Գլխավոր » ԻՆՉ ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՄ ՄԱՍԻՆ, ԵԹԵ...
ԻՆՉ ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՄ ՄԱՍԻՆ, ԵԹԵ...
21:15

Մահը օրգանիզմի կենսագործունեության դադարումն է, սակայն այն մարդկանց համար իր մեջ միշտ կրում էր առեղծվածային ու միստիկ դրոշմվածք: Լինելով անբացատրելի, անկանխատեսելի երևույթ, այն դուրս էր գալիս մարդկային ընկալման սահմաններից և համարվում որպես պատիժ: Բոլոր հիմնական կրոններն ունեն իրենց բացատրությունը, թե ինչ է կատարվում մեռնելուց հետո:

Մարդու մարմնին հրաժեշտ տալը չէր կարող անցնել առանց ծիսակատարությունների ու արարողությունների. յուրաքանչյուր կրոն, ժողովուրդ ունի այդ արարողությունները կատարելու իր կարգը: Տատս դաղստանահայ էր, հիշում եմ, նա պատմում էր, որ տեղացի հայերի հուղարկավորության համար պատրաստած ճաշերը բաժանում էին աղքատներին: Սրա մեջ որոշակի տրամաբանություն կա, բայց անհասկանալի է, երբ թաղման սեղանին համեղ կերակրատեսակներով փորը պնդացնելուց հետո սկսում են ծխել: Անհասկանալի է նաև այն, երբ քառասունքի սեղանին աղցաններ ու թխվածքներ են դնում, որն ավելի շատ հիշեցնում է ամանորյա սեղան:

Եթե մենք քրիստոնյա ենք, ինչը մեզ պարտադրում է հավատալ հանդերձյալ կյանքին, ապա ինչո՞ւ ենք մոլեռանդորեն ուշադրություն դարձնում շիրմաքարի բարձրորակությանը, սեղանի ճոխությանը... Մի՞թե սրանով մենք հանգուցյալի համար ճանապարհ կհարթենք դեպի դրախտ: Իրականում մենք վատ քրիստոնյա ենք. նույնիսկ թաղմանը քահանա կանչելը կարծես թե նման է երաժիշտ կանչելուն՝ դե թող գա, էլի, ո՞ւմ է խանգարում:

Խորհրդային տարիներից ժառանգված աթեիզմը կարծես թե վեր է ածվել մի նոր ուղղության՝ մեռելապաշտության: Շատ կլինեք լսած նման զրույցներ. «Հինչ լյավ խոխեք ըն, ամեն ինչ լյավ, տեղը տեղին, պերին հորը հետի լյավ ակուրատնի քար քցեցին»: Այսինքն՝ մեզանում մահացած մարդու նկատմամբ նման վերաբերմունքնը ավելի շատ է գնահատվում ու կարևորվում, քան կենդանի մարդու նկատմամբ, քանի որ չեն ասում՝ այս մարդն ամբողջ կյանքում աղքատության մեջ էր ապրում ու հիմա տեսեք-տեսեք ռուսաստաններից եկած որդիները սև մարմարե շիրմաքար են դնում հոր հիշատակին:

Հայի համար միշտ էլ կարևոր է եղել հանուրի կարծիքը. մեր բոլոր ավանդույթներն էլ հիմնված են հասարակական կարծիքի հիման վրա: «Ի՞նչ կասեն մարդիկ» սկզբունքը հաճախ կուրացնում է մեզ, և մենք մտածում ենք՝ ի՞նչ կասեն մարդիկ մեր մասին, երբ թաղման սեղանին թխած կարտոֆիլը պակաս լինի: Կարծես այդպես էլ պիտի լինի՝ թխած կարտոֆիլ՝ թաղման սեղանին: Կարծես մարդիկ չեն եկել վշտակցելու, այլ եկել են թխած կարտոֆիլ ուտելու և զվարճանալու համար:
Այստեղ հոգեհանգստի խորհուրդը ինքնստիքյան չքանում է, և մարդիկ մոռանում են, թե որտեղ են գտնվում ու, սգո սեղանի առջև նստած, սկսում են խոսել առօրեական խնդիրներից: Ամենահամոզված մատերիալիստը կասի. «Դե լավ է, էլի, կերուխում անելով մարդուն հրաժեշտ տալը»: Սակայն չպետք է մոռանալ, որ այսպիսի հանդիսությունը մեծ գումարներ է պահանջում: Ստացվում է այն, որ մարդ բացի ծանր վիշտ ապրելուց, պիտի սեղանի հոգս քաշի, որպեսզի բամբասկոտ ու տգետ մարդիկ չասեն՝ բա սա սեղա՞ն էր, բա սրանք նամուս ունե՞ն...

Բայց կամաց-կամաց մարդիկ հասկանում են, որ հավուրի պատշաճը անցնում են և իրենց իսկ ձեռքով վաղուց կրակն են ընկել, այդ իսկ պատճառով ոմանք հարցնում են, թե չի՞ կարող արդյոք պետությունն այս հարցում միջամտություն ունենալ, այսինքն՝ մարդկանց արգելել ճոխ թաղումներ անել: Իսկ դա նման է ստրկամտության, որովհետև ստրուկը խոհեմ քայլ անում է միայն այն ժամանակ, երբ նրան ստիպում են դա. այստեղ ստրուկը ժողովուրդն է, իսկ պարոնը՝ պետությունը. ժողովուրդը ինքնուրույն չի կարող գործել, քանի որ ունի ստրկային մտածողություն:

Բնության մեջ բյուր հազարներից մեկն է ունեում ինքնուրույն քայլեր ձեռնարկելու կարողություն՝ թքելով հանրային կարծիքի վրա: Նման անհատի կարիքն ունենք, բայց, ավա¯ղ, ինչպես նշեցի վերևում, հայը սիրում է հարևանի, կողքինի կարծիքը հաշվի առնել, անգամ եթե դրանք մաքուր ապուշություն են: Օրինակ, դժվար չէ հասկանալ, որ հարսանեկան հանդեսի ժամանակ անդուր ազդակ արձակելը՝ այն էլ Եկեղեցի ու Եղբայրական գերեզմանոց գնալիս, տգեղ է, ես նույնիսկ կասեի՝ սրբապիղծ արարք է, բայց անում են, քանի որ մի քանի «ազգային ջոջեր» մարդկանց համար որպես իդեալ են ծառայում, իսկ իդեալի արաքրն ինքնստիքյան հեղինակավոր ու օրինակելի է:

Հոդվածս ավարտեմ Օգոստոս Երանելիի խոսքով. «Թաղման մասին հոգատարությունը, շիրիմի կառուցումը, հուղարկավորության ճոխությունը ավելի շուտ սփոփանք են ծառայում կենդանիներին, քան օգնություն հանգուցյալին»:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ