Գլխավոր » 2010 Ապրիլ N4(17) /3
2010 Ապրիլ N4(17) /3
14:21

ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Եվ հրացանով զինված ռուս զինվորների առջև մորթվում էին խաղաղ ու անզեն քաղաքացիները

(Սկիզբը նախորդ համարներում)

Ցարական զորքերը քաղաքից քաղաք, ավանից ավան էին գնում, կոտրում էին ժողովրդական կարողությունն իրենց մեջ պահող սնդուկները, տանում նրանց մեջ եղած գումարները, իսկ ժողովուրդն իր զայրույթն ու վիշտը մոռացնել էր տալիս նրանով, որ փարում էր Դաշնակցությանը, որի ռազմական ուժերը մտնում էին գործի մեջ՝ տեռորի ենթարկելով կառավարական պաշտոնյաներին՝ սկսելով Գանձակի փոխնահանգապետից:
...Թեև այսպիսին էր ստեղծվող նոր դրությունը, բայց հնչակյանները մի անգամ էլ էին երևան գալիս հանդուգն ձեռնարկություններով. նրանք էին, որ 1903-ի աշնանը սպանության փորձ կատարեցին կառավարչապետ Գոլիցինի վրա: Փորձն անհաջող էր: Ցարական սատրապը չսպանվեց, այլ վիրավորվեց գլխից: Այնուհետև այլևս բացարձակ պատերազմական դրություն ստեղծվեց միապետական բյուրոկրատիայի և հայ ժողովրդի միջև: Հալածանքներն ընդունեցին համածավալ կատաղի կերպարանք: Թիֆլիսում ամբողջ թաղեր ենթարկվեցին գիշերային խուզարկությունների, հարյուրավոր մարդիկ, սոսկ կասկածով միայն, աքսոր քշվեցին Ռուսաստան...

Եվ այսպես ուրեմն, ռուսական արատավոր կառավարությունն իր ոճրագործ քաղաքականությամբ այն էր միայն առաջացնում, որ կովկասյան հայությանն էլ գցում էր Դաշնակցության գիրկը, համակում էր նրան ֆիդայական-հեղափոխական տրամադրությամբ և ամենասուր ազգայնական հակառակությունների որոմներն էր տնկում իրար հարևան ազգերի սրտերում: Դաշնակցության ծրագիրը լայնանում էր. մինչ այդ նա կռվի մի ճակատ ուներ իր առջև, իսկ այժմ Ռուսաստանը դառնում էր երկրորդ ճակատ:

...Քրիստափոր Միքայելյան իր աչքով նա մի անգամ էլ տեսավ, թե ինչպես Եվրոպան դարձյալ դավաճանեց[ Հայոց հարցին, բայց, իհարկե, էլի շարունակեց հավատալ այդ իսկ Եվրոպային: Իր աչքով նա տեսավ իր մի ուրիշ շատ խոշոր ձեռնարկման վիժումը ևս: Ահագին գումարներ ծախսելով, մեծամեծ պատրաստություններով նա մի շատ նուրբ և վարպետ դավադրություն սարքեց, որի զոհը պիտի դառնար սուլթան Համիդը: Այս մահափորձը տեղի ունեցավ 1904-ի գարնան սկզբին, այն ժամանակ, երբ Անդրանիկը դեռ հաղթական էր Սասունում: Սելամլըքի արարողությանը ներկա լինելու համար Ելդզի պալատ մտավ մի եվրոպացի՝ շքեղ կառքով, որի մեջ դրված էր դժոխային մեքենա: Մեքենան վաղաժամ պայթեց, սպանեց մի քանի զինվորի, իսկ Համիդն անվնաս մնաց: Միքայելյանը, սակայն, չհուսահատվեց, սկսեց պատրաստել մի նոր դավադրություն, որի մեջ ինքն էլ պիտի մասնակցեր իբրև գործող տեռորիստ: Բայց զոհ գնաց Բուլղարիայում փորձեր անելիս պայթած ռումբին:

Դաշնակցությունն իսկը որ որբանում էր՝ զրկվելով այդպիսի ուժեղ կազմակերպողից և հեղափոխական խառնվածքից: Այնուհետև ֆիդայական պատերազմը վերածվեց նախկին մանր խմբային ընդհարումների: Մի անգամ էլ աղերսարկու պատվիրակություն ուղարկվեց Լա Հեյքաղաքը՝ եվրոպական դիվանագիտության դռները ծեծելու, բայց այս անգամ էլ, ինչպես միշտ, առանց որևէ հաջողության:
Ռուս-ճապոնական պատերազմը 1904թ. ամռանը մի շարք խայտառակ պարտություններ բերեց Նիկոլայ ցարի զենքին: Ինքնակալական Ռուսաստանը թե՛ Արևելքում և թե՛ Արևմուտքում անպարտելի և անհեթեթ հսկայի համբավ ուներ: Այժմ ստացվեց, որ դա մի դատարկ հեքիաթ է եղել: Իր ամբարտավանության մեջ ցարիզմը ծաղր ու ծանակի առարկա դարձավ ոչ միայն մեծերի և ուժեղների, այլև մանավանդ փոքրերի ու տկարների համար:

Հայ ժողովուրդը, պետք է ասել առանց վերապահումների, հրճվում էր ռուսական պարտություններից...Բայց մի՞թե կարելի է ասել, թե միմիայն հայերն էին հրճվողները: Ո՛չ, այսպիսի բան երբեք չի կարելի ասել: Հայերը հրճվողներից մեկն էին, ուրիշ ոչինչ: Իսկ հրճվողները բոլոր այն տարրերն էին՝ առանց լեզվի, սեռի, հասարակական դիրքի և քաղաքական դավանության խտրության, որոնք դժգոհ էին ցարիզմից, համարում էին նրան չարիք և դժբախտություն ժողովրդի բարօրության տեսակետից:
Եվ ուրախացնողը միայն ճապոնական զենքը չէր: Ես շատ լավ եմ հիշում, թե կուրորտային հասարակությունն ինչպիսի պայծառ և զվարթ ժպիտներով ընդունեց մի ամառային սիրուն առավոտ Պլևեի սպանության լուրը: Մի կատարյալ տոնական տրամադրության մեջ էին ինտելիգենտ շրջանները, բայց այդ տրամադրությունը տխուր արտահայտություն զգեցավ, երբ միևնույն օրը հեռագիրը գուժեց, թե վախճանվել է Անտոն Չեխովը՝ ռուսական մթնշաղի այդ մեծաքանքար երգիչը:

...Գոլիցինը գործի մեջ չէր, բայց ինքը՝ գործը, լավ սարքված էր: Ցարիզմն իր զորքերը չէր ուղարկում հայերի դեմ, այլ բարձրացնում էր թուրք անգիտակից ժողովրդին, դրդում էր հարձակվել հայերի վրա, կոտորել նրանց, թալանել նրանց գույքը: Այս դրդումը միանգամայն վկայված է շատ թուրքերի բերանով: Հաստատված է նույնպես, որ ինքը՝ կառավարությունն էր զենք բաժանում թուրքերին: 1905-ի փետրվարին սկսվեցին, այսպես անվանված, հայ-թուրքական ընդհարումները: Բայց ավելի ճիշտ կլիներ անվանել հայ-թուրքական պատերազմը. մի պատերազմ, որ տարի ու կեսից ավելի տևեց և արյունով ու ավերակներով լցրեց Արևելյան Անդրկովկասի այն բոլոր տեղերը, ուր հայ ու թուրք միասին էին ապրում ...իսկ «խեղճ» ցարական կառավարությունը հայտարարում էր իրեն միանգամայն թույլ, միանգամայն անկարող այդ անկարգությունները զսպելու, այդ փոխադարձ կատաղի թշնամությունը կանգնեցնելու համար: Եվ հրացանով զինված ռուս զինվորների առջև մորթվում էին խաղաղ ու անզեն քաղաքացիները, իսկ նա միայն նայում էր (Խորհրդային կայսրությունը նույնը կրկնեց 1988-ից ի վեր, երբ կազմակերպելով Սումգայիթի, Գանձակի, Բաքվի և այլ վայրերի ջարդարարությունը՝ հանգիստ և ուշացած դիտորդի դերում հանդես եկավ - գրք. խմբ):

...Հայերն արհամարհում էին թուրքական աշխարհում տեղի ունեցող շարժումները, ավելորդ էին համարում խորասուզվել երևույթների մեջ, դուրս հանել դրանց միջից պարտ ու պատշաճ եզրակացություններ և խրատներ: Ինչպես և այն դեպքերում, երբ հարցը վերաբերվում էր թուրքահայերի օրեցօր վտանգվող կացությանը, հայերն օրորվում էին այն հանգամանքով, թե Եվրոպա կա, ոչինչ չի լինի, և շարունակում էին իրենց թեթևամիտ և ոճրագործ անտարբերությունը: Մոտիկ ապագան պիտի ցույց տար հայերին, թե որքան թանկ նստեց նրանց այս հանցավոր անտարբերությունը: Պատասխանատուն ամենից առաջ Դաշնակցությունն էր: Նա էր միակ կազմակերպված քաղաքական կուսակցությունը, որ հետզհետե իր ձեռքն էր առնում ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը, հաղորդում նրան ֆիդայական աշխարհավարության գունավորում, դրանով իսկ սաստկացնում էր հարևան ժողովուրդների կասկածամտությունն ու թշնամական տրամադրությունը դեպի հայերը: Իր տրամադրության տակ ունենալով բավականաչափ նյութական միջոցներ՝ զինվորների և պաշտոնավարների ամբողջ խմբեր պահելու համար, Դաշնակցությունը չկարողացավ երբեք լուրջ կերպով ուսումնասիրել այն միջավայրը, ուր նրան վիճակված էր գործել: Պատմում են, որ Քրիստափոր Միքայելյանը, պատասխանելով նրանց, ովքեր ասում էին, թե Թուրքահայաստանը մի անծանոթ երկիր է, պետք է ուսումնասիրել այն, որպեսզի կարելի լինի գործել այնտեղ, ասում էր. «Начто мне знать, насколько высоко ростет трава в Турецкой Армении?»: Ի՞նչ հարկավոր էր ուսումնասիրություն:
 
 Գտնված էր փրկության կախարդական դեղատոմսը՝ ֆիդայական կռիվ և Եվրոպա… Այս սկզբնական մեղքի մեջ մնաց ամբողջ ժամանակ և նրա հիմնած կուսակցությունը: Եվ այս պատճառով էր, որ նրա քթի տակ սաղմնավորվեց, ծնվեց ու մեծացավ, առանց նրան երբեք սոսկ հետաքրքրություն և հոգս պատճառելու, թուրքական ազգերի միությունը, որ վերջը հայությանը շրջապատեց բոլոր կողմերից և խեղդեց…
Բաքվի մեջ թուրքերի փետրվարյան հարձակումը միանգամայն անակնկալ էր հայերի համար: Առաջին երկու օրերը միանգամայն անպաշտպան էին հայերը, և թվում էր, թե ոչ մի փրկություն չի մնում նրանց համար: Ռուսական զորքերը դեկորացիայի դեր էին կատարում փողոցներում, նահանգապետը ցավ էր հայտնում, որ ուժ չունի, իսկ դիակների թիվը շատանում էր, հրդեհված տների մեջ խորովվում էին ամբողջ ընտանիքներ: Այդ օրհասական րոպեներին էր, որ դաշնակցական քաջ խմբապետ Դումանը (առաջ մենակ ինքը, հետո՝ երկու-երեք ընկերների հետ) դուրս եկավ փողոցները, դիրքեր գրավեց անկյուններում և գնդակներ ուղարկեց դեպի թուրքերը: Կազմակերպվեց ինքնապաշտպանությունը: Թուրքերը դիմադրության հանդիպեցին, զոհեր տվեցին, նահանջի դիմեցին, և այսպիսով հաշտություն հաստատելու հող պատրաստվեց:

...Հիշում եմ այն մեծ ժողովը, որ այս առիթով կայացավ Թիֆլիսում, Վանքի եկեղեցու բակում: Հավաքվել էին հազարավոր մարդիկ, եկան թուրքերն իրենց Շեյխ-ուլ-Իսլամի հետ, արտասանվեցին ճառեր: Առանձնապես մեծ հռչակ ստացան ծերունի Շեյխ-ուլ-Իսլամի ճառի մեջ արտասանված այն խոսքերը, թե երկու հարևան խաղաղ ժողովուրդների մեջ կռիվ ու արյունահեղություն գցողը շեյթանն է: Թե իսկապես ի՞նչ մտքով էր մահմեդական հոգևորականը գործածում «շեյթան» բառը, ոչ ոք չիմացավ: Բայց ամենքի տրամադրությանն ու համոզմունքին համապատասխանող մեկնաբանությունն այն էր, թե այդ շեյթանը ուրիշ ոչ ոք չէ, քան միայն ցարական կառավարությունը: Եվ այնուհետև այս փոխաբերական հասկացությունն ընդհանրացավ բոլոր կովկասյան ազգերի մեջ, և երբ ասում էին, թե մեղավորը շեյթանն է, ամենքը հասկանում էին, թե խոսքը ռուսական բյուրոկրատիայի մասին է:

Թե՛ այս խոշոր հրապարակային ցույցը և թե՛ փետրվարյան արյունահեղությանը հետևած հանգստությունը վստահություն էին ներշնչում, որ երկու հարևան ժողովուրդներն իրապես հաշտվեն իրար հետ՝ հասկանալով, որ օտար ինտրիգի զոհեր են եղել: Այնքան մեծ էր այս հավատը հայ ինտելիգենցիայի մեջ, որ նա նույնիսկ դրամական նվերներ էր անում Բաքվի կոտորածից վնասվածների համար՝ առանց կողմերի մեջ խտրություն դնելու, այսինքն՝ թե՛ հայերի և թե՛ թուրքերի համար:
Բայց քնած չէր շեյթանը: 1905-ի գարունը շատ անախորժ շարժումներ բերեց, որոնք ցույց էին տալիս, թե ցարական տիրապետությունը նստած է հրաբուխի վրա: Բավական չէին բանվորական շարժումները, Վրաստանի զանազան կողմերում բռնկվեցին գյուղացիական խոշոր շարժումներ՝ ուղղված կալվածատեր դասակարգի դեմ: Մինչ մի կողմից կառավարությունը զորքեր էր ուղարկում գյուղացիական շարժումները ճնշելու համար, մյուս կողմից վրացի ու թուրք կալվածատերերը հավաքվում էին Թիֆլիսում՝ իրար հետ միություն կազմելու համար: Միության նպատակն էր համարվում կուլտուրական համերաշխ և եղբայրական աշխատանք երկու ժողովուրդների բարօրության համար: Բայց ո՞վ կարող էր հավատալ, թե շահագործող դասակարգերը, որոնք աշխատավոր գյուղացի ժողովրդի դեմ ռուսական սվիններ էին ուղարկում, երբևիցե հոգս են ունեցել կամ կարող են ունենալ ժողովրդական բարօրությունը: Պարզապես հասկանալին և իրականն այն էր, որ երկու ձրիակեր դասակարգերը միանում էին իրենց դիրքերն ամրացնելու և իրենց քաղաքական նպատակները հաստատուն հողի վրա դնելու համար:

Շեյթանին սպասում էին և ուրիշ անակնկալներ ու հիասթափություններ: Պետերբուրգի կառավարությունը, կամենալով շահել հեղափոխականացող ժողովրդի սիրտը, հրապարակեց մի կարգադրություն, որով համայնքներին ու ազգություններին իրավունք էր տրվում առանձին ուղերձներով կառավարությանը ներկայացնել իրենց կարիքները: Այս թույլտվությունից Կովկասում ամենից առաջ օգտվեց վրաց ազնվականությունը, որ երկու ուղերձով, ուղարկված Թիֆլիսից և Քութաիսից, Նիկոլային խնդրում էր Վրաստանին ինքնավարություն տալ: Ցարը կարող էր բացականչել. «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»: Դեռ 3-4 տարի առաջ էր այս վրաց ազնվականությունը շքեղ հանդեսներով տոնել Վրաստանի բռնի միացումը Ռուսաստանին, փառաբանել հարյուր տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքը՝ իբրև մեծագույն բարիք Վրաստանի համար, և Նիկոլայը, լցված խանդաղատանքով դեպի իր հավատարիմ ազնվականությունը՝ պետական գանձարանից նրան տարեկան մոտ 80 հազար ռուբլի նպաստ էր հատկացրել: Այժմ ինքնակալության գլխավոր հենարանը կազմող ազնվականությունը դավաճանում էր Վրաստանում՝ պահանջելով ռամկավարական կարգեր՝ անշուշտ ժամանակի նեղ հանգամանքներից՝ ապստամբած գյուղացիության մեծ ուժից և վրացիների մեջ հետզհետե աճող սոցիալ-դեմոկրատական շարժումից ստիպված:

Հայերն էլ առանձին ուղերձի մեջ ձևակերպեցին իրենց պահանջները, որոնք մշակվել էին ապրիլ ամսին, Թիֆլիսում գումարված հայկական համագումարի նիստերում: Հայերն իրենց համար առանձին ազգային ինքնավարություն չէին պահանջում, այլ միայն արմատական, ռամկավարական մի երկար շարք ռեֆորմներ և ազատություններ՝ ընդհանուր համակովկասյան և համառուսական չափանիշով, և ավելացնում էին մի շարք ազգային պահանջներ՝ լոկ եկեղեցական ինքնավարության սահմանների մեջ:
Առանձին պահանջներ ներկայացրեց և մահմեդական ազգաբնակչությունը, որից ցարական կառավարությունը կարող էր եզրակացնել, որ անգամ այդ հետամնաց, ուխտյալ միապետական և ցարապաշտ համարվող բազմությունն էլ ունի իր դժգոհությունները, իր առանձին լեզուն, որ խոսում էր ազգայնական կրոնական շահերի անունից:
Վատ օրեր էին գալիս շեյթանի համար: Եվ նա, բնականաբար, չէր կարող վերջացած համարել հայ-թուրքական կռիվները: Դրանք կլանում էին եկեղեցական կալվածքների գրավումով հայերի մեջ առաջ եկած հեղափոխական տրամադրությունը և մարտական ուժերը, [իսկ] թուրք կալվածատիրությանը զբաղեցնում էին՝ վրացի դասակիցների դաշնակցությունից հեռու պահելու չափ: Եվ այս բոլորի արդյունքում մեկուսացնում էր Վրաստանի հեղափոխական շարժումը՝ նրան առանձին ջարդելու համար: 1905թ. մայիսի սկզբին Թիֆլիս մտավ կոմս Վորոնցով-Դաշկովը՝ Կովկասի փոխարքայի պաշտոնով: Մինչև գալը նա Պետերբուրգից իմաց էր տվել Կովկասի ազգերին, թե ինքը տեղական ազգություններին բարյացակամ վերաբերվող, նրանց կարիքներին ու պահանջներին ամենայն ուշադրությամբ ականջ դնող մի կառավարիչ կլինի: Ուստի և խնդրում էր ամենին լինել կարգապահ և այսպիսով աջակցել իրեն, որպեսզի ինքը կարողանա ամբողջապես իրականացնել իր բոլոր դիտավորությունները՝ հօգուտ և ի վերաշինություն կովկասյան երկրների: Հատկապես հայերին կոմսը խոստանում էր վերադարձնել նրանց եկեղեցական կալվածքները և վերստին բաց անել նրանց դպրոցները:

Սա մի ահագին նորություն էր ամբողջ Կովկասի համար: Նոր մարդ, նոր կարգ: Գոլիցինից հետո այսպիսի լեզու… Երևում էր, որ ճապոնական գեներալները և ամբողջ Ռուսաստանի հեղափոխականացումը խելքի էին բերում Նիկոլային, իհարկե, ժամանակավորապես՝ մինչև փոթորկի անցնելը: Ալեկոծ Կովկասի հանդարտեցումը ցարը հանձնել էր արքունիքի արարողությունների, ծեսերի, կեղծավոր ձևերի, շողոքորթությունների ու նուրբ ինտրիգների մեջ մազեր սպիտակացրած այս կոմսին, որ անթիվ ու անհաշիվ հարստությունների տեր էր և իր ծերությունը անցկացնելու համար խաղաղ ու շքեղ անկյուն չէր ընտրում, այլ Թիֆլիսի փոխարքայական պալատը՝ դրդված միայն հին ազնվականի փառասիրությունից:

(Շարունակելի)




Ազգային

ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՎԵՐԱՊՐԵՑ 1915-Ի ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

1921 թվական։ Մարտի 15։ Գերմանիա։ Բեռլին։ Հարդենբերգ փողոց։ Սողոմոն Թեհլերյանի կրակոցից սպանվում է Թալեաթ փաշան։
Նույն թվականի հունիսի 3։ Գերմանիայի նահանգային դատարան։ Տեղի է ունենում Թեհլերյանի դատավարությունը՝ Թալեաթ փաշայի դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Երդվյալ ատենակալների որոշումը Թեհլերյանի օգտին էր։ Սակայն...

Տասնամյակներ հետո Պերճ Զեյթունցյանը գրում է «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսը, որտեղ ներկայացվում է հայ վրիժառուի, հերոսի դատավարությունը, հոգեկան տառապանքները...
2010 թվական։ Ապրիլի 22։ Ստեփանակերտ։ Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժնի ուսանողների և Ստեփանակերտի պետդրամթատրոնի դերասաններ Պարույր Ներսիսյանի ու Էդվարդ Դավթյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որն ըստ Զեյթունցյանի վերոհիշյալ պիեսի, բեմադրել է Ստեփանակերտի պետդրամթատրոնին կից գործող թատերական ստուդիայի ուսմասվար Վեներա Ավագիմյանը։ Այն նվիրված էր 1915 թ. Հայոց ցեղասպանության 95-ամյակին։

ԱրՊՀ-ի իրավագիտության ամբիոնի վարիչ Ռ. Առուստամյանի և դատավոր Շ. Օհանյանի կողմից տրված խորհուրդների և Վ. Ավագիմյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ բեմ է հանվել մի ներկայացում, որը մինչև հոգու խորքը հուզել է հանդիսատեսին։ Արցախցիները դահլիճից հեռացան թախծոտ աչքերով, հայոց մեծ ողբերգության ծանր հուշերը սրտում...
Լ. ՍԱՐԳՍՅԱՆ


Ես, որպես հանդիսատես, մեծ հպարտություն զգացի, տեսնելով, թե ինչպես են ուսանողները կատարում իրենց դերերը։ Կարծում եմ, ոչ միայն ես, այլ բոլոր նրանք, ովքեր այդ օրը գտնվում էին դահլիճում (ազատ տեղ չլինելու պատճառով շատերը մինչև վերջ հոտնկայս դիտեցին ներկայացումը)։
Ամեն ինչ այնքան բնական ու մակարդակով էր արված, որ յուրաքանչյուրս ապրեցինք այն ցավն ու տառապանքը, որ ապրել էր հայ ժողովուրդը, սարսափելի մեծ ցավ, որ Սողոմոն Թեհլերյանին ստիպել էր հասնել Բեռլին, գտնել մեծ ոճրագործներից մեկին և վերջ տալ հրեշի կյանքին։
Բեմում բոլորն իրենց բարձրության վրա էին՝ թե՛ ուսանողները, թե՛ Սողոմոն Թեհլերյանի և թուրք փաշայի դերակատարները, որ Ստեփանակերտի պետդրամթատրոնի դերասաններ էին։
Դատավարության մասնակիցներին հաջողվեց 20-րդ դարասկզբի դեպքերը ներկայցնել 21-րդ դարի հանդիսատեսին։ Եվ յուրաքանչյուրս, դուրս գալով դահլիճից, մեզ զգում էինք պարտատեր՝ Թուրքիայից հատուցում և գործած ոճրագործության ընդունում պահանջելու խնդրում...
ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱրՊՀ, 3-րդ կուրս




ԿՐԿՆԱԿԻ ԵՂԵՌՆ

Հայոց ցեղասպանության 95-ամյակի առթիվ Ստեփանակերտի պետդրամթատրոնը բեմադրել է «Տո, լաճ տնավեր» պիեսը։ Բեմում նույն տանիքի տակ ներկայացվել են հայ մեծ մտավորականներ Ռուբեն Սևակը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Կոմիտասը... 1915 թվականին երիտթուրքերի կողմից հոշոտվելուց հետո, 95 տարի անց, մեր նշանավոր մտավորականներն այս անգամ անխղճորեն եղեռնվեցին Ստեփանակերտի թատրոնի բեմում։
Ավելի մանրամասն՝ մեր թերթի առաջիկա համարներից մեկում։
«ՆԷ»





ԱԲԵԼՅԱՆԻ ԽՄԲԻ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ

Վանաձորի պետթատրոնում
աշխատելու տարիներին
ծանոթացա իմ ծննդավայր
Ալավերդու թատրոնին
տասնամյակներ առաջ
շուք ու փայլ տված
Մարգարիտ Տիրոսյան
դերասանին ու մեր տևական
զրույցների ընթացքում էլ
ծնվել է նրա մասին գրելու
գաղափարը։

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոնի արխիվագետ Իզադորա Սքուլյանի մոտ ես տեսա պատմական լուսանկարը, ուր իր թատերախմբի կենտրոնում շեքսպիրյան Լիրի սպիտակամորուս փառահեղ կերպարանքով բազմած էր հայ թատրոնի արքան՝ Հովհաննես Աբելյանը: Նրա աջ կողքին կծկվել էր բեմում առաջին քայլերը անող 18-ամյա Մարգարիտա Տիրոսյանը: «Տիկին Տիրոսյան, ինչպիսի՞ն էր Աբելյանը բեմում,- մեր մշտական հանդիպումների մի երեկոյի հարցրի կյանքի հանգրվանին հասածին՝ ով անկողնում գամված, ձեռքերի շոշափումով էր այլևս «որսում» հայացքդ, քանզի շատ բան տեսածի աչքերի լույսը մնացել էր իր խաղընկեր մեծերի հուշաշխարհում...

Ծերունական կուրությամբ տառապողի աչքերից արցունքներ գլորվեցին: Այդ արցունքներն Աբելյանի մեծությունը նկարագրելու համար չէին հոսում, այլ անցած-գնացած տարիների և անմնացորդ սիրո՝ առ հողը հայրենի, որի մասին պապանձված մնաց կոմունիստական թատերագիտությունը։ Դերասանուհին արդեն նվաղած ձայնով սկսեց պատմել, իսկ իմ մտքում հետ սահեցին տարիները, մահու մահճից ելավ տանտիկինը, նստեց ավանդական իր տեղը՝ սեղանի գլխամասի աթոռին ու առողջ բանականությամբ վերհիշեց 1930-ականների սկզբի հյուրախաղերը։
«Մինչ հասակ առնելը՝ ծնողներիցս էի լսել մեծն Աբելյանի անունը:
 
Հիշում եմ Երևանի սրտում գետնահարկ մեր խրճիթը, որից դուրս էի թռչում արևակեզ բակ, իմ ձեռամբ ծակած ականջներիցս կախած օղերով ու երազում էի դերասանուհի դառնալ: Հիմա էլ՝ հիշելով ծաղկափթիթ այն տարիները, նորից դերասան դառնալու իղձով եմ պարուրվում: Միակ բանը աշխարհում՝ ինչից ես չհագեցա՝ բեմն էր, թատրոնը: Ծնողներս էլ ինձնից վարակված, ավելի էին մորմոքվում, քանզի սրանց վերջին հուշը Կարսից՝ ճակատագրորեն կապված էր մեծն Աբելյանի հյուրախաղի հետ: Ես թեթև էի տանում իմ ծննդավայր Կարս ասածի կորուստը, որովհետև այն լքել էի բարուրում՝ հորս կրծքին կպած ու մտածում էի՝ «Դերասանուհի կդառնամ, այդ Աբելյանի պես մի օր ես էլ իմ խմբի հետ կժամանեմ Կարս ու էլ ետ չեմ գա: Ո՞վ կարող է ինձ իմ տնից քշել»:

Մանկան երազանքս ժպիտ բերեց Աբելյանի շուրթին՝ ում խմբում անդամագրվելս առայսօր հրաշք եմ համարում, հրաշք փակված պողպատե սահմանների ներսում: Այդ սահմանները սկզբում հռչակավորների շրջիկ թատրոնները փակեցին իրենց ճահճացած տիրույթում, հետո կազմալուծվեցին՝ առաջացնելով սովետական թատրոնը, որի գլխին դրին ռեժիսորին ու սրա կամակատարության տակ մեռցրին մեր ազգային աստղաբույլին՝ այդ կերպ վերջ դնելով հանճարների ծննդատուն հանդիսացող անկախ թատերախմբին:
Հովհաննես Աբելյանի դերասանապետությամբ սկիզբ առած շրջագայությունները մեկնարկվեցին Անդրկովկասից: Գնացքն անխախտ հերթականությամբ մեզ փոխադրում էր կովկասյան քաղաքների, ավանների, ադաթների, շքեղ հյուրընկալությունների միջով: Աբելյանն էր եկել, Աբելյա՜նը: Կա՞ր մեկը, որ ծունկ չգետներ, չհիանար ու ոգևորման գագաթնակետին իրենը չհամարեր բեմի հանճարին:

Գնացքը հանգրվանեց Նախիջևանում: Իմ ծննդավայրն ու պատմական գրեթե ողջ Հայաստանը բռնազավթած ցեղի մոտ բոլորը կորցրին խաղաղությունը: Կարծես չէին եղել օր առաջվա հաջողությունները: Ազերիները մեզ սառն ու զուսպ դիմավորեցին: Աբելյան շենշող հանճարի բոցավառումից դահլիճում թեև հալվեց սառցե ձևապաշտությունը, բայց Մուհամեդի որդիների դեմքից չվերացավ անթաքույց ատելության քողը դեպ քրիստոնյան: Ես թմբիրի մեջ էի:
Բեմի բարձունքից, սակայն, ամենը ինչ հեշտ լուծելի էր թվում. կարևորը կորած Կարսի, Վանի… պես հողակտորներից չի կտրվել հայի ոտքը: Գուցե շատ շուտով հետ բերենք քոչվորին զիջածը: Բայց էլի մի բան կար անհանգստանալու, ու ես վախեցած դիմեցի Աբելյանին. «Վարպետ, դուք նման կատաղությամբ չէիք սպառում Ձեզ նախորդ ելույթներին: Ինչո՞ւմն է գաղտնիքը»:

«Աղջիկ, ես իմ ոխն ունեմ սրանցից: Թե սրանք մեզ հաղթեցին հողի հարցում, ապա նմանը չեն ունենա արվեստի ասպարեզում: Չէ՞ որ բոլորիս ծննդավայրը սրանց ձեռքում է գերված, և հիմա ո՞վ է խոսում դրանց հայկականության մասին:
Ուսուցչիս աչքերում լճացված արցունքը ստիպեց հուզված ելնել նրա հարդասենյակից: Ուրեմն՝ նա էլ է տառապում կորուսյալ հայրենիքի ցավից…

Գնացքի հետևից բաջիները տաք հացերով հյուրասիրության հրավերներ արին: Էլ չդիմանալով ներսիս հրդեհին՝ կիսով չափ կախվեցի լուսամուտից ու ինտերնացիոնալ ռուսերենով ճչացի. «Մեզ մի՛ զարմացրեք ձեր առատաձեռնությամբ: Մեր հողին ու շեներին տիրացել եք, մեր բարիքներն եք վայելում: Մոտ է իմ ազգի համբերության սպառումը, որ ձեզնից հետ առնի գերված Նախիջևանը, Ղարաբաղը, Քուռը, Արարատը, իմ ծննդավայր Կարսը»:
Հասանք Ջուլֆա։ Երազանքս՝ տեսնելու հայկական Ջուղայի հին գերեզմանատան բազմահազար խաչքարերը, հօդս ցնդեց: Երկաթուղակայանը բռնել էին ադրբեջանական ոստիկանության սպաները՝ բոլորի բերանում մի հարց. «Ձեզնից ո՞վ է Նախիջևանի մասին սխալ պատկերացում ունեցողը…»։
Աբելյանը ոտքից գլուխ խեթեց ինձ: Միայն վարպետի անձից ճառագող վեհության շնորհիվ փրկվեցի կալանավորվելուց: Ի՞նչ իմանայի երիտասարդ աղջնակս, որ սոցիալիստների եղբայրությունում չի կարելի հույզեր դրսևորել: Իսկ ազերիները լավ էլ դրսևորեցին իրենց անհանդուրժողությունը՝ դադարեցնել շրջիկ խմբի հյուրախաղերը, արգելել սրանց մուտքը Ղարաբաղի Ինքնավար մարզ: Այդ պահին միայն հասկացա, թե ինչ է նշանակում թուրքի դիվանագիտություն: Ահա թե ինչպիսի երկաթե լկամի մեջ էին սրանք ճմլում մեր արդարության իրավունքը: Երազանքս թերի մնաց: Մտքումս ասի. «Երանի՜ Ղարաբաղն էլ տեսնեի, հետո միայն արտահայտեի զգացմունքներս»:

Այս դեպքը երիտասարդ դերասանուհու համար դառնում է բազմաթիվ գլխացավանքների առիթ: Գործին խառնվում է հատուկ հետախուզության բաժինը: Մարգարիտ Տիրոսյանին վռնդում են Աբելյանի ղեկավարած թատրոնից, կարճ ժամանակ անց փակում նաև թատրոնը: ԿԳԲ-ն ամեն ինչ անում է մոռացության մատնելու այս դերասանուհուն, շանտաժի են ենթարկում, քարերով ու չոր ցեխի կտորտանքներով փշրում Մարգարիտի կացարանի ապակիները և մի գիշեր՝ գործուղված երկուսը ներխուժում են նրա սենյակ ու ծեծելով բռնաբարում...

* * *
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի ճակատին աստղավանդակներում փորագրված են թատրոնում աշխատած անվանի արտիստների անունները՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարգարիտ Տիրոսյանին տեղ չէր հատկացված երևելիների շարքում: Իմ համառ ու հետևողական պայքարով հասա հաջողության, ամենավերջին աստղավանդակը առհավետ կպահպանի ազգային գոյապայքարի այս առաջնամարտիկի լուսե անունը:

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ




Վերջին էջ

Զվարճասենյակ

ՄԵՐ ՀՅՈՒՐՆ Է ՆՇԱՆԱՎՈՐ ՊԱՅԾԱՌԱՏԵՍԸ

Հարցազրույց լեհական-ռուսական ծագմամբ բուլղարացի հայտնի էքստրասենս ԱԳՆԵՍԱ ԿՐԱԿՈՎՍԿԱՅԱՅԻ հետ

- Տիկին Ագնեսա, դուք առաջին անգամ եք Ղարաբաղում։ Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները մեր երկրամասի ու ժողովրդի մասին։
- Օ՜, իսկապես հիանալի լեռնաշխարհ ունեք, գեղեցիկ ու վեհ լեռներ, բազմադարյա հարուստ մշակույթ։ Ձեր երկիրը քրիստոնեական երկիր է, դա երևում է ամեն քայլափոխում։

- Իսկ մեր ժողովրդի մասին ի՞նչ կարծիքի եք։
- Ընդհանրապես, ժողովուրդը մեծ կատեգորիա է, որ ունի հավաքական արժանապատվություն, ինքնասիրություն, միասնական նպատակ և այլն։ Ձեզ մոտ ժողովուրդ չտեսա, բայց այստեղ մարդիկ են ապրում...

- Տիկին Ագնեսա, ավելի հետաքրքիր հարցերի մասին զրուցենք։ Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները Ղարաբաղի կանանց մասին։
- Շատ լավ։ Կանանց և տղամարդկանց հավասարության խնդրում դուք ավելի բարվոք վիճակում եք, քան եվրոպական որոշ մահմեդական երկրներ։ Ձեզ մոտ բարձր պաշտոններում տեսա բազմաթիվ կանանց։ Ինձ դուր եկավ նրանցից ոմանց ինքնավստահությունը, որ չունեն ձեր բազմաթիվ տղամարդ պաշտոնյաներ։

- Կարծես դուք այնքան էլ լավ կարծիքի չեք մեր տղամարդ ղեկավարների մասին։
- Ձեզ մոտ կան տղամարդ պաշտոնյաներ, որոնց վզից պիտի հատուկ ցուցանակ կախել, վրան գրած՝ տղամարդ։ Թե չէ՝ շատ դժվար է դա գլխի ընկնել։

- Տիկին Կրակովսկայա, բայց չասացիք, թե ինչն է ձեզ բերել Ղարաբաղ։ Հետաքրքասիրությո՞ւնը մի երկրի հանդեպ, որ հաղթել է իրենից բազմիցս ուժեղին։
- Ես հարգում եմ պատերազմում տարած ձեր հաղթանակը, բայց ձեր երկիր եմ եկել այլ պատճառով՝ մասնավոր հրավերով։

- Եթե գաղտնիք չէ, դա ի՞նչ հրավեր է և ո՞ւմ կողմից։
- Դա խիստ կոնֆիդենցիալ է։ Չեմ կարող անուններ տալ։ Ասեմ միայն, որ այստեղ եմ մի քանի պաշտոնյաների հրավերով, ովքեր քնած ժամանակ գիշերամիզության խնդիր ունեն։

- Եվ ի՞նչ, դուք բուժե՞լ եք նրանց։
- Երկշաբաթյա սեանսից հետո ամեն ինչ կարգավորվել է։ Ամենակարևորը՝ հիվանդության պատճառները վերացնելն է։ Իսկ դրանք մի քանիսն են եղել՝ թուլակամություն, վախ՝ պաշտոնը, հարստությունը կորցնելու համար, սեփական ուժերի հանդեպ՝ բացարձակ անվստահություն և այլն։

- Ձեր բոլոր ծախսերը նրա՞նք են հոգացել։
- Իհարկե։ Նրանք շատ հարուստ մարդիկ են, մեծ բիզնես ունեն՝ իրենց ազգական-բարեկամների անունով։

- Դուք միայն նրա՞նց եք բուժել այս երկու շաբթում։
- Ի՜նչ եք ասում։ Ես ընդունել եմ 500-ից ավելի այլ հաճախորդներ։
 
- Տիկին Ագնեսա, իսկ ի՞նչ յուրահատկություններ եք նկատել մեր ժողովրդի, իսկ ձեր բնորոշմամբ՝ մարդկանց մեջ։
- Խնդրեմ։ Աշխարհի ցանկացած երկրում երբ այս կամ այն որոշմամբ ոտնահարվում է քաղաքացու բարվոք ապրելու իրավունքը, իսկույն տեղի է ունենում հակառակ ռեակցիա։ Ասենք, բավական է 4-5 տոկոսով բարձրացվի էլեկտրաէներգիայի սակագինը, անմիջապես բողոքի ալիք է բարձրանում։ Իսկ ձեզ մոտ ջրի փոխարեն ցեխանման ինչ-որ հեղուկ են տալիս, հերիք չէ, դրա սակագինը 2 անգամ, այսինքն՝ 100 տոկոսով բարձրացրել են և՝ ոչ մի ռեակցիա։

Կամ՝ մյուս տարօրինակությունը. ամեն օր հարսանքավորների ավտոմեքենաները վայրենի ազդականչեր տալով սլանում են ձեր Հուշահամալիր՝ իբր զոհվածների հիշատակ հարգելու։ Դա բանական մարդուն անհարիր խոզություն է։ Այդպիսի բան կարող է լինել միայն աֆրիկյան հետամնաց ու վայրենի ցեղախմբերի մոտ։
Մի այլ օրինակ. դուք ասում եք ազատագրված հողեր, իսկ ձեր հայաստանյան բոսերը հայտարարում են, որ այդ տարածքները չեն բնակեցվում։ Այսինքն՝ դուք ասում եք, որ դրանք հայկական հողեր են, իսկ Երևանում ուզում են դրանք տալ ձեր հակառակորդին։
 
- Տիկին Ագնեսա, դուք պայծառատես եք, գուշակում եք ապագան, ի՞նչ եք կարծում, պատերազմի վերսկսման հավանականություն կա՞։
- Այդ հարցն ինչո՞ւ է մտահոգում ձեզ։ Դուք ապրում եք ձեր սեփական հողում, դո՛ւք նրանց վախեցրեք պատերազմով, և թող ձեր հակառակորդը սարսափի դրանից։ Բայց եթե դուք ազատագրված հողերը տաք թշնամուն, տեր Աստված անգամ ձեզ չի փրկի։

- Վերջին հարցը. ի՞նչ եք ցանկանում մեր ժողովրդին, ձեր բնորոշմամբ՝ Ղարաբաղի մարդկանց։
- Հաղթողին յուրահատուկ արժանապատվություն։ Տեր կանգնեք ձեր իրավունքներին։ Թե չէ՝ ջայլամի պես գլուխներդ խոթել եք ավազի մեջ և սպասում եք, որ ուրիշները, ինչ-որ շանորդիներ ձեր «հարցը լուծեն»։ Մինչդեռ ձեր քաջ հայրենակիցներն արդեն լուծել են այն։ Ազատագրել են ձեր երկիրը, ձեր հողերը։ Հո հիմար չե՞ք, տեր կանգնեք ձեր երկրին։ Ուրիշ էլ ի՞նչ եք ուզում, մա՛րդ Աստծո։
 
Հարցազրույցը վարեց
ՄԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԸ



ԽԼՈՒՐԴԸ՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ

Խլուրդն աշխատում էր վերելակային ծառայության նկուղային բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ Վերելակների պղնձե մետաղալարերը թռցրեց ու ծախելիս բռնվեց։ Պիտի գործ հարուցեին, սակայն ծանոթ-բարեկամների միջնորդությամբ տեղափոխեցին այլ աշխատանքի. նշանակեցին սիմֆոնիկ նվագախմբի ադմինիստրատոր։ Համերգների ժամանակ նստում էր առաջին շարքում ու հենց որ հնչում էր առաջին ակորդը, դիրիժորի ձեռքի փայտիկի շարժման հետ, գլուխը կախում էր և իսկույն քնում։ Մտերիմները հասկացրին, որ այդպես չի կարելի, վերջապես համույթի ղեկավար մարմին է, կծիծաղեն իր վրա։

Դրանից հետո Խլուրդն այլևս դահլիճում չէր երևում, օրերով փակվում էր առանձնասենյակում և ոչ մեկին չէր ընդունում։ «Պարոն Խլուրդը զբաղված է, աշխատում է»,- թութակի պես կրկնում էր քարտուղարուհին։ Մի ամիս հետո երաժիշտների շրջապատում սկսեցին լուրեր պտտվել, թե Խլուրդը սիմֆոնիա է գրում։ Նրան ճանաչողները ծիծաղում էին և ձեռքները թափ տալիս, չճանաչողները՝ զարմանում. «Չէ՜ մի, դա էլ նոր անեկդո՞տ է...»։
Մի օր Խլուրդն իր մոտ հյուր կանչեց դիրիժոր Աղվեսին, խորոված-լուլաքաբաբով, ժենգյալով հացով ու յոթաստղանի կոնյակով հյուրասիրեց և ներկայացրեց իր «սիմֆոնիան»։ Աղվեսը լսեց, ծանր հոգոց հանեց, մի քանի րոպե խորհեց ու ասաց. «Ճիշտն ասած, նման գործ սկսելուց առաջ լավ կլիներ, որպես սկիզբ, քո ուժերին համապատասխան գործ ձեռնարկեիր, ասենք, մի հատ ցախավել պատրաստեիր կամ բոփսիկ սարքեիր, բայց դե, որ մտքիդ դրել, սիմֆոնիա ես գրել, ի՞նչ արած, պիտի բեմ հանենք...»։

Խլուրդի սիմֆոնիայի պրեմիերային սկզբում ներկա էին միայն հրավիրվածները, երկրորդ օրը՝ հրավիրյալների մեկ քառորդը, երրորդ օրը՝ երկու ուսանողուհի՝ լրագրության բաժնից, որոնք որևէ բան գրելու հրահանգ էին ստացել իրենց դասախոսից։ Երբ նրանցից մեկը հարցրեց՝ «Պարոն Խլուրդ, ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք», մաեստրոն պատասխանեց. «Այժմ աշխատում եմ օպերայի վրա»։
Մի քանի ամիս հետո Խլուրդին ազատեցին աշխատանքից։ Խեղճն այդպես էլ չհասցրեց ավարտին հասցնել իր «Հերոսական օպերան»։ Սակայն նա արդեն նոմենկլատուրային կադր է և, հավաստի լուրերի համաձայն, նրան այժմ ուզում են նշանակել կինոստուդիայի կամ բալետի թատրոնի տնօրեն։ Հետաքրքիրն այն է, որ լուրեր են պտտվում, թե Խլուրդն արդեն փորձում է սցենար գրել կինոնկարի համար։ Ասում են նաև, որ նա, միաժամանակ, բալետի համար լիբրետո է գրում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




Համարի ասույթը

Գոյություն ունի մարդու մի տարատեսակ, որի վրա ոչ մի հարցում չպետք է հույս դնել: Դա ստրկամիտն է: Ստրուկների մեջ կարող է Սպարտակ ծնվել, ստրկամիտների մեջ՝ երբեք:


Ամսվա ասույթը

Ղեկավարը պետք է նմանվի ոչ թե մեկ ջութակի կոնցերտի, այլ կարողանա ստեղծել այնպիսի մի նվագախումբ, որտեղ յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունենա:

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ