Գլխավոր » ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
10:01
ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՊԵՐՃԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր նախորդ համարում գրել էինք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ, ու դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում։ Ինչպես կանխազգացել էինք, իշխանությունները հերթական անգամ արհամարհեցին հանրության կարծիքը և ՀՀ ԱԺ-ում վավերացրին հակասահմանադրական, հակապետական այդ օրինագիծը։ Դեռ շաբաթներ առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ցույց էին կազմակերպել ՀՀ ԱԺ-ի առջև և ամոթանք էին տալիս ազգային խորհրդարանի երեսփոխանի մանդատավորներին, իշխող կուսակցության պատգամավորներից մեկը երեք մատներով անպարկեշտ գործողություն է արել ցուցարարների ուղղությամբ։ Անկասկած, կարող էր նաև լեզու ցույց տալ, փողոցային հայհոյանքների տարափ հեղել հավաքվածների հասցեին կամ քացով խփել մեկ-երկուսին, բայց այդպիսի հրահանգ դեռ չէր ստացել իր կուսակցական բոսերից...

Իսկ ստացած հրահանգը նա և իր պատգամավոր եղբայրները փայլուն կատարեցին. համերաշխ քվեարկեցին Հայոց պետականության հիմքերը խարխլելուն միտված օրինագծի օգտին։ Միամտություն կլինի այլ բան սպասել. պատգամավոր է թե նախարար, օլիգարխը մնում է օլիգարխ, և նրա աստվածը Փողն է։ Մնացյալ ամեն ինչի վրա նա թքած ունի։
ԼՂՀ նախկին նախագահի եղբայրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, բիզնեսմեն Արեգ Ղուկասյանը, որ «կողմ» էր քվեարկել օտարալեզու դպրոցների մասին օրինագծին, երևանյան լրագրողի հարցին, թե՝ մասնակցե՞լ է պատերազմին, խուսափողական պատասխան է տվել. «Եղել եմ պատերազմի ժամանակ և՛ Ղարաբաղում, և՛ էստեղ»։ Երբ լրագրողը կրկնել է իր հարցը. «Կռվին մասնակցե՞լ եք», պատասխանել է. «Օֆիցիալ ես բանակում չեմ ծառայել, բայց բանակի հետ կապված շատ բաներ եմ արել, որոնց մասին հիմա խոսել պետք չի»...

Արցախյան շարժումից հետո իշխանության և մեծ հարստության տիրացած գործիչների գերակշիռ մասը նույնպես պատերազմին չի մասնակցել, «բայց բանակի հետ կապված շատ բաներ է արել, որոնց մասին հիմա խոսել պետք չի»։ Ինչպիսի՜ համեստություն...

Արցախի Մարտակերտի շրջանում հունիսի 18-ի ողբերգական միջադեպն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Ստեփանակերտ՝ քաղաքական ամենաբազմազան շահարկումների թեմա է դարձել։ Հայաստանյան որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ սրտանց և անկեղծորեն ցանկանում էին, որ ՀՀ ղեկավարի Արցախ ժամանելու պատճառը «տարածքների վերադարձի» թեման լիներ, որպեսզի դա կարողանան օգտագործել իշխանափոխության համար, ոմանք Արցախում զոհված զինվորների վերաբերյալ տեղեկատվությանը զուգահեռ ծայրեծայր զետեղել են ադրբեջանական լրատվամիջոցներով սփռած լուրերը՝ ազերական բանակի նոր զորավարժության մասին, որին մասնակցել է «4 հազար զինվոր, 100 տանկ, մարտական ինքնաթիռներ...»։ Եվ նմանատիպ «ինֆորմացիայով» լուսավորված քաղաքական ինչ-որ «կուրտիզանուհի» բացականչում է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ դուք օտարալեզու դպրոցների դեմ եք պայքարում... Կարծես կոճակ սեղմող ՀՀ պատգամավորը վայր է դնելու իր մանդատն ու ջիպի ղեկին նստած որդու հետ շտապ մեկնի առաջին գիծ...

Երբ ջուրը պղտորվում է, ձկնորսները շատանում են, բայց մեզանում յուրաքանչյուրը ձգտում է բռնել հենց այն ձուկը, որն իր քիմքին ավելի հաճելի է։ Անկախ նրանից, թե այդ ջրում կա՞, արդյոք, որոնածը։ Սա է հայոց քաղաքական դաշտը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ