Գլխավոր » ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է
ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է
15:01
կամ՝ Գանձասարի վանքի շրջապարիսպների երեսպատման, ԼՂՀ զբոսաշրջության վարչության որոշման և մեր ձևական մշակութապահպանության մասին

Գանձասարի վանական համալիրի պատերը 13-րդ դա՞րի են, թե՞ 20-րդ՝ այս է խնդիրը։ Եթե մարդիկ հաստատ իմանային, որ 20-րդ դարի է, ապա դժվար թե այնպիսի աղմուկ բարձրանար, ինչպես եղավ անցած ամիսներին։ Խոսքը հանրահայտ Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպների տրավերտինե սալիներով երեսպատման մասին է, ինչը մեծ աղմուկ առաջացրեց։

Հուլիսի 11-ին Պարգև Սրբազանը լրագրողների հետ հանդիպումը սկսեց այսպես. «Պիտի միասնաբար լուծում գտնենք, այդ աղմուկը չլինի։ Դա մեր բոլորի թերացումն է, առաջինը, ըստ երևույթին, իմը»։ Այո, Սրբազան, դա առաջին հերթին Ձեր թերացումն էր, որ նախօրոք չբացատրեցիք ինչն ինչոց է։

«Ֆեյսբուքահայությունը», այս նախաձեռնությունը «վախքանալիա, գավառականություն, վանդալիզմ, բարբարոսություն» որակող լրատվամիջոցների հոդվածների վրա հղումներ էր կատարում ու տակները տարբեր մեկնաբանություններ անում։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով մեծ հեղինակություն է վայելում, այս նախաձեռնությունն անվանեց «ոտնձգություն հանցագործության աստիճանի ու անգրագետ հայրենասիրություն»։

Հետո ինչ-որ Ստեփան Նալբանդյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Գյուղ է, փող ունեմ, ես եմ որոշում, իմ եկեղեցին է, «ռեմոնտ» եմ անում»։ Ո՞ւմ էին հասցեագրված այս խոսքերը։ Իսկ հետո նրանք իբր տխրել են, երբ կարդացել են, որ Լևոն Հայրապետյանը հրաժարվում է իր հետագա բարեգործական ծրագրերից. «Մենք ուղղակի հրավիրում ենք օրինական դաշտ բարեգործությունը, ինչը ավելի կարևոր է հենց բարեգործի համար։ Մենք կասկածում ենք բոլոր այս գրածներին»։ Ահա այսպիսի համընդհանուր լկտի ցինիզմ ցուցաբերելուց հետո դեռ խորհուրդներ են տալիս։

Հետաքրքրիր է, մենք ե՞րբ հասցրինք դառնալ այդքան մշակութասեր մարդիկ։ Ազգային արժեքնե՜ր… Մի շաբաթվա մեջ սոցիալական ցանցերն ու լրատվական կայքերը այս բառերով էին ողողված։ Բոլորն էլ մատնանշում էին ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության կողմից թույլտվության չտրամադրման մասին։ Այդ ե՞րբ զբոսաշրջության վարչությունն այդքան ինքնուրույն մարմին դարձավ։

Բայց բոլոր այդ վարչությունները որտե՞ղ են լինում, երբ, ասենք, Ստեփանակերտում որևէ նոր սուպերմարկետ կամ բիլիարդանոց կառուցելու համար հուշարձանները վերցնում ու մի կողմ են գցում։ Այսօր Ստեփանակերտում շատ ապօրինի շինություններ են կառուցվում, և որտե՞ղ են լինում մնացած բոլոր վարչությունները։ Չասեք, թե Գանձասարն ուրիշ է...

Ես անկեղծորեն հավատում եմ, որ ճարտարապետ-հուշարձանագետների մեծ մասի քննադատական դրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նրանց չէին վստահել շրջապարիսպի վերանորուգումը… Խոսքս բնավ Սամվել Կարապետյանի մասին չէ, որը սալիկներով երեսպատումն անվանեց անգրագետ հայրենասիրություն։
Ըստ հայտնի սոցիոլոգ Լեբոնի, ամբոխային ոգու դրսևորման ժամանակ մենք դադարում ենք վերլուծել անցյալը։ Ես, մնացածը և Սամվել Կարապետյանը այդ օրերին մոռացանք վերլուծությամբ զբաղվել։

Արցախում եղած ուսումնական հաստատություններն այն մասնագիտությունները չունեն, որոնք իրոք ջրի պես ահրաժեշտ են մեզ։ Եվ Լևոն Հայրապետյանը ծրագիր ուներ Վանք գյուղում ստեղծել ռազմական ուսումնարան և նման օգտակար այլ բաներ։ Նման ծրագրի շնորհիվ, ինչպես ասում են, մեկ կրակոցով երկու նապաստակ կգցեինք, նախ՝ ուսումնարանը կադրեր կպատրաստեր բանակի համար և երկրորդ՝ ստեփանակերտացման տեմպերը կընկներին և Արցախն այլ ուղղություններով կընդարձակվեր։ Չեմ կարծում, թե սա «անգրագետ հայրնասիրություն» է։

Վանքն ապացույցն է նրա, որ կարելի է ստեղծել այնպիսի մի գյուղ, որտեղից մարդիկ չեն հեռանում քաղաքներ։
Վանք կատարած վերջին ուղևորությանս ժամանակ, ինձ հետ եղած ռուսները հիացած էին այս հրաշք գյուղում կատարված բարեգործություններին նայելիս՝ սկսած զուգարաններում կախված ճերմակ սրբիչներից։ Նրանց մոտ, ինչպես իրենք են ասում, նման բարի գործեր անողներ չկան։

Եկեք ձեռքներս դնենք սրտներիս ու խոստովանենք, որ Վանք գյուղն ու Վանք տանող ճանապարհն է մեծ մասամբ դարձել Գանձասարի այցեքարտը։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ չենք մենք նմանապես այցելում ավելի վաղ կառուցված Դադիվանք վանական համալիրը, որը գտնվում է Մռով սարի կանաչապատ լանջերին ու Թարթառ գետի ափին։ Չենք այցելում ոչ միայն այն պատճառով, որ իր արժեքներով այն զիջում է Գանձասարին, այլ, որովհետև այնտեղ տանող հարթ ճանապարհ ու հանգստանալու տեղեր չկան։ Մոտակայքում կառուցեք Վանք գյուղի նման մի տեղ ու վերանորոգեք, իսկույն այն կլցվի տուրիստներով։ Ինչո՞ւ հեռու գնալ, ահա ձեզ Տաթևի վանքի օրինակը. մի՞թե մինչև ճոպանուղի կառուցելը այսօրվա պես այնտեղ այսքան շատ մարդ էր այցելում։ Ասածս այն է, որ մեզ չդնենք կեղծ ազգապահպան մշակութասերի տեղ։

Երկու-երեք տարի առաջ Շուշիի ռեալական ուսումնարանում կովեր էին զբոսնում, և դարձյալ հարցնեմ՝ որտե՞ղ էին բոլոր այդ վարչությունները, ճարտարապետ-հուշարձանագետները...
Այսօր Հայրապետյանի միջոցներով ասֆալտապված ճամփով ենք բարձրանում Գանձասար։ Ո՞վ գիտե, եթե Լևոն Հայրապետյանի բարեգործությունները չլինեին, գուցե մեզնից շատերը Գամձասարի տեղը չեին էլ իմանա։ Հարցրեք ցանկացած տարեց վանքեցու, թե ինչպիսին էր Գանձասարը և Գանձասարի վանքի պարիսպները՝ խորհրդային տարիներին։

Ուղղակի պետք է ամեն ինչ իր անուններով կոչել։ Իսկ ինչ վերաբերում է «բարբաբրոսություն-վանդալիզմ»-ին, ապա եկեք դա փնտրենք այնտեղ, որտեղ այն կա… Իսկ նրանք, որ ոգևորված «կրակի տակ էին առել» մեծ բարեգործին, մինչ այդ պիտի ձեռքները դնեին իրենց խղճին ու իրենք իրենց հարցնեին, թե իրենք քանի՞ քար են դրել կիսաքանդ մեր երկրի կառուցման ու Հայրենիքի շենացման մեծ պատի վրա։ Արցախում արդեն մեր մեծահարուստներն ունենք։ Բայց նրանցից քանի՞սն են բարեգործական մի ծրագիր իրականացրել։ Մի քանի հոգու անուն կարելի է թվարկել, որ ոչ միայն վերցնում են, այլև տալիս են իրենց ժողովրդին ու Հայրենիքին։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ