Գլխավոր » Ղարաբաղի նախադեպը եւ Ղրիմը
Ղարաբաղի նախադեպը եւ Ղրիմը
11:36
 

Հայաստանում չեն դադարում քննարկումները «Ղրիմի նախադեպի» վերաբերյալ: Կան կողմ եւ դեմ տեսակետներ այն հարցի շուրջ, թե արդյոք Ղրիմում ներկայում տեղի ունեցողը նախադեպ է Ղարաբաղի համար, եւ որքանով դրանից կշահեն Ղարաբաղը եւ Հայաստանը:

 

Ընդ որում, այս հարցի շուրջ բավական ակտիվ է նաեւ ռուսական քարոզչությունը, որը գեներացնում է «Ղրիմի նախադեպի» թեման հայկական շահերի տեսանկյունից: Սա հասկանալի է, քանի որ Ղրիմի հարցում Ռուսաստանը մնացել է միայնակ, եւ նրան անհրաժեշտ են «գաղափարակիցներ»:

 

Ռուսաստանը եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը

 

Նախադե՞պ է արդյոք Ղրիմը Ղարաբաղի համար: Հետաքրքիր է սակայն, որ չի արվում հետեւյալ հարցադրումը՝ իսկ գուցե Ղարաբա՞ղն է եղել նախադեպ Ղրիմի համար, քանի որ Ղարաբաղում ինքնորոշման շարժումը տեղի է ունեցել երկու տասնամյակ առաջ: Այս դեպքում, ընդհանրապես կարիք չէր լինի խոսել «Ղրիմի նախադեպի» մասին:

 

Իրականում հենց այդպես էլ եղել է, եւ պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքին՝ ինչպե՞ս է Ռուսաստանն արձագանքել Ղարաբաղի ինքնորոշման շարժմանը: Առնվազն երկու պատժիչ գործողություններով, որի արդյունքում ոչնչացվել են տասնյակ հայկական բնակավայրեր, տեղահան արվել տասնյակ հազարավոր հայեր: 1990-ականների սկզբներին:

«Ղարաբաղյան կարգավորման» շրջանակում Մոսկվան ամեն կերպ խոչընդոտել է Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին: 2008-ին Մոսկվան փորձ արեց Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, ստանձնելով «ղարաբաղյան կարգավորման» առաջամարտիկի դերը: Սակայն փորձը տապալվեց:

 

Վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին զինում է ժամանակակից հարձակողական զենքով, մի երկրի, որը սպառնում է Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությանը:

 

Նույն 2008-ին, ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Այդ ժամանակաշրջանում տեղի ունեցավ նույն քննարկումը «նախադեպի» վերաբերյալ: Սակայն ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը որեւէ կերպ չի ազդի «ղարաբաղյան կարգավորման» վրա, քանի որ «Ղարաբաղն այլ դեպք է»: 

Ղրիմի իրադարձությունների կապակցությամբ Լավրովը դեռեւս նման հայտարարություն չի արել, բայց կանի, իրավիճակը «խաղաղվելուց» հետո:

Իսկ ո՞րն է Ռուսաստանի նման վերաբերմունքի պատճառը: Այն, որ նման նախադեպերը վտանգում են հենց Ռուսաստանին, նկատի առնելով բավական ուժեղ էթնիկ տարածաշրջանների առկայությունը եւ «պատմական հանգամանքները»: Այդ պատճառով, Ռուսաստանի նախաձեռնած «նախադեպերը» պետք է լինեն քիչ ինչ այլ տրամաբանության մեջ՝ միակողմանի: Այս քաղաքականության տրամաբանությամբ՝ «Ղարաբաղն այլ դեպք է», որովհետեւ այն Ռուսաստանը չէր նախաձեռնել:

 

Ղարաբաղի նախադեպը

 

Ղարաբաղն իսկապես այլ դեպք է: Դա հասկացել են ամբողջ աշխարհում, բացի հայերից: Այլապես, երկու տասնամյակ անց նման խնդիր չէր քննարկվի, այլ՝ լիովին այլ հարցեր, կապված «ղարաբաղյան նախադեպն» ամրապնդելու եւ նոր աշխարհակարգում արժանի տեղ ու դեր ստանձնելու հետ:

 

Փոխարենը, այդ նախադեպը երկու տասնամյակում մսխվեց եւ քրեական ու այլ բնույթի խմբավորումների ձեռքին վերածվեց մանրադրամի՝ Հայաստանում իշխանության եւ ազգային բարիքի բաշխման համար պայքարում:

 

Իսկ ի՞նչ էր կատարվել Ղարաբաղում: Ղարաբաղում տեղի ունեցավ ինքնորոշման դասական շարժում, միջազգային նորմերին լիովին համապատասխան: Ադրբեջանը պատասխանեց պատերազմով, որում պարտություն կրեց, չնայած Ռուսաստանի օգնությանը:

 

Սակայն, Ղարաբաղյան շարժումն ուներ մեկ այլ ուժեղ կողմ. Այդ շարժումն իր տրամաբանությամբ լիովին համարժեք էր աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներին եւ քաղաքակրթական գործընթացի մի մասն էր, ընդ որում՝ էական մասը: Կարելի է կատակ համարել «Բեռլինի պատը մունք ընք քանդալ» ղարաբաղյան խոսքը, սակայն խորքում դա ճշմարտություն էր: Այսինքն, հայ ժողովուրդը մասնակիցն էր նոր աշխարհակարգի կերտմանը: Նման «կարգավիճակ» ունեցող ժողովուրդը չէր կարող պարտվել, ով էլ դուրս գար նրա դեմ:

 

Ի՞նչ է ներկայում մնացել այդ «կարգավիճակից»: Հայերը, որպես հանրություն, խորքում այդպես էլ չգիտակցեցին այս իրողությունը, եւ մինչ օրս նախադեպեր են որոնում ամենուր, ներկայում էլ՝ Ղրիմում:

 

«Ղրիմի նախադեպը»

 

Ի՞նչ է կատարվում Ղրիմում: Ղրիմի իշխանությունը հռչակել է անկախություն եւ հանրաքվեի է դրել Ռուսաստանին միանալու հարցը: Ռուսաստանը զորք է մտցրել Ղրիմ եւ ակնհայտորեն մասնակցում է ինքնավարության ներքին գործերին: Այս ֆոնին, Ղրիմի ինքնորոշման շարժումը ձեռք է բերում արտաքին ագրեսիայի եւ անեքսիայի հատկանիշներ: Այսինքն, Ռուսաստանն իր գործողություններով հնարավորություն չի տալիս Ղրիմի ժողովրդին ծավալել միջազգային իրավական նորմերին լիովին համապատասխան շարժում:

 

Մյուս կողմից, Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, եւ ավելին, դարձան նոր աշխարհակարգի հաստատման «երկրորդ փուլի» կատալիզատոր, որի բնութագրական գծերն են 19-րդ դարի տիպի կայսրությունների վերջնական փլուզումն ու նոր էլիտաների առաջացումը: Մոսկվայում ակնհայտորեն շտապում են լուծել Ղրիմի հարցը եւ միացնել թերակղզին, քանի որ իրադարձությունները զարգանում են մեծ արագությամբ: Այսինքն, գործ ունենք «միակողմանի նախադեպի» հետ:

Այս տեսակետից, արդյոք Ղրիմի ինքնորոշման շարժումը համարժեք է քաղաքակրթական ներկայիս զարգացումներին ու տրամաբանությանը: Եւ արդյոք «Ղրիմի նախադեպն» այլ կազմավորումների ու պետությունների հարցում լինելու է ազատության եւ ինքնիշխանության նախադեպ:

Ռուսաստանը պետք է միացնի Ղրիմը, այլապես կդադարի լինել ազդեցիկ պետություն: Այս տեսակետից, նրա գործողությունները թեեւ աղմկոտ, սակայն տրամաբանական են:

 

Նախադեպի արժեքը

 

Ընդհանրապես, ուժեղ են այն հանրությունները, որոնք իրենք են ստեղծում նախադեպեր: Հայերը ստեղծել են այդպիսի մի նախադեպ, բայց այդպես էլ չեն հասկացել դրա արժեքը: Իսկ եթե չես գիտակցում, ստիպված ես հույս դնել այլոց վրա եւ դատողություններ անել «անարդար աշխարհի», «երկակի ստանդարտների» եւ այլ անհեթեթությունների մասին:

 

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/96171


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ