Գլխավոր » ԽԼՈՒՐԴԻ ՆՈՏԱՆ
ԽԼՈՒՐԴԻ ՆՈՏԱՆ
16:43

Երևի թե հասկացաք, որ խոսքը կոմպոզիտոր Խլուրդի մասին է, բայց այստեղ «նոտան» ոչ թե երաժշտական նոտաների, այլ Խլուրդի բողոքի նոտայի մասին է: Սակայն ավելի լավ է ամեն ինչ պատմեմ հերթով:

«Նոր էջ»-ի նախորդ համարում տպագրելով «Խլուրդը կոմպոզիտոր» գրվածքը, ես ամենևին չէի սպասում, որ այն սպասվածից բազմիցս մեծ արձագանք պիտի գտնի: Օրեր շարունակ հեռախոսազանգեր էի ստանում, և հեռախոսագծի հակառակ ծայրից ծանոթ ու անծանոթ մարդիկ գյուտ արածի պես ինձ հաղորդում էին, որ իրենք իսկույն հասկացել են, թե խոսքն ում մասին է: Փողոցում ինձ կանգնեցնում էին միանգամայն ծանոթ  թե անծանոթ և հայտնում, որ «Խլուրդի մասին լավ եմ գրել», «Այդ սրիկա Խլուրդին այդպես էլ պետք է» կամ «Այդ Խլուրդը մեր արվեստը կերավ» և այլն:

Անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում, թե Խլուրդն ինչպես է մեր արվեստը ուտում: Արվեստը հո կարկանդակ ու ժենգյալով հաց չէ, ճապոնական թանկարժեք դիկտաֆոն կամ վետերանների միության փող չէ, որ զույգ ձեռքով բռնի ու հավեսով խժռի...

Իսկ նրանցից մեկն էլ, ընդհակառակը, ինձ փորձում էր համոզել, որ Խլուրդի մասին չպիտի գրեի: «Հիմա նա բոլորիս ջգրու սկսել է աջ ու ձախ սցենարներ ու պիեսներ գրել ոչ միայն կինոնկարների, ներկայացումների, այլև գովազդային հոլովակների համար»,- ասաց զրուցակիցս:

Հետաքրքիրն այն է, որ բոլոր զրուցակիցներս, չգիտեմ ինչու, հարյուր տոկոսով համոզված են, որ կոմպոզիտոր Խլուրդը հենց այն Խլուրդն է, ում իրենք ճանաչում են: Բայց ամենազավեշտականը դեռ հետո պիտի լիներ...

Մի օր հնչեց դռան զանգը: Դուռը բացեցի և շեմքին տեսա ասես այն աշխարհից հայտնված գզգզված ու ճմրթված անատամ մի ծերուկի, որի անդրշիրիմյան կերպարը լրացնում էր գջլոտ ու անլվա հանդերձանքը: Կարծես աղբանոցից հագուստ հիշեցնող ինչ-որ բաներ են վերցրել և բարձրահարկ մի շենքի պատուհանից նետել նրա վրա: Նրանից այնպիսի հոտ էր «ճառագայթում», ասես մի քանի տարի շարունակ կոյուղի մաքրելիս է եղել: Ուզում էր ձեռքով բարևել ինձ, բայց ես հասկանալով, որ դրանից հետո մի ամբողջ օր ժավելով պիտի լվամ ձեռքերս, քանզի ընդհանրապես ամեն տեսակի ու որակի կեղտից ալերգիա ունեմ, ասացի, որ դրա անհրաժեշտությունը չկա:

- Ես Խլուրդի մոտից եմ եկել,- ասաց ծերուկը:

- Արդեն կռահեցի դա,- պատասխանեցի, մտքում ավելացնելով՝ տնաշենի բիձա, քո այդ տեսքով ու գարշահոտով ուրիշ որտեղի՞ց պիտի գաս՝ եթե ոչ Խլուրդի մոտից: Պարզ է, որ քեզպիսիք երկնքից չեն իջնում կամ Փարիզից չեն ժամանում:

- Պարոն Խլուրդը խիստ վիրավորվել է, որ իրեն և իր հանճարեղ «Սիմֆոնիան» ձեռ եք առել,- անատամ բերանը շարժեց ծերուկը:- Բացի դրանից, պարոն Խլուրդը հայտնել է, որ այդ առթիվ սիմֆոնիկ նվագախմբի ողջ կոլեկտիվը նույնպես շատ խիստ վրդովվել է...

- Սիմֆոնիկ նվագախմբի կոլեկտիվն այստեղ ի՞նչ գործ ունի,- ծիծաղս հազիվ զսպեցի:- Խլուրդն ու սիմֆոնիկ նվագախումբն այդ երբվանի՞ց են հոմանիշներ դարձել... Ի դեպ, լսել եմ, որ «մաեստրո» Խլուրդին այժմ էլ ուզում են նշանակել կինոստուդիայի կամ բալետի թատրոնի տնօրեն: Ձեր այդ «արվեստագետը» գո՞ւցե վաղն էլ փորձելու է համոզել, թե ողջ կինեմատոգրաֆիան, բալետի կամ դրամթատրոնի կոլեկտիվներն են կանգնած իր թիկունքում...

Խլուրդի անձնական ներկայացուցիչ քրջոտ այս ծերուկի ներկայությունն ինձ զվարճացնում էր, և ես լուրջ տոնով ասացի.

- Օրերս «Եվրոնյուսն» ու «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել են, որ Հռոմի պապը լսելով Խլուրդի սիմֆոնիան, զարմացած բացականչել է. «Մինչև հիմա որտե՞ղ է եղել այդ մեծ արվեստագետը, որ չենք տեսել: Մեր այս փոքրիկ հողագունդն այդ ինչպե՞ս է կարողանում իր վրա կրել այնպիսի մի մեծություն, ինչպիսին Խլուրդն է...»:

- Տեսնո՞ւմ եք, նույնիսկ Հռոմի պապն է գնահատում մաեստրոյի արվեստը,- զվարթացավ ծերուկը,- իսկ դուք գրել եք, թե նրա երրորդ ներկայացման ժամանակ դահլիճում ընդամենը 2 ուսանող էին նստած... Ես հաշվել եմ, Խլուրդի բարեկամների հետ միասին ուղիղ 12 հոգի են եղել...

Ծերուկն ավելի ու ավելի էր ինձ զվարճացնում, բայց քանի որ նրանից փչող գարշահոտն արդեն մի քանի մետր շառավղով տարածվել և պաշարել էր ինձ, շտապեցի կարճել այս ներկայացումը.

- Անկասկած Խլուրդը տաղանդավոր անհատականություն է... բայց եթե քեզ օճառ է պետք, մեր լվացարանից մի հատ բերեմ...

- Չէ, շնորհակալություն, ինձ մոտ կա,- ասաց ծերուկն ու, որպես ապացույց, քրջոտ գրպանից հանեց ու ցույց տվեց 50-60-ական թվականների խորհրդային լվացքի օճառի հսկա մի ցուցանմուշ:- Ատամներս էլ եմ սրանով լվանում,- դատարկ լնդերը ցուցադրելով, ժպտաց նա:- Պարոն Խլուրդին ուրիշ ի՞նչ հաղորդեմ ձեր կողմից:

Ուզում էի ասել՝ «Փառասիրությամբ հիվանդ ու խանգարված այդ հոպոպին հաղորդիր, որ վաղուց ժամանակն է վերջ տա Արվեստի տաճարում իր լարախաղացությանն ու մտածի ճամպրուկները կապելու մասին», բայց ծերուկի տրամադրությունը չփչացնելու համար ասացի միայն.

- Քո այդ հրաշալի օճառով իրեն էլ կլողացնես-մաքրես՝ թե՛ դրսից, թե՛ հատկապես ներսից: Առանձնապես թող մի լավ լվա ծնոտից կախած ցախավելն ու հասկանա, որ այն դեռևս բավարար ապացույց չէ գրող ու արվեստագետ կոչվելու համար: Այլապես «բոմժերն» ու այծազգիները վաղուց կգլխավորեին մշակույթի գործիչների ցուցակը:

Դուռը փակեցի, անմիջապես նետվեցի պատշգամբ և բոլոր պատուհանները բացեցի: Կեցցե՛ մաքուր օդը...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ