Գլխավոր » ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ՝ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ
ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ՝ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ
21:34
Սեպտեմբերի 17-ը արցախցիների օրացույցում նշվում է որպես ֆիզկուլտուրնիկի օր: Տոնի առթիվ Ստեփանակերտի կենտրոնում հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էր հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Ցուցադրական միջոցառմանը մասնակցում էին մարզիկներ ու մարզիչներ Արցախում գործող տարբեր մարզական ֆեդերացիաներից: Միջոցառումը և՛ փորձի ու մասնագիտական որակների ցուցադրում էր, և՛ ապացույց այն բանի, որ Արցախում սպորտի ոլորտը կարող ենք կայացած համարել: Մեր մարզասեր հասարակության ծափողջույնների ու բացականչությունների ներքո միջոցառման մասնակիցները ցուցադրեցին գունագեղ ներկայացում, որում տեղ էին գտել ինչպես չինական մարտարվեստների հետաքրքրաշարժ և հմուտ վարպետությամբ ներկայացված հնարները, այնպես էլ տարրեր ճապոնական, ամերիկյան և այլ մարզաձևերից:

Ուշու մարտարվեստն Արցախում արմատավորվել է 1998 թվականից, երբ ՀՍԳՄ-ն (Հայ սև գոտիների միություն) իր գործունեությունը սկսեց Արցախում: Դրա հիմնադիրն է արևելյան մարզաձևերի զարգացման գործի ջատագով, բարերար Մեծ վարպետ Կարո Քեբաբջյանը: Հիմնադրման պահից սկսած ԼՂՀ ուշուի ֆեդերացիան ունի մեկ նպատակ՝ դաստիարակել հոգով ու մարմնով առողջ, հայրենասեր սերունդ, որը կպաշտպանի իրենց հայրերի արյան գնով ձեռք բերված անկախ երկրի ապագան: «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի». սա է ուշուի ֆեդերացիայի կարգախոսը, որն արդեն կենսակերպ է դարձել ֆեդերացիայի սաների համար: Այսօր հպարտությամբ ենք լսում այն մարզիկների անունները, ովքեր ցուցաբերելով հմուտ տաղանդ, լավագույնս տիրապետելով բարձր տեխնիկայի կարողացել են հաղթողի կոչմանն արժանանալ ոչ միայն Արցախում, այլեւ հանրապետությունից դուրս: «Սա ունի նաև քաղաքական նշանակություն, չէ՞ որ մենք ներկայացնում ենք Արցախն աշխարհին»,- նշում է ուշուի ֆեդերացիայի մարզիչ, ուշուի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Դավիթ Գրիգորյանը:

Հզոր հայրենիք կերտելու գործում կարևոր է առողջ սերունդ ունենալ: Այս հարցում անգնահատելի դեր ունեն ԼՂՀ գործող ֆեդերացիաները, որոնք պատվով են կատարում իրենց առջև դրված դժվարին գործը: 
Հուսադրվենք և վստահենք. առողջ սերունդ՝ հզոր հայրենիք:

ՍՈՆՅԱ ԱՎԱԳՅԱՆ
ԼՂՀ ուշուի ֆեդերացիա

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ