Գլխավոր » «ՎԱՐՔԱԳԻԾԸ ՀԱՅԵԼԻ Է…»
«ՎԱՐՔԱԳԻԾԸ ՀԱՅԵԼԻ Է…»
16:59
Գաղտնիք չէ, որ շատերը տակավին պատշաճ կարևորություն չեն տալիս վարքի էթիկային ու վարքի կանոններին։ Իսկ ի՞նչն է առանձին մարդկանց վարքի մեջ ամենից շատ հուզում ու անհանգստացնում։ Գլխավորապես՝ անտակտությունը։ Որոշ մարդիկ, այդ թվում՝ կրթվածները, քիչ նշանակություն են տալիս այն բանին, թե ինչպես, ինչ ձևով են խոսում շրջապատի մարդկանց, ծանոթների և անծանոթների հետ։ Նման մարդկանց համար դիմացինին վիրավորելը, նրա ինքնասիրությանը դիպչելը սովորական բաներ են։ Քաղաքավարի «դուք»-ի փոխարեն բոլորին ասում են՝ «դու»։Նրանց բառապաշարում բացակայում են «շնորհակալություն», «ներեցեք», «խնդրեմ» և նման արտահայտությունները։ Ոմանք, նույնիսկ չեն ամաչում կոպիտ, անվայել խոսքեր օգտագործելուց, կարող են բղավել՝ ում վրա ուզեն։ Մինչդեռ անչափ կարևոր է խոսքի տեղին ու «խնամքով» գործածությունը։ Հիշենք բանաստեղծներից մեկի տողերը.

Խոսք կա խոցում է, խոսք կա՝ ամոքում,
Խոսք կա սպանում է, խոսք էլ կա՝ փրկում,
Խոսք կա գնդերը մարտի է տանում։

Անտակտությունը դրսևորվում է ամենատարբեր իրադրություններում։ Նույնիսկ առաջինը «Բարև ձեզ» ասել չցանկանալու մեջ։ Ճիշտ է, որոշ մարդիկ իրենք են մեղավոր այն բանում, որ նրանց չեն բարևում, քանի որ տեսնելով ծանոթին, չափից ավելի գործարար և լուրջ տեսք են ընդունում։ Մինչդեռ ողջունելը երկկողմ քաղաքավարություն է։ Հատկապես ցավալի է, երբ անտակտությունն ու կոպտությունը գալիս են մտավորականից, այսինքն՝ նրանից, ով իր կրթությամբ և հոգևոր զարգացմամբ կուլտուրական վարվելակերպի օրինակ պիտի ցույց տա մյուսներին։

Ավելի մեծ դառնություն, քան անհարգալից խոսքը, առաջացնում է վատ արարքը, նույնիսկ՝ փոքր, չնչին արարքը։ Անդասիտիարակությունը երևում ու անհաճելի է անգամ ամենափոքր արարքում։ Օրինակ բերենք թեկուզ և նրանց, ովքեր բարձր ծիծաղում կամ խոսում են ժողովներում, մշակույթի օջախում՝ խանգարելով մյուսներին։ Կամ էլ, ասենք, թղթի կտորներ նե շպրտում, ծխախոտի մնացորդ են նետում՝ ուր պատահի, և այլն։

Խոսելով վարքի կանոնների մասին, չի կարելի չխոսել, նաև ծխողների մասին։ Խոսքը վերաբերում է ո՛չ միայն ծխելու վնասին ու վնասակարությանը։ Կան ծխողներ, որոնք հաշվի չեն առնում շրջապատը, միջավայրը։ Նրանք ծխում են ամենուրեք՝ հարևանի տանը, ճաշարանում, միջանցքում, անգամ երեխաների շրջապատում։

Ոչ բարոյական արարքները երբեմն լինում են մեծամտության և ինքնահավանության հետևանք։ Մարդը, տառապելով այդ «հիվանդությամբ», դադարում է հաշվի առնել շրջապատը, սկսում է անհարգալից, երբեմն էլ կոպիտ վերաբերվել աշխատանքային ընկերներին։ Նրան թվում է, թե ինքը արտակարգ կարողությունների տեր անձնավորություն է, և իրեն ամեն ինչ կարելի է։

Սովորել և սովորեցնել լավ վարքի կանոններ, ուշ չէ երբեք։ Բայց, կարծում եմ, ուշադրությունը ամենից առաջ պետք է դարձվի երեխաների և պատանիների վրա։ Վճռական խոսքը նրանց բարոյական դաստիարակության մեջ պատկանում է ընտանիքին ու դպրոցին, որովհետև այստեղ է դրվում այն ամենի հիմքը, ինչ ստանում է հետագա զարգացում ու կատարելագործում։ Ասել է թե՝ և՛ ընտանիքում, և՛ դպրոցում պետք է վարքի կանոններին տալ ոչ պակաս նշանակություն, քան, ասենք, աշխատանքի նախապատրաստվելուն։ Երիտասարդությունը պետք է հասարակության մեջ կարողանա պահել իրեն, տակտ ու համեստություն դրսևորի ուրիշների հետ շփվելիս, իմանա քաղաքականությա նորմերը։

Մարդիկ վաղ հասակից պետք է սովորեն վարքի կուլտուրան։ Երբ փոքրիկին մեկը կոնֆետ է տալիս, նա պետք է շնորհակալություն հայտնի։ Իսկ եթե դեռ խոսել չգիտի, ապա մայրը պետք է սովորեցնի խոնարհել գլուխը՝ ի նշան շնորհակալության։

Գռեհիկ, կոպիտ մարդիկ, ինչ խոսք, շատ չեն, բայց և այնպես՝ նրանց չտեսնելուն տալ չի կարելի։ Անտակտությունը, կոպտությունը շատ հաճախ կողք-կողքի ապրում են միայն ու միայն մեր ներողամտության պատճառով։ Կեղտոտ, անպատկառ խոսքը ոչ միայն ամոթի, այլև զզվանքի զգացում է առաջացնում։ Փողոցային լեզվով խոսող մարդկանց հետ պետք է վարվել ճիշտ այնպես, ինչպես, ասենք, խոսում են փողոցային երթևեկության կանոնները խախտողների, խուլիգանների հետ՝ նրանց խիստ պատժելով և ենթարկելով դրամական տուգանքի։
Ընդունված խոսք է՝ առանց արատների, անթերի մարդ չկա։ Չեմ առարկում։ Բայց մեզանից լավը նա է, ով դրանցից քիչ ունի։ Իսկ այդպիսիք շատ կան։ Նայեք ձեր շուրջն ու կհամոզվեք, կտեսնեք, որ շատ են, բազում են այն մարդիկ, ովքեր օժտված են պատասխանատվության բարձր զգացումով։ Այս կարգի մարդիկ խորապես համոզված են, որ մեծ մտածողի՝ Գյոթեի խորիմաստ տողերը («Վարքագիծը հայելի է, որի մեջ արատցոլվում է մարդու պատկերը») այսօր էլ չեն կորցրել իրենց թարմությունն ու նշանակությունը։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
գ. Մեծ Թաղեր

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ