Գլխավոր » ԶՈՐԻ ՄԱԳԵԼԱՆԻՉԸ
ԶՈՐԻ ՄԱԳԵԼԱՆԻՉԸ
14:57
Թե ինչքան նստեց մեր պետության վրա Զորի Հայկովիչի շուրջերկրյա ճամփորդությունը, և դրանից ինչ շահեց համայն հայությունը, դժվար է ասել։ Զուտ ծախսի առումով տարբեր թվեր են ասում՝ միայն պետբյուջեից 140 միլիոն դրամ հատկացման մասին են նշում։ Էլ չենք խոսում աշխարհի տարբեր ծագերում բնակվող մեր հայրենակիցների հովանավորությունն ու աջակցությունը։ Եկեք հրաժարվենք ծախսերը հաշվելու մտադրությունից, մանավանդ, որ սա ոչ առաջին, ոչ էլ, կարծում ենք, վերջին ճամփորդությունն է՝ այս գործը Զորի Բալայանին ու նրա նավաստիներին, ըստ ամենայնի, շատ է դուր եկել։

Մեր ղարաբաղցի հայրենակիցն էլ ակնհայտորեն ամրացել է, արևահարվել, կազդուրվել։ Սրտի ծանր վիրահատությունից և երկարատև հիվանդությունից հետո ծովային օդը թերևս կազդուրիչ ու երիտասարդացնող դեր է խաղացել։ Իսկ ինչե՜ր չես անի հայտնի հրապարակախոսին ու քո համերկրացուն օգտակար լինելու համար։ Այնպես որ Սերժ Սարգսյանի գթասրտությունը և «Արմենիա» նավի շուրջերկրյա ճամփորդության վերջին հանգրվանում նրան անձամբ դիմավորելու ակցիան պետք է դիտարկել զուտ հումանիստական տեսանկյունից։

Չնայած ՀՀ նախագահն այնքան մեծահոգի է եղել, որ Լառնակայի իր ելույթում բառեր ու որակումներ չի խնայել՝ ուղղված «քաջարի ծովագնացներին», որոնք «երկամյա սխրանքի» էին ելել և «ոչ միայն աշխարհաշուրջ ճանապարհորդություն կատարել», այլև «հայրենիքի շունչն են հաղորդել մեր համայնքներին»՝ «նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձևը»։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս անիմաստ «գիտարշավը» նվիրված է եղել հայ մայրերին ու կրել է Մեսրոպ Մաշտոցի անունը։ Եվ գիտե՞ք ինչու է գիտարշավ կոչվում՝ որովհետև Զորի Հայկովիչը, որպես իսկական տուրիստ, լուսանկարել է հայկական եկեղեցիներ, դպրոցներ ու հին գերեզմանատներ։

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
(«Հրապարակ»)

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ