Գլխավոր » Մատենաշար՝ «Արցախապատում» ընդհանուր անվամբ
Մատենաշար՝ «Արցախապատում» ընդհանուր անվամբ
14:12

«Սոնա» գրատունը հրատարակում է մատենաշար՝ «Արցախապատում» ընդհանուր անվամբ։ 
«Պատմեմ, թե ինչպես ծնվեց գաղափարը,- գրքի առաջաբանում գրում է մատենաշարի խմբագիր, գրատան տնօրեն Մաքսիմ Հովհաննիսյանը:- Առաջարկվող գիրքը սկսվում է Իսրայել Պետրոսյանի հուշերով: Տարիներ առաջ «Սոնա» հրատարակչությամբ պետք է տպագրվեր նրա առակների գիրքը: Գիրք էլ ասո՜ւմ եմ՝ հերթական լղարիկ՝ բրոշյուր ասեմ, թե՝ գրքույկ: Առակների հետ էին նաեւ հեղինակի հուշերը, որոնց տպագրությունը պլանավորված չէր, հետեւաբար տպագրության հարցը քննարկման ենթակա չէր: Հետաքրքրության համար կարդացի, եւ սիրտս ճմլվեց. հուշերն ավարտվում էին հեղինակի մի փափագով՝ տպագրված տեսնել իր առակների գիրքը, որը ծավալով այնպիսին լիներ, որ չամաչեր ուրիշ գրքերի կողքին դնել: Կենդանության ժամանակ դա հնարավոր չեղավ, ծննդյան 100-ամյակն էլ եկավ ու անցավ, նախաձեռնող չգտնվեց: Ճակատագրի ի՜նչն եմ ասել...

Բայց արդյո՞ք Իսրայել Պետրոսյանի հուշերի ճակատագրին չեն արժանացել նաեւ այլ գրքեր: Այս հարցը լրջորեն մտահոգեց ինձ, հատկապես այն բանից հետո, երբ ծանոթացա ինձ անհայտ հեղինակի՝ Ալեքսանդր Սուլեյմանյանի ռազմաճակատային հուշերին: Կարդացի մեկ շնչով, ինչպես տարիներ առաջ կարդում էի Հայրենական մեծ պատերազմի մասին խորհրդային հեղինակների լավագույն ստեղծագործությունները: Չշարունակեմ գովեստի խոսքեր ասել այս ժողովածուի գործերի վավերագրական հավաստիության, արդար ու տեղին խոսքի եւ այլ արժանիքների մասին: Միայն ասեմ, որ այս «Արցախապատում» մատենաշարի առաջին պրակում մենք ընթերցողներին ենք տրամադրում մի հետաքրքիր ժողովածու, որն արժանի է ամենայն ուշադրության եւ ճանաչողական նշանակությամբ ժանրի մեջ կպահպանի իր արժեքը ժամանակի մեջ: Առանց վարանելու՝ ընդերկար»:

Անշուշտ այս մատենաշարը կարևոր և լուրջ առաքելություն ունի՝ կորստից փրկել մարդկային հիշողության այդ բացառիկ գրավոր հուշարձանները, այլապես դրանք կարող են մոռացության տրվել ու անհետ կորչել։
 
«Մեր հիշողության այն հազվադեպ մասունքները, որոնք ձեռագիր օրինակով դեռեւս պահպանվում են, պետք է խնամքով հավաքել եւ ինչ-որ ձեւով, ինչ-որ միջոցով հրատարակության տալ, այլապես անհետ կկորչեն, ինչպես անտիկ մեծերի շատ աշխատություններ:Դա կլինի անդառնալի կորուստ, որ, ավա՜ղ, հնարավոր չի լինի վերականգնել,- շարունակում է առաջաբանի հեղինակը:- Դրանք մեր հիշողության գանձարանի նմուշներ են, որոնք պետք է պետական հովանավորության արժանանան:

Ինչի՞ համար սկսեցի իմ այս խոսքը՝ ուղղված ընթերցողներին: Ովքեր էլ լինեն՝ պետական պաշտոնյաներ, գիր ու գրականություն սիրող մարդիկ, այն մարդկանց հարազատները, որոնց մոտ, որպես ժառանգություն, մնացել են գրավոր վկայություններ, պետք է հոգածություն ցուցաբերեն դրանք փրկելու համար:
Անցյալի փորձից դաս քաղելով, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր կան եւ ապրում են, հուշագրություններ ունեն, կամ կարող են պատմել իրենց կյանքի եւ հատկապես Արցախյան գոյամարտի, դրանից առաջ եւ դրանից հետո տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի մասին, կարող են մեր օգնությանը դիմել, հույս պահելով, որ «Սոնա» գրատունը կնպաստի ընթերցողների լայն շրջանի սեփականությունը դարձնելու բոլոր հետաքրքիր եւ ճանաչողական արժեք ունեցող վկայությունները:
Ուրեմն, մի° զլացեք, եւ բանը էքսվա օրին մի թողեք, մենք ենք, չէ՞, գլխի ընկել, որ էքսվա գործին ձյուն կգա: Հենց հիմա վեր կացեք ու գործի կացեք: Դրա համար, համոզված եմ, շնորհակալ կլինեք ինձ»:

Իր խոսքն այսպես է եզրափակում Մ. Հովհաննիսյանը. «Բացելով «Արցախապատում» մատենաշարը, մենք փորձ ենք անում տպագրության տալ այն հուշերը, ուրիշից լսած՝ հադրութեցու ասած, զանազան քաթեր, որոնք վերաբերում են մեր հայրենի եզերքի պատմությանը, առանձին մարդկանց կյանքին, ժողովրդական խոսքի միջոցով պահպանված վկայությունները, ծեսերն ու սովորությունները, հնամյա պատումները, այն ամենը, ինչը կարող է մի գիծ ավելացնել Արցախի եւ արցախցու դիմագծին: Ինչո՞ւ, օրինակ, մենք չունենանք այն հրաշալի զվարճախոսությունների համահավաք ժողովածուները, որոնք  կապված են Խնուշինակ, Հաթերք, Տումի եւ այլ գյուղերի հետ: Թե չէ այդ ազնիվ գանձերը ցաքուցրիվ են կամ ապրում են բանավոր զրույցներում՝ անտեր ու անտերունչ:
Դիմեցեք «Սոնա» գրատուն, զանգահարեք հեռախոսով, ուղարկեք փոստով, ինքներդ սեփական ձեռքով բերեք»: 

Սեփ. լրատվություն

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ