Գլխավոր » ԲՆԱԶԴՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱԶԴՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
23:54
Ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը մարդու հոգեկան գործունեության շարժիչ ուժերից գլխավորը համարել է սեռական և ագրեսիայի բնազդների հետ կապված եռանդը: Նախկին խորհրդային գիտնականներից շատերը մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունից ելնելով, անտեսել են (ժխտել չէին կարող) Ֆրեյդի տեսությունը, այն համարելով բուրժուական բարքերն արդարացնող ուսմունք, դրան հակադրելով կոմունիստական՝ մարդու բանականության վրա հիմնված դաստիարակության սկզբունքները և «Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսը»: Ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ում համապատասխան ոլորտների գիտնականները քաջ գիտակցելով մարդկանց բնազդների հետ կապված եռանդի առկայության պարագան, դրանց տվել են այլ բովանդակություն և նպատակաուղղել գաղափարախոսությունից բխող խնդիրների իրագործմանը: Մասմավորապես՝ մանկավարժության ոլորտում ուսումը (կրթությունը և դաստիարակությունը) այնպես է եղել կազմակերպված, որ երեխաներն իրենց եռանդն ու կուտակված ավելորդ էներգիան ծախսել են առավելապես բարի նպատակների համար:

Դպրոցականները որպես «հոկտեմբերիկներ», «պիոներներ» և «կոմերիտականներ» պարտավորված են եղել կատարելու հանրօգուտ աշխատանք, օգնել են թույլ աշակերտներին, մեծահասակներին ու հաշմանդամներին, մասնակցել շաբաթօրյակների և այլ բազմաբնույթ մրջոցառումների: Երեխաներն ընդգրկված են եղել տարաբնույթ խմբակներում, մարզական խմբերում և այլն: Պատկերավոր ասած՝ պետականորեն լուծված է եղել երեխաների զբաղվածության հարցը:

Ցավալիորեն, սովետական մանկավարժության հարուստ և օրինակելի փորձը չի կիրառվում մեր դպրոցներում: Վերջին տարիներին հայկական դպրոցներում փորձեր են արվում ստեղծելու մանկապատանեկան կազմակերպություններ, բայց արդյունքները դեռ չեն երևում: Վաղ անցյալում գործում էին «Պատանի տեխնիկ», «Պատանի բնախույզ», «Պատանի ավիոմոդելիստ», «Պատանի ռադիոտեխնիկ» և այլն, որտեղ մեր երեխաները ոչ միայն իրենց ժամանակն էին հետաքրքիր անցկացնում, այլև սովորում էին այս կամ այն մասնագիտությունն ու գործնականում դրանք կիրառում:

Բնազդների հետ կապված՝ Հայ Առաքելական Եկեղեցին ունի իր հստակ դիրքորոշումը, որը հենվում է մարդու ծագումնաբանության, բանականության, ազատակամության, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ Աստվածաշնչյան պատկերացումների ու համապատասխան աշխատությունների վրա:

Իսկ ինչպիսի՞ն են արծարծվող թեմայի նկատմամբ պետականորեն ընդունված մոտեցումները (խոսքը վերաբերում է մանկավարժության, հոգեբանության և սոցիոլոգիայի բնագավառներին): Վստահաբար կարելի է ասել, որ քանի դեռ չունենք ազգային գաղափարախոսություն, նմանանատիպ հարցերի պատասխանները տրվելու են սուբյեկտիվորեն և պահի թելադրանքով՝ հիմք ընդունելով միջազգայնորեն ընդունված այս կամ այն դրույթները, որոնք, բնականաբար, միշտ չէ, որ համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին:

Սեռական և ագրեսիայի բնազբների նկատմամբ պետք է լուրջ, գիտական վերաբերմունք ցուցաբերվի, քանի որ դրանցով են պայմանավորված նաև մատաղ սերնդի կրթության և մանավանդ դաստիարակության հիմնախնդիրները: Պարզաբանենք մեր հաստատումը: ԽՍՀՄ-ում գործում էր պետական արգելքների հատուկ համակարգ, որը կանխում էր մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությանը չհամապատասխանող ցանկացած երևույթ: Պետության ղեկավարությանը հայտնի էին միջազգային իմպերիալիզմի նպատակը և այն մեթոդներն ու միջոցները, որոնցով փորձում էին քայքայել ու փլուզել ԽՍՀՄ-ը:
Պետության դեմ համակարգված աշխատում էին տարբեր ոլորտների բազմաթիվ ինստիտուտներ, քաղաքական գործիչներ և անհատներ: Մասնավորապես, հայտնի է ԱՄՆ նախկին ԿՀՎ պետ Ալլեն Դալասի՝ ԽՍՀՄ-ը (և ոչ մայն) կործանելու «բաղադրատոմսը», որտեղ նա նշել է. «Գրականությունը, թատրոնը, կինոն՝ այս ամենը ցույց են տալիս և փառաբանում են մարդկային ամենաստոր կրքերը: Մենք ամեն կերպ կօժանդակենք և կբարձրացնենք նրանց, այսպես կոչված՝ ստեղծագործողներին, որոնք մարդկանց գիտակցության մեջ կսերմանեն և գլուխները կխցկեն սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, մի խոսքով՝ ամեն կարգի անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարման մեջ մենք խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատելիորեն կնպաստենք պաշտոնյաների մեջ ինքնահաճության, անսկզբունքայնության, կաշառակերության տարածմանը... Ազնվությունն ու կարգապահությունը կծաղրվեն, այլևս ոչ մեկին պետք չեն լինի և կվերածվեն անցյալի մնացուկների: Բռնությունը, լկտիությունը, սուտը, խաբեությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը, անասնական վախը միմյանց նկատմամբ և անամոթությունը… խորամանկորեն և աննկատ կերպով կզուգակցենք, այս ամենը կգունազարդվի գեղեցիկ նրբերանգներով: Միայն քչերը, շատ քչերը, կկռահեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Այդպիսի մարդկանց մենք անօգնական վիճակի մեջ կգցենք, կդարձնենք ծաղրի առարկա...»:

Ինչպես տեսանք՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց և դա առաջին հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ, այսպես կոչված, երկրի «բարոյականության ամրության սահմանը» կրիտիկական վիճակից իջավ: Այդ տեսանկյունից եթե գնահատելու լինենք մեր հասարակության ներկա վիճակը, ապա մխիթարող շատ քիչ բան կա: Պարզապես վերը նշած սահմանը վաղուЇց ենք հատել: Իմ կարծիքով, մենք ավելի շատ գոյատևում ենք Արցախյան պատերազմում տարած թե՛ փաստացի, թե՛ բարոյական հաղթանակների շնորհիվ և Աստծո ողորմածությամբ:

Նորից անդրադառնալով թեմային, նշենք, որ մեր հանրապետությունում օրենքները, եվրոպական շատ երկրների հետ համեմատած, մեղմ են և հանդուրժողական, խախտված է ազատություններ-պարտականություններ-արգելքներ եռամիասնության հավասարակշռությունը: ԼՂՀ-ն ձգտելով դառնալ ժողովրդավարական երկիր, ավելորդ զգուշավորություն է ցուցաբերում և երբեմն ընդունվում են այնպիսի «մարդասիրական» օրենքներ, որոնց կարող են նախանձել հարյուրամյակների ժողովրդավարական անցյալ ունեցող երկրները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե օրենքներն ընդունում են միջազգային հանրությանը կամ այլ շահագրգիռ կազմակերպությունների գոհացնելու համար:

Ինչ որ է։ Բայց Արցախում էլ կան օրենքներ, որոնք բխում են մեր ազգի ու պետության շահերից: Օրինակ, ո՞վ է մեզ արգելում, որ համապատասխան մարմինների կողմից իրականացվի «Վարչական իրավախախտումների մասին» ԼՂՀ օրենսգրքի հոդված 189-8-ի պահանջը՝ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաերիզների և տեսասկավառակների վաճառքը չնախատեսված վայրերում իրականացնողներին 50-100 հազար դրամ տուգանելու համար: Մտեք տեսաերիզների և տեսասկավառակների վաճառքի ցանկացած խանութ ու կրպակ և կհամոզվեք, որ օրենսգրքի այդ պահանջը չի կատարվում:
Դեռ ավելին, անչափահաս երեխաներն էլ կարող են գնել այդ «արգելված պտուղները»: Արցախում պետականորեն ֆինանսավորվող և մասնավոր հեռուստաալիքներով հաճախ կարելի է դիտել սեքս, բռնություններ և սադիզմ պարունակող ֆիլմեր: Նմանատիպ ֆիլմերի վտանգավորության մասին շատ է գրվել, ուստի, չկրկնելու համար, այլ տեսանկյունից մոտենանք հարցին:
Ուսունմասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներս տղամարդիկ թե՛ տանը, թե՛ հասարակության մեջ աստիճանաբար հեղինակազրկվում են: Դրա պատճառները հիմնականում սոցիալ-հոգեբանական են. այն մի կողմից պայմանավորված է երկրում կյանքի ցածր մակարդակով, մյուս կողմից՝ ահագնացող արտաքին ազդակներով: Վերջինիս մեջ անհերքելի դերակատարություն ունի հասարակական տարբեր երևույթների մեջ մուտք գործած էրոտիկան ու սեքսը:
Հինմավորենք մեր պնդումը մասնավոր օրինակով: Ինչպես հայտնի է՝ հայ աղջնակներից շատերն առանձնակի վերաբերմունք են ունեցել և ունեն իրենց հոգատար հայրերի նկատմամբ: Բայց վերջերս կարծես թե այդ ցանկալի հարաբերությունների մեջ մի տեսակ համատարած սառնություն է նկատվում: Ո՞րն է պատճառը: Իհարկե, հարցին միանշանակ դժվար է պատասխանելը, քանի որ այն պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Դիտարկենք մի իրավիճակ. աղջիկը հեռուստատեսությամբ դիտում է մի ֆիլմ, որտեղ ցուցադրում են, թե հայրն ինչպես է դավաճանում իր կնոջը, տղամարդիկ ինչպես են բռնաբարում անչափահաս աղջիկներին: Նման իրավիճակներում աղջիկը, կամա թե ակամա, մտաբերում է հարազատ հորը կամ եղբորը և նրանց մտովի համեմատում այդ «հերոսների» հետ: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. աստիճանաբար աղջկա մոտ ենթագիտակցորեն ձևավորվում է տղամարդու մի կերպար, որը ժամանակի ընթացքում համակում է նրան:

Աղջկա մոտ, կախված նրա մտավոր կարողությունից ու դաստիարակությունից, հայրը, որն իր համար եղել է պատվելի, դառնում է խոցելի ու կասկածելի: Իսկ տղաների մոտ վերոհիշյալ ֆիլմերն առաջացնում են անցանկալի մղումներ ու հակումներ, ագրեսիվություն կամ անտարբերություն ամեն ինչի նկատմամբ:
Մի խոսքով՝ Արցախում գործող օրենքները, որոնք այս կամ այն ձևով առնչվում են հասարակության անդամների բարոյական խնդիրներին՝ ենթակա են վերանայման և դրանց համապատասխանեցմանը հայի ազգային, պետական և հոգևոր-քրիստոնեական նկարագրին: Կարծում եմ, հայկական երկու պետություններում և Սփյուռքում կան համապատասխան օրենսգետներ, մասնագետներ և գիտնականներ, ովքեր ի վիճակի են ստեղծելու այնպիսի օրենքներ, որոնք նպաստեն մեր հասարակության բարոյակարգավորմանը և հայեցի զարգացմանը:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ