Գլխավոր » Ամերիկացի համանախագահի ֆանտաստիկ ակնարկը
Ամերիկացի համանախագահի ֆանտաստիկ ակնարկը
16:57

 

Ինչպես հայտնում է Karabakh-open.info կայքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ստեփանակերտում անդրադարձել է նախօրեին Բերձորի շրջանում համանախագահների ճանապարհի առաջ կազմակերպված բողոքի ակցիային, որի մասնակիցները պարզել են ազատագրված տարածքները վերադարձնելու դեմ բողոքի պաստառներ ու հայտարարել, որ Արցախի հանրությունը չի հրաժարվի իր ազատագրած տարածքից։

Տարածքների խնդիրը մայիսի 7-ի իր ելույթով՝ Կարնեգի հիմնադրամում, արդիականացրել էր հենց ամերիկացի համանախագահ Ուորլիքը։ Այդ կապակցությամբ, խոսելով Բերձորի ակցիայի մասին, նա փաստացի մի քանի աներեւակայելի հայտարարություն է արել։ Ամերիկացի համանախագահը ասել է, որ ժողովուրդն իրավունք ունի իմանալ խնդիրը եւ իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել։ Ուորլիքն ասել է, որ այդպիսի ակցիաների իրենց կարող են սպասել Արցախի ցանկացած շրջանում։ Նա հայտարարել է, թե անհամբերությամբ է սպասում մյուս այցերին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կարծես թե խրախուսում է Արցախի հասարակության ինքնադրսեւորումը, որին ականատես է եղել Բերձորում, եւ ակնարկում, որ նույնն անեն նաեւ բոլոր շրջաններում։ Ուորլիքը հայտարարում է, որ ակցիան իր համար եղել է անակնկալ, բայց կարծես թե նկատելի է, որ հենց դա էր իր բարձրացրած, իր արդիականացրած խնդրի միակ համարժեք արձագանքը Հայաստանում ու Արցախում՝ որ սպասելի է ու ողջունելի։

Ինչու՞ միակ համարժեք։ Որովհետեւ արձագանքների մեծ մասը հիմնականում կիսված էր Արցախը հանձնելու համար ԱՄՆ-ին ուղղված պարզունակ մեղադրանքների եւ ազատագրված տարածքները վերադարձնելու «իմաստնության» միջեւ։ Մինչդեռ Ուորլիքն ակնհայտորեն ուներ խնդրի վերաբերյալ հանրային օրգանիզմի դիմադրունակություն արթնացնելու խնդիր, որովհետեւ եթե իշխանությունն ու այսպես ասած առաջատար քաղաքական դասը պատրաստ է «փոզխիջումային» դավադրությանը, խաղաղությունը պահելու միակ հնարավորությունը դառնում է հանրային դիմադրության ձեւավորումը։ Դրա համար է ամերիկացի համանախագահն ասում, որ ժողովուրդն իրավունք ունի իմանալ, թե ինչ է կատարվում ու հայտնել իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը։

Այլ կերպ ասած, Ջեյմս Ուորլիքը հասարակությանը ակնարկել է, որ իր թիկունքում հասունանում է կուլիսային դավադրություն, ու միայն Բերձորում ստացել է այդ մեսիջի համարժեք արձագանքը, ու ողջունում է դա։ Ահա թե ինչու էին ադրբեջանցիներն ամերիկացի համանախագահի գործունեությունից դժգոհում, ինչու էին նրան մեղադրում հայամետ դիրքորոշման համար՝ որովհետեւ նա կատարել է կարեւոր մի քայլ, բացահայտել է 20-ամյա խաղաղության դեմ կազմակերպվող ռուս-թուրք-ադրբեջանական դավադրությունը, որի առաջին փուլը Հայաստանի լիակատար վասալացումն էր սեպտեմբերի 3-ին՝ երբ Մոսկվան պարզապես հետեւողականորեն իրականացնում էր Հայաստանի կամազարկման քաղաքականություն, զուգահեռաբար սկսելով նաեւ Արցախի ու Հայաստանի դեմ դավադրության հոգեբանական զոնդաժը՝ Արցախի խնդրի վերաբերյալ կրեմլյան «սպասավորների» հայտնի մեկնաբանությունների տեսքով, որով նրանք տարածքները Ադրբեջանին էին վերադարձնում՝ իսկ Արցախը՝ Ռուսաստանին։

Բերձորի ակցիան հույս է տվել ամերիկացի համանախագահին, որ ամեն ինչ կորած չէ, որ հայկական հասարակության մեջ վերջնականապես սպառված չէ աշխարհաքաղաքական ադեկվատության գործոնը, որ ԱՄՆ դեռ կարող է այստեղ գործընկեր գտնել ներկայիս ստատուս-քվոն պահպանելու հարցում եւ կարող է ստիպված չլինել ներքաշվել Ադրբեջանի համար թելադրված մրցավազքի մեջ, ինչը Նահանգների համար կլիներ ամենավատ տարբերակը կովկասյան քաղաքականության հնարավոր սցենարներում։

Ի դեպ, հատկանշական է, որ երբ Ջեյմս Ուորլիքը փաստացի ողջունել ու խրախուսել է Արցախի բնակչության ակցիան Բերձորում, այդ ընթացքում Երեւանում ոստիկանությունն առանձնակի փութաջանությամբ է փորձել Հայաստանում «հակամաքսային, հակապուտինյան, հակակայսերական» կարգախոսներով երթը հեռու պահել բողոքի նպատակակետից՝ Երեւանում ՌԴ դեսպանատնից։

Lragir.am

 

 


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ