հաչիր ու կաղկանձիր, գնա մեր թշնամիների վրա ոռնա կամ ռադ եղիր, թող մի քիչ էլ մեր թշնամիները մեզ վրա հաչեն...

Թե չէ, զօր ու գիշեր հաչում ես, զօր ու գիշեր կաղկանձում ես անդադար, զզվեցնում անիմաստ, անարվեստ, ապաշնորհ ու տաղտկալի քո գարշելի հաչոցներով: Մերթ աջից ես հաչում, մերթ՝ ձախից, մերթ մեր ետևից ես կաղկանձում, մերթ տնկվում մեր դիմաց ու կլանչում: Թքում ենք երեսիդ՝ հաչում ես, ուշադրության չենք արժանացնում՝ դարձյալ հաչում ես մեզ վրա:
Է՜հ, Շո՛ւն... Քո հերն էլ անիծած, եթե աշխարհում գոնե կա մեկը, որին հաճույք է պատճառում զզվելի քո ձայնը, և այդ մեկը թեկուզև դու ես միայն, հաչիր՝ որքան ուզում ես, կաղկանձիր՝ որքան ուզում ես, ոռնա արշալույսից՝ մայրամուտ, մայրամուտից՝ արշալույս... Դա է քո կոչումը: Աստված հենց դրա համար է ստեղծել քեզ:

* * *
Նա արդեն չի հաչում, այլևս չի հաչում: Չհաչելու խոստո՞ւմն է պատճառը, թե՞ պարզապես ծպտվել ու արիստոկրատ է ձևանում, փաստն այն է, որ չի հաչում: Անձամբ չի հաչում: Ինչ-որ ջահանդամներում, աղբարկղերի մերձակայքերում, ատամնաթափ եղած, քիթ-մռութը ջնջխած, քավթառ ու փրչոտ շներ է վարձում, հաչելու իր նոտաները դնում սրանց ձեռին և ուղարկում մեզ վրա: Նա քսի է տալիս, սրանք հաչում են, նա մատով, ինչպես դիրիժորական փայտիկով, նշան է անում, սրանք կանգնում են հետևի վերջավորությունների վրա ու զառամյալ իրենց ձայնալարերը պրկելով, զզվելիորեն կաղկանձում: Իր ճոխ սեղանից նա կրծած մի ոսկոր է նետում սրանց, սրանք հաճույքից գլուխկոնծի են տալիս, անցած-գնացած իրենց ջահելությունը հիշելով՝ խռպոտ կլանչում...

Նա այլևս չի հաչում: Սակայն, այնուամենայնիվ, սրանք հաչում են նրա հանգով, նրա փոխարեն, իսկ նա չի հասկանում, որ բոլորս տեսնում ենք ու գիտենք, թե վերջապես ով է իրական հաչողը...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Ձմեռային սերենադ» գրքից, 2005 թ.

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ