Գլխավոր » ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
15:12
Արժանապատիվ մարդը արդարությունից չշեղվողն է: Նա, Սևակի ուսուցանածի պես, ազնիվ է ամեն ինչում, որպեսզի մարդ գա ու մարդ գնա անարատ: Այսպիսինին էր Հ. Թումանյանը երանի տալիս:
Անարատությունը արժանապատվություն ունեցողի հատկանիշն է, որը խարսխված է ազնվության ու շիտակության վրա: Առաջին իսկ մարդու արժանապատվությունը մարդ մնալու փորձաքարը հանդիսացավ, իսկ նա չդիմացավ, գայթակղվեց...
Եվ մինչև այժմ շատ դժվար է արժանապատվության պահպանումն ու անհրաժեշտության դեպքում դրա համար մաքառելը, հատկապես՝ հիմա, երբ արժեզրկվել են բարոյական արժեքները կամ նույնիսկ հակառակ իմաստը ձեռք բերել...

Ամեն դարաշրջան իր ներմուծումներն արեց այդ անգնահատելի գանձը փոքրիշատե իր բնականությամբ պահպանելու և առաջնակարգը դասելու նպատակով: Ասպետական դարաշրջանը նույնիսկ կյանքի խնդիր դարձրեց այն... Սակայն, ի սկզբանե, ինչպես չարն ու բարին, արժանապատվությունն ու ստորությունը ամեն մի մարդու հոգու խորքում հստակ են ու զանազանելի: Մարդու ծագումը, պաշտոնը կամ ինչ ուտելը արժանապատիվ լինելու հետ կապ չունեն, այստեղ որոշիչը ազնվության չափն է: Սրանով ամեն բան ասված է: Հուրախություն մեզ, մեր օրերում էլ կան անարատությունը պահպանելու ձգտում ունեցող մարդիկ...
Նրանց մենք հանդիպում ենք կյանքի տարբեր բնագավառներում և համոզվում ենք, որ արդար հոգին Աստծո շքեղությունն է կրում, և այսպիսինների շնորհիվ է, որ հարատևում են մեր ազգն ու երկիրը...

Սիրելի՛ ընթերցող, անդրադարձն այս թեմային դրդեց պատահական մի հանդիպում, որտեղ արժանապատվությունն իմ ու անծանոթուհու կողմից տարբեր կերպ էր ընկալվում, և հոդվածն ընթերցելիս կհասկանաս ինչն ինչոց է, հուսով եմ՝ նաև քո կարծիքը կհայտնես...

Սիրելի՛ ընթերցող, մի բան էլ, ոչ թե խնդիրն ինձ կամ իմ հոգսը ներկայացնելն է (չնայած վերջինս կարևոր է), այլ՝ իմ պատկերացումներն արժանապատվության վերաբերյալ:
Իմ մտերիմներից մեկի քրոջ տղան բանակից հետը բերել էր... մի խրատ: Նրա ընկերներից մեկը, ըստ իր տատի դասի, ում ձեռքին ինչ տեսնում էր՝ ուզում էր: «Դրանցից մեկը հիմար կլինի և իր ունեցածը կտա քեզ»,- սովորեցրել էր տատը: Հանճարեղ է... վշտի ծիծաղ է... Եթե տալիս ես հեշտությամբ՝ հիմար ես: Ահա կամեցողության այլասերված ընկալում:

Եվ ես անուղղելիորեն այս աշխարհի այդօրինակ հիմարներից եմ: Ամեն ինչ կարող եմ զիջել, առավել ևս՝ եթե խնդրում են, կամ զգում եմ , որ իրենց շատ է պետք. սկսած կայքից, ներառյալ՝ կյանքս: Վերամբարձ խոսքեր չեն, և իմ ամբողջ կյանքը զիջումների, հոժարակամ զիջումների ու նվիրաբերումների շարան է: Գուցե այդպես է ընկալվում, որ հիմարներն են դյուրությամբ ու առանց զղջալու բաժանվում որևէ բանից, որքան էլ դիմացինին պետք է դա: Ամեն ինչի մեջ խելոքը հաշիվ ու շահ է տեսնում, որպեսզի տվածը արժեք ունենա: «Հենց այնպես տվեցիր, արժեք չի ունենա, իսկ քո վիճակն էլ հետընթաց կապրի»,- խրատում են խելացիները:

Բայց այս կյանքում կան մարդիկ, որ տալով են հարստանում և կորուստը նույնպես առանց ցավ ու ճիգերի են տանում, որքան էլ այն ծանր լինի: Սրանում էլ են համոզվել իմ շրջապատի մարդիկ:
Բայց քա՜վ լիցի, երբ կամենում են ինձնից ինչ-որ բան խլել՝ պարտադրելով, ստելով, ես աննկուն մարտիկ եմ դառնում մինչև հաղթական ավարտը, քանի որ ոտնահարվում է արդարությունը, որն արժանապատվության բաղադրիչն է և հավետ մնում է, իսկ արդարության վերջնակետը հաղթանական է:

Խլողը, գռփողը, ապօրինի տիրողը կարծում է՝ ունենալն է արժանապատվություն: Այդ իսկ պատճառով այդպիսինները անպայման ստի, կեղծիքի կնքահայր են դառնում՝ իրենց ձեռքբերումն ապահովելու նպատակով զանազան միջոցներով իրենց ենթականերին շահագրգռելով, վախեցնելով, մոլորեցնելով: Մեղսակից-գործիք դարձած անձինք նույնիսկ դավադրության ու սուտ վկայության դերակատարմամբ հպարտ են զգում, հավատալով, որ պաշտոնյայի հաղթանակից հետո իրենք մի կարգով կբարձրանան...

Այսպես դատողներն ու վարվողներ արժանապատվությունը շփոթում են ստորածին հպարտության հետ: Հասնել ուզածին թիկնահար ու նենգ ճանապարհո՞վ, թե Սասունցի Դավթի պես պարզ ու շիտակ դեմ հանդիման գնալով ու զգուշացնելով, կարգ ու կանոնը, պատճաշությունն ու օրենքը հարգելով: Հնարավորությունների չարաշահումը կարող է ժամանակավորապես «բանը բանին ավելացնել», բայց ոչ երբեք՝ պատիվը. ամենաստոր մարդն էլ իր հոգու խորքում գիտե՝ ինչ է արժանապատվությունը:

Ժողովուրդն հիշեցնում է, որ պատիվը գցել են շանը, շունը չի կերել: Ուրեմն դա մի վսեմ սրբություն է, որ սրբություն չճանաչող շունն անգամ չի դիպչում դրան: Իսկ ի՞նչ է դա. դա բարձրագույն արժեքների հանրագումար է, որն ընդգրկում է բարոյականությունն ու առաքինությունը, արդարությունն ու ազնվությունը, չափավորությունն ու սակավապետությունը, այլոցը չվնասելը, անչարությունը, խիզախությունը, նեղյալին զորակցելը, անաչառությունն ու ճշմարտասիրությունը, պարզությունն ու համեստությունը, անկեղծ կարեկցանքն ու սերը:
Բարոյական կերպար ձևավորող այս և մյուս հատկանիշներից մեկնումեկը եթե խզվեց, բոլորն էլ այլակերպվում են: Իրար լրացնելով՝ լկտի խրախճանք են կազմակերպում, նենգությունն ու դավաճանությունը, ընչաքաղցությունը, վավաշոտությունը, զրպարտությունը... անամոթությունն ու անբարոյականությունը... հանցագործությունը:

Անուննները չեմ տալիս, ընդհանուր եմ խոսում, բայց ցանկացած դրվագի ընդհանրության մեջ հասցեատեր կա՝ իմ դեպքի հետ առնչված մարդիկ են...
Պատմում է ծանոթներիս մեկին գործիս «սերիալի» մասին, մեկ ուրիշն ակամա ունկնդիր լինելով ինձ, ասաց.
- Իմ պատմության կրկնությունն է: Միայն թե ես արագ կողմնորոշվեցի՝ գերադասեցի դիմում գրել և ազատվել:
- Ես դիմում չէի կարող գրել, քանի որ կամայականորեն պարտադրում էր, բացի այդ 5 տարեկան թոռնիկիս (եթե գործ ճարեի էլ) չէի կարող ինձ հետ ոտքով տանել-բերել: Մեր գյուղում հասարակական փոխադրամիջոց չի աշխատում,- հանգամանքներս պարզաբանեցի ես:

- Հիմա ես հրաշալի աշխատանք ունեմ, և իմ այդ կրթության բաժնի վարիչ կոչվածը որտեղ ինձ տեսնում է, գլուխ է խոնարհում...
- Այդպիսի խոնարհումները ոչ թե հարգանք են, այլ՝ քծնանք:
- Համենայն դեպս, դուք պետք է ձեր դիմումով ազատվեիք,- ընդհատեց ինձ:- Չպետք է թողնեիք՝ ձգվեր այնքան, որ ձեզ հեռացներ աշխատանքից:
- Ինձ իմ դիմումի համաձայն խոհեմության կոչ անելիս որոշ աշխատակիցներ Բալուջայի թե Բադարայի տնօրենի օրինակն են բերել: Արդյո՞ք դուք մեր շրջանի տնօրեններից եք եղել,- ուզեցի ճշտել ես:
- Ո՛չ, ո՛չ, կարևոր չէ,- ասաց նա ու գնաց:

Այս կնոջ ինքնության մասին որևէ բան չասաց ծանոթս, բայց վկայեց, որ Բադարայի նախկին տնօրենը մի հոյակապ անձնավորություն է, որին հոգեկան այնպիսի տառապանքներ են պատճառել, որ իր առողջությունն անվերադարձ չկորցնելու համար ստիպված ազատվել է... իր դիմումի համաձայն...
Նա գնաց, ու այս օրինակն էլ գումարվեց, և իմ հոգում ծանրացավ խնդիրը: Կամայականությանը դիմադրելը, անարդարությանը դիմագրավելը, օրինականության համար պայքարելը այս մտավորականը, որ նման մղձավանջով անցել է, համարում է անիմաստ, ինքնավնասող մի բան, որը հարվածում է սեփական արժանապատվությանը:

Իսկ եթե այս կինը տարիներ առաջ դիմադրած լիներ, գուցե այսօր չարածին իր ազատության մեջ այս կամ այսպիսի պաշտոնյան մի քիչ զուսպ լիներ, հաշիվ կտար իրեն ու խղճի խայթի հետ հաշվի կնստեր: Վստահ, որ իրեն սաստող չի լինի, Ամանորի նախօրյակին ապօրինի հրամանով աշխատողի իմ 40 տարվա կուտակածը՝ վարկն ու հեղինակությունը, գրչի մի հարվածով չէր սևացնի, իրեն իրավասու չէր համարի աշխատողին միանգամից զրկել աշխատավարձի 4/5-ից՝ գիտենալով, որ այդ աշխատավարձով հիվանդանոցում գոյության համար է մաքառում նրա 6-ամյա թոռը, որը տառապում է դարիս չարագույն հիվանդությամբ... Քաջ գիտեր ու հարվածեց:

Եթե նախորդները դիմադրած լինեին, այսօրինակ հաշվեհարդար չէր լինի, և չէր էլ լինի աշխատողների ու համայնքի բարոյալքում կամ ապականում: Մի նոր փաստ չէին վկայակոչի իրենց արդարացման համար, թե մեխն էլ է իրենց ձեռքին, մուրճն էլ, ինչ ուզում են, այն էլ կանեն:
Հապա որտե՞ղ է մեր մասնագիտական պատվախնդրությունը: Ներքին ստրուկից ազատագրվելու կոչ անող ուսուցիչն իրավունք ունի՞ նահանջելու, երբ «փըխկ» են անում: Այդ դեպքում աշակերտին հեշտն է ձգում. չէ՞ որ նա տեսնում է՝ սադրողներն ու ստրկամիտներն են հաղթանակ տոնում:

Ո՛չ, ուսուցիչն ամենուր է ուսուցիչ, նրա ամեն մի քայլը բարոյական պետք է լինի և ուսուցողական: «Պետության դեմ չեն կռվի»,- սրտացավ երեսպաշտությամբ կրավորականության ուղղորդողները պետք է համոզվեն, որ արդարության համար պայքարելը ուժեղ և արժանապատիվ մարդու քայլ է, և կռիվը ոչ թե պետության դեմ է, այլ պետության համար, պետության հիմքերն իրենց անօրինությամբ խարխլողների շահադիտական գործողությունը կասեցնելու և արդարություն հաստատելու համար:

Աշխարհի արդարությունը հայցող Արցախում մի՞թե արդարություն չպետք է լինի: Անօրեն ու տմարդի պաշտանյաների «ամենակարողությունը» հաստատելու նպատակով նրանց իսկ ձեռքով շաղ տված և վերինների թույլտվությամբ արմատակալած վախը, ստրկամտությունը, անճարության զգացողությունը պարարտ հող են հողի տիրոջն իր երկրից օտարացնելու կամ քշելու համար:
Իրեն պետության տեր չզգացող ժողովուրդն այլևս ժողովուրդ չէ, որի հետ «կարողներն» ինչպես ուզեն, այնպես էլ կվարվեն: Ժողովուրդն անմահ է, իսկ խառնամբոխը ենթակա է ցրման, ոչնչացման:

Մինչդեռ այստեղ ամեն մի քար ու գուղձ, խոտ ու ծաղիկ շշնջում են՝ արժանապատվությո՜ւն: Այն է՝ օրինավորություն, ամոթ մարդկանցից և վախ Աստծուց: Հետո ի՞նչ, որ դատական գործերի ելքն անգամ որոշվում է, թե վերևից ում օգտին է միջնորդվում: Ամեն մի վերադաս մի պարզ բան կարող է ըմբռնել, որ ինքը պետության ներկայացուցիչն է և պետք է առաջնորդվի օրենքով, լինի բարոյական:

Սրանից դեն լուռ համաձայնություն է կամ թողտվություն, որը հարվածում է պետության անվտանգությանը: Ահա թե ինչու իմ խնդիրը անձնականից վերաճել է օրինահաղթ տենչանքի: Այո՛, այո՛, նույնիսկ այն պայմաններում, երբ անկախ իշխանություն համարվող դատական համակարգը կարող է բացահայտ ապօրինությունը վավերացնել կամ, լավագույն դեպքում, նոր սխալով հաստատել նախորդը: Վստահ, որ իրենց որոշումը վերջնական է, քննարկման ենթակա չէ, առավել ևս՝ որ եվրոպական դատարանն անմատչելի է, և գործն էլ մի գյուղացու է, որի համար ոչ ոք իրենց խաղաքարտերը չի խառնի:

Բարեբախտաբար, դա խաղ չէ, աշխատանք է, արժանապատվության վրա խարսխված և արժանապատվություն հաստատող ու ներշնչող աշխատանք: Այստեղ մեկ ստորագրությունը կարող է կյանք կործանել, ճակատագրեր խեղել:
Արդարություն հուսացող, բայց անօրինության դառնությունը համտեսող «պարտվածը» ափսոսանքով համոզվում է, որ իր արյամբ ու քրտնիքով բերրիացող երկիրը շվայտ հարուստների արոտավայր է, անօրինությունների խաղահրապարակ: Խաղն անհավասար է: Բայց ես այս «խոհեմներից» չեմ, ուստի Հ. Պարոնյանի հարցադրումն եմ կրկնում. «Ինչու՞ կբռնաբարեք ճշմարտությունը»... Ճշմարտությունը լռեցնում եք՝ ճշմարտությունը բռնաբարում եք, «զի ան մերկ է ու գեղեցի՞կ»: Չե՞ք դիմանում հմայքին: Հո՛պ: Ամենևին այդպես չէ: Բոլորն էլ գիտեն, որ բռնաբարությունը հանցագործություն է և քրեորեն պատժելի հանցագործություն:
Դուք ուղղակի տարբերվում եք բոլորից, վստահ եք, որ ձեր ձեռքը չեն բռնի, և հանգիստ խղճով ձեր ստորագրությունը դրիք ստի ու կեղծիքի տակ, քանզի քաջ գիտեք, որ վաղուց անցել են սուտը ստորագրող ձեռքը կտրելու ժամանակները, իսկ սուտ վկայության համար էլ ոչ թե պատժում են, այլ խրախուսում...

Անշուշտ դատավորն էլ կարող է սխալվել: Հնարավոր է, նա էլ է մարդ...
Բայց եթե արդարություն չկա, մարդ էլ ինչի՞ հավատա: Մարդ իր տանը, իր երկրում արդարության կարո՞տ մնա, էլ կմնա՞ իր երկրում... Ինչպես տան բոլոր հոգսերի ու խնդիրների պատասխանատուն ընտանիքի գլխավորն է, այդպես էլ նախագահը երկրի հոգսակիրն է: Բայց նրան որևէ բան հասցնել գրեթե անհնարին է, քանի որ քաղաքացիների խնդիրներով զբաղվող նրա հանձնառուները իրավունք են վերապահում իրենց հարցն «արագ լուծելու»՝ արգելափակոց դնելով դեպի նախագահ տանող բոլոր կարգի ճանապարհներին: Առաջին հանդիպման սիրալիրությունն ու քաղաքավարությունը հույս է վառում, որ քաղաքացին ճիշտ տեղում է հայտնվել, սակայն հոսում է ժամանակը, վատթարանում է վիճակը, և մի եզրահանգում է մնում. «Քեզ համար չեն այս դռները, գնա՛ ու օտարի ոտքի տակը մաքրի՛ր՝ ավելի լավ է»...

Քոնը չէ: Իսկ որոշ լավատեսներ կամ կեղծ լավատեսներ օրինախախտումներն արդարացնելու (գուցե և չկանխելու) քաղաքականություն են վարում՝ պատճառաբանելով, որ երիտասարդ պետություն է, օրենքը դեռ չի ամրապնդվել: Այնինչ գիտենք, որ օրենքը մարդու մեջ է: Օրինավորությունը դրսևորելու հանգամանքները պետք է գործեն: Օրենքը ճիշտ քայլ կատարելն է՝ ուրիշին չվնասելը: Օրինավոր մարդը օրինակ պիտի ծառայի ամենուր, քաջ գիտակցելով, որ իրենով ինքը ներկայացնում է իր ազգը, տոհմը, ընտանիքը, կոլեկտիվը... ամենավերջում նոր՝ իրեն: Ինքը դրանցով է ամուր ու հասցեատեր, նրանք էլ իրենով՝ պարզ ու տեսանելի:

Այսպիսի երկրում վեհ գաղափարները ոչ թե հեգնանք կառաջացնեն, այլ թարմ օդի պես կառինքնեն: Դժվարության պահին մարդ չի ընկրկի՝ վստահ, որ իր շրջապատում անշահախնդրությունն է առկա, մաքրությունն ու անաչառությունը: Հակառակ դեպքում՝ նա չի նեղանա նույնիսկ իրեն լքողներից կամ զրպարտող-անվանարկողներից: Չի նեղանա, կնեղվի միայն, որ մարդն իր շառավղից դուրս է եկել: Նա հասկանում է, որ անելիք կա. այժմ ամեն մեկն իր կարողության չափով է ինքնադրսևորվում, եթե օրենքից վախ ունենան, անվայել քայլերի համար պախարակվեն, կարողության բովանդակությունը կփոխվի:
«Քարը քարին չկերավ,- կշտամբում էր տատս, երբ մեկս մյուսից դժգոհում էինք:- Կարևոր է, որ ամեն մեկդ ձեր հոգում գիտեք՝ ի՞նչ եք արել, և ով է մեղավորը: Ես չեմ հարցնում: Դե՛, հաշտվե՛ք ու գնացե՛ք»:

Եվ մենք, ամեն ինչ մոռացած, ուրախ-անհոգ հեռանում էինք: Քանի որ իրոք գիտեինք, թե երախաներից որ մեկս է մեղավորը: Այսպես հաշտ ու բնական լուծվում էր հարցը, անկեղծ ու առանց որևէ մեկիս նվաստացումը կամ պատիժը ակնկալելու, քանի որ մեղավորն արդեն քաջություն էր ձեռք բերում խոստովանելու իր սխալը, իսկ մյուսները դառնում էին ներողամիտ, մեծահոգի, անհիշաչար:
Այսպիսի պարզ վերաբերմունքը երեխաներին դարձնում էր կամային, ինքնավերլուծող, համարձակ ու անտրտունջ: Այսպես նա լուծում էր մեր խնդիրը՝ գուցե արժանապատվությա՞ն՝ ձևավորելով ու ամրապնդելով այն:
Տեսնովի, սովորովի: Եթե արժանապատվորեն ապրելը դառնում է կենսակերպ բոլորի համար, ապա որոշ անձինք անգամ չեն տատանվի բարոյի ու անբարոյի միջև:

Արժանապատիվ մարդը ստին գերի չի դառնա, սա է հարցերի հարցը, իսկ սրա համար ճեմարաններ պետք չէ ավարտել: Նա իր հոգին չի ծախի սատանային, որքան էլ առերևույթ դա շահեկան լինի կամ որքան էլ ազդեցիկ մարդիկ թելադրեն, հանձնարարեն կամ պահանջեն:
Արժանապատվությունը նեղ ճանապարհով գնացող մարդկանց գանձն է, որը վերջում լույս է արձակելու, քանի որ այն Արդարություն է: Արդարությունը Աստծո անունն է, իսկ Աստված լույս է: Սա է արժանապատվության խորհուրդը, որն իր հետևից տանում է բյուր բյուրավորների:

ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ