Գլխավոր » ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
22:25
ԱՅՍ ԵՆՔ ՄԵՆՔ
Օրերս Yerevaklur-ում, այսպես կոչված, հոդվածաշար կարդացի «Ադրբեջանը վերսկսեց պատերազմը» խորագրով, որտեղ, իրենց ասելով, զետեղվել են մտածածին իրավիճակներ, որը «կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում»։ Հեղինակ Զոհրապ Եգանյանի պատմելով, ս.թ. ապրիլի 24-ի գիշերը «Ադրբեջանն, առանց պատերազմ հայտարարելու, անցել է մասշտաբային հարձակման... Ստեփանակերտը կրել է հսկայական կորուստներ, մարդիկ պատսպարվել են նկուղներում, անջատվել է էլեկտրամատակարարումը... Չճշտված տվյալներով հիմնահատակ ավերվել է ԼՂՀ նախագահի նստավայրը, ԱԺ-ի շենքը և ՊՆ-ն...»։ Բայց սա բոլորը չէ։
 
«Ադրբեջանական ռազմական ինքնաթիռներն անցել են նաև ՀՀ օդային սահմանները... ռմբակոծել Երևանի տարածքում գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ հեռուստատեսային աշտարակը... Հայաստանում խուճապ է, երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ կապ գրեթե չկա։ Հայ օլիգարխներից շատերը իրենց ընտանիքների հետ միասին անցել են Վրաստան կամ Իրան...»։

Արցախյան շարժման սկզբնական տարիներին Անար անունով ադրբեջանցի նշանավոր մի շանորդի ասել է, թե հայերը մազոխիստ են։ Բազմիցս համոզվել եմ, որ նա իրավացի է։ Ցավոք, իրավացի է։ Ուրիշ էլ ո՞վ կարող է այսպիսի քստմնելի իրավիճակ երկնել և դնել ինտերնետային կայքում, մոգոնելով թե այն «կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում»։ Եթե վերոհիշյալ զառանցանքի մեջ կա մի դրվագ, որ կասկած չի հարուցում, դա օլիգարխների մասին հատվածն է...

Շատ հնարավոր է՝ պատերազմական գործողությունների ժամանակ, հատկապես սկզբում, մեծ կորուստներ ունենանք՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային, բայց դեռ պատերազմ չսկսված, մազոխիստական երևակայությամբ «Կիկոսի մահը» նկարագրես, դա չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում։ Հակառակորդները մարտից առաջ սովորաբար միանգամայն այլ կերպ են վարվում։ Օրինակ՝ բռնցքամարտիկների մեծ մասը մամուլում աջ ու ձախ հոխորտում է հակառակորդին ոչնչացնելու, «բմբուլները քամուն տալու» մասին, այսպես ասած, հոգեբանական գրոհով փորձելով նախապես ահ ներշնչել ախոյանին։ Եվ հաճախ դա հաջողվում է նրանց...

Բայց, որ մարտից առաջ մեկը վերցնի ու իր սեփական ջախջախումը նկարագրի, իբր թե՝ դրանից դասեր քաղելու միտումով, իմ երկրային կյանքում առաջին անգամ եմ նման «ռազմավարական քայլ» տեսնում։ Ակամայից հիշեցի ահաբեկիչների կողմից ամերիկյան հանրանայտ առևտրատնտեսական երկու երկնաքերների պայթեցման մասին սեպտեմբերի 11-ից առաջ նկարահանված կինոնկարներից մեկը... Կոպիտ է հնչում՝ Ամերիկան հնձեց այն, ինչ ցանել էր...

Անկասկած, մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց այդ մեծ հավանականության համար ես բացարձակապես չեմ մեղադրում հակառակորդին։ Բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, քարոզչական և այլն, նա հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում է կորցրածը, խորհրդային կայսրության շնորհիվ զավթածը կրկին ետ վերադարձնելու համար։ Դա այդ ազգի բնույթն է՝ զավթել, գողանալ, խաբել, կոտորել ոչ հավատակիցներին, հատկապես հայերիս, որ դարեր ի վեր սիրով ու մի առանձին հպարտությամբ մեզ տեղավորել ենք զոհի կարգավիճակում... Արցախյան ազատամարտն այդ «կարգավիճակից» դուրս գալու առաջին մեծ պոռթկումը եղավ, սակայն բնածին ապաշնորհ ու ողորմելի հայ դիվանագիտությունն ամեն ինչ անում է մեզ «ի շրջանս յուր» վերադարձնելու համար... Ու ցավն այն է, որ հասարակությունը կարծես դեմ չէ դրան, գենետիկորեն հարմարվել է դրան։ Վերոհիշյալ այս հոդվածաշար կոչվածում չկա ազգ, պետություն, կա միայն ԶՈՀ և այդ զոհը դարձյալ մենք ենք, ինչպես 20-րդ դարավերջին Սումգայիթում, Բաքվում, 1915-ին և դարեր առաջ, դարեր շարունակ...

Ասել է թե՝ պատերազմի վերսկսման հնարավորության մեծ տոկոսի և Ղարաբաղյան խնդրի հետ կապված ողջ շիլաշփոթի ամենամեծ մեղավորը հայերս ենք՝ մեր գետնաքարշ դիվանագիտությամբ, տհաս ղեկավարությամբ ու ստրկամիտ, մազոխիստ հասարակությամբ, հանուն մի կտոր հացի ու սեփական շահի ներսից ինքներս մեզ խժռելու, ոչնչացնելու դարավոր սովորույթով։
21-րդ դարն էլ եկավ, ոչ մի դաս չքաղեցինք բազմադարյա մեր պատմության դառը փորձից։ Շարունակում ենք ճակատագրական, ազգակործան նույն սխալները, դրանց գումարելով նորերը, որի արդյունքում՝ շարունակ ընտրություն ենք կատարում ոչ թե լավի և վատի միջև, այլ՝ վատի և վատթարագույնի միջև, ու մշտապես ընտրում վատթարագույնը...

Իսկ հերոսներ՝ որքան ուզեք, այդ առումով մրցակից չունենք։ Այլևս ես ոչ մեկին «հիմար» կամ «ապուշ» չեմ անվանում, թեկուզ 120 տոկոսով հիմար ու ապուշ լինեն։ Աստված նրանց հետ։ Մի օր նրանք էլ մեդալ ու շքանշան կստանան, և միայն ես, ղարաբաղցու ասած, կմնամ վատամարդի...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ