Գլխավոր » ՃՉԱՑՈՂ ԿԱՐՈՏ
ՃՉԱՑՈՂ ԿԱՐՈՏ
22:46
Քո կարոտն իմ մեջ շրջադարձվելով՝ փոխվում է ցավի, 
Եվ թեկուզ մի քայլ զատվում եմ քեզնից 
Հենց այդ նույն պահին կարոտիդ տենչը խարանում է
Իմ տագնապած հոգին, ետ ձգում իրեն, 
Թե ինչն է ձգում անկարող եմ ես 
Ստույգ վերծանել... 
Ինչպես չեմ կարող մեկնաբանել ես 
Խորքը հավատի, բնույթը սիրո, լույսի և ձայնի 
Սրնթացության խորհուրդները, 
Նյութի փոխարկման առեղծվածները,
Խինդի ու թախծի հակախաղերի բռնկումները։
Այդպես էլ, իրավ, անկարող եմ ես ճիշտ մեկնաբանել
Կարոտի տենդի ձգող ուժերի գաղտնագրերը...
Միայն գիտեմ, որ մի սուր տագնապ է պտղում իմ մեջ,
Երբ թեկուզ մի քայլ զատվում եմ քեզնից,
Շատերը, ի դեպ, ձևացումներ են թափում ամենուր,
Թե սիրում են քեզ անբեկանելի ահարկու սիրով...
Իսկ ես՝ առանց երդումի 
ու կրծքածեծի արարողության,
Հայտարարում եմ՝ որ մի այլ կերպ եմ 
սիրահարված քեզ,
ճիշտն որ ասեմ՝ քեզնից թաքուն եմ միշտ սիրել ես քեզ
Մի գաղտնի սիրով՝ առանց ճիչերի,
աղաղակների ու երդումների,
Սիրել եմ անգամ լավդ ու վատդ, լույսդ, ստվերդ,
Որոնք անբաժան միասնություն են 
Իրենց արարման նախնական օրից։
Սիրել եմ նույնիսկ խենթություններդ,
Կոպիտ բարբարոս անեծքներդ բիրտ ու վրեժխնդիր,
Որոնք ծնվելով անարդարության հին վշտացավից
Մեր երակներում արթուն են պահում ապրիլյան վշտի
Ծակող ցավը սուր...
Եվ միևնույն պահ սոսնձում ամուր
Աշխարհասփյուռ մեր թափառ գենի միացումները...
Այսօր, հենց հիմա կարող եմ ասել,
Որ այդ ամենն են ստիպում ինձ
Սրտաբաց ասել՝ թե դու հիվանդ ես, հիվանդ եմ և ես,
Թե վշտացած ես, դողում եմ և ես,
Իսկ թե ցնծում ես, հրճվում եմ և ես,
Քանի մեր սերը փոխադարձ է միշտ...
Հենց դրա համար դու նմանակն ես սեփական հորս։
Իսկ ես՝ իմ հորը, ինձ արարողին
Սիրում եմ սրտանց ոչ նրա համար, որ անթերի է, 
Այլ նրա համար,
Որ նա պարզապես իմ հայրն է միակ,
Իսկ ես էլ նրա մասնիկն անբաժան...
Եվ այնպես, ինչպես հնարավոր չէ
Քամել իմ միջից հորս արյունով
Որ ինձ է տվել հպարտության հետ, 
տառապանքի ցավ...
Որը իմ հերթին պարտավոր եմ, 
որ այդ նույնն իսկությամբ
Փոխանցել այն արյունոտված հողակտորի բնիկ տերերին,
Որի անունն է Արցախ սուրբ աշխարհ՝ 
երկիր դրախտավայր...

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ