Գլխավոր » ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ԱՌԱԿԱՆԻ
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ԱՌԱԿԱՆԻ
13:32
ԴԱՏԱՍՏԱՆ

Ավանակը թռչնապահական ֆերմայի վարիչ էր։ Կատուն եկավ, թե՝ թղթակից եմ, քսան փամփլիկ ճուտիկ անուշ արեց ու գնաց։
Առնետը եկավ, թե՝ բժիշկ եմ, մի հիսուն հավի կոկորդ ծակեց, արյունը խմեց ու գնաց։
Աղվեսը եկավ, թե՝ ռևիզոր եմ, ֆերման լրիվ մաքրազարդեց ու գնաց։
Գայլը եկավ, թե՝ դատախազ եմ, տեսավ, որ ֆերմայում այլևս հավ չի մնացել, ավանակի հաշիվը մաքրեց ու գնաց։


ՄԻ ՎԱՆԴԱԿՈՒՄ

Գայլն ու նապաստակը հայտնվեցին արենայում: Վարժեցնողի հրամանով նրանք նստեցին կողք-կողքի, գայլն իր թաթով շոյեց նապաստակի մեջքը, նապաստակը գլուխը դրեց գայլի կրծքին...
- Մեր գայլն ու շլդիկը մտերիմ բարեկամներ են,- խոսեց վարժեցնողը։- Նրանք քնում են նույնիսկ մի վանդակում։
- Մի վանդակո՜ւմ,- հառաչեց գայլը։- Ա՜խ, եթե այդ անիծյալ վանդակը չլինե՜ր։


ԷՇԸ ԹԱՄԱԴԱ

Փղի հարսանքին էշը կարգվեց թամադա։ Երբ մի քիչ խմեց, բոթեց գայլի կողն ու ասաց.
- Փչեմ՝ երկինք կբարձրանաս։
Տրամադրությունը որ քիչ էլ բարձրացավ, արջի վրա մատը... ներեցեք, ոտքը թափահարեց.
- Ապուշի մեկը, աչքերդ կհանեմ։
Իսկ հետո կորցրեց չափն ու սահմանը և գոռաց վագրի վրա.
- Ավանակի մեկը, ի՞նչ իրավունքով ես նստել կողքիս։
Գայլը, արջն ու վագրը մեծահոգաբար կուլ տվեցին վիրավորանքները և նույնիսկ ծիծաղեցին։ Էշը թամադա էր։


ԿԱՏՈՒՆ ԱՆՏԱՌՈՒՄ

Կատուն ընկավ անտառ ու հայտարարեց. 
- Փախե՜ք, եկա... Ես Չինգիզ խանն եմ, Չինգիզ խանը… 
Չգիտես որտեղից վագրը կտրեց նրա ճանապարհն ու մռնչաց.
- Դու որ Չինգիզ խանն ես, բա ես ո՞վ եմ, հիմա՛ր։ 
Կատուն ակնածանքով խոնարհեց գլուխը.
- Ձերդ գերազանցություն, դուք էլ Նապոլեոն Բոնապարտն եք։


ՀԵՌԱՏԵՍԸ

Արջին նշանակեցին մթերային խանութի վարիչ։
Պահեստի դռնով ներս մտավ ու գոռաց տեղակալ գայլի վրա.
- Չե՞ս տեսնում, որ այս դուռը վրաս նեղ է գալիս։
- Բայց դուք ազատորեն ներս մտաք։
- Անհեռատես հիմա՛ր, իսկ երկու ամսից հետո ինչպե՞ս պիտի դուրս գամ։


ԻՆԿՈՒԲԱՏՈՐԱՅԻՆԸ

Վառեկը սկսեց ծաղրել բակի հավերին.
- Ապրում եք ատոմի դարում և տեխնիկայից ոչինչ չեք հասկանում։
- Իսկ դու տեխնիկայից ի՞նչ ես հասկանում,- հարցրին հավերը։
- Տգետներ, ես ինկուբատորից եմ գալիս։

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ