Գլխավոր » Զորի Բալայանի նամակը՝ Պուտինին. «Ղարաբաղի խնդիր»-ն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…» - 1
Զորի Բալայանի նամակը՝ Պուտինին. «Ղարաբաղի խնդիր»-ն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…» - 1
14:30

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ստորև ներկայացվում է նամակն ամբողջությամբ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ 
պարոն Վ. Վ. ՊՈՒՏԻՆԻՆ

«Պատմությունը նման է իշխանությանը. երբ մարդիկ լավ են զգում, մոռանում են նրա մասին և իրենց են վերագրում սեփական բարերարությունը: Իսկ երբ վիճակը վատանում է, նրանք սկսում են զգալ նրա անհրաժեշտությունը և գնահատել նրա բարերարությունը»

…Պատմությունը խիստ է պատժում դասերը չիմանալու համար (Վ.Օ.Կլյուչևսկի)

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ: Ամենից առաջ կուզենայի անկեղծորեն խոստովանել, որ նամակիս չափից ավելի մեծ ծավալը խորապես իմաստավորված, պայմանավորված է այն թեմայի պատմական անհրաժեշտությամբ, ես նույնիսկ կասեի՝ ռազմավարականությամբ, որի մասին ցանկանում եմ պատմել Ձեզ: Եթե Դուք իմ նամակը կարդաք, ինչպես ասում են` առանձին կտորներով, կամ էլ եթե ընդհանրապես չկարդաք, ես դա կընդունեմ նորմալ և սթափորեն: Սա բոլորովին էլ մի ինչ-որ կոկետություն չէ: Սա կյանքի իրողություն է: Բանն այն է, որ ես այսօր չէի կարող չգրել իմ բաց նամակը: Միաժամանակ անիմաստ կլիներ այն հասցեագրել մեկ ուրիշին:

***
Այս նամակի հիմքում ընկած են նշումներ արված Գյուլիստանի պայմանագրի լուսանցքներում: Ընդգծեմ, որ դրանց մեջ մի քանի անգամ հանդիպում է Ձեր ուսուցչի, Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Անատոլի Սոբչակի անունը: Եվ ահա ցանկություն առաջացավ բաց նամակն սկսել նրա բառերով. «Գորբաչովի, եթե չասենք՝ մեր ողջ դժբախտությունը սկսվեց նրանից, որ հայկական ինքնավար մարզը հայկական միութենական հանրապետությանը միացնելու հայերի տրամաբանական պահանջը նա որակեց որպես «Ղարաբաղի խնդիր»: Մինչդեռ, դա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…»:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, հավատացե՛ք, այն, ինչի վրա ուշադրություն է դարձրել Անատոլի Ալեքսանդրովիչը, չափազանց լուրջ է և, ես կասեի՝ չափազանց պատմական: Բայց նախ երկու խոսք այն մասին, թե ինչպես և ինչու Սոբչակը ձեռք զարկեց այդ թեմային: ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի ընթացքում Անատոլի Ալեքսանդրովիչը տեղեկացավ, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից, որը հենց հայկական էր արդեն իսկ այն պատճառով, որ կոչվում էր «ինքնավար», ոչ մի հայ չէր ընտրվել ժողովրդական պատգամավոր, և այդ փաստը համարում էր անհեթեթություն: Արդեն ինքը, ընտրված լինելով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Օրենսդիր կոմիտեի կազմում, համագումարի ամբիոնից հանդես եկավ առաջարկությամբ՝ ինձ տալու իր տեղը միայն նրա համար, որ ղարաբաղյան փոքրիկ պատգամավորությունից ևս մեկ ներկայացուցիչ կարողանար մշտապես աշխատել Գերագույն խորհրդում: Այս ամենի, ինչպեսև Սոբչակի ելույթի մասին կարելի է կարդալ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի կարմիր կաշեկազմ սղագրական հատորում: Նրա գաղափարին հավանություն տվեցին շատերը, այդ թվում և ակադեմիկոս Սախարովը:

Ե՛վ Սոբչակը, և՛ Սախարովը ուշադիր, գիտնականների պես, ինչպես ասում են՝ մատիտը ձեռքին ուսումնասիրել են Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) դաշնագրությունները: Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ Մոսկվայի (1921 թվականի մարտ) և Ղարսի (1921 թվականի հոկտեմբեր) պայմանագրերի արդյունքում այն տարածքը, որի մեծ մասի վրա կազմավորվեց բացարձակ նոր, ըստ էության թուրքական հանրապետություն, պատմականորեն պատկանում էր Հայաստանին: 1639 թվականից այն անցել էր Իրանին, իսկ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրից հետո Պարսկաստանից անցավ Ռուսաստանի կազմ: Ընդ որում, պահպանվեցին բոլոր հայկական եկեղեցիները, պատմության և մշակույթի հուշարձանները:

Նորագույն պատմության մեջ ռուսաստանյան ղեկավարներից Դուք թերևս առաջինն էիք, ով, եթե հիշողությունս չի դավաճանում, 2006 թվականին բարձրաձայնեց պատմական ճշմարտությունը գործուն կերպով պաշտպանելու անհրաժեշտության մասին: Որպես Ձեր ծրագրի շարունակություն, արդեն նախագահ Դմիտրի Մեդվեդևի օրոք ստեղծվեց «ի վնաս Ռուսաստանի պատմության նենգափոխման ավելի ու ավելի ագրեսիվ փորձերի» հակազդման հատուկ հանձնաժողով: Թվում էր, թե այդ անհրաժեշտ և կարևոր գործը տեղից շարժվեց: Սակայն շուտով ռուսական հասարակայնության, ինչպես ասում են՝ որոշակի մասը գաղափարն ընդունեց եթե ոչ սվիններով, ապա, մեղմ ասած՝ քննադատաբար: Պատճառը, իմ խորին համոզմամբ, այն էր, որ պատմական ճշմարտության վերաբերյալ այն ժամանակվա նյութերում և բանավեճերում կային շատ ընդհանուր, ավելի ճիշտ՝ ընդհանրացված, հետևաբար և վերացական բաներ: Տպավորություն էր ստեղծվում, թե մոռացության է մատնվում նման դեպքերի համար ամենագլխավորը՝ «Ճշմարտությունը կոնկրետ է» արիստոտելյան փիլիսոփայական բանաձևը:

Ինչպիսին էլ որ լինի ճշմարտությունը (վտանգավոր, վնասակար, սարսափելի), այն պետք է ընդունվի այնպիսին, ինչպիսին կա: Գյոթեն, օրինակ, «գերադասում էր վնասակար ճշմարտությունը օգտակար սխալից»: Եվ երբ Անատոլի Սոբչակը խոսում էր Գորբաչովի դժբախտության և ողբերգության մասին, ապա նկատի ուներ հենց պատմական ճշմարտության աղճատումը: Մեծագույն պետության և հզոր կուսակցության ղեկավարը պատկերացում չուներ այն մասին, թե որոնք էին իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի իրական սահմանները: Չգիտեր այն մասին, որ հեղափոխական աղմուկի տակ Ստալինի և Աթաթուրքի կողմից ստեղծված, էությամբ թուրքական Ադրբեջան հանրապետությունը, կրկնում եմ, մեծամասամբ տեղակայված է պատմական Հայաստանի տարածքում, որը Գյուլիստանի և Թուրքմենչայի դաշնագրերից հետո ներառված էր Ռուսաստանի կազմում: Իսկ Ելցինը՝ ավելի վատթար. ո՛չ Բելովեժյեում, ո՛չ Կրեմլում, ո՛չ մահվան սնարում այդպես էլ չհասկացավ, որ 1991 թվականին բոլորովին էլ Ռուսաստանի նախագահ չէր դարձել: Նա ՌՍԴԽՀ նախագահն էր, իր կետագծված ու պայմանական խորհրդային սահմաններով: Դուք ինքներդ մի անգամ Ձեր ելույթում հստակ նշեցիք. «Ռուսաստանն, ըստ էության, վերանվանվել էր ԽՍՀՄ-ի, բայց դա չի նշանակում, թե դադարել էր Ռուսաստան լինելուց»:

Այսպիսին է ճշմարտությունը, որը վերացական չէ: Այն կոնկրետ է: Շոշափելի է: Տվյալ դեպքում կարելի է նույնիսկ ձեռքով դիպչել նրան: Դա Գյուլիստանի պայմանագիրն է, որը ներկայացնում է իննամյա պատերազմի հանրագումարը: Նրա տասնմեկ հոդվածներում ամփոփված է երկու պետությունների՝ Ռուսաստանի և Պարսկաստանի ողջ աշխարհաքաղաքական սկզբունքը, որոնք մարգարեաբար գիտակցում էին, որ իրենց միջև «հավերժական խաղաղությունը, բարեկամությունը և բարեհաշտությունը» կարող են գոյատևել բացառապես պատմական փաստաթղթի տառի և ոգու երաշխավորված իրագործման դեպքում: Այնտեղ ընդգծվում է գուցե ամենագլխավորը՝ համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի և Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլև, ինչը ավելի կարևոր է, «ժառանգորդներն (!-Զ.Բ.) ու հաջորդողները (!-Զ.Բ.)»:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, խոշոր հաշվով դա այսօր վերաբերում է նաև անձամբ Ձեզ: Այդ կապակցությամբ հրատապ, եթե չասենք՝ օպերատիվ անհրաժեշտություն կա հրապարակելու, օրինակ, դաշնագրի երրորդ և չորրորդ հոդվածները, առանձնապես եթե հաշվի առնենք, որ ներկայիս (ռուս, ռուսաստանցի) լայն ընթերցողը ծանոթ չէ դրանց. «Հոդ. III: Նորին Շահական մեծությունը, ի ապացույց Նորին Մեծություն Ամենայն Ռուսիո Տիրակալի հանդեպ իր անկեղծ բարեկամության, սույնով հանդիսավորապես ընդունում է, ինչպես իր, այնպես էլ Պարսից գահի Բարձր Հաջորդների անունից, որ Ռուսական կայսրության սեփականությանն են պատկանում ներքոնշյալ խանությունները՝ Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենտի, Կուբիի, Բաքվի և Թալիշի խանությունը իր այն հողերով, որոնք ներկայումս գտնվում են Ռուսական կայսրության իշխանության տակ…» (գործնականում ամբողջը, չհաշված ներկայիս Ադրբեջանի տարածքը, որը թուրքերն ստեղծեցին Մոսկվայում և Ղարսում): «Հոդ. IV: Նորին Մեծություն Ամենայն Ռուսիո Տիրակալը, փոխադարձ կապվածություն ցուցաբերելով Նորին Մեծություն Պարսից Շահին և ի ապացույց իր անկեղծ ցանկության՝ Պարսկաստանում, Իրեն հարևան պետությունում ամուր հիմքերի վրա տեսնելու ինքնակալությունը և պետական իշխանությունը, սույնով հանդիսավորապես խոստանում է Իր և Իր Հաջորդների անունից (!-Զ.Բ.). Պարսից շահի որդիներից նրան, ում ինքը կնշանակի Պարսկական պետության Ժառանգորդ, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել օգնություն, որպեսզի Ռուսիո Բարձրագույն Արքունիքի օգնությամբ ամրապնդվի Պարսից Արքունիքը…»: Ընդգծեմ, որ «Բարձր հաջորդներ» և «հավերժական ժամանակներ» բառակապակցությունները դաշնագրում ներկա են ոչ թե որպես դիվանագիտական սիրախաղ կամ մի ինչ-որ անթաքույց մաքիավելիզմ, այլ ապագայի, սերունդների հանդեպ պատասխանատվության արտահայտություն:

Այնպես որ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ստացվում է, որ ես Ձեզ դիմում եմ, բացի ամենայնից, նաև որպես հենց իր՝ Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդի, ե՛ւ Հաջորդի: Եկեք հիշենք պատմությունը. 1812 թվական (մեկ տարի անց կնքվելու է Գյուլիստանի պայմանագիրը): Վառվում էր Մոսկվան: Նապոլեոնը գտնվում էր Կրեմլում: Իսկ Նորին Մեծությունը պնդում էր, որպեսզի «Ղարաբաղյան ճակատից ոչ մի զինվոր ետ չկանչվի»: Դիմում եմ Ձեզ, հիանալի գիտակցելով այն բուն «պատմական ճշմարտության» իմաստն ու էությունը, որի մասին Դուք խոսեցիք 2000 թվականի կեսերին, երբ շնորհիվ Ձեր ջանքերի աճեց (վերականգնվեց) ռուսական բանակի հզորությունը՝ մղձավանջային իննսունականներին հոգեվարք ապրելուց հետո: Ալեքսանդր Առաջինի համար պատմական ճշմարտությունը առավել քան շոշափելի-կոնկրետ էր: Քանզի նա լավ գիտեր այն մեծ, յուրօրինակորեն ռազմավարական և նույնիսկ մարգարեական նամակագրության մասին, որ սկսվել էր Ալեքսեյ Միխայլովիչ ցարի և ղարաբաղյան մելիքների (իշխանների) ժամանակներից: Հիշում եմ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, թե ինչպես Դուք, արդեն որպես Ռուսաստանի նախագահ Հայաստան կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի ժամանակ, Երևանի պետական համալսարանի դահլիճում մեջբերում կատարեցիք Պետրոս Մեծից, Ձեր կողմից հավելելով. «Ասված է՝ արված է»: Բառերը, որ մեջբերեցիք, Պետրոս Առաջինը գրել էր 1724 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ղարաբաղյան կոնկրետ հոգևոր, ռազմական առաջնորդներին և կառավարիչներին ցուցաբերել էր «կայսերական բարեհաճություն և շնորհավորանք ողջ հայ ժողովրդին»: Քանզի այն ժամանակներում (և առհասարակ մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը) պատմական անհեթեթություն էր Ղարաբաղը դիտարկել Հայաստանից անջատ:

Տասնյոթերորդ և տասնութերորդ դարերում ռուսական ցարերի հանդիպումների և նամակագրությունների ռազմավարությունը ուղղված էր խորապես մտածված, հստակ հաշվարկված պատմական հեռանկարին: Գեներալ-ֆելդմարշալ Գրիգորի Պոտյոմկինը կայսրուհի Եկատերինա Երկրորդին Ղարաբաղից գրած իր ուղերձում համառորեն խնդրում էր «կիրառել բոլոր ջանքերը, որպեսզի Ղարաբաղը կարգավորվի հայ ժողովրդի համար առավել շահեկան կերպով»: Խոսքն, իհարկե, այն նույն հարավային ուղղության ռազմավարական կարևորության մասին էր: Եկատերինա Մեծը պարտավորեցրեց, որպեսզի «Հայ քրիստոնեական ժողովրդի» հանդեպ առանձնահատուկ բարեմիտ վերաբերմունքը էստաֆետի պես մեկ ցարի ձեռքից փոխանցվի հաջորդին: XVIII դարի ավարտին, իննամյա պատերազմն սկսվելուց ոչ շատ առաջ Պավել Առաջինը իր կայսերական բարեմտությունն ու ողորմածությունը արտահայտեց «վեհապետական և հռչակավոր Ղարաբաղյան մարզին» , որի անառիկ բարձունքներում, ռուս ականավոր պոետ և հումանիստ Սերգեյ Գորոդեցկու բառերով, «ավելի քան երկու հազար տարվա ընթացքում հայ ժողովուրդը դիմակայել է քոչվոր ցեղերի ոտնձգություններին, պահպանելով իր մշակույթը, պաշպանելով իր ազգային դեմքը»:

Եկատերինա Երկրորդի օրհնությամբ հրատարակվեց այն ժամանակների համար աննախադեպ հայ-ռուսերեն ծանրակշիռ բառարանը: Դա 1787 թվականին էր: Ահա թե ինչպիսի կենսական անհրաժեշտություն գոյություն ուներ դեռևս շատ առաջ, քան Արևելահայաստանը վերջնականապես կմիավորվեր Ռուսաստանի հետ: Ի դեպ, Թուրքմենչայի պայմանագրից շատ չանցած, 1837 թվականին հենց իր՝ Նիկոլայ Առաջինի ներածական խոսքով հրատարակվեց նորացված բառարանը: Իսկ դրանից էլ առաջ, Ալեքսանդր Առաջինի օրոք Մոսկվայում բացվեց հայկական համալսարան: Մի խոսքով, Գյուլիստանի և դրա օրգանական շարունակությունը կազմող Թուրքմենչայի պայմանագրերն ըստ էության դարձան ոչ միայն ռուսների և հայերի համար պատմական օրինաչափության, պատմական ճշմարտության մարմնավորում, այլև պարսիկների համար, որոնք Արաքսից և Քռից դեպի հյուսիս ընկած տարածքներում միշտ խնդիրներ էին ունեցել հիմնականում թուրքական ցեղերի հետ:

Թող ներկայիս սերնդի, առանձնապես երիտասարդության մոտ այն տպավորությունը չստեղծվի, թե Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական հարաբերությունները սկսվեցին այդ երկու պատմական փաստաթղթերի ընդունումից հետո: Կարծում եմ, չի խանգարի մի քանի պատմական նրբագծեր ավելացնել մեր փոխհարաբերությունների «դիմանկարին»:

…Բյուզանդիայի կայսր Վասիլ (Բարսեղ) Երկրորդը (ազգությամբ հայ) լավ իմանալով, որ Նովգորոդի և Կիևի իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչի (Վլադիմիր Առաջինի) տատիկը` իշխանուհի Օլգան Ռուսաստանում առաջինն էր քրիստոնեություն ընդունել, համաձայնվեց իր քրոջը՝ բյուզանդական արքայադուստր Աննային կնության տալ Վլադիմիրին: Այնպես որ, ռուսական փրկիչ Ուղղափառության ակունքներում կանգնած էին հայերը: Ինչպես ասում են՝ բարեկամացած էին ընտանիքներով և պետություններով: Այդ ժամանակներից պետք է անցներ հազար տարի, որպեսզի մեծ մարտիրոս Տիխոնը, ինչպեսև բոլշևիկյան մղձավանջներից հետո Ռուս եկեղեցու վերածնունդը տեսած Ամենայն Ռուսիո պատրիարքներ Ալեքսիյ Երկրորդը և Կիրիլ Առաջինը, ասես պայմանավորված, արտասանեին համարյա միևնույն բանը Հայ առաքելական եկեղեցու մասին. «Մենք պատկանում ենք ուղղափառ ժողովուրդների նույն ընտանիքին, որոնք աստիճանաբար վերադառնում են քրիստոնեական հավատի գիրկը, բարոյականության ակունքներին»:

Բոլոր ժամանակներում հայերը Ռուսաստանում ներկայացված էին ոչ միայն առևտրի, գործարարության, շինարարության, այլև բժշկության, գեղանկարչության, ճարտարապետության, մշակույթի ոլորտներում (կարդացեք Վ.Վ.Ստասովին): Դեռևս Ուղղափառ Ռուսաստանի կազմավորման արշալույսին հայերը ռուսերենից թարգմանել էին «Վարք Բորիսի և Գլեբի» և նույն ժամանակ էլ հայերենից ռուսերեն՝ «Վարք Գրիգոր Լուսավորչի» և «Վարք երանելի կույսերի» (խոսքը Հռիփսիմե և Գայանե սրբերի մասին է):

Ռուսական պատմության հայր Ն.Մ.Կարամզինը իր «Ռուսական պետության պատմություն» բազմահատորյակում գրում է. «Դեռևս Մոնոմախի ժամանակներում (իսկ դա XI-XII դարերն էին) Կիևում փառաբանված էին հայ բժիշկները…» , և նշում է հետաքրքրական մանրամասն. «Նրանցից մեկը (ինչպես գրում են), նայելով հիվանդին, միշտ գուշակում էր՝ կարո՞ղ է նա ապրել, և հակառակ դեպքում սովորաբար կանխատեսում էր նրա մահվան օրը»:

Գիտե՞ք, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, թե ինչի մասին էի ես հաճախ մտածում ղարաբաղյան խառնակ տարիներին: Այն մասին, որ Նորին Կայսերական Մեծություն, Պայծառափայլ և Հզորագույն Մեծն Կայսր Տիրակալ և Ամենայն Ռուսիո Ինքնակալ Ալեքսանդր Առաջինը կշրջվեր գերեզմանում, իմանալով, որ ադրբեջանցիները թուրք ռազմածովային մասնագետների օգնությամբ խորհրդային (ռուսական) նավերից ապամոնտաժել են հեռահար հրանոթները, դրանք տեղադրել Շուշիի և Լաչինի, Աղդամի և Խոջալուի կրակակետերում և թիրախային զարկեր էին տեղում հայկական գյուղերի, Ղարաբաղի քրիստոնեական հուշարձանների, «Գյուլիստան-Ռուսաստան ճամբարի Ղարաբաղյան տիրույթի բնասահմանի վրա» (ներկայիս Շահումյանի շրջանը), որտեղ Ռուսաստանը և Պարսկաստանը պայմանագիր ստորագրեցին հավերժական ժամանակների համար:

Կարևոր մանրամասն. Ալեքսանդր Առաջինի կողմից ստորագրված Գյուլիստանի դաշնագրում հստակ որոշված է Կասպից ծովի ճակատագիրը «բոլոր ժամանակներում»: Տերը մեկն էր՝ Ռուսաստանը: Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման լուծումը ձեռնտու էր նաև Իրանին: Ներկայացնեմ հատված դաշնագրի V հոդվածից. «Իսկ ռազմանավերի առումով, ինչպեսև նախկինում պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղության ժամանակ և միշտ (!-Զ.Բ.), երբ Ռուսական ռազմական դրոշը միակն էր (!-Զ.Բ.), որ գոյություն ուներ Կասպից ծովում, ապա սույն հարգանքով այժմ էլ նրան է վերապահվում նախկին իրավունքը, որպեսզի բացի Ռուսիո Տերությունից ոչ մի այլ տերություն Կասպից ծովում չունենա ռազմական դրոշ»: Ինչպես տեսնում ենք, Կասպից ծովը պատերազմից առաջ էլ պատկանել է Ռուսաստանին: Հիմա Կասպից ծովում ծածանվում են հինգ դրոշներ: Պարսկաստանը, որ ինը տարի կռվել էր Ռուսաստանի հետ, «անկեղծ ցանկություն ունենալով վերջ դնել պատերազմի աղետներին» և ցանկանալով «ամուր հիմքի վրա վերականգնել հաստատուն խաղաղություն», համաձայնվեց մեն-միակ դրոշին՝ Ռուսաստանի դրոշին: Իսկ հիմա, չգիտես որտեղից, մի ողջ ոհմակ հայտնվեց: Ընդ որում, կասկած չկա, որ այսօր Իրանին ամենից շատ անհանգստացնում է հենց ադրբեջանական դրոշը: Եվ որպեսզի արդարացնի, ավելի ճիշտ՝ օրինականացնի Կասպից ծովում դրոշ ունենալու իրավունքը, Ադրբեջանը սկսում է թափով հորինել և ապա հնացնել իր պատմությունը:

Հայտնի է, որ ԽՍՀՄ կազմավորման առաջին իսկ օրերից սահմանները համարվում էին պայմանական, այսպես ասած, խորհրդային, այն էլ՝ հավերժական ժամանակներով: Բացի դրանից, ժամանակ առ ժամանակ ձեռքից ձեռք էին հանձնվում պատմական ողջ տարածքներ, որոնք հանդիսացել էին այս կամ այն ժողովրդի հայրենիքի մաս: Համարվում էր, թե իբր այդպես էր պետք ընդհանուր երկրին, այդպես էր պետք խորհրդային ժողովրդին, որն արդեն ստացել էր իր բնորոշումը՝ «Նոր պատմական հանրություն-խորհրդային ժողովուրդ»: Ինչպե՞ս այստեղ չմտաբերես Սոլժենիցինին. «Իսկ չէ՞ որ այն տարիներին համարում էին, թե բոլորովին էլ կարևոր չէ որտեղ անցկացնել սահմանները, մի քիչ էլ կանցնի, և ուր որ է բոլոր ազգերը կմիաձուլվեն մեկի: Խորաթափանց Իլյիչ-առաջինը սահմանների հարցը անվանում էր նույնիսկ տասներորդական: Այդպես Ղարաբաղը հատելով տվեցին Ադրբեջանին: Ի՞նչ տարբերություն, թե որտեղ: Այդ պահին պետք էր հաճոյանալ Սովետների սրտալի բարեկամ Թուրքիային»: Իսկ չէ՞ որ Ալեքսանդր Իսաևիչը կարող էր որպես օրինակ բերել նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և ահռելի ու բազմաշրջան Գարդմանքը (Ելիզավետապոլի գավառի մի մասը): Եվ ոչ միայն դրանք…

Այդ ամենը, սկսած 1813 թվականից, գտնվում էր Ռուսաստանի կազմում: Եվ այդ ողջ տարածքի վրա, ներառյալ թալիշների, քրդերի, թաթերի, բուդուխների, խրիզների, խինալուգների և այլ ազգերի ու ազգությունների պատմական հողերը, ստեղծվեց ըստ էության միասնական թուրքական Ադրբեջան հանրապետությունը, որտեղ այդ բոլոր և այլ մահմեդական ժողովուրդներ, որոնք դարերով ապրել էին իրենց հայրենիքում, բռնի կերպով ուծացվեցին, մանավանդ՝ Ալիև ավագի կառավարման տարիներին:

Իսկ ի՞նչ կատարվեց այն տարածքում, որն աշխարհագրական ամենայն մանրամասնություններով ու մանրուքներով նշված է Գյուլիստանի և Թուրքմենչայի դաշնագրերում: Ինչպե՞ս այդ տարածքում հայտնվեց միութենական հանրապետություն, որն Աթաթուրքն առաջարկեց կոչել «Ադրբեջանի թուրքական հանրապետություն»: Այդ անվանումը չստացվեց: Փոխարենը, 1974 թվականի աշնանը, ավերելով և զավթելով Կիպրոսի տարածքի քառասուն տոկոսը, ի հիշատակ Աթաթուրքի երազանքի, այն անվանեցին «Կիպրոսի Թուրքական հանրապետություն»:

Եվս մեկ կրկնություն. գործնականում ողջ Հարավային Կովկասը պաշտոնապես գտնվում էր Ռուսաստանի կազմում: Այնպես որ, ճիշտ էր Ա. Սոբչակը. իրոք, չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսաստանի խնդիր: Կարելի է, իհարկե, դեմագոգաբար բարբառել, թե իբր, գիտե՞ք, 1917 թվականին իշխանությունը փոխվեց, և Ռուսաստանի նոր ղեկավարությունն իր հարցերը լուծում էր ուզածի պես: Այդ դեպքում ի՞նչ պատասխան տալ այն հարցին, թե որտեղի՞ց ծլեց Ադրբեջանը: Խոսքը տարբեր ազգերից ու ազգություններից բաղկացած կոնկրետ բնակչության մասին չէ, որն այն ժամանակ ապրում էր այդ տարածքում, այլ արհեստականորեն ստեղծված «նոր» ժողովրդի մասին է: Չէ՞ որ ո՛չ Գյուլիստանի պայմանագրից առաջ, ո՛չ էլ դրանից հետո գոյություն չուներ ո՛չ այդպիսի ժողովուրդ, ո՛չ այդպիսի երկիր: Սա իմանալը շատ կարևոր է:

Ես կարծում եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ձեզ համար դժվար չի լինի գտնել Յուժակովի տասնվեց հատորանոց հանրագիտարանը (1904 թվականի) և տեսնել «Ազերբայջան» տերմինը, որի դիմաց գրված է՝ «ծայրագավառ Պարսկաստանի հյուսիսում»: Այնտեղ կա Պարսկաստանի քարտեզը: «Ազերբայջան» բառը գրված է ոչ այնտեղ, որտեղ այսօր նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն է, այլ Քուռ գետի աջ ափից ավելի ներքև: Դրանից հյուսիս կա Ղարաբաղ, կա Թալիշ, կա Շիրվան, իսկ Ազերբայջան չկա: Հյուսիսային մասում մի քանի ծայրագավառներ են (այդպես էլ գրված է՝ «ծայրագավառ»): Դրանցից մեկն էլ Ազերբայջանն է (Ադերբեյջան): Ընդամենը 36 կարճ տող: Վերջին ինը տողերում խոսվում է բնակչության մասին. «Հյուսիսում՝ թուրքեր են և քրդեր»: Երկու տողից հետո նշվում է. «Թուրքերը և քրդերը վարում են քոչվորական ապրելաձև»: Եվս երկու տողից հետո ընդգծվում է, որ «քրդերը ցածրադիր վայրերում զբաղվում են հողագործությամբ»: Դա նշանակում է, որ թուրքերը, որոնք որոշ ժամանակ անց կոչվեցին ադրբեջանցիներ, վարում էին միայն քոչվորական ապրելաձև: Հիշեցնենք, սա տպագրված է 1904 թվականին:

Հարկ է հիշել և այն մասին, որ այդ ամբողջ աշխարհագրությունը գտնվել ու հիմա էլ գտնվում է (այդ նույն թուրքերի ու քրդերի ժառանգների հետ միասին) Արաքսի ու Քռի աջ ափերից դեպի հարավ, այսինքն՝ Ռուսաստանի սահմաններից դեպի հարավ, Իրանի տարածքում: Իսկ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը ստեղծեցին, ինչպես արդեն ասել եմ, դեպի ավելի հյուսիս, հիմնականում հայկական պատմական տարածքում, որը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ: Կարծում եմ, չկա ավելի անհեթեթ, եթե չասենք՝ վտանգավոր բան, քան թույլ տալ քաղաքական գործիչներին չարաշահել «կատարված փաստի» չարաբաստիկ սինդրոմը: Իբր, գնացքն արդեն մեկնել է: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել «պատմական ճշմարտության» հետ, «ի վնաս Ռուսաստանի՝ պատմությունը նենգափոխելու ագրեսիվ փորձերի» դեմ պայքարի հետ: Ճիշտ է, մեր դեպքում խոսքը ոչ միայն պատմության նենգափոխման մասին է, այլև ուրիշի հայրենիքը նենգորեն ու բարբարոսաբար զավթելու մասին: Եկեք հիշենք 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի նախօրեն: Ընդամենը մեկ օրինակ՝ հրեշավոր իր էությամբ:

Հոգեվարքի մեջ գտնվող Թուրքիան, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրած ամեն ինչ, կորցրած կայսրության կարգավիճակը, բայց շահադիտաբար առաջինը ճանաչելով խորհրդային իշխանությունը, պատվիրակություն է ուղարկում Մոսկվա՝ բոլշևիկների հետ բանակցելու: Գործընթացը ղեկավարում էր ազգությունների ժողկոմ Ստալինը: Պակտը ստորագրեցին մարտի 16-ին: Իսկ մարտի 4-ին «Ազգությունների կյանքը» պարբերականում Ստալինի տեղակալ Ա.Սաչկոն իր շեֆի թելադրանքով գրեց տեքստ՝ ուղղված հայ ժողովրդին: Շատ եմ խնդրում Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ուշադիր հետևել այդ հրեշի մտքի ընթացքին: Կուսակցության անունից և հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի Ա.Սաչկոն, նույնն է թե Ստալինը, «կոչ է անում Հայաստանին» ռուս-թուրքական պայմանագրին նվիրված գալիք կոնֆերանսում «զոհաբերել ե՛ւ իր նախկին տարածքները, ե՛ւ իր ժողովրդի այն հատվածը, որը մնացել է Թուրքիայում»:

Ասացեք խնդրեմ, Դուք երբևէ նման մի բան լսած կա՞ք՝ «զոհաբերել սեփական ժողովրդի մի հատվածը»: Իսկ չէ՞ որ դա տեղի էր ունենում այն արյունոտ ժամանակներում, երբ հենց Թուրքիայում դեռևս շարունակվում էր հայերի ցեղասպանությունը:

Երկար տարիներ ոչ ոք կարգին չգիտեր, թե ինչ էր խոսվել Մոսկովյան կոնֆերանսի կուլիսներում: Միայն մի քանի տասնամյակ անց, Ստալինի մահից անմիջապես հետո, թուրք պատմաբան Բայքլօղլին, հղում կատարելով պատվիրակության ղեկավար Յուսիֆ Բեյզեմին, «Աթաթուրքը Անատոլիայում» գրքում գրելու էր . «1921 թվականի փետրվարի 22-ին Ստալինի հետ առաջին հանդիպման ժամանակ նա մեզ խոստացավ օգնել զենքով, փողով, կենդանի ուժով (Եվ նաև կատարեց իր խոստումը: Հիշենք, մի ողջ արշավախումբ՝ մեկ բեռնատար ոսկով, զենքով և զինամթերքով, Մ. Վ. Ֆրունզեի գլխավորությամբ, որը բարեկամական այցով ուղևորվեց Թուրքիա: Գիտի՞ արդյոք Ռուսաստանը, որ այդ զենքը օգտագործվեց հայերի դեմ:- Զ.Բ.): Իսկ հայկական հարցը,- ասաց Ստալինը,- դուք արդեն լուծել եք»: Ռուսաստանում Թուրքիայի առաջին դեսպան, պատվիրակության անդամ, գեներալ Ալի Ջեբեսոյը թուրքական «Վաթան» թերթի 1954 թվականի ապրիլի 20-ի համարում գրում է. «Չիչերինը չէր համաձայնվում սահմանների հարցը լուծել հօգուտ Թուրքիայի, և միայն Ստալինի շնորհիվ հաջողվեց լուծել այն հարցերը, որոնք բանակցությունները կմտցնեին փակուղի»: Թերթի նույն համարում «Ստալինը և հայկական հարցը» հոդվածում Ջեբեսոյը գրում է, որ Ստալինի հետ երկրորդ զրույցի ժամանակ հարցրել են. «Արդյոք հայկական հարցը քննարկվելո՞ւ է կոնֆերանսի ժամանակ»: Նա պատասխանել է. «Դուք ինքներդ լուծել եք: Եթե մնացել են չլուծված հարցեր, ինքներդ էլ լուծեք»: Ի՞նչ է ստացվում վերջնական արդյունքում: Ստալինը մարմնավորում էր Մոսկովյան պայմանագիրը: Մոսկվան մարմնավորում էր Ռուսաստանը: Եվ ստացվում է, թե Ռուսաստանն գործադրեց այդ ողջ մղձավանջը Հայաստանի դեմ: Ո՛չ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այդ ամենը հիմնականում Ռուսաստանի դեմ էր: Ծայրահեղ դեպքում, առաջին հերթին «Ռուսաստանի դեմ»:

Նույն ոգով և նույն ոճով ընթացան բանակցությունները յոթ ամիս անց, արդեն Կարսում: Հայկական Կարսում, որը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ, այն ժամանակ կար ռուսական եկեղեցի, ռուսական գերեզմանատուն, ռուսական դպրոց, որտեղ, ի դեպ, սովորել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Մի խոսքով, այն ամենը, ինչ մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ ոչ միայն Գյուլիստանի, այլև, ինչպես տեսնում ենք, Թուրքմենչայի պայմանագրից հետո, գրչի մի հարվածով ակնթարթորեն հայտնվեց Թուրքիայի տիրույթում: Մինչդեռ՝ երկու դաշնագրերում էլ հանդիպում է միևնույն դրույթը.«Նորին Մեծություն Պարսից Շահը իր անունից և իր ժառանգների (!-Զ.Բ.) ու հաջորդների անունից (!-Զ.Բ.) Ռուսական կայսրությանն է զիջում որպես կատարյալ սեփականություն…»: Եվ ապա հաջորդում է հայկական նախկին տարածքների ցանկը: Երկու պետություններ, դարեր շարունակ անցնելով հազարավոր փորձանքների ու դժբախտությունների միջով, մեծ կորուստների գնով հասան իրենց փրկիչ պատմական ճշմարտությանը, իսկ այսօր երկարատև որոնումների և խիզախ փոխզիջումների անգին պտուղներից սրբապղծորեն օգտվում է երրորդ կողմը, որը բոլոր ժամանակներում, ըստ էության, եղել է Պարսկաստանի և Ռուսաստանի թշնամին: Եվ բոլոր ժամանակներում, ըստ տրամաբանության, կմնա թշնամի: Մեկ օրինակ. այսօր մեր աչքի առջև պանթուրքիստական Թուրքիան ավերում է մահմեդական Սիրիան: Կասկած չկա, որ դա ուղղված է այդ թվում նաև Ռուսաստանի և Իրանի դեմ:

Բերեմ Մ.Ս.Գորբաչովի հետ կապված մի օրինակ, որի համար «պատմական ճշմարտությունը» դատարկ հնչյուն էր: 1988 թվականի փետրվարի 26-ին նրա հետ Ղարաբաղի հարցով հանդիպման ժամանակ (ինձ հետ էր ականավոր հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը) ես մանրամասնորեն պատմեցի այն մասին, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ողջ տարածքը, որտեղ գտնվում էին մոտ հարյուր հիսուն հայկական բնակավայրեր, ավելի քան երեք հարյուր եկեղեցիներ ու տաճարներ, իսկ հայկական լեգենդար հինավուրց Ջուղայում հաշվվում էին փոքր ճարտարապետության համաշխարհային գլուխգործոցներ հանդիսացող մոտ տասը հազար խաչքարեր, մտցված է խիստ սահմանային գոտու ռեժիմի տակ: Ո՛չ ես, ո՛չ անմոռանալի Սիլվա Կապուտիկյանը բոլորովին էլ չզարմացանք, որ Գորբաչովը չգիտեր այդ մղձավանջի մասին: Իհարկե, բացի ամենայնից, Ադրբեջանի դեմ բողոքներով մեր նամակները կրեմլյան չինովնիկների կողմից ուղարկվում էին Ադրբեջանի ղեկավարությանը: Բերեմ մի փոքրիկ հատված Քաղբյուրոյի նիստում Գորբաչովի ելույթից,որը տեղի ունեցավ մեր հանդիպումից երեք օր անց. «Ողջ Նախիջևանին վերագրվել է սահմանային գոտու կարգավիճակ: Ազատ մուտքն այնտեղ արգելված է: Բայց չէ՞ որ այնտեղ են թաղված ցեղասպանության զոհերը, այնտեղ են գտնվում նրանց բոլոր գերեզմանները: Այնտեղ կային հայկական մշակույթի իննսուն հուշարձաններ, որոնցից մնացել է մեկը: Եվ վերջ: Ոչ մեկին չեն թողնում այն պատճառաբանությամբ, թե դա սահմանային գոտի է»:

Սա ասում էր ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղարը, դիմելով ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի բոլոր անդամներին և անդամության թեկնածուներին, ԽՄԿԿ Կենտկոմի բոլոր քարտուղարներին, կուսակցության Կենտկոմի և կառավարության բոլոր հրավիրված պատասխանատու աշխատողներին: Եվ ոչինչ: Բացարձակապես ոչինչ չփոխվեց Նախիջևանում: Ավելի վատացավ:

Հիշեցնեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, որ դա տեղի էր ունենում 1988 թվականի փետրվարի 29-ի երեկոյան: Այդ ժամերին Սումգայիթում դեռևս շարունակվում էր հայերի կոտորածը: Եվ Գլխավոր քարտուղարը Քաղբյուրոյի նիստի ընթացքում խնդրեց պաշտպանության նախարար Յազովին բոլորի ներկայությամբ կրկնել այն, ինչ նախորդ օրն իրեն էր պատմել երես առ երես, «Պատմի՛ր, Դմիտրի Տիմոֆեևիչ, թե ինչպես են այնտեղ սպանում» (ուշադրություն դարձրեք, որ «սպանել» բայը նա արտասանում է ներկա ժամանակով: Գորբաչովը և Քաղբյուրոյի անդամները գիտեին, որ կոտորածը դեռ շարունակվում էր): «Երկու կանանց կրծքերը կտրեցին, – պատասխանում է Յազովը,- մի կնոջ գլուխը կտրեցին, իսկ աղջկան մաշկահան արեցին: Այ այսպիսի վայրագություն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշագնաց էին լինում»:

Ներեցեք ինձ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այս նատուրալիզմի համար և մի մտածեք, թե ես հեռանում եմ «Ոչ թե Ղարաբաղի, այլ Ռուսաստանի խնդիր» թեմայից: Ամեն ինչ իրոք շատ պարզ է ու հասկանալի: Հայկական հսկայական պատմական տարածքը (ողջ Ղարաբաղի Խանությունը Գյուլիստանի երկրամասի հետ, Նախիջևանի Խանությունը, Ելիզավետպոլի գավառը և այլ տարածաշրջաններ) ուղիղ երկու հարյուր տարի առաջ, իննամյա պատերազմից և Գյուլիստանի դաշնագրից հետո Պարսկաստանի կազմից անցան Ռուսաստանի կազմ: Բնականաբար, այդ տարածքում ապրում էին նաև այլ ազգություններ ու ցեղեր, այդ թվում և թուրքեր (թյուրքեր): Լենինը նրանց կոչում էր կովկասյան թաթարներ: Նույն ժամանակ էլ, որպեսզի տարբերեին կովկասի մահմեդականներին Ղրիմի մահմեդականներից, հայտնվեց նոր բառակապակցություն՝ «ադրբեջանական թաթարներ»: Պետք է հաշվի առնել և ժամանակը, երբ այս ամենը տեղի էր ունենում:

…Առաջին համաշխարհային պատերազմ: Հայոց ցեղասպանություն: Փետրվարյան հեղափոխություն: Հոկտեմբերյան հեղափոխություն: Այս մթին ու խառնաշփոթ խորապատկերի վրա հոգեվարքի մեջ գտնվող Թուրքիան մոտեցումներ է փնտրում բոլշևիկների հետ, շողոքորթորեն առաջինն է ճանաչում սովետների իշխանությունը: Տարիներ անց Աթաթուրքը գրելու էր. «Մենք արագացրինք հաստատված կապերը բոլշևիկների հետ, հուսալով, որ հաջողության դեպքում մենք կոչնչացնենք հայկական պետությունը, որը թարախապալար է մեր երկրի մարմնին»: Լենինը համոզված էր, որ Աթաթուրքը ամենաճշմարիտ հեղափոխական է, որը պայքարում է համաշխարհային իմպերիալիզմի դեմ: Հոկտեմբերյան հեղափոխությունից դեռ կես տարի առաջ Լենինը պահանջեց Ժամանակավոր կառավարությունից ռուսական «օկուպացիոն» զորքերը դուրս բերել Թուրքահայաստանից: Սակայն կառավարության գլուխ կանգնած Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկին ստիպված էր հրապարակավ պատասխանել բոլշևիկներին. «Մենք չենք կարող հեռանալ Հայաստանից, քանի որ այդ դեպքում Հայաստանից ոչինչ չի մնա: Նա կզոհվի թուրքի յաթաղանից»: Եվ հին տոմարով 1917 թվականի հոկտեմբերի 11-ին, Ձմեռայինը գրավելուց 14 օր առաջ Լենինը գրում է. «Եթե սովետները իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը, մենք պարտավոր ենք (?-Զ.Բ.) զորքերը դուրս բերել Հայաստանից»: Դա կոչվում էր «հեղափոխության արտահանում», տվյալ դեպքում՝ դեպի Արևելք, Թուրքիա: Հեղափոխության առաջնորդը հարգեց իր խոսքը: Իշխանության գալով նոր, 1918 թվականի նախօրեին, Ստալինի հետ միասին, համենայն դեպս, ստորագրեցին չարագույժ փաստաթուղթը:

Եվ սկսվեց ամենաահավորը: Զորքերը դուրս բերվեցին: Իրոք ծագեց «Ռուսաստանի խնդիրը»: Ոչ առանց Ստալինի օգնության հաշիվները մաքրեցին Գյուլիստանի պայմանագրի արդյունքների հետ: Նույնը արվեց արդեն նաև Թուրքմենչայի պայմանագրի արդյունքների հետ: Կարսի մարզը, Արդահանը, Սարիղամիշը իսկույն անցան Թուրքիային: Այդ ժամանակ Անդրկովկասի մահմեդականների մեծամասնությունը, մանավանդ թուրքերը փաստորեն գտնվում էին թուրքական «Մուսավաթ» կուսակցության ազդեցության տակ: Եվ այն ժամանակ ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչու հանկարծ առանձնակի դաժան նենգությամբ, անհավատալի արագությամբ վերսկսվեց հայերի հիմնավոր և լայնորեն կազմակերպված կոտորածը՝ հիմա արդեն Բաքվում, Գանձակում (Ելիզավետպոլ, Կիրովաբադ), Շուշիում, որպեսզի վերջնականապես կտրեին Իրանը և նախկին իրանական հողերը Ռուսաստանից: Այդպիսին էր ոչ միայն Թուրքիայի, այլև Արևմուտքի գերխնդիրը: Չէ՞ որ Թուրքիան այդ ամենը կազմակերպում էր բացեիբաց, անգլիացիների և գերմանացիների օգնությամբ: Հազար անգամ կրկնելու եմ, որ այն ժամանակ այդ ամենը տեղի ունեցավ այսպես ասած՝ Ռուսաստանի իրավաբանական տարածքում:

Հենց միայն այդ հանգամանքն արդեն խոսում է այն մասին, որ գլխավոր հարվածը, ինչպես միշտ էր տեղի ունենում, առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանի դեմ, որին, կրկնում եմ, պետք էր վերջապես ու վերջնականորեն կտրել, պոկել Հարավային Կովկասից: Կհնչի այն ժամը, երբ Անգլիան և ընդհանրապես Արևմուտքը կհասկանան, թե ինչ ճակատագրական սխալմունքի մեջ են եղել: Գերմանիան արդեն հիմա դա շոշափելիորեն զգում է: Գերմանացի քաղաքական գործիչներից ինչ-որ մեկը երկրում թուրքերի քանակի կատաղի աճի հետ կապված դիպուկ նշել է. «Օդից Բյուզանդիայի հոտ է գալիս»: Այստեղ գործում է շահերի չարաբաստիկ սկզբունքը՝ ըստ Պալմերսթոնի. «Անգլիան չունի մշտական բարեկամներ: Անգլիան չունի մշտական թշնամիներ: Անգլիան ունի մշտական շահեր»: Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչպես հակադարձեցին թուրքերը Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոնի այդ բանաձևին: «Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցերը»:

…Ավաղ, ինքը՝ Ռուսաստանը, փոթորկված հեղափոխական կրքերով, այդպես էլ չհասկացավ, թե ինչի հանգեցրին այդ անգլիական «շահերը», որոնք վերաճեցին թուրքականի: Կարսի պայմանագրից արդեն մեկ տարի անց Աթաթուրքը ջախջախեց Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը: Ստեղծվեց արհեստական պետական կազմավորում, որը, ինչպես գրում է պատմաբան Ե.Ա.Պախոմովը, «կոչեցին նախնական Ադրբեջան անունով»: Թուրքիան շարունակում էր հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանի տարածքում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին և, համաձայն Հիտլերի հետ պայմանավորվածության, պատրաստվում էր հարձակվել Խորհրդային Միության վրա: Իսկ հարձակման համար ազդանշան պետք է ծառայեր Ստալինգրադի անկումը (կարդացեք Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլևսկու հուշերը): Եվ մենք (նկատի ունեմ մեր ողջ նախկին երկիրը՝ ԽՍՀՄ-ը) ստիպված էինք վերատեղակայել ամբողջ բանակներ, որոնք այնքան անհրաժեշտ էին Արևմտյան ճակատին, Ախուրյան գետի ձախ ափում:

Բառացիորեն Հիտլերի ինքնասպանության օրը, իսկ դա, ինչպես հայտնի է, հաղթանակի օրվանից մեկ շաբաթ առաջ էր, Թուրքիան փարիսեցիաբար պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում: Չերչիլի ֆուլտոնյան ճառից հետո, երբ սկսվեց սառը պատերազմը, և նախկին դաշնակիցները ստեղծեցին ՆԱՏՕ-ն, ռազմական մասնագետները գտնում էին, որ ոչինչ դուրս չի գա առանց Թուրքիայի, որը ԽՍՀՄ-ի միակ «ոչսոցիալիստական» հարևանն էր: Եվ այնժամ ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը, որ արդեն հասցրել էր ատոմային ռումբեր նետել Հիրոսիմայի և Նագասակիի վրա, աշխարհով մեկ հայտարարեց. «Թուրքիան ԱՄՆ-ի ամենաարևելյան սահմանագիծն է: Թուրքիան ԱՄՆ-ի հիսունմեկերորդ նահանգն է»: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում սկսվեցին «Կոմունիզմի մեծ կառույցները», և Թուրքիան պարտավորեցրեց «դուստր-հանրապետությանը», ինչպես կոչում էր Ադրբեջանին, շինարարական իրարանցման քողի տակ, հետպատերազմյան սովի խորապատկերին, Ղարաբաղի, Նախիջևանի, Գարդմանքի (Ելիզավետպոլի գավառ) հայ շինարարներին քաղցրաձայն կոչել աշխատանքի Սումգայիթի քիմիական կենտրոնի, Մինգեչաուրի ՀԷԿ-ի և այլ շինարարություններ:

շարունակությունը՝

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ