Գլխավոր » ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԷՐՆԵԿ ԹԵ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ...
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԷՐՆԵԿ ԹԵ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ...
21:50
«Էրնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին բուն դներ մեր սրտերին»...

Ասվում է հանրահայտ երգում, որի խոսքերը շուրջ մեկևկես դար առաջ գրել է նշանավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանը։ Այսօր Հայաստանը, Արցախը պետականություն ունեն, ճանաչված թե չճանաչված անկախ երկիր են, սակայն դարձյալ Ամանորի նախօրյակին երազում ենք՝ «Էրնեկ թե այս Նոր տարին ազատ շնչեր Հայաստան...»։ Ժամանակները փոխվել են, բայց մեր իղձերն ու սպասելիքները նույնն են մնացել։

Մի տարի էլ կանցնի պատմության գիրկը, մենք մի տարով էլ կմեծանանք, ծերանանք, սակայն մշտապես մնալով սեփական սխալներից երբեք դասեր չառնող նույն մանկամիտը։ Անկատար մնացած մեր երազներն հիմա էլ կբարդենք գալիք 2011-ի ուսերին։

Ի՞նչ տվեց մեզ 2010-ը։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել, քանզի «մեզ»-ը շատ լայն հասկացություն է, որի մեջ մտնում ենք թե՛ շարքային քաղաքացիներս, որ ժողովուրդ է կոչվում և դե-յուրե համարվում է այս երկրի տերը, թե՛ իշխանություններն ու սրանց հովանու ներքո բարգավաճող գործարարները, որ Հայոց երկրի տերն են և՛ դե-յուրե, և՛ դե-ֆակտո։

Ժողովրդի վիճակը, մեծ հաշվով, էականորեն չի փոխվել՝ ոմանց բարեկեցությունն աննշան լավացել է, ոմանցը՝ որոշ չափով վատացել։ Որոշ չինովնիկներ նոր պաշտոններ են ստացել, ոմանց «ռակիրովկա» են արել այլ պաշտոնյաների հետ, բայց թվաբանական հայտնի կանոնի համաձայն՝ գումարելիների տեղափոխությունից գումարը մնացել է անփոփոխ...

Արտաքին քաղաքական կյանքում կարծես լուրջ փոփոխություններ չեղան, բայց, միևնույն ժամանակ, հատկապես ղարաբաղյան խնդրում տեղի ունեցած շարժերն առավելապես ի վնաս մեզ են։ Ազերիների պահանջով, բնականաբար, հայկական կողմի համաձայնությամբ՝ ԵԱՀԿ-ն «հումանիտար ուսումնասիրություններ» կատարեց մեր այն տարածքներում, որ ազերիները, միջազգային հանրությունն ու մեր քաղաքական վերնախավն անվանում են օկուպացված տարածքներ։ Հակառակ հայ ղեկավրության խոստման, նրանք նույն «սումնասիրությունը» չկատարեցին ազերիների կողմից օկուպացված հայկական տարածքներում, և չեն էլ կատարելու...

Ներքաղաքական կյանքում. Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկը մի կերպ մտավ Հայոց խորհրդարան, սակայն ղեկավարող կուսակցության կտրիճները մի մարդու պես լքել են նիստերի դահլիճը, գտնելով, որ դա ժամանակավրեպ է և խանգարում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որից հայտնի չէ, թե ինչ սպասելիքներ ունենք։ Այդ կտրիճներից պետք էլ չէր այլ բան սպասել, որովհետև մինչ այդ նույն կուսակցության թիմակից ՀՀ նախագահն ի լուր աշխարհի հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը պատերզմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը։ Ասել է թե՝ քանի դեռ Ադրբեջանը չի հարձակվել Արցախի վրա, ՀՀ-ն երբեք չի ճանաչի Ղարաբաղը։
Սակայն հանգիստ թողնենք նաև բազմաչարչար Ղարաբաղյան խնդիրն ու մտածենք գալիք Ամանորի մասին։ Ի վերջո, այնքան էլ հաճախ չենք հանդիպում նրան։ Ընդամենը տարին մի անգամ։

Ամանորն արդեն ծեծում է մեր դռները։ Ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունենք Նոր տարուց՝ 2011 թվականից։ Անձամբ ես ընդամենը մի ցանկություն ունեմ։ Գիտեմ, որ դա երբեք չի իրականանալու, բայց եթե դա մի հրաշքով կատարվի, կիրականանա իմ և հազարավոր, տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր իմ հայրենակիցների երազանքների մեծ մասը...

Ես կցանկանայի, որ հասարակ մահկանացուներս Նոր տարվա առաջին արևածագին աչքներս բացենք ու տեսնենք, ո¯վ հրաշք, Հայոց աշխարհի բոլոր մեծ ու փոքր, ամենատարբեր տրամաչափի ապաշնորհ ու տհաս ղեկավարները անվերադարձ թռել են Մարս կամ դեռևս չբնակեցված մի այլ մոլորակ։ Դեկտեմբերի 31-ի վերջին ժամերին նստել են գերժամանակակից մի աերոբուս կամ բազմատեղանոց մի տիեզերանավ ու թռել մի մոլորակ, որտեղ ծառերի վրա դոլարներ են աճում, իսկ գետնին քարերի փոխարեն ոսկիներ են թափված... Եվ թող նրանք սրտի ուզածի չափ հարստանան, 2-ի փոխարեն 30 կամ 40 դղյակ սարքեն իրենց համար, միլիոնավոր հեկտարներ սեփականաշնորհեն...

Բայց այս ամենը միայն ցանկություն է, որ երբեք չի կատարվելու։ Գուցե ճիշտ կլինի շատ ավելի հավանական մի այլ բան ցանկանանք Ամանորից առաջ։ Ասենք, ցանկանանք, որ Աստված մեզ տալիքից մի ստվար բաժին կտրի և տա սրանց՝ քաղաքական վերնաշենքը սեփականացրած բոլոր ապաշնորհ, տգետ, հավակնոտ ու անկուշտ պաշտոնյաներին։ Գուցե թե դա նպաստի, որ սրանք այլևս չթալանեն մեր երկիրն ու ժողովրդին և զանազան զարտուղի ճանապարհով հարստություն կուտակելու մասին մտմտալու փոխարեն ժամանակ ունենան մտածելու մի Բարի գործ կատարելու համար...

Էրնեկ թե այս Նոր տարին... Դարեր ի վեր այսպես երազում ենք։ Մի բան, որ չեն կարող մեզնից խլել, դրանք մեր երազանքներն են։ Դրանց համար չեն կարող հարկ գանձել կամ պահանջել պարտադիր ապահովագրել դրանք։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ