Գլխավոր » «ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ ՄԵԶ ՆՈՐԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԸ»
«ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ ՄԵԶ ՆՈՐԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԸ»
17:15

Բաց նամակ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝

Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու որոշման առթիվ

 

Հայրենակիցներ,

Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայում ենք մեր վրդովմունքը՝ Հայաստանի տարածքում օտար լեզուներով դպրոցների բացման մասին Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման քայլից: Միևնույն ժամանակ կոչ ենք անում յուրաքանչյուր հայ մարդու, օտարալեզու դպրոցների բացման դեպքում, դրանք բոյկոտի ենթարկել:

Կառավարության փաստարկը, թե նման քայլը կբարելավի մեր կրթության որակը և այն ավելի ճկուն կդարձնի, ոչ միայն անհիմն է, այլև մեզ՝ հայերիս համար խորապես վիրավորական, քանզի այն ենթադրում է, որ Հայաստանում կրթության ցածր որակի մեղավորը ոչ թե համակարգն է, այլ դասավանդման լեզուն՝ հայերենը:

Հայաստանի տարածքում հայերենից բացի այլ լեզուներով դպրոցների բացումը հայ կրթությունը կդարձնի ոչ թե ավելի ճկուն ու մրցունակ, այլ՝ ընդհակառակը, ավելի սահմանափակ ու գավառական: Այն կվերածնի խորհրդային շրջանում առկա այն գավառական ու հայի համար վիրավորական մտայնությունը, թե հայերենը պակաս հեղինակավոր, պակաս գիտական լեզու է, քան, ասենք՝ ռուսերենը: Հայերենը դարձյալ կսկսի դիտվել որպես տեղական գաղութային լեզու, ի հակադրություն «քաղաքակիրթ» ռուսերենի կամ որևէ այլ լեզվի:

Այս որոշման ընդունումը հայերենն ինքնաբերաբար կդարձնի երկրորդական լեզու՝ ենթադրելով, որ օտարալեզու դպրոցներ ավարտած մարդիկ ավելի լավ կրթություն ունեն: Սա, ի թիվս այլ բացասական երևույթների, իր հետ կբերի այն, որ աշխատանքի շուկայում հայերենով կրթություն ստացած անձինք կլինեն պակաս մրցունակ, քան օտարալեզու դպրոց ավարտածները:

Մենք՝ հայ մտավորականներս, պնդում ենք, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ լավ կրթություն՝ իր մայրենի լեզվով, լինել կիրթ ու լայնախոհ մարդ ու իր ոլորտում լավ մասնագետ: Հայոց լեզուն աշխարհի հնագույն ու հարստագույն լեզուներից է և չի զիջում իր արտահայտչամիջոցներով որևէ այլ լեզվի: Հայ աճող սերնդին ավելի լայնախոհ, կիրթ ու միջազգային ոլորտում մրցունակ դարձնելու համար պետք է խորացնել օտար լեզուների ուսուցումը և առհասարակ, բարձրացնել կրթության որակը և ոչ թե ուսուցումը դարձնել օտարալեզու:

Հայրենակիցներ, թույլ չտանք մեզ նորից դարձնել Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի մշակութային գաղութը:

 

(Նամակը ստորագրել են ՀՀ հինգ տասնյակ հայտնի մտավորականներ՝ գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ)


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ