Գլխավոր » Զորի Բալայանի նամակը` Պուտինին. «Ղարաբաղի խնդիր»-ն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…» - 2
Զորի Բալայանի նամակը` Պուտինին. «Ղարաբաղի խնդիր»-ն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…» - 2
14:28
(շարունակություն)

Հիմա արդեն լավ հայտնի է, թե ինչպիսի ճակատագիր էր սպասվում այդ հայազգի «կոմունիզմի շինարարներին», և ինչով դա ավարտվեց 1988 թվականի փետրվարի 26-29-ին Սումգայիթում, 1988 թվականի մայիսի կեսերին Շուշիում, 1988 թվականի սեպտեմբերի 17-ին Խոջալուում, 1988 թվականի հոկտեմբերին Կիրովաբադում, 1990 թվականի հունվարի 13-20-ին Բաքվում: «Կոմունիզմի կառույցներում» չմնաց ոչ մի հատիկ հայ: Ջարդեր, ցեղասպանություն, կոտորած, որոնք Գորբաչովը անվանեց պարզապես «խուլիգանություն»:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարի եղեք ուշադրություն դարձնել, թե պատերազմի ժամանակ Հայկական ԽՍՀ-ում և Ղարաբաղում քանի գեներալներ, մարշալներ, Խորհրդային Միության հերոսներ, այդ թվում նաև կրկնակի հերոսներ, Փառքի շքանշանի լիակատար ասպետներ կային, և որքան էին դրանք Ադրբեջանում: Պատերազմից հետո այդ մասին լռեցին: Փոխարենը՝ Թուրքիայում ուրախանում էին, որ Ադրբեջանը, ինչպես Աթաթուրքն էր երազում, արդեն կայացել է որպես պետություն, և որ հեռու չէ այն ժամը, երբ բաց կլինեն ճանապարհները դեպի հյուսիս, որտեղ տեղադրված են հյուսիսկովկասյան մահմեդական հանրապետությունները: Դեպի Արևելք, որտեղ Կասպից ծովից այն կողմ գտնվում են միջինասիական մահմեդական հանրապետությունները: Եվ նույնիսկ հայացք էին գցում Ալթայի վրա, Յակուտիայի վրա: Ընդ որում, ինչպես միշտ է եղել, բոլորովին չէին մտահոգվում, որ վիրավորում էին այդ մահմեդական ժողովուրդներից յուրաքանչյուրի արժանապատվությունը:

Այդ կապակցությամբ մի մեջբերում կատարեմ, որն այսօր շատ բանի մասին է խոսում: 1918 թվականի հունիսին, ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելուց հետո, Թուրքիայի և Անդրկովկասյան սեյմի միջև Բաթումում կայացած բանակցությունների ժամանակ ոչ այլ ոք, այլ թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան ասաց, դիմելով հայկական պատվիրակությանը. «Դուք տեսնում եք, որ ճակատագիրը մեզ մղում է Արևմուտքից Արևելք: Մենք հեռացանք Բալկաններից, հեռանում ենք նաև Աֆրիկայից: Բայց պետք է ձգտենք դեպի Արևելք. այնտեղ է մեր արյունը, մեր կրոնը, մեր լեզուն: Եվ այդ ձգտումը իր տարերային ուժն ունի: Մեզ ճամփաներ են պետք դեպի այդ կողմ: Իսկ դուք՝ հայերդ կանգնած եք մեր ճանապարհին»: Ուշադրություն դարձրեք, այդ դահիճը խոսում էր հարաբերական «նրբանկատ» տոնով: Բանն այն է, որ Բաթումի նիստի բառացիորեն նախօրեին թուրքական բանակը փորձել էր ներխուժել Երևան մեկ նպատակով՝ վերջնականապես ոչնչացնել Հայաստանը, որպեսզի վերջնականապես կտրի «Հարավային ուղղությունը» (տերմինը Գլխավոր շտաբինն է) Ռուսաստանից: Սակայն ինքը ջախջախվեց Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Ապարանում: Այդ հաղթանակից հետո էլ ստեղծվեց հայկական առաջին անկախ հանրապետությունը:

Ես ընդգծում եմ այդ պատմական փաստը, հիշեցնելու համար, որ Անդրկովկասի բոլոր երեք հանրապետություններն ստեղծվել են ազգային կուսակցությունների կողմից. վրացական մենշևիկների, Հայ հեղափոխական դաշնակցության և թուրքական «Մուսավաթ» կուսակցության, որի մեջ էին ներգրավել ոչ միայն թուրքերին, այլև Կովկասի շատ մահմեդականների, շահարկելով կրոնական ընդհանրությունը: Դա Թուրքիայի նենգամիտ խաղն էր: Ահա և ստացվում է, որ եթե Հայաստանը և Վրաստանը Անդրկովկասից ռուսական զորքերի դուրս բերումից հետո ստիպված էին ստեղծել անկախ հանրապետություններ, ապա թուրքերն այլ նպատակ ունեին՝ բոլոր մահմեդականներին «հավաքել» նոր հանրապետության մեջ, որը ժամանակին պետք է վերաճեր մենաշնորհային, զուտ թուրքական պետական կազմավորման՝ ուծացման, թուրքացման ճանապարհով: Այդ գործընթացի հրեշավոր արդյունքները մենք շոշափելիորեն տեսանք արդեն Հայրենական մեծ պատերազմից հետո, ԽՄԿԿ XX համագումարից հետո, Ալիևների իշխանության գալուց հետո:

Ողբերգական իրավիճակ ստեղծվեց Վրաստանում (ե՛ւ ԽՍՀՄ փլուզումից, ե՛ւ 2008 թվականի իրադարձություններից հետո): 1959 թվականին Վրաստանում ապրում էին 145 հազար ադրբեջանցիներ: 1989 թվականին (ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալներով)՝ 300 հազար: Ներկայումս՝ կես միլիոնից ավելի: Ահռելի խնդիր կա Աբխազիայում և Աջարիայում: Թուրքերի և թուրքական ներդրումների բուռն հոսքը այդ երկու տարածաշրջաններ փոխեցին ժողովրդագրական պատկերը: Միայն վերջին տարիներին Թուրքիան Աջարիայում կառուցել է մոտ երկու հարյուր մզկիթ և 70 մեդրեսե (իսկ դա ամեն դեպքում բարձրագույն դպրոց է, որը պաշտամունքի, այսինքն թուրքական ծառայողներ է պատրաստում): Այս ամենը մեծ խնդիր է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և, իհարկե, Վրաստանի համար: Ճանապարհների խնդիր, կենսապահովման խնդիր: Բայց ամենից սարսափելին այն է, որ ե՛ւ աբխազներին, ե՛ւ աջարներին ապագայում սպասվում է այն ժողովուրդների ճակատագիրը, որոնք ապրում էին Ադրբեջանում խորհրդային և հետխորհրդային ժամանակներում:

Բերեմ մի քանի օրինակներ և սկսեմ լեզգիների ողբերգական ճակատագից, որում այսօր ընդհանրացված արտացոլվում են այն բոլոր ժողովուրդների ու ցեղերի ճակատագրերը, որոնք հայտնվել էին, այստեղ այդեն պետք է ճշգրիտ արտահայտվել՝ Ադրբեջանի Թուրքական հանրապետությունում. «Լեզգիներին ստիպում են սովորել ադրբեջաներեն լեզվով: Լեզգիների բոլոր պատմական իրադարձությունները վերագրում են ադրբեջանական ժողովրդին, ինքնակամորեն հնացնելով նրա պատմությունը: 1980 թվականին (Հեյդար Ալիևի օրոք) Բաքվի «Լեզգի-մզկիթը» հանկարծ սկսեց կոչվել պարզապես XVII դարի մզկիթ: Փակեցին լեզգիական թատրոնը, որը գործում էր XIX դարի վերջերից: Հանրապետությունում, որտեղ ապրում են յոթ հարյուր հազար լեզգիներ, վերացվեց այդ լեզվով տպագրվող միակ թերթը: Նույնիսկ 1938 թվականի Խորհրդային մեծ հանրագիտարանը գրում է, որ Ադրբեջանում «խախտվել է ազգային միասնությունը, ինչը հանգեցրել է ազգային փոքրամասնությունների թուրքացման»: Հենց այդպես՝ թուրքացման: Իսկ սա արդեն մարտավարություն է՝ գործողության մեջ:

Երկու խոսք թալիշների մասին: Տվյալները արևելագետ Վ.Միլլերինն են. «Լենքորանի շրջանում թալիշները կազմում էին բնակչության 86,3 տոկոսը, Զուվանդի շրջանում՝ 82,4, Աստարայի շրջանում՝ 86 և Մասսալայի՝ 80: Դա 1962 թվականին էր: Իսկ հիմա տեսեք, թե ինչ կատարվեց այդ տոկոսների հետ ութ տարի անց. «Համաձայն 1970 թվականի մարդահամարի, հանրապետությունում չկար այդ հինավուրց ժողովրդի ոչ մի ներկայացուցիչ»: Ես մի թալիշ ընկեր ունեի՝ Թալիշինսկի ազգանունով: Ահա թե ինչ ասաց նա այդ «չարագուշակ մարդահամարի» մասին. «Գիտե՞ք, թե որքան սարսափելի է ամենաիսկական ցեղասպանություն վերապրել թղթի վրա: Մի կողմից շարունակում ես ապրել, հավատալ Ալլահին, բայց ինքդ չկաս պատմության մեջ: Նախնիներդ թալիշներ են եղել, իսկ հիմա մեզ վերաձևել են այսպես կոչված «թուրք-ազերիների»:

Եթե միայն իմանայիք, թե քանի-քանի այդպիսի ահավոր փաստարկներ կան իմ տետրերում ու գրքերում: Այդ տվյալներն ամենից շատ պետք են Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Պետք են Ռուսաստանին: Այդ փաստարկները ցույց են տալիս, թե ինչպես մեր ընդհանուր տարածքի վրա ստեղծվեց նոր թուրքական հանրապետություն՝ սահմանային ծայրամասում: Այսօր դա առհասարակ ոչ մի ծայրամաս էլ չէ: Դուք կարծում եք պատահակա՞ն էր, որ Թուրքիան, դեռևս 1921 թվականին օգտագործելով Ստալինին, հասավ նրան, որ նորաստեղծ Ադրբեջանին հանձնվի Նախիջևանը՝ «առանց երրորդ կողմին հանձնելու իրավունքի»: Պատահական չէր և այն, որ շուտով փափուկ բարձ դնելով Իրանի շահնշահի գլխի տակ, տիրացավ (հսկայական միջոցների գնով) մի կտոր տարածքի Արաքսի աջ ափում: Այդպիսով նա մոտ տասը կիլոմետրանոց սահման ձեռք բերեց Նախիջևանի հետ: Եվ կարծում եք պատահակա՞ն էր, երբ Ալիևը, լինելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, որը, բացի ամենայնից, տնօրինում էր նաև տրանսպորտը, ցանկացավ «իր ճանապարհը» գցել Նախիջևանից դեպի այսպես ասած «մայրցամաքային» Ադրբեջան: Չէ՞ որ դա արվեց միայն նրա համար, որ Հայաստանը (և Ռուսաստանը նույնպես) կտրեն Իրանից: Բոլորովին պատահական չէր և այն, որ Հայաստանն Իրանին կապող Մեղրու շրջանը թուրքական վարչապետն անվանեց «Անիծյալ սեպ»: Ինչպեսև պատահական չէր, որ տխրահռչակ Պոլ Գոբլն առաջարկում էր այդ նույն «անիծյալ սեպի» դիմաց Հայաստանին տալ Ղարաբաղը: Չեմ կարծում, թե ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի միմյանց փոխարինող համանախագահները տեղյակ են այն ամենին, ինչի մասին խոսում եմ:

Պատահական չէր և այն, որ դանդաղ, բայց հաստատուն ազատվում էին այսպես կոչված փոքր ժողովուրդներից: Այդ կապակցությամբ խոսենք քրդերի մասին: «Մահմեդական աշխարհն այսօր լռում է, տեսնելով, թե ինչպես են ադրբեջանցիները զանազան հնարքների օգնությամբ, խաբեությամբ ձգտում «յուրացնել» մեկ քառորդ միլիոն քուրդ մահմեդականներին: Ինչո՞ւ քրդերի հետ նույն բանը չի կատարվում Հայաստանում և Վրաստանում: Չէ՞ որ այդ հանրապետություններն էլ Ադրբեջանի նման ներառված էին նույն սոցիալ-տնտեսական համակարգում: Օրինակ, Հայաստանում քրդերի համար կան դպրոցներ, քրդագիտական կենտրոն, Գրողների միության բաժանմունք, հրատարակչություն, տպագրվում է թերթ: Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները քրդերի մահմեդական դավանանքի փաստը օգտագործում են ուծացման, այսինքն ցեղասպանության նպատակներով: Ազգային պատկանելությունը նրանք գիտակցված կերպով փոխարինում են կրոնականով, այսպիսով սեփականացնելով մի ողջ ժողովրդի» , – գրել է հայտնի քուրդ գիտնական Շաքրո Մհոն:

Ասացեք խնդրեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, դե ինչպե՞ս այս ամենից հետո Դուք Մինսկի խմբի Ձեր գործընկերների հետ գեթ մեկ վայրկյան կարող եք մտածել Ղարաբաղը Թուրքիային տալու մասին: Մի՞թե պարզ չէ, թե ինչ կկատարվի Ղարաբաղի հետ անմիջապես և Ռուսաստանի հետ՝ որոշ ժամանակ անց:

…Կյանքը վաղուց ցույց է տվել, թե ամբողջ ժողովուրդների ինչպիսի հրեշավոր աղետի է հասցրել Գյուլիստանի դաշնագրի էության, իմաստի, հումանիզմի սրբապղծումը, դաշնագիր, որին նույնիսկ պարտված կողմը, մանավանդ տարիներ անց, վերաբերվել է և փիլիսոփայաբար, և՛ ճշտված մարտավարությամբ: Ռուսաստանն իր սահմաններն ամրապնդեց, ունենալով այնպիսի պատվար, ինչպիսին Հայաստանն է: Իսկ Իրանն, ըստ էության, ազատվեց այն տարածքից, որտեղ վխտում էին իր դարավոր թշնամիները:

Տեսեք, թե ինչպիսի համառությամբ են թուրքերն ու ադրբեջանցիները պարզապես պղծում Գյուլիստանի և Թուրքմենչայի դաշնագրերի արդյունքները: Նրանք դա անում են լկտիաբար: Եվ այդ ցինիզմը շարունակվում է մինչև օրս: Իրենց կեղծ պատմությունը օրինականացնելու, դեռ մի բան էլ հնացնելու նպատակով Ալիև-ավագը (դա 1998 թվականին էր, Ելցինի օրոք, երբ Դուք ՀՖԲ-ի տնօրենն էիք) նա ծաղրալի օրենք ընդունեց…ադրբեջանցիների ցեղասպանության մասին: Եվ նույնիսկ հատուկ օր մտածեց՝ մարտի 31-ը: Ասենք, ինչո՞ւ ոչ: Հայերն ու հրեաներն ունեն այդպիսի օր: Ինչո՞ւ իրենք էլ չունենան: Եվ պարզվում է, գիտե՞ք՝ ըստ Ալիևի ով կատարեց իր երկրի պետական քաղաքականության աստիճանով իրագործված այդ «հանցագործությունը»: Ռուսաստանը: Ճիշտ է, Ալիևը գտնում է, որ այդտեղ խառն էր նաև հայ շովինիստների մատը: Պատկերացրեք, Դեր-Զոր անապատի տաք ավազները՝ ամբողջովին կարմրած հայկական արյունից, մեկուկես միլիոն գազանաբար սպանված հայեր, ոչ միայն պարզապես օթևանից, այլև հայրենիքից զրկված միլիոնավոր փախստականներ, և հանկարծ այդ նույն ժամանակ հայերն իրագործում են մի ժողովրդի ցեղասպանություն, որն իրականում դեռևս գոյություն չուներ: Եվ որպեսզի իրոք հնացնի իրենց և գոնե մի փոքր ճշմարտանման հնչի, Ալիևը խորանում է ժամանակի մեջ, մեղադրելով Ռուսաստանին բոլոր մահացու մեղքերում: Այստեղ ավելի շատ բաժին հասավ ե՛ւ Պետրոս Առաջինին, ե՛ւ Եկատերինա Երկրորդին, ե՛ւ Ալեքսանդր Առաջինին ու Նիկոլայ Առաջինին, ե՛ւ, իհարկե, ամբողջությամբ վերցրած՝ Ռուսաստանին ու Իրանին: Փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է. «Ադրբեջանի հյուսիսային մասը նվաճվեց (?-Զ.Բ.) Ռուսաստանի կողմից, նրա հարավային մասը հայտնվեց (?-Զ.Բ.) Իրանական պետության տիրապետության տակ»: Եվ սա արդեն միայն ճղճիմ կեղծիք չէ: Սա տիպիկ թուրքական քաղաքականություն է:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, համառորեն խնդրում եմ գտնել հինգ րոպե՝ կարդալու համար այդ զառանցանքը այսպես կոչված ադրբեջանական ցեղասպանության մասին, և այնժամ Դուք կհամոզվեք, որ այսօր ողջ աշխարհում նույն ոճով, նույն բառերով անհեթեթություն ու սադրանք է տարածվում «Խոջալու» անվան տակ: Աշխարհի բազմաթիվ լեզուներով Խոջալուի մասին հրատարակվող յուրաքանչյուր գրքում հորինվում են նոր դրվագներ, սյուժեներ, զոհերի նոր թվեր, որոնց քանակը արդեն հասել է մինչև 10 հազարի: 1989 թվականի մարտի 25-ին ես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր ընտրվեցի Ասկերանի ազգային-տարածքային օկրուգից, որի մեջ էր մտնում Խոջալու գյուղը և որն արդեն այդ ժամանակ վերածված էր կրակակետի: Այսպես, ուրեմն, Խոջալուում, որտեղ միայն ադրբեջանցիներ էին ապրում, ընտրողների քանակն ընդամենը մոտ 800 մարդ էր: Ի դեպ, ընտրություններից երկու ամիս առաջ, 1989 թվականի հունվարի 15-ին ԽՍՀՄ բնակչության մարդահամար անցկացվեց, այնպես որ, այդ ամենը կարելի է ստուգել: Խոջալուի մասին առաջին սադրիչ հրապարակումները հայտնվեցին Թուրքիայում, որը միշտ առաջ է անցնում իրադարձություններից: Այն մասին, թե իրականում ինչ էր տեղի ունենում Խոջալու կրակակետում և դրա շրջակայքում, կարելի է կարդալ «Նեզավիսիմայա գազետա»-ի 1992 թվականի ապրիլի 4-ի համարում: Հեղինակը ոչ այլ ոք է, քան Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովը:

Արդյոք ուշադրություն դարձրե՞լ եք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, որ պուտչից հետո, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների հինգերորդ, վերջին համագումարից հետո Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգուտ Օզալը արդեն անթաքույց շտապեց այցելություններ կատարել բոլոր միութենական մահմեդական հանրապետություններ և ինքնավար կազմավորումներ, իր դեսպանությունները ստեղծելով դեռևս գործող խորհրդային իշխանության օրոք: Այդ նույն ժամանակ էլ լեգալ կերպով, անարգել Ռուսաստան հորդեցին թուրքերի բազմություններ: Իրոք որ, ծայր առավ «Բյուզանդիայի սինդրոմ»: Այդպես եղավ 1453 թվականին Բյուզանդիայում, որտեղ առանց առանձնակի դժվարությունների, ահռելի կայսրության տերերը դարձան թուրքերը: Իննսունական թվականների քաղցած և ցուրտ Ռուսաստանում հանկարծ հայտնվեցին «էժան» բանվորական ուժի ողջ բրիգադներ Թուրքիայից: Քանզի այդ ժամանակ հետխորհրդային, ավելի ճիշտ՝ լուժկովյան Մոսկվան սկսեց հիմնավորապես վերակառուցվել նոր ձևով, որը ոչ մի ընդհանուր բան չուներ ավանդական ռուսական ճարտարապետության հետ: Այն տարիներին ես հաճախ էի մտածում այն մասին, որ եղել է ժամանակ, երբ Ռուսաստանում շինարարական և ճարտարապետական աշխատանք կատարել են նաև հայերը: Այստեղ ճիշտ պահն է հիշելու ռուսական ազգային ոգու մեծ կրող, ռուսական ազգային արվեստի մարտիկ, ռուսական մշակույթի մեծ գործիչ Վլադիմիր Վասիլևիչ Ստասովին: Հաստատելով, որ հայերը և վրացիները Ռուսաստան են եկել ոչ դատարկ ձեռքերով, նա գրել է. «…հայկական և վրացական արվեստները հայտնի դարաշրջանում մեծ ազդեցություն են ունեցել ռուսական արվեստի վրա նրա ձևավորման ժամանակներում, և ներկայումս անհնար է, ուսումնասիրելով ռուսական արվեստի առաջին դարերը ճարտարապետության կամ գեղարվեստական զարդանախշության, մասնավորապես էլ՝ գեղանկարչության առումով, մի կողմ թողնել հայկական և վրացական արվեստները…»:

Եվ ահա հիմա կառուցում էին նոր Մոսկվա այն սկզբունքով, թե ով ավելի շատ կվճարի և ով ավելի էժան կկառուցի: Այդ նպատակի համար Թուրքիայի հետ դարպասները կրնկի վրա բաց էին: Այդ ահռելի բանակը միայն շինարարներից չէր բաղկացած: Եվ թուրքական արտագնացների ծախսերն իրենց վրա էին վերցրել ոչ թե ինչ-որ շինարարական ընկերություններ, այլ …թուրքական կրթական հիմնադրամները, որոնք լիցեյներ են ֆինանսավորում Ռուսաստանում: Խոսքը բացառապես թուրքական «Ուֆուկ», «Սերհատ», «Տորոս», «Տոլերանս», «Էֆլյըք» և այլ հիմնադրամների մասին է, որոնք պանթուրքիստական ուղղության «Նուրջալար» իսլամական կրոնա-ծայրահեղական աղանդի կառուցվածքային ստորաբաժանումներն են:

Դժվար չէ գուշակել, թե ինչու պանթուրքիզմի այդ չարագուշակ ծրագիրը սկսեց մշակվել և կենսագործվել հենց 1993 թվականին: Դա, ինչպես հայտնի է, ռուսական հասարակության մեջ անհավատալի պառակտման և քաոսի տարին էր: Եվ օգտվելով իրավիճակից, իրարանցումից, խառնաշփոթից, պանթուրքիստները հենց 1993 թվականին Բիշքեկում անցկացրեցին նախկին ԽՍՀՄ տարածքում ապրող թուրքալեզու ժողովուրդների համագումար: Եվ այնտեղ բացարձակ բացեիբաց խոսվեց ոչ թե Իրանի, ոչ թե իսլամական կոնգրեսի, ոչ թե ինչ-որ իսլամական կրոնական կազմակերպությունների, այլ միայն ու միայն Անկարայի, Թուրքիայի, պանթուրքիզմի գործուն մտադրության մասին՝ իրենց ազդեցությունը տարածելու Ռուսաստանի մահմեդական տարածաշրջանների վրա:

Վստահաբար կարող եմ ասել, որ դարերով Ռուսաստանում ապրած մահմեդական ժողովուրդներից ոչ մեկը ելույթ չունեցավ Ռուսաստանի դեմ, քրիստոնյաների դեմ: Եթե ինչ-որ բան էլ կար, ապա, որպես կանոն՝ դրսից կազմակերպված սադրանք էր. «Գորշ գայլեր», «Ազգայնական շարժման կուսակցություն», «Ընտանեկան օջախ Թուրան» և այլն: Այդ մասին լավ գիտեն հայերը: Հայաստանում առհասարակ երբեք արմատ չի գցի ոչ հակասեմիթը, ոչ հակաիսլամիստը, ոչ մոլի կոսմոպոլիտը: Հազարամյակներ շարունակ գտնվելով քարավանային ճանապարհների խաչմերուկում, ներքաշել ենք մեր մեջ տարբեր փիլիսոփայություն, տարբեր մշակույթ, որը մեզ դարձրել է հանդուրժողական: Ահա արդեն ավելի քան չորս դար Իրանում խաղաղ ու բարեկամաբար հարևանություն են անում մահմեդական մզկիթը և հայկական առաքելական եկեղեցին: Նույնը կարելի է ասել փոխադարձաբար հարստացնող մշակույթի, գրականության, հրատարակության, սպորտի և նույնիսկ քաղաքականության մասին: Ահա արդեն ավելի քան հարյուր տարի հայերը սրտանց ու անկեղծաբար իրենց խորին երախտագիտությունն են հայտնում ողջ Արաբական աշխարհի, Հյուսիսային Աֆրիկայի, Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեյի մահմեդականներին մեր այն հայրենակիցների հանդեպ ցուցաբերած հումանիզմի, մարդկային օգնության, եղբայրաբար տրամադրած օթևանի համար, որոնք հրաշքով փրկվել էին Ցեղասպանության ժամանակ Թուրքիայում: Ընդգծենք, մահմեդական Թուրքիայում:

Հենց այդ պատճառով էլ անթույլատրելի է որևէ ընդհանրացում անել: Պանթուրքիզմը նույնը չէ ինչ կրոնը: Դա քաղաքականություն է՝ ֆաշիստական ուղղվածությամբ: Պատահական չէր, որ իր մարդասպաններին 1939 թվականի օգոստոսին Լեհաստան ուղարկելուց առաջ Հիտլերը հանգստացնում էր նրանց. «Ո՞վ է այսօր հիշում Թուրքիայում հայերի ոչնչացման մասին»: Եվ եթե գերմանական ժողովուրդը իր մեջ ուժ գտավ և ապաշխարեց հրեաների առջև, ապա Թուրքիան ոչ մի նման բան երբեք չի անի: Ավելին, նա բոլոր հաջորդած տասնամյակների ընթացքում շարունակել է իրագործել հայերի ցեղասպանությունը ոչ միայն Սումգայիթում և Բաքվում, այլև հայկական ողջ պատմական տարածքում, որը, հիշենք Սոլժենիցինի խոսքերը՝ «կտրեցին-տվեցին» նորաստեղծ հանրապետությանը, որը պայմանականորեն (այսինքն՝ նախապես, ժամանակավորապես) անվանվեց Ադրբեջան: Աթաթուրքը առաջինը կազմեց հետևյալ բանաձևը. «Թուրքիա և Ադրբեջան մեկ լեզու, մեկ հավատ, մեկ արյուն»:
Տասնամյակներ անց, գտնվելով Բաքվում, Թուրքիայի վարչապետ Դեմիրելը ասելու էր. «Եղբայրներ՝ հավատքով, եղբայրներ՝ լեզվով, եղբայրներ՝ արյամբ»: Իսկ տարիներ անց Ալիև ավագը քիչ այլ կերպ էր ասելու. «Մեկ ժողովուրդ, երկու պետություն»: Եվ հավելելու էր՝ «առայժմ»:

Մի՞թե հասկանալի չէ, որ ստեղծվել է ևս մեկ Թուրքիա և հայերի ու մյուս հարևանների նկատմամբ իրեն պահում է ինչպես Օսմանյան Թուրքիան: Եվ պե՞տք է արդյոք զարմանալ, երբ Ալիև կրտսերը տոնական, հանդիսավոր պայմաններում, ողջ աշխարհի աչքի առջև ծաղիկներով դիմավորում և գրկում է դահճին, որը կացնով կտրել է քնած մարդու գլուխը միայն այն պատճառով, որ նա ազգությամբ հայ էր: Իսկ Դուք գործի բերումով մեկ անգամ չէ, որ լսել եք այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը «սեփական» հանրագիտական բառարաններից անձամբ ջնջում բոլոր հայկական անվանումներն ու տերմինները, որ նա, արհամարհելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր նախազգուշացումները, գետնին է հավասարեցրել իր հորից հետո դեռևս մնացած բոլոր եկեղեցիներն ու խաչքարերը և այդ ամենից հետո ցինիկաբար հայտարարում է Ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբին, թե անձամբ երաշխավորում է լայն լիազորություններ Ղարաբաղի հայերին: Նույնն էր ասում 1921 թվականին Թուրքիան Կարսում հայկական Նախիջևանի մասին, որտեղ այսօր չի մնացել ոչ մի բնիկ հայ, ոչ մի եկեղեցի, ոչ մի խաչքար:

…Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկրորդ անգամ ընտրվելով Ռուսաստանի նախագահ, Դուք երկրորդ անգամ ինքնըստինքյան դարձաք ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահ: Մենք անընդհատ լսում ենք այն մասին, թե իբր ժամանակն է արդեն «ինչ-որ բան» ձեռնարկել: Կցանկանայի ձեզ խորհուրդ տալ. մի՛ շտապեք (ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ միասին) կատարել մինչև վերջ չմտածված, մինչև վերջ չհաշվարկված քայլ: Երբ մոտենում ես անդունդի եզրին, անհրաժեշտ է անել ամենից սթափ, փրկիչ քայլը՝ քայլ ետ: Մտածեք վաղը չէ մյուս օրվա մասին: Մի՛ մոռացեք, որ ձմռանը ցուրտ է լինում: Սա պրիմիտիվիզմ չէ: Սա վաղվա օրվա, ապագայի համար անհանգստության նորմալ զգացում է: Նման մի բան լսել եմ Կամչատկայի տունդրայում իմաստուն կորյակ ծերունիներից, որոնց մասին շատ պատմվածքներ ու վիպակներ եմ գրել: Նույնիսկ հարյուր միլիարդի ապրանքաշրջանառությունը (Ռուսաստան-Թուրքիա) չպետք է բթացնի իմաստության զգացումը, վաղվա օրվա համար անհանգստության զգացումը և այն բանի գիտակցումը, որ կառավարողներն ավելի շատ ունեն իմաստունների կարիքը, քան իմաստունները՝ կառավարողների:

Քսան տարի է անցել Մինսկի խմբի հիմնադրումից: Անգամ՝ քիչ ավելի: Եվ այդ ամբողջ ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ամեն մի նոր սերունդ ապարդյուն փորձում էր հասկանալ, տվյալ կոնկրետ դեպքում՝ «ինքնորոշում» և «տարածքային ամբողջականություն» երկընտրանքի անհեթեթությունը: Դե «ինքնորոշումը» դեռ հասկանալի է: Բայց ո՞վ է որոշել խորհրդային հանրապետությունների պատմական սահմանները: Միասնական պետությունում, ինչպես արդեն ասել ենք, դրանք պայմանական էին: Չէ որ Հելսինկյան համաձայնագրերի վերջնական արձանագրությունը բոլոր հանրապետությունների, ամբողջ ԽՍՀՄ-ի անունից 1975 թվականի օգոստոսին ստորագրել է մի մարդ՝ Լ. Ի. Բրեժնևը: Այնպես որ, եթե պետք է խոսել տարածքային ամբողջականության մասին, ապա խոսք կլինի բացառապես ամբողջ ԽՍՀՄ-ի 22 միլիոն 400 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին, որի մեջ մտնում էին բոլոր 15 հանրապետությունները: Եվ եթե մեզ թույլ տանք խոսել յուրաքանչյուր հանրապետության իրական տարածքի մասին, այդ թվում և՛ ՌՍՖԽՀ-ի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի, ըստ էության անհրաժեշտ է նոր «Հելսինկի»:

Այս կապակցությամբ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, ներեցեք չափն անցնելու համար, խորհուրդ կտայի Ձեզ մտորել իրոք սուրբ մի հարցի մասին. ամեն դեպքում՝ ինչպե՞ս է այսպես ստացվել: Այն ամենից հետո, ինչ միասին ապրել են ռուս և հայ ժողովուրդները, հանկարծ ընդհանուր սահմաններ չունենք: Անհավատալի է: Հենց միայն XIX դարի առաջին քառորդում Ձեր և մեր ավելի քան 200 հազար նախնիներ իրենց կյանքն են տվել այն բանի համար, որ միավորվեն, այն բանի համար, որ ամրապնդեն «Հարավային ուղղությունը»: Շատ հաճախ նրանց թաղում էին ընդհանուր եղբայրական գերեզմաններում: Այնտեղ, հավանաբար, ե՛ւ Ձեր, ե՛ւ իմ նախնիներն էին:

Ես խորապես համոզված եմ, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում, սթափության թելերից հյուսված տրամաբանությունը համառորեն պարտադրում է ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, և Մինսկի խմբի Ձեր գործընկերներին՝ բառիս ուղղակի և բուն իմաստով, անել միակ, իրոք իմաստուն քայլը: Վերցնել ու այցելել Ղարաբաղ, այցելել ազատագրված շրջաններ, ձեռքերով դիպչել Ամարաս եզակի տաճարին, որտեղ քսանական թվականներին որպես երեց քահանա էր ծառայում իմ նախապապ Հովհաննեսը, որը , ինչպեսև իմ հայրը, դարձավ ստալինիզմի զոհ: Տաճարը IV դարում կառուցել է առաջին Ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռը, Գրիգոր Լուսավորչի, որի շնորհիվ Հայաստանը 301 թվականին առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Իսկ եթե Ձեզ և Ձեր գործընկերներին թվա, թե չորրորդ դարի տաճարը ժամանակային առումով չափից ավելի հեռու է, ապա առաջարկում եմ այցելել այլ եզակի տաճար՝ Դադիվանք: Սա արդեն վեցերորդ դար է: Եթե դա էլ չափից ավելի է հեռացած դեպի դարերի խորքը, ապա կարող եք այցելել XII դարի համաշխարհային տաճարաշինության գլուխգործոց Գանձասար, որտեղից, կարելի է ասել, առաջին հայ դիվանագետ Իսրայել Օրին XVII դարի ավարտին ճանապարհվեց Պետրոս Առաջինի մոտ: Կարելի է ավելի մոտ ժամանակներ ընտրել, այցելելով Շուշիի Քրիստոս Փրկչի տաճար: Շինարարությունը սկսվել է 1868 թվականին, Ալեքսանդր Երկրորդի հովանավորությամբ և Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ IV-ի օրոք և ավարտվել է Ալեքսանդր Երրորդի և կաթողիկոս Մարգար Առաջինի օրոք, 1887 թվականին: Կարող եք հասցնել ներկա լինել նաև Մայր տաճարի բացմանը Ստեփանակերտում, որը կառուցվում է 1930 թվականին ավերված եկեղեցու տեղում: Դա այն տարին էր, երբ Ստալինին հանդիսավոր հանձնեցին աթեիստների միության անդամի թիվ մեկ վկայականը: Բայց ամենագլխավորն այն է, որ հանդիպեք ղարաբաղցիներին, որոնց նախնիները կռվել են Գյուլիստանի երկրամասում XIX դարի սկզբին և որոնք ուղիղ, այսպես ասած, արյունակցական կապ ունեն Գյուլիստանի պայմանագրի կենդանի պատմության հետ: Այդ իսկ պատճառով էլ մենք պատմական իրավունք ունենք Ձեզ հրավիրել Արցախ, Գյուլիստան:

…Մոտավորապես մեկուկես դար առաջ, կարելի է ասել՝ Ձեր գործընկերը, Անգլիայի վարչապետ Բենջամեն Դիզրայելին գրել է հակիրճ, բայց շատ իմաստուն նախադասություն.«Արդարությունը ճշմարտությունն է գործողության մեջ»: Իսկ ճշմարիտ արդարությունը դժվար է պատկերացնել առանց օրենքի և նույնպես գործողության մեջ: Առանց դատի: Ի դեպ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, «Министерство юстиции» բառակապակցությունը հայերեն թարգմանվում է որպես «արդար դատի նախարարություն»: Եվ վերադառնալով մեր թեմային պատմական ճշմարտության մասին, որը պետք է լինի կոնկրետ, ես տեսնում եմ արդարացի ելքը կարծես թե ճակատագրական իրավիճակից, որում մենք բոլորս հայտնվել ենք, Սումգայիթում և Բաքվում հայերի ցեղասպանության կազմակերպիչների և կատարողների դեմ արդար դատի մեջ: Հիշեցնեմ, դատավարություններն ընթանում էին Մոսկվայում և ԽՍՀՄ այլ քաղաքներում: Սակայն մինչև հիմա պարզ չէ, թե ով հրաման տվեց դադարեցնել դատալսումները: Անհավատալի ցինիզմ կար և նրանում, որ շուտով բոլոր մարդասպանները ազատ արձակվեցին և Ադրբեջանում բարձրացվեցին ազգային հերոսների աստիճանի:

Սումգայիթի և Բաքվի զոհերի ողբերգությունը նաև նրանում է, որ նրանք համարյա բոլորը Ղարաբաղի նախկին բնակիչներ էին կամ նրանց սերունդներ: Դրանք մարդիկ էին, որոնք կորցրել էին իրենց հայրենիքը, որն այսօր-վաղը, եթե ոչինչ չձեռնարկվի, կդառնա թուրքական: Եվ այնժամ (սա գուցե ամենակարևորն է իմ բաց նամակում) Ռուսաստանի սահմանները կանցնեն սրտիս հարազատ Ռյազանի մարզով (ես ավարտել եմ Ռյազանի բժշկական ինստիտուտը): Դրանից վախենում են և իրանցիները, որոնք արդեն բացեիբաց սպառնում են Բաքվին վերանայել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը: Ուրմիա նահանգից պառլամենտի պատգամավորը պաշտոնապես նախազգուշացրեց Ադրբեջանի առաջնորդներին (որոնց երկիրը, նրա խոսքերով, գոյություն ունի ընդամենը 22 տարի՝ 1991 թվականից), որ եթե նրանք չհրաժարվեն իրենց հակաիրանական գործողություններից, ապա պառլամենտը կվերանայի երկու պայմանագրերն էլ: Եվ միաժամանակ ավելացրեց. «Եթե հանրաքվե անցկացվի ադրբեջանցի այն բնակիչների շրջանում, որոնք համաձայն Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի պայմանների անջատվել էին Իրանից, ապա նրանք կքվեարկեն այն բանի օգտին, որ նորից մտնեն Իրանի կազմ: Իսկ պատճառը մեկն է՝ միայն թե մի բան պատահելու դեպքում չհայտնվեն Թուրքիայում»:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ եմ խնդրում Ձեզ, եկեք ձեռքը սրտին դրած, անկեղծորեն և բացորոշ մտորենք այն դիլեմայի շուրջ, թե այդ ինչ փոխզիջման մասին կարող է խոսք լինել, եթե վաղը հանկարծ Մինսկի խումբը վճռի վերջապես ասել իր վերջնական խոսքը: Չէ՞ որ ըստ պատմական ճշմարտության տրամաբանության, եթե իսկական փոխզիջման մասին ենք խոսում, ապա մեր կոնկրետ դեպքում պետք է նկատի ունենալ նաև ողջ հայկական Նախիջևանը (ողջ ինքնավար հանրապետությունը), Շահումյանի շրջանը, Ելիզավետապոլի գավառը, հայ մարշալների և գեներալների լեգենդար գյուղ Չարդախլուն և շատ այլ տարածաշրջաններ: Մի՞թե ինչ-որ մեկը ձեռքերը հուսահատ տարածելով կասի, թե Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում արդեն հայեր չկան, այդ իսկ պատճառով էլ խնդիր չկա: Նորից հիշենք Ստալինին. «Չկա մարդը, չկա խնդիրը»:

Խորամուխ եղեք, խնդրեմ. նախկին ԽՍՀՄ տարածքում չկա ոչ մի ինքնավար կազմավորում, ընդհուպ փոքրիկ ազգային օկրուգներ, որտեղ բնիկ բնակչությունը դադարել է գոյություն ունենալ: Դա կատարվել է բացառապես միայն Ադրբեջանում: Ուրիշ ոչ մի տեղ: Եվ այդ կապակցությամբ՝ այդ ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է խոսքը, եթե, ինչպես մենք արդեն գիտենք, մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը գոյություն չուներ ոչ մի Ադրբեջան: Մի՞թե պարզ չէ, որ բոլոր փոխզիջումների ցանկում պետք է ներառել բոլոր հայկական տարածքները, որոնք անօրինական կերպով մտած են արհեստականորեն ստեղծված միութենական հանրապետության կազմ: Ինչ վերաբերվում է կոնկրետ Ղարաբաղին, չի կարելի կուրորեն գերի մնալ Ստալինի հրեշավոր սադրանքին, որը բառացիորեն ուժով վերանայեց ՀամԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 4-ի որոշումը և հուլիսի 5-ին լկտիաբար Ղարաբաղը «տվեց» Ադրբեջանին: Չէ՞ որ դա փաստաթուղթ է՝ անուններով, ազգանուններով: Փաստ է: Դա ճշմարտություն է:

Վտանգավոր և մեղսալի է ենթադրել, թե իբր այլևս ոչինչ չես անի: Իբր այդ ամենը եղել է հեռավոր անցյալում: Մտածեք, խնդրում եմ, տեսանելի ապագայի մասին: Ինձ երբեմն թվում է, թե այդ Ձեզ, Մինսկի խմբի Ձեր գործընկերներին է տասնվեց դարերի խորքից դիմում մեծ պատմիչը,եպիսկոպոս Եղիշեն, Ավարայրի ճակատամարտի մասին (ճակատամարտ, որտեղ հայ ժողղովուրդը արյան գնով կարողացավ պահպանել քրիստոնեությունը) իր գրքում բերելով հետևյալ միտքը. «Անցյալի մասին հիշողությունը դիտաշտարակ է, որից լավ երևում է ապագան»:

Եվ այնուամենայնիվ, այցելեք Ղարաբաղ, որտեղ ամեն մի սար ասես Եղիշեի դիտաշտարակը լինի: Բարձրացեք թեկուզ Գանձասար և Դուք կտեսնեք ապագան: Ի դեպ, Ղարաբաղի լեռների մասին: Չէ՞ որ Ստալինի ևս մեկ նենգամտությունն էր «իր» սահմանադրության մեջ Ղարաբաղն անվանել միայն Լեռնային: Այդպես ավելի հեշտ և «տրամաբանական» էր անհեթեթ սահմաններ անցկացնել՝ ողջ Ղարաբաղը ահռելի ցածրադիր տարածքներից կտրելու համար: Գիտե՞ք, արդյոք, որ ողջ Ելիզավետապոլի գավառի, Գյուլիստանի երկրամասի և շատ տարածաշրջանների բնիկ տերերը խոսում են ղարաբաղյան բարբառով: Եվ այդ ահռելի տարածքի վրա ադրբեջանցիների կողմից խորհրդային ժամանակներում, կրկնում եմ, քանդվել են հազարավոր հայկական եկեղեցիներ ու տաճարներ, թալանվել ու վերացվել են հազարավոր գերեզմանոցներ, միլիոնավոր խաչքարեր և տապանաքարեր օգտագործվել են որպես շինանյութ: Բայց, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հողն էլ հո մնացե՞լ է հայկական: Նրա մեջ է մեր ժողովրդի էությունն ու հոգին: Այն կազմված է իմ նախնիների հոգիներից և բազմամիլիոն կոնկրետ անուններով շիրիմներից: Իրանում, օրինակ, համենայնդեպս, ոչ ոք սրբապղծորեն չի անպատվել մեր հողը, մեր նախնիների ոգին: Շուրջերկրյա նավարկություն կատարելով «Արմենիա» առագաստանավով, ես Հայաստանի սահմաններից դուրս տեսել եմ հարյուրավոր հայկական գերեզմանատներ, այդ թվում և՝ մահմեդական երկրներում: Դրանք խնամքով պահպանվում են պետության կողմից:

Ինչ վերաբերում է ներկայիս հարաբերություններին Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև, որն ունի սեփական սահմանադրություն, որտեղ հստակ որոշված են նրա այսօրվա սահմանները, ապա մենք պետք է պարզորոշ գիտակցենք. գլխավորը՝ չխախտել մեր նախնիների սուրբ սկզբունքները, որոնք երկար ու բազմաբարդ դարերի ընթացքում մշակել են հրաշալի համատեղ պատվիրան՝ «Սիրո գինը սերն է»: Եվ միաժամանակ միշտ հիշենք, որ բարեկամության մեջ ամենակարևորը, ամենաազնիվը, ամենաարժեքավորը սիրելն է, քան սիրված լինելը: Այդ մասին լավ և գործուն կերպով գիտեին ռուս և հայ ժողովուրդների մեծ որդիները, իսկական բարեկամներ և զինակիցներ Ալեքսանդր Գրիբոյեդովը և Խաչատուր Աբովյանը:

Վստահ եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, գիտակցված քննադատական ըմբռնումով կմերժեք ամեն տեսակի լկտի դատողություններն այն մասին, թե Հայաստանն իր «թվաբանական թուլությամբ» ի՞նչ կարող է, անել, իբր՝ ոնց կասենք, այնպես էլ կանի: Պատմական ճշմարտությունն իրապես ցույց է տալիս, որ մենք միշտ էլ ունեցել ենք փրկիչ փոխկախվածություն: Իսկ այսօր՝ ինչպես երբեք:

Դուք ճիշտ եք նշել. «Պատմական ճշմարտությունը խաթարելու փորձերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ»: Ընդ որում՝ հասկացնել եք տվել, որ պատմության նենգափոխումը հանգեցնում է հիվանդագին խառնաշփոթի՝ նոր սերունդների գլուխներում: Եվ ահա այստեղ Դուք հավելում եք ամենակարևորը. «Ըստ էության կարող են կասկածի տակ առնվել ժամանակակից աշխարհակարգի հիմնական սկզբունքները: Այստեղ թաքնված են շատ վտանգավոր սպառնալիքներ, այն էլ՝ անկանխատեսելի հետևանքներով»: Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ, քանզի վերջին հաշվով խոսքը, ինչպես Սոբչակն էր ասում, Ռուսաստանի խնդրի մասին է, իսկ ինձ համար՝ նաև Ղարաբաղի խնդրի: Եվ, իհարկե, երբեք չի կարելի, նույնիսկ մեղք է շրջանցել ճշմարտությունը: Քանզի, եթե շրջանցես, ապա չես խուսափի դժբախտությունից, որն, ինչպես հայտնի է, միշտ վրա է հասնում մեզ մեր սեփական մեղքով:

Պետք է իմաստություն և արիություն հավաքել և, ինչպես Ժան Ժակ Ռուսոն էր ասում, ձեռքը դնելով «ազնիվ սրտին», անկեղծորեն խոստովանել, որ մեր ընդհանուր երկրի փլուզումն սկսվել էր Հոկտեմբերի արշալույսին, Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի խախտումով: Արդեն այն ժամանակ նենգափոխում էին պատմությունը, չիմանալով, որ չափազանց բարձր է խաթարումներ չընդունող պատմական ճշմարտության գինն ու չափը: Եվ հաշվի առնելով, որ, ինչպես նույն Ռուսոն է ասել, «դեպի ճշմարտություն տանող ճանապարհը մեկն է», մենք բոլորս պետք է վերադառնանք այն միակ ճանապարհին, որն իր սկիզբն էր առել Ղարաբաղյան Գյուլիստանից: Պայմանագիրը, կրկնում եմ, ստորագրվել է հավերժական ժամանակների համար: Իսկ Ժամանակը, ի տարբերություն Տարածության, միայն մեկ չափում ունի՝ անցյալից ապագա, և անընդհատ հիշեցնում է մեզ. «Եթե դուք գործուն կերպով չմտածեք ապագայի մասին, ապա այն պարզապես չեք ունենա»:

1950-1960-ական թվականների վերջերին իմ սերունդը կլանված կարդում էր արևմտյան գրականության դասականներին, որոնք դպրոցական ծրագրերում չկային: Գրքերը փոխանակում էինք, հերթ կանգնում: Մեզ թերի էինք զգում, եթե չէինք հասցրել կարդալ, ասենք, Էրիխ Մարիա Ռեմարկ կամ Էռնեստ Հեմինգուեյ: Շատ էին նրանք, այդ դասականները: Բայց ամենից խոր ես ընկալեցի Գոլսուորսիին: Դեռ նախքան էկրաններին կհայտնվեր «Ֆորսայթների պատմությունը» եռագրությունը, մենք կարդում էինք նրա վեպերը: Սակայն, ինչպես ասում են՝ ողջ մնացյալ կյանքի համար, պահպանվել է գործելու պարտավորեցնող մեկ հակիրճ, բայց տարողունակ նախադասություն: Ես այն հուշատետրիս մեջ գրի էի առել կես դար առաջ, Կամչատկայում, որտեղ որպես բժիշկ եմ աշխատել ամբողջ տասը տարի: Եվ ես շատ եմ ցանկանում, որպեսզի Դուք նույնպես հիշեք իմաստուն Գոլսուորսիի խորհուրդը. «Եթե դուք գործուն կերպով չեք մտածում ապագայի մասին, ապա այն չեք ունենա»:

Հաշվի առնելով, որ չափից ավելի բարձր է իմ հասցեատիրոջ հեղինակությունը, ես որոշեցի մեջբերումը ճշտել բնագրի հետ: Պարզվեց, որ Գոլսուորսին չի գրել «գործուն կերպով»: Մի՛ հանդիմանեք ինձ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, չէ՞ որ կես դար առաջ ես չգիտեի, որ ինչ-որ ժամանակ օգտագործելու եմ «Փարիսեցիների կղզու» հեղինակի իմաստուն միտքը: Պարզապես ես անկեղծորեն համոզված եմ, որ Ջոն Գոլսուորսին կհամաձայներ, որ եթե մտածում ես ապագայի մասին, ապա պետք է միայն ու միայն գործուն կերպով մտածես: Առավելևս, երբ խոսքը Հայրենիքի ճակատագրի մասին է:

Անկեղծ հարգանքով`
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Հ.Գ. Փորձից գիտեմ, որ այս նամակի հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունն անպայման որպես սեփական փաստարկ կբերի իմ «Օջախ» գիրքը (1981 թ.), որն ի դեպ նվիրված է Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150 ամյակին: Այդ գրքում, օրինակ, ես պատմում եմ, թե ինչպես են ադրբեջանցիները խորհրդային ժամանակներում լիովին ավերել բոլոր հայկական բնակավայրերը, բոլոր հայկական հուշարձանները, այդ թվում և բուն Նախիջևանում: Երկրի երեսից ջնջել են հայ ճարտարապետության պարծանք Ագուլիս քաղաքը, որտեղ Մեսրոպ Մաշտոցի Ժամանակներից վեր էին խոյացել ավելի քան տասը անկրկնելի տաճարներ և եկեղեցիներ: Եվ Ագուլիսի մասին էլ ես մանրամասնորեն գրել էի անթաքույց ցավով: «Օջախ»-ի բոլոր օրինակները Բաքվում հրապարակավ այրեցին: Այս օրինակը բերում եմ այն պատճառով, որ երեք տասնամյակ անց նույն Բաքվում այրեցին արդեն ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսլիի գիրքը, ճակատագրի հեգնանքով դարձյալ հայկական Ագուլիս քաղաքի ողբերգության մասին մի դրվագի պատճառով:

…Չհավատա՛ք, եթե որպես արձագանք ասեն, թե ես պայթեցրել եմ Բաքվի մետրոն և գտնվում եմ միջազգային հետախուզման մեջ: Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը պաշտոնապես ներողություն է խնդրել ինձանից իր այն մեղքի համար, որ հենց սկզբից ուշադիր չի ստուգել ստահոդ փաստաթղթերը:

…Չհավատաք, եթե Ձեզ ասեն, թե ես մի ինչ-որ գիրք եմ գրել՝ նողկալի վայրագությունների նկարագրություններով (կտան գրքի վերնագիրը, հրատարակչության անունը, էջերը, նույնիսկ բազմաթիվ չակերտավոր մեջբերումներ, և այդ ամենը՝ համացանցում): Պարբերաբար «իմ գրքի» էջերը հնչեցնում են Բաքվում, արտասահմանում, ԵԽԽՎ-ի ամբիոնից: Թվեր են ներկայացնում «իմ» գոյություն չունեցող գրքից: Դա անպատիժ կերպով շարունակվում է երկար տարիներ: Ես լիովին համոզված եմ, որ մարդկությունն ինչ-որ ժամանակ լրջորեն կզբաղվի համացանցով: Բայց դա այլ խոսակցություն է: Իսկ առայժմ շատերն են հավանաբար հավատում այդ բարբաջանքին: Խնդրում եմ, պահանջեք, թող Ձեզ ցույց տան այդ գրվածքի թեկուզ մեկ օրինակ: Այդ ամենի մասին ես գրել եմ հոդված՝ «Զրպարտանքը հաղթում են միայն արհամարհանքով» (փոխառել եմ մի իմաստուն կնոջից՝ Ֆրանսուազա Մոնտենենից, որը Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի երեխաների դաստիարակն էր) Մոսկվայի «Պոլիտիկա» պարբերականում և «Լիտերատուրնայա գազետա»-ում: Բնականաբար՝ ոչ մի պատասխան զրպարտիչներից: Մեկ-երկու տարի լռեցին և նորից սկսեցին նույն զառանցանքը տեղադրել համացանցում:

Նման «փաստարկների» ցանկը կարելի է երկար շարունակել:

…Ներեցեք ինձ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, ևս մեկ անգամ, հարկադրված ահռելի ծավալի այս նամակիս համար: Ներեցեք անհանգստության համար: Շատ եմ ցանկանում հավատալ, որ Դուք կհասկանաք ինձ: Ես չէի կարող լռել:

Անկեղծ հարգանքով`
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: Այս երկարաշունչ 
նամակը զետեղելու համար հայցում ենք մեր 
ընթերցողների ներողամտությունը:

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ