Գլխավոր » ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ
14:54
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմից ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում ութ տասնյակ զինվորականների ներկայությամբ ազատագրված հողերը հանձնելու հայտարարության մասին թերևս բավական խոսվել է։ Փաստորեն նա ասել է այն, ինչ քողարկված (ասենք՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ») կամ բացեիբաց («Եթե պատերազմ լինի, Ադրբեջանն առավելություն կստանա…» և այլն) ասում է Հայաստանի գերագույն ղեկավարը։

Խնդիրն այլ է՝ այն վախի մթնոլորտը, որ տիրում է մեզանում։ ՀՀ ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Դավիթ Կարապետյանը, ճշմարտությունը հերքելու նպատակով, ասես երեխաներին կոնֆետով սիրաշահելիս լիներ, մի ողջ տեսություն մարտադաշտ, շատ ներողություն, հրապարակ նետեց առ այն, որ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է և իրականացնում է զինված ուժերի կառավարումը։ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են։ Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով» և այլն։

Բայց ՊՆ մամլո խոսնակը կարող էր մտավախություն ունենալ, չէ՞, առ այն, որ վերոհիշյալ հավաքին ներկա ութ տասնյակ զինվորականներից մեկը կարող է վեր կենալ ու ասել՝ բավական եղավ հեքիաթներ պատմես, այդ ամենը ես իմ ականջներով եմ լսել… Սակայն մամլո խոսնակը քաջ գիտե, որ դա քիչ հավանական է՝ ուսադիրներից, աշխատատեղից, օրվա հացից զրկվելու խնդիր կա մեջտեղ։ Մյուս կողմից, ՀՀ ՊՆ-ում շատ կցանկանային, որ հավաքին ներկա զինվորականներից «ինֆորմացիա հանողին» գտնեն ու այս ողջ պատմության համար «գլխին ընկույզ ջարդեն»…

Ասել է թե՝ երկու դեպքում էլ ՊՆ-ն շահելու է։ Կորցնողը խեղճ երկիրն է լինելու ու ժողովուրդը, որ այսօր սեփական երկրում անտեր է մնացել։ Այսօր մեզանում եթե մի զորեղ ուժ է մնացել, դա վախն է, վախի այն մթնոլորտը, որ տիրում է ազատ ու անկախ Հայոց լեռնաշխարհում։ Վախ՝ աշխատանք, պաշտոն, ապրուստ, նյութական ու հոգևոր ցանկացած բան կորցնելու համար…

Նայեք հայկական հեռուստաալիքները (ձեզ հետ համամիտ եմ, որ նայելու մի առանձին բան էլ չկա, սերիալներ են՝ ապաշնորհ, տափակ, անգրագետ կինոնկարների կամ լուսնի միայն մի կողմի մասին պատմող լրաշարի տեսքով)։ Ոնց որ իրար շարունակությունը լինեն ու ասես ծառայում են նույն նպատակին՝ ժողովրդին պահել հաճելի նինջի մեջ, որպեսզի հանկարծ «միջանցիկ քամի» չբարձրանա և այս 20 տարում ստեղծած ազատության-անկախության դեկորացիաները քանդի-ավերի։

Տեղեկատվական պատերազմում պարտվում ենք, դիվանագիտական դաշտում պարտվում ենք, երեկ համոզված էինք, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, այսօր մեր ղեկավարները հայտարարում են, թե հակառակորդն ավելի ուժեղ է… Եթե բոլոր այս ճակատներում պարտվում ենք, տակն ի՞նչ մնաց… Անշուշտ, չհաշված վերջին 15-20 տարում հայ ղեկավարության կուտակած պատկառելի նյութական կարողությունը։

Սակայն ես միանգամայն այլ կարծիքի եմ և հոդվածս ուզում եմ ավարտել այն զինվորի խոսքերով, որ ՊՆ նիստերի դահլիճում կայացած հանդիպումից հետո ընդդիմացել է գլխավոր շտաբի պետին. «Ինչ է, մինչ այդ հակառակորդը մեզնից բազմիցս ուժե՞ղ չէր, երբ խորհրդային բանակից հսկայաքանակ զինտեխնիկա էր ժառանգություն ստացել և վայելում էր Մոսկվայի հովանավորությունը, իսկ մենք, լավագույն դեպքում, ընդամենը որսորդական հրացաններով ու ինքնաշեն զենքերով էինք կռվում… Մարտական գործողություններից մեկի ժամանակ ես իմ հրամանատարության տակ կռվող հինգ տղաներով 300 ազերի ենք ոչնչացրել։ Փաստորեն, մեզնից յուրաքանչյուրը 50 հոգու դեմ էր կռվում։ Կապվել են ինձ հետ, ասել, որ շուտով օգնություն կուղարկեն, մերժել եմ, ասել եմ՝ պետք չէ…»։

hraparak.am, 11.08.11

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ