Գլխավոր » ՍՏՐԱԴԻԱ
ՍՏՐԱԴԻԱ
09:47
Հատվածներ սերբ նշանավոր գրող ՌԱԴՈՅԵ ԴՈՄԱՆՈՎԻՉԻ համանուն վեպից
 
Մի քանի քայլ չարած՝ ամեն կողմից մարդիկ սկսեցին հավաքվել շուրջս, կարծես ես մի հրաշք լինեի։ Ծեր ու ջահել, տղամարդ ու կին իրար բոթելով, ճնշելով, ոտների ծայրերին բարձրանալով՝ առաջ էին նետվում, որպեսզի ավելի լավ տեսնեին ինձ։ Բազմությունն այնքան աճեց, որ բռնեց ամբողջ փողոցը, և երթևեկությունը կանգ առավ։
 
Մարդիկ ապշած ինձ էին նայում։ Ինձ էլ զարմանալի թվաց այդ անծանոթ ժողովուրդը։ Ում որ նայես, բոլորն էլ զարդարված են շքանշաններով և ժապավեններով։ Շատ քչերը, այն էլ ամենաաղքատները, կրում են մեկական, երկուական, մյուսներն այնքան են կախել, որ հագուստը չի երևում։ Մի քանիսի պարգևները չեն տեղավորվել կրծքներին, և նրանք փոքրիկ սայլակներ են քարշ տալիս՝ լցված զանազան ծառայությունների համար ստացած շքանշաններով, ժապավեններով, աստղերով և այլ տարբերանշաններով...
 
Ինձ սկսեցին ձանձրացնել միևնույն տարակուսելի հարցերը։
 
- Ո՞րտեղացի ես։ Մի՞թե դու ոչ մի շքանշան չունես։
 
...Մինչ այդ՝ ես հասցրի մի քանիսին հարց ու փորձ անել, թե ինչ ծառայությունների համար են նրանք պարգևատրվել։
Մեկն ասաց, որ նախարարը նրան պարգևատրել է անձնազոհության և հայրենիքի հանդեպ բացառիկ ծառայությունների համար, մի ամբողջ տարի նա գործ է ունեցել պետական մի խոշոր գումարի հետ, իսկ ստուգումից հետո դրամարկղում հայտնաբերվել է ընդամենը երկու հազարի պակասորդ։
 
- Տեղին են պարգևատրել,- խոսում էին շուրջս,- չէ՞որ նա կարող էր վատնել բոլորը, բայց ազնվությունն ու հայրենասիրությունը նրան թույլ չեն տվել կատարել այդ։
Մեկ ուրիշը պարգևատրվել էր այն բանի համար, որ մի ամսվա ընթացքում, երբ նա ինչ-որ պետական բազաների պահակն էր, դրանցից ոչ մեկը չայրվեց։
Մի խոհարարուհի պարգևատրվել էր այն բանի համար, որ հինգ տարի ծառայելով մի հարուստ տան մեջ, ընդամենը մի քանի ոսկե և արծաթե իրեր էր գողացել։
Մի ինչ-որ քաղաքացի շքանշան էր ստացել, որովհետև հասել էր խոր ծերության և չէր մեռել։
Մեկն էլ պարգևատրվել էր ընդամենը կես տարում հարստանալու համար...
 
...Ոստիկաններն ինձ բոթեցին կառքի մեջ, որի կողքերից քշում էին ժողովրդին։ Կառքը կանգ առավ մի երկարուկ, գետնահար, կարծես լքված շինության առջև։ Պարոն շեֆը՝ կրկնածալ, սափրած կզակով, ճերմակող բեղերով, գիրուկ մի մարդ, ինձ տեսնելով՝ զարմանքից քիչ մնաց նվաղեր։
 
- Տե՛ր իմ, դու որտեղի՞ց հայտնվեցիր,- սթափվելով զարմանքից՝ ասաց նա և, ձեռքերը պարզելով, սկսեց տնտղել ինձ ամեն կողմից։
 
- Իսկ ո՞ւր են քո պարգևները... Վաթսուն տարեկան ես ու ոչ մի շքանշան չունե՞ս։ է՜, որտե՞ղ ես դու ապրել, լուսնի վրա, ի՞նչ է։
 
- Երդվում եմ աշխարհում ամեն ինչով, ես ոչ մի շքանշան չունեմ,- դողդողալով ասացի ես։
Զարմանքից շեֆը շշմեց։ Ուշքի գալով՝ նա կարգադրեց ստորադրյալին՝ մի տասնյակ շքանշան բերել։ Հարևան սենյակից անմիջապես բերեցին մեդալների մի կույտ և ամեն տեսակ շքանշանների, աստղերի ու ժապավենների մի սար։ Շեֆի հրամանով հապճեպորեն ընտրեցին երկու-երեք աստղ, ժապավեն, երեք-չորս շքանշան վզիցս կախեցին, մի քանիսը կպցրին վերարկուիս և, ի լրումն այդ ամենի՝ մի քսան հատ մեդալ ու կրծքանշան էլ գրպաններս լցրին։
 
- Ահա այսպե՜ս, ախպերս,- բացականչեց շեֆը։- Այսպե՜ս, այժմ դու մի քիչ նման ես նորմալ մարդու, թե չէ՝ ոնց որ հրաշք, հայտնվեցիր, վրդովեցիր ամբողջ քաղաքը...
 
Հաջորդ օրը ես այցելեցի ոստիկանության նախարարին։ Սկզբում ես զրույցի բռնվեցի մի փայլուն երիտասարդի հետ, որն ինչպես ինքը հայտնեց, ուզում էր տեղավորվել ոստիկանական ծառայության մեջ։
 
- Դուք, ինչպես երևում է, կրթված մարդ եք, և հավանորեն իսկույն կընդունվեք պետական ծառայության։
 
Երիտասարդը վեր թռավ և վախեցած շուրջը նայեց՝ համոզվելու համար, թե ոչ ոք ուշադրություն չդարձրե՞ց իմ խոսքերին...
 
- Այս գերատեսչությունում չեն հանդուրժում կրթված մարդկանց։ Ես իրավունքի դոկտոր եմ, բայց ջանասիրաբար թաքցնում եմ այդ, թե չէ, Աստված չանի, եթե այդ մասին իմանա նախարարը, ես աշխատանք չեմ ստանա։ Իմ մի բարեկամը, նույնպես կրթված մի մարդ, ստիպված եղավ տեղեկանք ներկայացնել, որ երբեք ոչինչ չի սովորել, և դրանից հետո միայն նա լավ պաշտոն ստացավ...

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ