Գլխավոր » ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ԼԱՅՆՈՒԹՅԱՄԲ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ԼԱՅՆՈՒԹՅԱՄԲ
21:22
ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կ. Պետրոսյանը վերջերս մամլո ասուլիսում հայտարարել է, որ շուտով Արցախը էներգիա ներկրողից կդառնա էներգիա արտահանող երկիր։ Նրա խոսքով՝ գործող հէկ-երին զուգահեռ կշահագործվեն 3 նոր հէկ-եր: Փոքր հէկ-եր կկառուցվեն նաև Իշխանագետի և Կարկառի վրա: Ասել է թե՝ մենք այնքան էլեկտրաէներգիա կունենանք, որ մի մասը կարող ենք վաճառել մեր հարևաններին։ Նա հայտնել է նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի լինելու։

Նախ, կարծում եմ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի շարքային քաղաքացին այսօր անհրաժեշտ հզորությամբ էլեկտրաէներգիա ստանա։ Վերջերս շատ են դժգոհում թույլ հոսանքից։ Վերջին ամսում, օրինակ, ցերեկայն ժամերին մեր բնակարանում հոսանքի լարումը մոտ 180 վոլտ էր, գիշերային ժամերին, գերծանրաբեռնվածության պատճառով՝ 145 վոլտ։ Դրանով ոչ միայն գրեթե ոչ մի սարքավորում չի աշխատում, այլև էլեկտրական շատ սարքավորումներ շարքից դուրս են գալիս։ Կարգավորելուց հետո գիշերային ժամերին լարումը դարձել է 180 վոլտ։ Դա, իհարկե, համեմատաբար լավ է, բայց եթե ժամանակին նախապես հաշվարկած լինեին, թե քաղաքացիները ձմռանը մոտավորապես որքան էներգիա են սպառելու, նման խնդիրներ չէին ծագի։

Երկրորդ՝ սակագնի բարձրացում չի՞ լինելու։ Փաստենք միայն, որ երրորդ տարին է Ստեփանակերտում բնակչության գերակշիռ մասը նախատեսվածից կրկնակի բարձր սակագին է վճարում սպառած էլեկտրաէներգիայի համար։ 1 կվտ հոսանքի համար բնակչության մեծ մասից 25 դրամ են վերցնում, մինչդեռ տարիներ առաջ խոստացել էին, որ ցերեկային ժամերի համար էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ է լինելու, գիշերային ժամերի համար՝ 15 դրամ։ Պատճառաբանությունն այն է, որ դեռևս համապատասխան հաշվիչներ չեն տեղադրել։ Առողջ տրամաբանությունը, սակայն, հուշում է՝ հաշվիչ չե՞ք տեղադրել, ինչո՞ւ սակագինը 15 կամ, առավելագույնը, 20 դրամ չեք դարձնում։ Չէ՞ որ պարզից պարզ է, որ հատկապես ձմռան ամիսներին բնակչությունը գիշերային ժամերին է մեծ չափով հոսանք օգտագործում։

Երրորդ՝ էլեկտրաէներգիա արտահանելու մասին մտածելու փոխարեն լավ կլինի մտածեն դրա սակագինն իջեցնելու և գազաֆիկացման փոխարեն ավելի մեծացնելու էլեկտրաէներգիայի օգտագործման հնարավորությունը։ Այսօր գազը մեզ համար թանկ հաճույք է դարձել, մյուս կողմից, պարբերաբար բարձրացվում է միավոր գազի գինը։ Մասնագետներից լսել եմ, որ գազօջախների և գազով աշխատող ջեռուցիչների փոխարեն ավելի նպատակահարմար է օգտագործել էլեկտրական սալօջախներ և այլ համապատասխան սարքեր։ Դա բազմիցս էժան է ու դրա հնարավորություններն ավելի մեծ են։ Օրինակ, Երևանի բազմաթիվ թաղամասերում այսօր էլեկտրական սալօջախներ են օգտագործում, և դա առնվազն կրկնակի էժան է նստում...

Այնպես որ՝ միայն էլեկտրաէներգիայի խնդրի հաշվարկված ու նպատակաուղղված լուծումով այսօր բազում խնդիրների ծանրության տակ կքած արցախցիներին կարելի է ազատել մի մեծ պրոբլեմից։ Ընդհանրապես, զարգացման երկու տեսակ կա՝ լայնությամբ և խորությամբ։ Պարզ է, որ նախընտրելին խորությամբ զարգանալն է։ Ասենք, 100 տոննա բերք ստանալու համար պետք է ոչ թե ցանքատարածություններն ընդլայնել, այլև այնպես անել, որ ունեցածիցդ ավելի շատ եկամուտ ստանաս։

Իսկ այս և մյուս բազում խնդիրները լուծելու համար մասնագետներ, կադրեր են պետք, կադրային ճիշտ քաղաքականություն է պետք։ Մինչդեռ մեզանում շարունակ միևնույն «կոտրած տաշտակներն» են աջ ու ձախ տեղափոխում։ Իսկ «գումարը չի փոխվում»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ