Գլխավոր » ԱՄԵՆԱԼԱՎ ԳՈՐԾԸ ՉԽԱՆԳԱՐԵԼՆ Է
ԱՄԵՆԱԼԱՎ ԳՈՐԾԸ ՉԽԱՆԳԱՐԵԼՆ Է
21:30
«Նոր էջ» հանրային թերթում (17. 08. 2011) կարդացի Հայկ Ղազարյանի «Երախտամոռությունը վատ զբաղմունք է» վերտառությամբ հոդվածը և որոշեցի սեփական կարծիք հայտնել։ Ի դեպ, վերջերս հայաստանյան մի հեռուստաալիքով հանդես եկավ բոլորիս ծանոթ հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը, ով իր ելույթում խորհուրդ էր տալիս իրար նեցուկ լինել, իրար օգնելն ու սատարելը սովորել հրեաներից, այլ ոչ թե մասնագիտանալ իրար «գցելու» միջոցներ որոնելով: Հենց այդ միտքն էլ ստիպեց, որ հայտնեմ կարծիքս: 

Ըստ հոդվածագրի, աղմուկ-աղաղակի բուն պատճառը Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպների տրավերտինե (կրատուփ) սալիկներով ու կղմինդրով երեսպատելն է, որ պիտի իրականացվեր հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի ծրագրով: Եվ այս ձեռնարկումը, ինչպես նշված է հոդվածում, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը որակում է որպես «ոտնձգություն հանցագործության աստիճանի ու անգրագետ հայրենասիրություն»: 

Փորձում են «օրինական դաշտ» հրավիրել մի մարդու, ով վաղուց հանրության կողմից ճանաչված է իր կատարած մեծ գործերով: Հարց է ծագում՝ եթե սույն ձեռնարկումը անգրագետ հայրենասիրություն, հանցագործության աստիճանի ոտնձգություն է և օրենքի շրջանակում տեղ չի կարող զբաղեցնել, ապա օրենքի շրջանակի ո՞ր անկյունում կարելի է տեղադրել Արցախի հուշարձաններին հատկացված փողերով ադրբեջանցիների չունեցած հուշարձանների մասին նույն Ս. Կարապետյանի և Ս. Շահվերդյանի ջանքերով և հուշարձանների բարեկարգմանն ու պահպանությանը հատկացված փողերով գիրք հրատարակելը։

Գուցե կասեք՝ քաղաքականություն է, բարի գործ է: Այդտեղ ո՛չ քաղաքականություն եմ տեսնում, ո՛չ էլ բարի գործ: Աստված գիտե, թե ում պատվեր են կատարել: Գուցե ի պատասխան Ջուղայի խճաքար դարձրած խաչքարերի են տպագրել, որ Ադրբեջանը զղջա: Բայց այդ մասին չեմ ուզում ծավալվել։ Շահեն Մկրտչյանը հոդվածով անդրադարձել է դրան: Այս և նման այլ քայլերի համար օրենքի առաջ պատասխան տալու փոխարեն հարձակվում են Լ. Հայրապետյանի վրա:

Ծուռ նստենք, շիտակ խոսենք: Արդյո՞ք նշված ձեռնարկումն է հիմնական պատճառը, որ Երևանում օրակարգի հրատապ հարց է դարձել բարերարի հերթական ձեռնարկումը: Թվում է ձիով քայլ է արված: Ղարաբաղից «գնդակը» փոխանցվել է ուրիշ խաղացողի, միայն թե դարպասով անցկացվի... Մինչդեռ մինչև նշված համալիրի շրջապարիսպները սալիկներով երեսպատելը Արցախի տարածքում այլ գործեր են կատարվել բոլորիս աչքի առաջ, որ չպիտի այդպես արվեին, սակայն ձայն հանող չի եղել, նույնիսկ մասնագետների կողմից:

Իսկ իրականում Գանձասարի շրջապարիսպներն ինչպիսի սալիկներով էլ երեսպատելու լինեն՝ համալիրի պատմաճարտարապետական դեմքը բոլորովին չի խաթարվում: Հո չե՞ն տեղափոխվել, ավելի ճիշտ, տեղահանվել նրա բակում ու ներսում տեղադրված շիրմաքարերը, չի՞ ձևափոխվել կառույցի որևէ մաս, ինչպես կատարվել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու և նրա հարավահայաց ու արևմտահայաց կողմերում հողին հանձնված աճյունների վրա տեղադրված շիրմաքարերի հետ: Շիրմաքարեր, որ հարյուրից ավելի տարիներ կանգուն են եղել։  Նրանց թվում նաև Շուշիի համար 18 կիլոմետրանոց կավե խողովակաշարով ջրատար և 1000 տ ջրատարողություն ունեցող ջրամբար կառուցող Թադևոս Թամիրյանցի սև մարմարե շիրմաքարը, որի մասին մի քանի անգամ գրվել է:

Եթե պինդ բռնել ենք ու շեշտում ենք, որ դարը դարի հետ չի խոսում (իբր հետագայում կվկայակոչեն սալիկները և կասեն՝ կառույցը ոչ թե 13-րդ, այլ՝ 20- 21-րդ դարի է), պատմություն է, հինը նորացնել չի կարելի և այլն, ապա մինչ դրանց մասին համազգային «դիսկուսիա» բացելը ցանկալի կլիներ նախ խոսեին բարերարի մինչ այդ կատարած գործերի մասին:
Էլի բարեգործական միջոցներով Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում կապիտալ վերանորոգվել է Պարին պիժ եկեղեցին, պատերը երեսպատվել են բաց վարդագույն տուֆե սալիկներով, բարեկարգվել նրա շրջապատը, ձեն-ծպտուն հանող չի եղել: Թող բարեգործին չթվա թե չկամություն ունեմ, կամ վատաբանում եմ նրա արածը: Մարդը շնորհակալ գործ է կատարել հայրենի գյուղի համար՝ փրկել է շինությունը վերջնական փլուզումից, մի քանի դարով էլ երկարացնելով մեր հոգևոր օջախներից մեկի կյանքը: Պարզապես ուզում եմ ակնարկել, որ Լևոն Հայրապետյանի դեմ այդ արշավը միտումնավոր էր սկսվել։ 

Մի այլ օրինակ՝ Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին ադրբեջանական իշխանությունները կիսաքանդ անելով դարձրել էին ամառային կինոակումբ՝ զբոսաշրջիկների համար: Այսօր նա կիսաքանդ տանիքով իր վաղեմի ամրության շնորհիվ մի կերպ դեռ գոյատևում է։ Եվ առայսօր ոչինչ չի արվում, ոչ ոք այդ մասին չի խոսում, փրկության միջոց չի ձեռնարկվում: Ի՞նչ է, նրա երբեմնի միաբանական լինե՞լն է խանգարում:

Ընթերցողը, եթե մի քիչ խորհի, կնկատի նաև, որ այստեղ Գանձասարի շրջապարիսպները կրատուփե սալիկներով երեսապատելու խնդիր չկա: Այն հարմար առիթ էր, Արշակ Սադոյանի խոսքերով ասած, մեծ բարերարին՝ Լ. Հայրապետյանին «գցելու» համար: Արդյո՞ք ընկավ մեծ բարերարը: Դրանով ոչ թե նրան «գցեցինք», այլ ցույց տվեցինք մեր, հայի երախտագիտության աստիճանը։ Մյուս կողմից էլ եթե Լ. Հայրապետյանը դադարեցնի իր բարեգործական ձեռնարկումները Արցախում, դրանից խորապես տուժելու է մեր երկիրը։

Մարդը որոշել է, ինչպես ասում են, իր հետ ոչինչ չտանել (բոլորս մահկանացու ենք), ամեն ինչ ներդնել հայրենի երկրամասի բարգավաճման գործին ու թողնել սերունդներին, իսկ մենք խանգարում ենք՝ բառիս բուն իմաստով: Այն դեպքում, երբ Բաքվից անդադար բղավում են, որ իբր Հայաստանի հուշարձանների մեծ մասը, Գանձասարն իրենցն է, մենք, «պոլիտիկա է» գոչելով, մզկիթներ ենք վերանորոգում ու թեյատներ կառուցում:

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ենք խանգարում մարդուն, որ ի տարբերություն իրենից ոչ պակաս կարողություն ունեցող մեր շատ հայրենակիցների, իր կարողությունն ի սպաս է դրել հայրենի Արցախին ու նրա շենացմանը։ Ե՞րբ ենք հասկանալու, որ աշխատողին չխանգարելն էլ բարի գործ է, գուցե և ավելի շատ:

Հոկտեմբերի 5-ին Արցախի հեռուստատեսությամբ Գանձասար և Ծմակահող գյուղի եկեղեցու վերաբերյալ հաղորդում եղավ, որի ժամանակ Երևանից «ապօրինի» գործը ստուգելու նպատակով (իրենց ասելով՝ ահազանգով) եկած մասնագետների խմբի մի կին ներկայացուցիչ առաջարկեց կատարվածը քանդել ու նորից կարգավորել: Արդյունքում՝ ստացվելու է միևնույն գործը կատարել երեք անգամ՝ եռակի ծախսերով: Հարց է ծագում, իսկ որտե՞ղ են եղել այդ մասնագետները, որ գործն ավարտելուց հետո են առաջարկություներ անում: Ի՞նչ կլիներ, որ գոնե տարեկան մեկ անգամ էլ պլանավորված գային ու ծանոթանային, թե ինչ է կատարվում վերը նշված բնագավառում ընդհանրապես:

ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ