Գլխավոր » Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով Եվրոպայում երկրորդ տեղում է
Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով Եվրոպայում երկրորդ տեղում է
15:05

2009-2013 թվականներին աշխարհում ներկրված սպառազինությունների 1.6 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։ Սա է վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի նոր զեկույցը աշխարհում զենքի առևտրի ծավալների վերաբերյալ: 

Ըստ այդ զեկույցի՝ Եվրոպայում Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով երկրորդ տեղում է և փոքր-ինչ է զիջում Մեծ Բրիտանիային: Եթե վերջին չորս տարիներին Եվրոպա ներկրված զենքի ավելի քան 12 տոկոսը Մեծ Բրիտանիա է գնացել, ապա մոտ 12 տոկոսը ուղևորվել է Ադրբեջան:

2009-2013 թվականների կտրվածքով Ադրբեջանը19-րդն է սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների ներմուծման առումով, մինչդեռ 2004-2008 թվականներին միայն 49-րդն էր: Վերջին տարիներին այդ երկիրը գրեթե չորս անգամ կամ 378 տոկոսով ավելացրել է զենքի ներմուծման ծավալները: 

Սովորական սպառազինությունների հիմնական տեսակները Ադրբեջանը ներկրել է յոթ երկրներից, որոնցից երկուսը Մաքսային Միության անդամ են. այդ երկրներն են` Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը, Թուրքիան, Հարավային Աֆրիկան և Միացյալ Նահանգները:

Վերջին չորս տարիներին ներկրված զենքի 80 տոկոսը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից, այդ թվում` երկու «S- 300» տիպի հրթիռային համակարգ, 94  «T90S» տանկ, 20 «Mi-35M» ռազմական ուղղաթիռ, 100 «BMP-3» զրահամեքենա և այլ ծանր զրահատեխնիկա: Բելառուսից Ադրբեջանը գնել է 25 «ՍՈՒ -25» ռազմական ինքնաթիռ և 93 «T-72M1» տանկ: Ուկրաինայից Ադրբեջանը գնել է երկու « MiG-29» ռազմական ինքնաթիռ և 12 «Mi-24G» ռազմական ուղղաթիռ:

Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, բացի այդ 2011-ին Ադրբեջանը պայմանագիր է կնքել իսրայելական կազմակերպությունների հետ ռադարներ, հրթիռային համակարգեր և ափամերձ պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար:

Եթե գումարենք տարբեր երկրներից Ադրբեջանի ձեռքբերած զինտեխնիկան, ապա ստացվում է, որ 2009-2013 թվականներին Ադրբեջանը գնել է ընդհանուր առմամբ 187 տանկ, 32 ուղղաթիռ, 27 ինքնաթիռ, երկու «S-300» հրթիռային համակարգ, շուրջ 100 զրահամեքենա:

Աշխարհում զենքի միջազգային առևտրի ծավալներն աճել են։

Զենքի խոշորագույն մատակարարներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանն ու Ֆրանսիան: Այս հինգ պետություններին բաժին է ընկնում զենքի մատակարարման 74 տոկոսը: Աշխարհում արտահանվող զենքի կեսից ավելին` 56 տոկոսը, մատակարարում են միայն երկու երկիր` Միացյալ Նախագահներն Ռուսաստանը:

«Ազատություն» ռադիոկայան

 

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ