Գլխավոր » ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻՆ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻՆ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ
23:41
Օրեր առաջ երևանցիները կարող էին նախանձել Ստեփանակերտի շարքային հեռուստադիտողներին։ Կատակ բան չէ, չճանաչված փոքրիկ այս երկրի մայրաքաղաքի բնակիչներն ավելի քան մեկևկես տասնամյակ շարունակ դիտում էին շուրջ 25 հեռուստաալիքներ, այդ թվում՝ հայաստանյան 4 հեռուստաալիք (Հ1, Հ2, «Շանթ», «Արմենիա»), ռուսաստանյան OPT, HTB, «Ռոսիա1», THT, CTC, եվրոպական «Եվրոնյուս» և այլ հեռուստաալիքներ։ Պատերազմի գոտում գտնվող Արցախում դա շարքային բնակիչների միակ առավելությունն էր հայաստանաբնակ իրենց ազգակիցների նկատմամբ։ Մնացած բոլոր առումներով, հատկապես սոցիալական խնդիրների, առաջին անհրաժեշտության կամ տեխնիկական ու այլ սարքավորումների ապրանքագների, 1 կմ-ի հաշվով երթուղային տրանսպորտի արժեքի հարցում շարքային արցախցիները գտնվում են կրկնակի կամ եռակի վատ վիճակում։

Արցախում հայաստանյան, ռուսական և այլ հեռուստաալիքների (այդ թվում՝ արբանյակային) հեռարձակումը շուրջ 18 տարի հիմնականում ապահովում էր «Փեյս» մասնավոր ընկերությունը։ Ընդամենը մի քանի հեռուստաալիքի հեռարձակում էր ապահովում «Արցախկապը»։ Մեր տեղեկություններով, վերոհիշյալ կազմակերպության ղեկավարը հանդիպել է Արցախի նախագահին և խնդրել հեռուստաալիքների հեռարձակման մենաշնորհը հանձնել իրեն։ Վերջինս տվել է իր համաձայնությունը... և այսօր ստեփանակերտցիները նախկին մոտ 30-ի փոխարեն հազիվ10 հեռուստաալիք են դիտում։

«Հպարտանալու մի բան ունեինք, այն էլ ձեռքներիցս խլեցին»,- ասում են նրանք։ Բայց արցախցիները, հատկապես ստեփանակերտցիները հպարտանալու մի այլ բան էլ ունեն. այսօր Արցախի մայրաքաղաքում համատարած շինարարություն է գնում։ Ընդ որում, քանդում են խորհրդային տարիներին և ավելի վաղ կառուցված, մայրաքաղաքի դեմքը խորհրդանշող միանգամայն ամուր և կանգուն շինություններն ու տեղը էլիտար շենքեր կառուցում։ Թե ում համար են կառուցում, պարզ չէ։ Սակայն միանգամայն պարզ է, որ հաստատ դա շարքային քաղաքացիների համար չէ, որովհետև նրանք երազում անգամ չեն կարող այնքան փող ունենալ, որպեսզի կարողանան այդ շենքերում բնակարաններ գնել։
«Հրապարակ», Երևան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ «Արցախկապի» միջոցով հեռարձակվող հեռուստաալիքները հատկապես ցերեկային ժամերին շատ վատ ու անորակ են։ Մինչև անգամ ալիքների ձայնային ազդանշաններն են տարբեր։ Ալիքներից մեկով երբեմն այնքան բարձր են խոսում, որ քիչ է մնում խլանաս, իսկ մի այլ հեռուստաալիքով ասես «նեմոյ» ֆիլմ են ցուցադրում։
Մենք պարզեցինք, որ «Արցախկապն» ունի թվային հեռարձակման բաժանորդներ և առաջին հերթին հենց նրանց համար է աշխատում։ Բաժանորդ դառնալու համար պիտի վճարել 3500 դրամ, այնուհետև յուրաքանչյուր ամիս՝ 2200 դրամ՝ 56 հեռուստաալիք դիտելու համար... Ինչպես ասում են՝ «Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը»։ Շուկայական հարաբերություններ են, նոր ժամանակներ, նոր բարքեր. մարդիկ ուզում են փող աշխատել։ Թեկուզ դա լինի արտաքին թշնամուն պատերազմում հաղթած, սակայն սեփական երկրում պարտված շարքային արցախցու գրպանի հաշվին։

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ