Գլխավոր » «ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ». ՇԱՀԵՑ ՆԱԵՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ
«ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ». ՇԱՀԵՑ ՆԱԵՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ
21:23
Անցած ամիս Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնը հանդիսատեսին ներկայացրեց ֆրանսիացի Լուի Վերինի «Խոշոր շահում» պիեսը։ Թեթև ժանրի մի ներկայացում, որի պահանջը թերևս առավել շատ էին զգում հայկական էժանագին ու այլանդակ հեռուստասերիալներից հոգնած-ձանձրացած մեր երիտասարդները։
Բեմադրության հեղինակն է երիտասարդ դերասանների մասնակցությամբ մի քանի այլ բեմադրություններով Արցախի հանդիսատեսին արդեն քաջածանոթ, պետթատրոնի նախկին դերասանուհի, այժմ ռեժիսոր շնորհալի երիտասարդ արվեստագետ Վեներա Ավագիմյանը։ Երաժշտական ձևավորման հեղինակը Ալբերտ Սաֆարյանն է, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի։

Սովորական ու առօրեական է պիեսի սյուժեն. երիտասարդ ամուսինների՝ շարքային ծառայող Ժակի և Լաուրայի ընտանեկան հարաբերություններն այնքան էլ նախանձելի չեն։ Ամուսինը պարբերաբար գործուղումների է մեկնում, մենությունից ձանձրացած, ամուսնու անտարբերությունից վիրավորված կնոջ շուրջ սկսում է պտտվել ու սիրահետել երիտասարդ, նույնպես սովորական մի ծառայող՝ Ալենը։ 

Այդ օրը Լաուրան անհամբեր սպասում էր ամուսնուն՝ միասին նշելու ամուսնության տարելիցը։ Ժակը եկավ դարձյալ հոգնած ու մռայլ՝ վերջնականապես փչացնելով կնոջ տրամադրությունը... Իսկ հաջորդ օրը, երբ ժակը դարձյալ գործուղման մեկնեց, հայտնվեց երջանկությունից շողացող Ալենը՝ 6 միլիոն շահած վիճակախաղի տոմսը ձեռքին։ Տոմս, որ Լաուրայի հետ էր գնել, և այն ընտրել էր վերջինս...

Երջանիկ սիրահարները սկսում են ապագայի ծրագրեր կազմել, ապագա, որ երիտասարդներին պատկերանում է հեքիաթային գույներով... Հետո հայտնվում է ժակը, որ դեռ չէր մեկնել։ Ժակի անսպասելի վերադարձը սառը ջրի ազդեցություն է թողնում. Ալենը դուրս է պրծնում սիրուհու տնից՝ սեղանին թողնելով խոշոր գումար շահած տոմսը։ Ժակը, որ վիճակախաղի ավելի մոլի երկրպագու էր ու ինքն էլ էր տոմսեր գնել, սեղանի վրա նկատելով տոմսը, կարծում է, թե 6 միլիոն շահած այդ տոմսն իրենն է...

Դերերը փոխվում են։ Հոգնած-մռայլ Ժակը անսպասելի երջանկությունից պայծառանում է ու հիմա էլ ինքը սկսում կնոջ հետ ապագայի ծրագրեր կազմել, իսկ անփութության պատճառով «կարողությունը» կորցրած Ալենը դառնում է կոպիտ ու անտանելի՝ ամեն ինչում մեղադրելով Լաուրային... Ապա ծրագիր է կազմում, վերջինիս աջակցությամբ գողանալու սեփական միլիոնները...

Լաուրայի կանացի խորաթափանցության թե խորամանկության շնորհիվ 6 միլիոնը մնում է երիտասարդ ամուսիններին։ Արկածային երանգներով փոքրիկ պատմություն։ Սակայն ռեժիսորական տքնաջան աշխատանքի ու սովորական այս պատմությանը ռոմանտիկ-իրական կերպավորում հաղորդելու, երիտասարդ դերասանների գրագետ դերակատարման շնորհիվ հանդիսատեսը մինչև ներկայացման վերջ լարված սպասում է հանգուցալուծմանը, կարծես ինքն էլ դառնալով դրամատիկ այդ պատմության ականատեսն ու մասնակիցը։

Ժակի դերակատար Դավիթ Ղահրամանյանը մի քանի տարի առաջ է ավարտել պետդրամթատրոնին կից դերասանական ստուդիան։ Մինչ այդ արդեն հասցրել է հանդես գալ Վեներա Ավագիմյանի բեմադրած տարաբնույթ դրամատիկական ստեղծագործություններում։ Սակայն, Ժակի կերպարը երևի թե կարելի է համարել Դավիթի դերասանական կարիերայի փորձաքարը։ Եվ նա, կարելի է ասել, պատվով դուրս եկավ այդ փորձությունից՝ մարմնավորելով մարդու կերպար, որ կարծես կորցնում է ամեն ինչ՝ կին, ընտանիք, աշխատանք, բայց իր և սիրած մարդու՝ Լաուրայի ջանքերով տեր է դառնում իր երջանկությանը։ Ներկայացման ողջ ընթացքում Դավիթն ասես չէր տեսնում, չէր զգում դահլիճի ներկայությունը։ Ինքն էր ու ընտանեկան իր դրաման։ Մնացյալ ու կողմնակի ամեն բան նրան չէր հետաքրքրում, նրա համար գոյություն չուներ։

Ինչ-որ տեղ ավելի ծանր ու դժվար էր դերասանական ստուդիայի նորավարտ Զարուհի Մկրտչյանի՝ Լաուրայի դերակատարի համար։ Ներկայացման սկզբից մինչև վերջ նա բեմում է։ Ամեն ինչ պտտվում է նրա շուրջ։ Երկու հերոսներն իրենց անձնական երջանկությունը փորձում են հյուսել նրա շուրջ։ Ամուսնուն անսահման սիրող կին, ու հանկարծ վերափոխվում է սիրուհու, բայց սրտի խորքում շարունակում է իր հաստատուն տեղն ունենալ ամուսինը։ Ապա կարծես պետք է կորցներ ամեն ինչ՝ ամուսին, ընտանիք, 6 միլիոնի կորստից դեռ ուշքի չեկած սիրեկան... Եվ, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ սայթաքելով, հուսահատվելով, բայց նվիրվածության ու համառության շնորհիվ նա փրկում է իր համար ամենաթանկը՝ ընտանիքը, վերագտնում Սերը...

Իր դերում համոզիչ էր նաև Աշոտ Սարգսյանը՝ Ալենի դերակատարը։ Երիտասարդ, որ ինչպես մի ակնթարթում դարձել էր «աշխարհի տերը»՝ վիճակախաղի 6 միլիոնի հետ ձեռք բերելով սիրած կին, հանկարծ մի ակնթարթում կորցնում ամեն ինչ։ Կարծում եմ, շնորհալի այս երիտասարդին բեմում տեսնելու առիթներ հանդիսատեսը դեռ շատ կունենա...

Հերոսները խոշոր գումար շահեցին, իսկ ամենամեծ «շահումը» երևի թե վերագտած Սերն է։ Երիտասարդ դերասաններն իրենց բաժինը «շահեցին»՝ ինքնահաստատվելու, ինքնաբացահայտվելու հնարավորություն ստացան և «խաղը» շահեցին։ Ուզում եմ հավատալ, որ այս սովորական-առօրեական ներկայացումից շահեց նաև հանդիսատեսը։ Թատրոնի ճանապարհը վաղուց մոռացած հանդիսատեսը կրկին հնարավորություն ստացավ մտնել Արցախի մայր թատրոն ու համոզվել, որ ամեն ինչ դեռ կորսված չէ։ Խոնավություն ու նեխահոտ փչող կիսավեր այս շենքում դեռ կան մարդիկ, ովքեր հանդիսատեսի հետ միասին փորձում են գտնել դեպ Տաճար տանող ճանապարհը։ Ու ամենակարևորը՝ նրանք երիտասարդ, կարող ուժեր են։ Նրանց հետ կարելի է հույսեր կապել...

Վեներա Ավագիմյան. երիտասարդ այս արվեստագետի անվան հետ է կապված Մայր թատրոնին կից գործող դերասանական ստուդիայի վերջին առնվազն տասամյա գործունեությունը։ Այսօր մեր թատրոնի ապագան կապում ենք նրա սաների հետ։ Չեմ հիշում դեպք, որ հանդիսատեսը, արվեստագետները երբևէ դժգոհ մնային նրա բեմադրություննեից։ Ընդհակառակը, նրա բեմադրությունները մշտապես աչքի են ընկել ռեժիսորական հետաքրքիր լուծումներով և արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Չնայած, մի հետաքրքիր զուգադիպությամբ, նա մշտապես ընտրել է առավել դժվարամատչ ու բեմի համար «անհարմար» ստեղծագործություններ, որ ամենավառ երևակայության դեպքում հազիվ թե պիես անվանես... Ինչպես, օրինակ, դերասանական ստուդիայի սաների «դիպլոմային աշխատանքը» կամ վերջերս բեմադրած «Բարև, հայ» գեղարվեստական-հրապարակախոսական տարբեր կտորներից կազմված ներկայացումը և այլն։

Արդեն քանի՜ տարի է թատրոնը որոնումների մեջ է։ Մի տնօրենին, մի գեղարվեստական ղեկավարին փոխարինում մի ուրիշը։ Արդյունքում՝ այսօր նեխահոտ է փչում ոչ միայն թատրոնի քայքայված, վերանորոգման կարոտ պատերից... Դրությունը չեն փրկում նաև Հայաստանից երբեմն հրավիրվող ռեժիսորները, ովքեր մեկ-երկու պիես են բեմադրում և մեկնում։ Թատրոնին իսկական Տեր, արվեստի նվիրյալ մարդ է պետք։ Եվ պետք չէ երևանները մեկնել՝ նրանց որոնելու համար։ Միևնույն է, եկողների համար այնքան էլ դյուրին չէ ձերբազատվել «գաստրոլյորի» հոգեբանությունից։ Գալիս ու գնում են, իսկ «կոտրած տաշտակը» մնում է։

Կարծում եմ, պետք չէ սար ու ձոր ընկնել։ Այդ արվեստագետին այստե՛ղ, մե՛ր մեջ փետք է փնտրել։ Եվ անպայման կգտնվի...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ