Գլխավոր » ԱՐՑԱԽՑԻ ՕՎՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ ՉԷ
ԱՐՑԱԽՑԻ ՕՎՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ ՉԷ
13:30

Այս տարվա մայիսի 31-ին ԼՂ Հանրապետության ընդհանուր իրավասության դատարան էր դիմել քաղաքացի Սլավիկ Հակոբյանը (նույն ինքը՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը)՝ ընդդեմ հրապարակագիր Վարդգես Օվյանի՝ «համացանցում իր պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորող տեղեկություններ» հրապարակելու համար:


Հայցադիմումին կցված որեւէ իրեղեն ապացույց՝ ինտերնետային կայքէջի լուսանկար կամ  որեւէ նյութ չէր կցվել գործին, ինչը, ըստ պատասխանող՝ գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի, կապացուցեր, որ. «էլեկտրոնային որեւէ լրատվամիջոցում հայցվորի անձն արատավորող ինչ-որ բան եմ տպել: Փոխարենը Word ծրագրով տպած, անընթեռնելի ինչ-որ թղթի կտոր էր»: Հայցվորը վիրավորանքի համար պահանջում էր 400 հազար դրամ, զրպարտության համար՝ 800 հազար դրամ, իսկ փաստաբանական ծախսերը գնահատել էր մեկ միլիոն դրամ:


«Համացանցը, ինտերնետը լայն հասկացություն է։ Այսպես ասած՝ համաշխարհային հսկա մի գրադարան է։ Այնտեղ կան էլեկտրոնային կայքեր, բլոգներ, որոնք փոխարինում են որեւէ լրատվամիջոցի կամ հենց իրենք են հանդիսանում էլեկտրոնային լրատվամիջոցներ։ Հայցվորը պետք է կոնկրետ ներկայացներ այդ էլեկտրոնային լրատվամիջոցի անունն ու հասցեն։ Որը, սակայն, չի արվել այն պարզ պատճառով, որ համացանցային որեւէ ԶԼՄ-ում իր ներկայացրած «փաստերից» հետք անգամ չկա։ Իմ իրավասության տակ գտնվող ոչ մի համացանցային լրատվամիջոցում նույնպես այդպիսիք բացարձակապես չկան»,- ասում է Վ. Օվյանը:


Հայցվորը գրել էր, թե Օվյանը «տարիներ շարունակ իր անձն արատավորող տարբեր բնույթի հոդվածներ» է հրապարակել: «Գուցե «տարիներ շարունակ» ասելով հայցվոր Սլավիկ Հակոբյանը նկատի ունի «Չորրորդ իշխանություն» եւ իր ղեկավարած ԳՄ «Եղիցե լույս» ու «Պըլը Պուղի» թերթոններում 2008-2009 թթ. իմ եւ իմ հոր՝ հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգեւի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած, ճանաչված ու սիրված գրող Վազգեն Օվյանի անվան դեմ թխված շուրջ երկու տասնյակ զրպարտանք-հերյուրանքները, որոնք 3-4 հոդվածով փաստարկված պատասխան են ստացել իմ կողմից, եւ միայն ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց խնդրանք-հորդորով եմ ես դատախազությունից հետ վերցրել այդ զրպարտագրերի ու հերյուրանքների դեմ ուղղված իմ հայցադիմումը»,- հուլիսի 31-ին կայացած դատական նիստում ակնարկել էր Վ. Օվյանը:


Իր ֆեյսբուքյան էջից վերցված գրառման մի դրվագից է միայն Օվյանը հասկացել, որ հայցվորը մտել է իր էջը, իր ընկերների ու բարեկամների համար նախատեսված գրառումը կարդացել ու «պահանջել պարտավորեցնել պատասխանող Օվյանին հայցվորին զրպարտելու համար հրապարակայնորեն հերքել ասվածը նույն լրատվության միջոցով»: «Զանգվածային լրատվության մասին» ԼՂՀ օրենքի հոդված 8-ի կետ 1-ի համաձայն՝ «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ»:  Մինչդեռ, ֆեյսբուքյան օվյանական էջը լրատվամիջոց չէ:


Ինչն էր հայցվորը համարել զրպարտություն, որը դատարանի կողմից մերժվեց ամբողջությամբ: Պարզվեց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Վարդգես Օվյան» անձնական էջում հոր՝ Վազգեն Օվյանի ծննդյան օրվա կապակցությամբ կա այսպիսի գրառում. «Հայ ընթերցողը վերջին 10-15 տարում իր համար նոր-նոր է հայտնաբերում իրական Օվյանին, նաեւ՝ դժվարությամբ, անտեսանելի խոչընդոտներ շատ կան ու, ինչպես Արցախում հայտնի լրագրող Գեղամ Բաղդասարյանն է գրել՝ դրա հիմնական պատճառն այն է, որ «…դեռ կենդանի են նրա հերոսները» (խոսքը նրա երգիծանքի, սարկազմի, էպիգրամների, պամֆլետների հերոսների մասին է)»։ Դա թվագրված էր՝ 06.01.13։


«Խնդիրն ամենեւին այն չէ, որ հայցվորի ակնարկած անհասցե կապակցությունը՝ «Այդ թվում՝ մեծագույն-մեծագլուխ տականքներից մեկը», այնտեղ չկա։ Բայց կա՞, թե՞ չկա՝ դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, որովհետեւ այնտեղ կարող եմ գրել ցանկացած բան ու երիցս ավելի սուր, քան հայցվորի ակնարկածն է»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասում է Վ. Օվյանը։


Ըստ վերջինի՝ հայցվորն ի՞նչ գործ ունի սոցիալական ցանցի իր էջում: «Մեղմ ասած, ի՞նչ իրավունքով է քիթը խոթել իմ անձնական էջ, որը կարդալու իրավունք ունեն միայն իմ բարեկամներն ու հայտավորված ընկերները։ Դա իմ էջն է, որտեղ կիսվում եմ իմ գաղափարակիցների, բարեկամների հետ միայն։ Իմ էջ մտնում են միայն գաղտնագրով («պարոլով») ՖԲ-ում գրանցված մարդիկ, որոնց ընկերության հայտը ես հաստատել եմ։ Կողմնակի ոչ ոք այնտեղ մուտք չունի։ Հայցվորն ի՞նչ իրավունքով է թափանցել իմ անձնական էջը, որտեղ կարող եմ գրել-բացահայտել նաեւ գաղտնիքներ՝ միայն իմ ընկերների ու բարեկամների համար։ Նույնն է թե՝ կողմնակի մեկը թաքուն տիրանա իմ անձնական նամակին»։


Նկատենք, որ Ֆեյսբուքում «մենյուի» մեջ առաջին կետը կոչվում է՝ «Գաղտնիության կարգավորումներ», որի տակ գրված է՝

1. Ո՞վ կարող է տեսնել իմ նյութերը:

2. Ովքե՞ր կարող են տեսնել իմ հետագա գրառումները:

3. Ո՞վ կարող է կապվել ինձ հետ:


Իսկ համաձայն ԼՂՀ Սահմանադրության հոդված 23-ի 1-ին կետի էլ՝  Յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք:


Ըստ նույն հոդվածի 4-րդ կետի՝ Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ դատարանի որոշմամբ:


Նշենք նաեւ, որ 1993 թվականից ԼՂՀ-ն միացել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին», որի 12 հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի օրենքով պաշտպանվելու իրավունք՝ ընդդեմ նման միջամտության կամ ոտնձգության»։


Դատարան ներկայացրած իր առարկություններում Վ. Օվյանը նաեւ ասել էր. «Դատարանին հայտնում եմ, որ հայցվորն անօրեն մտնելով Ֆեյսբուքի իմ անձնական էջ, կարդալով իմ հոր ծննդյան օրվա առթիվ արված գրառումն ու այն առանց իմ գիտության ու համաձայնության օգտագործելով, կատարել է քրեորեն պատժելի հանցագործություն: Ի դեպ, նույնիսկ եթե հայցադիմումի մեջ մեջբերված ինձ վերագրվող անհասցե ձեւակերպումները տպագրված լինեին որեւէ լրատվամիջոցում, ոչ ոք չէր կարող ապացուցել, որ այդ հորինվածքները վերաբերում են վերոհիշյալ անձնավորությանը, քանզի այնտեղ չկան «Սլավիկ Հակոբյան», «Վ. Հակոբյան» կամ «ԼՂՀ գրողների միության նախագահ» ձեւակերպումներ»:


Վարդգես Օվյանը հավելեց նաեւ, որ Վ. Հակոբյանը միաժամանակ գրեթե նույն բովանդակությամբ հայցադիմում էր ներկայացրել ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի եւ քաղծառայող Տիգրան Աթանեսյանի դեմ: «Հակոբյանի սարքած այս ողջ դատական շոուի նպատակն այն էր, որպեսզի բարոյական եւ նյութական վնաս հասցվի մեզ, որովհետեւ 4 տարի առաջ ԼՂՀ ԳՄ ղեկավարի կողմից հորս դեմ կազմակերպած «գրական» արշավին ի պատասխան՝ ես ու Վահրամը փաստարկված հոդվածներով ցույց ենք տվել Արցախի գրական կազմակերպության ղեկավարի իրական դեմքը,- ասում է Վ. Օվյանը: - Իմ հոդվածներում ես նրա մասին երիցս ավելին եմ ասել, քան հայցվորի կողմից ֆեյսբուքյան իմ էջում «հայտնաբերած» անանուն ձեւակերպումն է:


Օրինակ, մի քանի տարի առաջ գրել եմ՝ «Վարդան Հակոբյանն անչափ շատ ունի թույլ ու խոցելի տեղեր, նույնիսկ ավելի շատ, որ կարող է բավարարել մի քանի հոգու։ Բայց նրա աքիլլեսյան գարշապարը ՓՈՂՆ է, եւ դա հայտնի է բոլոր նրան ճանաչողներին»:


Կամ՝ «Վ. Հակոբյանը, չնայած պատկառելի տարիքին ու ազդեցիկ չափերին, այդպես էլ չսովորեց կանգնել սեփական ոտքերի վրա։ Մշտապես բռնում է երկրի ղեկավարության փեշերից կամ սեփականաշնորհված գրականագետների մեջքին նստած՝ փորձում գրականություն մտնել։ Իսկ իր հեղինակած զրպարտագրերն էլ տպագրում է ուրիշների ստորագրությամբ» եւ այլն:


Թող նա այն ժամանակ ծպտուն հաներ ու փորձեր հերքել իմ տպագրած գոնե մեկ նախադասություն: Փաստորեն, տեղեկատվական դաշտում խայտառակվելով, հիմա էլ փորձել է դատական-իրավական դաշտում վրեժ լուծել: Արդյունքում՝ այստեղ էլ պարտվել է: Երեք հոգուս դեմ ներկայացված բոլոր հայցադիմումները դատարանը մերժել է»:


ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

http://www.aravot.am/2013/08/27/280192/



Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ