Գլխավոր » ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
17:10
Միջազգային իրավունքը, խոսելով պետությունների մասին, հաճախ է նրանց անձնավորում։ Իրավունքի տեսանկյունից պետության հիմնական հատկանիշը նրա միջազգային իրավական ինքնությունն է, այսինքն՝ միջազգային քաղաքական դաշտում անհատականացված հարաբերությունների մեջ մտնելու ունակությունը։ Ըստ այդմ, միջպետական հարաբերությունները շատ բանով նման են միջանձնական հարաբերություններին, քանզի ընդհանուր առմամբ պետության՝ կարգին պետության, շահն ածանցվում է նրա անհատ քաղաքացիների հավաքական շահից։

Անձնավորելով պետությանը՝ միջազգային իրավունքը քաղաքական և իրավական բազում երևույթներ նկարագրելիս օգտագործում է անձին վերաբերող բառապաշար։ Օրինակ, միջազգային իրավունքի մեջ կա խոցված, վերք ստացած, վիրավորված պետություն (injured state) հասկացությունը։ Եղեռնազարկ բանաստեղծ Դանիել Վարուժանն այդ երկրներին կկոչեր կարեվէր երկրներ։ Հիշո՞ւմ եք նրա «Յիսուսի պես կարեվէր, Արշալոյսի մը երկունքէն բռնուած» բառերը։ Քանի որ կարեվեր [կարեվէր] բառը բաղկացած է կարի = ուժեղ, խորը և վէր(ք) [ստացած] բառերից և միանգամայն արտահայտում է injured state-ի ընդգրկուն քաղաքական իմաստը, ուստի հայոց քաղաքական բառապաշարը հարստացնենք ևս մի դարձվածքով, և այդ խոցված երկրները բնութագրենք որպես կարեվեր պետություններ։

Միջազգային իրավունքը հստակ տալիս է կարեվեր պետության սահմանումը. «Կարեվեր պետությունն այն պետությունն է, որի իրավունքը խախտվել է մեկ այլ պետության կողմից՝ սեփական պարտավորությունների ոտնահարումից առաջացած միջազգայնորեն սխալ գործողության հետևանքով»։

Երբ նայում ենք մեր ոչ վաղ անցյալին, ապա ակնհայտ է դառնում, որ 1920-1921թթ. բոլշևիկա-քեմալական խարդավանքների հետևանքով Հայաստանի պետականության մարմնին հասցվել է խորը վերք. Թուրքիան ոտնահարելով իր ստանձնած միջազգային պարատավորությունները, բոլշևիկների աջակցությամբ և Արևմուտքի թողտվությամբ, խախտել է մեր իրավունքները և մեր պետությանը զրկել է պետականության կենսապահովման նվազագույն պաշարից։ Այսինքն, մեր պետականությանը հասցված վերքը հանգեցրել է պետության կենսունակության որակական անկման։ Պետք է հստակ տարբերակել պարզապես տարածքային կորուստը կենսունակության կորստից։ Օրինակ, Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթումը տարածքի և հարստության կորուստ է, սակայն որակի կորուստ չէ։ Կիպրոսը, կորցնելով իր տարածքի 37%, չի կորցրել աշխարհի հետ ազատորեն հաղորդակցվելու ունակությունը, ուստի պահպանել է զարգացման հնարավորությունը։ Հայաստանի Հանրապետությունը, կորցնելով Կարսի մարզը (դեռ չեմ խոսում Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքների մասին), առնվազն կորցրել է աշխարհի հետ ազատորեն հարաբերվելու ունակությունը, սեփական մայրաքաղաքի պաշտպանունակությունը և Վրաստանի վրա համարժեք ազդեցության լծակը։ Այս վիճակից ելքեր գտնելու համար պետք է սթափ նայել իրականությանը՝ ներկա սահմաններով, նման աշխարհաքաղաքական դիրքում և նման հարևանների առկայությամբ Հայաստանի Հանրապետությունն ապագա չունի։
Մեր պետականության մարմնին հասցված վերքերն անհամատեղելի են մեր պետության կյանքի հետ։ Քանի դեռ այդ վերքերը չեն ապաքինվել, առավելագույնը ուշմիջնադարյան ռոմանտիզմ է հույս փայփայել, թե կարելի կլինի կառուցել ապահով և բարգավաճ երկիր։ Եթե բանաստեղծ լինեի կգրեի. «Մեր ափերի մեջ դեռ մղկտում են մեխի տեղերը և մեր վերքերը դեռ շարունակում են արնահոսել»։

Այստեղ ուզում եմ անել մի հույժ կարևոր շեշտադրում՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և օրենքի գերակայությանն այլընտրանք չկա։ Ավելին, ժամանակային առումով ես դրանք ամենաառաջնահերթն եմ համարում։ Առանց դրանց ոչինչ հնարավոր չէ անել, ընդհանրապես ոչինչ։ Մեր պետականության ինքնին գոյության համար ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը կենսականորեն անհրաժեշտ պայմաններ են։ Սակայն բուն խնդիրն այն է, որ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են։ Հայաստանին պետք է կենսունակության նվազագույն պաշար, այսինքն՝ այն, ինչ դարերով միջազգային հանրությունն անվանել է Հայկական հարցի լուծում։ Ի վերջո ի՞նչ էր Հայկական հարցը. դա հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար նվազագույն կենասապայմանների ապահովում էր։ Ներկա փուլում Հայկական հարցի լուծման դրսևորումը փոխվել է։ Ներկայումս այն միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է։ Փոխվել է դրսևորումը, սակայն չի փոխվել էությունը. Հայաստանի Հանրապետության գոյության համար անհրաժեշտ է կենսապահովման նվազագույն պաշար, որին հնարավոր է հասնել միմիայն Հայկական հարցի լուծման ճանապարհով։

Մենք դա պետք է գիտակցենք, որպեսզի հստակորեն պատկերացնենք մեր անելիքը և խուսափենք հերթական սխալներն անելուց։ Ի վերջո հայ-թուրքական հայրենակործան արձանագրությունները դեռ կախված են մեր գլխին։

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
«Մոդուս վիվենդի»
կենտրոնի ղեկավար

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ