Գլխավոր » ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈ՞Ց, ԹԵ՞...
ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈ՞Ց, ԹԵ՞...
21:31
Յուրաքանչյուր ազգ, ելնելով պետականության, անկախության ու ազատության, ազգային և կրոնական ինքնագիտակցության, ազգային արժանապատվության մասին պատկերացումներից, ստեղծում է գոյապահպանության իր համակարգը, որի բաղկացուցիչ մասն է կազմում կրթությունը։ «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում գրված է. «Կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ ԼՂՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը։ Այդ գործին իր նպաստն է բերում Հայ Առաքելական Եկեղեցին»։ 

Այսինքն՝ հաշվի առնելով, որ պետության ներկան և ապագան մեծապես կախված է իր՝ քաղաքացիների մտավոր, հոգևոր ու մասնագիտական մակարդակից, ինչպես նաև՝ նրանց հասարակության լիիրավ անդամ լինելու ունակությունից, պետությունը և Եկեղեցին միասնաբար կարևորում են կրթական համակարգի դերը և նպաստում, որ լուծվեն վերոհիշյալ խնդիրները։

Ինչպես հայտնի է, ԼՂՀ կրթական համակարգը սերտորեն կապված է ՀՀ կրթական համակարգին (ավելի ճիշտ՝ մի մասն է կազմում)։ Ներկայումս Հայաստանում դեռ ընթանում են կրթական «բարեփոխումները»։ Ո՞րն է երկրի կրթական համակարգի ուղղվածությունը, ի՞նչ նպատակ ունեն այս ոլորտում իրականացվող «բարեփոխումները», ազգային դպրո՞ց, թե՞... 
Այս հարցերին պատասխանելու համար օգտակար է հիշել նախկին սովետական կրթական համակարգը, որն իր թերություններով հանդերձ, համարվում էր աշխարհի կատարելագործված և արդյունավետ համակարգերից մեկը։ Պատճառը համակարգի ուղղվածության և նպատակի հստակեցվածությունն էր, կրթական համակարգի բոլոր օղակների փոխկապակցվածությունը և պետական պատշաճ վերաբերմունքը։ Իհարկե, տվյալ պարագայում առաջնայինը պետական գաղափարախոսությունն էր (խոսքը լավ կամ վատ լինելու մասին չէ)։ 

Սովետական պետությունը գիտեր, թե ինչպիսի քաղաքացիներ են իրեն պետք կոմունիզմ կառուցելու համար: Պետության կողմից կար հստակ պատվեր դպրոցին և համապատասխան վերաբերմունք։ Իհարկե, նպատակին հասնելու համար ԽՍՀՄ-ը խտրականություն չէր դնում միջոցների ընտրության հարցում, բայց կրթական համակարգի կենսունակությունը և արդյունավետությունն ակնհայտ էր։ 

Հարց է ծագում. արդյո՞ք ճիշտ է պետության միջամտությունը կրթության ոլորտին: Հարցին Հունաստանի Սահմանադրությունը պատասխանում է հոդված 16-ի 2-րդ կետով. «Կրթությունը հանդիսանում է պետության կարևորագույն խնդիրը, որի նպատակն է բարոյական, հոգևոր, մասնագիտական և ֆիզիկական դաստիարակությունը, ազգային և կրոնական գիտակցության զարգացումը, ազատ և պատասխանատու քաղաքացիների ձևավորումը»: 

Հունական պետությունը ոչ միայն միջամտում է կրթական համակարգի «ներքին գործերին», այլև ամբողջովին վերահսկում, ֆինանսավորում և հովանավորում է այն: Իսկ Հայաստամում՝ սկսած աշոտբլեյանական կրթական բարեփոխություններից, վերջացրած «օպտիմալացմամբ» և «բարեփոխություններով», նպատակ է հետապնդում (համենայնդեպս՝ իրականությունը դա է ցույց տալիս) վերջնականապես մեզ հեռացնել ազգային դպրոցի գաղափարից. մեղմ ասած: 
Եզրակացնենք. քանի դեռ մենք չունենք ազգային գաղափարախոսություն, կրթական և նմանօրինակ «բարեփոխումներ» շա՜տ են լինելու։ 

Արցախում կրթական «բարեփոխումների» առաջին թիրախը դարձավ միջնակարգ հանրակրթական դպրոցներում կրոնի առարկայի դասավանդումը։ Կրոնի դասավանդման հիմնական նպատակն էր՝ ազգային և կրոնական գիտակցության ձևավորումը և աշակերտների քրիստոնեական դաստիարակությունը։ Կրոնի առարկայի փոխարինումը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայով, փաստորեն, նշանակում է հրաժարում վերը նշված նպատակից։ Իմ կարծիքով, «Հայոց Եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի նախասիրական հիմունքներով, իսկ կրոնի առարկան պետք է լինի պարտադիր։

Ինչպես գիտենք ՀՀ և ԼՂՀ միջնակարգ դպրոցում ուսման տևողությունը 12 տարի է, երեխաները դպրոց են հաճախում վեց տարեկանից սկսած։ 12-ամյա միջնակարգ կրթության անցնելուց հետո, ըստ «նորարաների», թեթևանալու են ուսումնական ծրագրերը։ Այսինքն՝ նույն ծրագիրը, որ պետք է աշակերտները յուրացնեին ուսումնական 10 տարիների ընթացքում, կանցնեն 12 տարում: Հետաքրքիր է՝ ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա առարկաները, որոնք ունեն պարզից դեպի բարդը սահուն անցումներ, բաժինների հստակ տարանջատումներ և մեկը մյուսին լրացնելու, շարունակելու դինամիկա, ոնց են «ցրելու» 12 դասարանների համամասնությամբ: Մեր պարագայում «շեն կենան» կրկնությունները, նույն թեման կարող են անցնել տարբեր դասարաններում: 

Նոր համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բոլոր տղաները դպրոցն ավարտելու են զորակոչային տարիքում, մեկ տարի «հանգստանալու են», այնուհետև մեկնելու են բանակ։ Պետությունը հոգացել է դրա համար և զորակոչային տարիքը սահմանել 19 տարեկան:

12-ամյա միջնակարգ կրթության հեղինակների և կողմնակիցների հիմնական պատճառաբանությունը արևմտյան կրթական համակարգին մեր կրթական համակարգը համապատասխանացնել և ինտեգրելու անհրաժեշտությունն է։ Այդ ուղղությամբ Հայաստանը բարձրագույն մասնագիտական կրթության պարագայում վավերացրել է Լիսաբոնի կոնվենցիան և միացել Բոլոնիայի գործընթացին. ընդունել է բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենք: Ընդունվել են «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքները: Այդ օրենքները, բնականաբար, ընդունվել են նաև ԼՂՀ Ազգային ժողովի կողմից։ Օրենսդրությունը մնում է օրենսդրություն, բայց փաստն այն է, որ արևմուտքից «իջեցված» չափորոշիչները, գլոբալիլզացիայի պայմաններում համընդհանուր հավասարեցումը կորստի է մատնելու հայի ազգային դիմագիծը, որի պահպանման գործում ծանրակշիռ դեր ունի ազգային դպրոցը։

Իմ կարծիքով, 10-ամյա միջնակարգ կրթությունն ավելի արդյունավետ է, միայն թե այն պետք է կատարելագործվի ու իրոք՝ բարեփոխվի։ Մասնավորապես պետք է լուծվեն հետևյալ խնդիրները. 

- Բուհական և դպրոցական ծրագրերը համապատասխանեցվեն,
- Դպրոցական դասագրքերի և բուհական ընդունելության պահանջները համապատասխանեցվեն,
- Դասագրքերը և ծրագրերը հաճախակի չփոփոխվեն,
- Դպրոցն ապահովվի համապատասխան մեթոդական ձեռնարկներով,
- Հանրապետության բոլոր շրջաններում գործեն արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ,
- Դպրոցներում գործեն ուսումնական ծրագրերով նախատեսված լաբորատորիաներ, արտադասարանական խմբեր,
- Դպրոցներում ստացած գիտելիքները պետության և հասարակության կողմից արժևորվեն,
- Ուսման որակի բարձրացման ուղղությամբ օգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիաները,
- Ստեղծվի համապատասխան նյութատեխնիկական բազա։
- Հանրակրթական դպրոցներում սահմանել շաբաթական 5-օրյա պարապմունք, ինչպես ՀՀ-ում է...

Այս ցանկը կարելի է շարունակել, բայց նորից անդրադառնանք արմատին՝ ինչի՞ց սկսվեց «բարեփոխությունը»։

Արցախում պատերազմի հաղթական ավարտից հետո, սոցիալ-տնտեսական փոփոխությունները և աշխարհաքաղաքական զարգացումները մեզ՝ հայերիս, պարտադրեցին փոփոխություններ կատարել բոլոր բնագավառներում, այդ թվում՝ կրթական համակարգում։ Իրենց պայմանները թելադրեցին «Համաշխարհային բանկը», «Միջազգային արժութային հիմնադրամը», եվրոպական համագործակցության մի շարք կառույցներ։ Կրթական համակարգը վերափոխելու համար մեծ քանակությամբ դրամական միջոցներ հատկացվեցին ծրագրերի, մեթոդաբանության և դասագրքերի հրատարակման համար՝ առանց հաշվի առնելու մեր ազգային առանձնահատկությունները, հոգեկերտվածքը, ավանդույթներն ու սովորույթները, կրթության և դաստիարակության վերաբերյալ հարուստ բազմադարյա փորձը։ Արդյունքում՝ մեր դպրոցներում ազգային արժեքները և ազգային գաղափարախոսությունը սկսեցին համարվել կեղծ հասկացություններ։ 

Վերջերս ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պատասխանելով «Ի՞նչ արժեքների վրա պետք է դաստիարակվեն աշակերտները դպրոցում: Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին» հարցին, նշել է. «Դաստիարակության հարցը որոշ իմաստով մեզ մոտ դեռ քննարկվող թեմա է: Անցած տարիներին, երբ ամեն ինչ վերանայվում էր, դպրոցից դաստիարակության հարցերն աննկատելիորեն դուրս մղվեցին: Հիմա արդեն երկար քննարկումներ ու աշխատանքներ ենք տանում, որպեսզի դաստիարակության խնդիրը դարձյալ վերադառնա դպրոց: Իհարկե, չի կարելի ասել՝ դպրոցներն այդ խնդրով չեն զբաղվում, բայց հեռանկարային կուռ համակարգ դեռ չենք ստեղծել, դաստիարակության հայեցակարգ դեռ չունենք, թեև հայրենասիրական դաստիարակության առումով բավականին շատ բան արվում է: Դպրոցները, իրենց ծրագրերով, միջոցառումներով, ուսուցիչների արժեքային համակարգի հետ պայմանավորված, որոշակի գործեր անում են»:

Փաստորեն, մեր հայկական դպրոցներում ուսում (կրթություն և դաստիարակություն) չի իրականացվում: Մենք էլ միամտորեն կարծում ենք, թե մեր երեխաները ուսում են ստանում: 
Դարեր շարունակ պետականությունը կորցրած հայության համար պետականության գաղափարը կրողը եղել է ազգային դպրոցը, որը պահպանել է մեր ազգային ոգին ու արժեքները։ Հայ ուսուցիչը միշտ էլ եղել է հարգանքի ու պատկառանքի առարկա, իսկ այսօր հայկական անկախ պետականության պայմաններում հայ ուսուցիչն արհամարհված ու անտեսված է։

Հայկական կրթական համակարգն ունի համազգային նշանակություն։ Այն կախված չպետք է լինի այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն նախարարի կամային որոշումներից և քաղաքական հայացքներից։ Քանի դեռ Հայաստանը չունի ազգային գաղափարախոսություն, հնարավոր է որպես ելքից դուրս գալու միջոց ստեղծել ազգային կրթական հայեցակարգ։ Հակառակ դեպքում ազգակործանումն անխուսափելի է։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ