Գլխավոր » ԾԱՆԻ՜Ր ԶՔԵԶ
ԾԱՆԻ՜Ր ԶՔԵԶ
21:21
«Մի ծանոթ տեսա. այնքան էր փոխվել՝ չճանաչեցի»: Այստեղ գործածված է երկու բառ՝ ծանոթ և ճանաչել:
Արդի հայերենի բառարաններում ծանոթ նշանակում է «նախապես ճանաչված, հայտնի»: Իսկ ճանաչել նշանակում է «ծանոթ լինել, գիտենալ մեկին, որևէ բան»: Տեսնենք, թե ինչ կապ կա ծանոթ և ճանաչել բառերի միջև:

Ծանոթ և ճանաչել երկու բառերն էլ ծագում են նույն ծան արմատից: Զարմանալի է, որ ճանաչել բառի նախավոր ձևն է ծանաչել: Այստեղ ծ-ն, ազդվելով չ-ից, վերածվել է ճ-ի:
Հետաքրքիր է, որ ծան արմատի հետ է կապվում նաև ծանակ «խաղք, խայտառակություն» բառը: «Նոր հայկազյան բառարանը» բառի իմաստը ներկայացնում է հետևյալ կերպ. «Իբր բոլոր մասերը ճանաչված, ծանոթ մորե մերկ ծնածի պես»: Այսինքն՝ ում բոլոր մասերը ճանաչված են կամ ծանոթ են, նա խայտառակված է, ծանակված է:

Կարծիք կա, որ խրախճան, դավաճան, ճակաճան, տիրաճան բառերի մեջ նույնպես ճանաչել բառի ճան արմատն է: Խրախճան՝ «խրախ (ուրախություն) ճանաչող», դավաճան՝ «դավ ճանաչող, դավին ծանոթ», ճակաճան՝ «էգին ծանոթ, իգամոլ», տիրաճան՝ «տիրոջը ճանաչող, սիրող»:
Ծան-ը բնիկ հայերեն բառ է: Այլ լեզուներում ևս պահպանվել են հնդեվրոպական նախալեզվից եկող այս արմատի զանազան դրսևորումները՝ հնդկերեն ջանը, զենդերեն՝ զանը, գերմաներեն՝ քենեն...

Այս արմատով հնում ունեցել ենք հետաքրքրական նշանակություններով բառեր, որոնք հանիրավի դուրս են մղվել, բայց այսօր էլ շատ լավ կծառայեն մեզ: Օրինակ՝ դյուրածան, որ նշանակում է «դյուրին ճանաչվող, հեշտ վերծանվող»:

Ծան արմատի «հայտնի դարձնել», «ճանաչել տալ» նշանակությունները նկատի ունենալով՝ այսօր կարելի է, օրինակ, ռասկրուտկա անել անհեթեթությունը հայերենում արտահայտել ծանել բառով. որևէ երգչի, երգչուհու ձայներիզը, ձայնասկավառակը գովազդով ճանաչել տալը՝ գովածանում, նաև՝ երգչի, երգչուհու գովածանում: Այսինքն՝ գովազդելով հայտնի դարձնել, ճանաչել տալ, գովածանել: 

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ