Գլխավոր » Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են պայմանավորվել շփման գծում լարվածության թուլացման շուրջ
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են պայմանավորվել շփման գծում լարվածության թուլացման շուրջ
13:31

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, վերլուծաբան Մասիս Մայիլյանը:

 

- Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ հայտարարել է, որ եթե նույնիսկ Լեռնային Ղարաբաղը դարձյալ մասնակցի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, ապա Մադրիդյան փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա: Փաստաթղթի մասին, իհարկե, շատ է խոսվել, քննարկվել: Ակնհայտ է, որ Ստեփանակերտը նման հայտարարությամբ չէր կարող հանդես գալ՝ առանց Երևանի համաձայնության, մանավանդ որ, տեսանելի ապագայում չի երևում բանակցություններում Արցախի մասնակցության հեռանկարը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հայկական կողմերն անհրաժեշտ համարեցին խոսել այս մասին հենց այս փուլում:

 

- Հաճելի էր տեղեկանալ, որ Ղարաբաղի վարչապետը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը, չի աջակցում «Մադրիդյան փաստաթղթին»: 2009 թվականից սկսած՝ ԼՂՀ փորձագետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ փաստարկված հայտարարել են «Մադրիդյան սկզբունքների» և դրանց շուրջ որոշակի էլեմենտների իրագործման վտանգի մասին: Կարելի էր համաձայնել Ձեր ենթադրության հետ, եթե այդպիսի հայտարարություններով հանդես գային ԼՂՀ պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են ԼՂՀ արտաքին քաղաքականության համար, այսինքն՝ նախագահն ու Արցախի ԱԳ նախարարը:

 

- Կարելի՞ է ենթադրել, որ Երևանն այլևս պատրաստ չէ շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ: Գուցե սա ուղղորդվա՞ծ դիրքորոշում է, և Երևանը ևս ազատ չէ բանակցություններում:

 

- Քանի դեռ պաշտոնական Երևանը հանդես չի եկել «Մադրիդյան փաստաթղթից» հրաժարվելու մասին համապատասխան հայտարարությամբ՝ դժվար կլինի դատել Հայաստանի փոփոխված դիրքորոշման մասին:

 

- Պարոն Մայիլյան, վերջին գրեթե երկու ամիսների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները խոսում են նախագահների մակարդակով հանդիպման մասին, սակայն հանդիպումն ինչ-ինչ պատճառներով չի կայանում, ավելին՝ այդ խոսակցություններին զուգահեռ սրվում է իրավիճակը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ինչո՞վ կարելի է սա բացատրել, ո՞ւմ է ձեռնտու լարվածությունը:

 

- Հակամարտության գոտում լարվածության հրահրմամբ զբաղվում է Ադրբեջանը: Այդպիսով Ադրբեջանը ապարդյուն փորձեր է իրականացնում տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողներին շանտաժի ենթարկելու և Հայաստանից ու ԼՂ-ից միակողմանի զիջումներ ստանալու նպատակով:

 

- Սա կարո՞ղ է արդյոք կապ ունենալ վերջին ամիսներին շատ շրջանառվող Ռուսաստան-Ադրբեջան կուլիսային պայմանավորվածությունների մասին խոսակցությունների հետ:

 

- Այս մարտավարությունն իրականացվում է արդեն մի քանի տարի, և չեմ կարծում, թե դա կապված է այն բանի հետ, ինչի մասին Դուք խոսում եք:

 

- Անվստահության մթնոլորտում հանդիպելու դեպքում ինչի՞ շուրջ կարող են բանակցել նախագահները, այսինքն՝ կա՞ արդյոք բանակցությունների առարկա:

 

- Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները՝ որպես հակամարտության երեք կողմերից երկուսի ղեկավարներ, միշտ ունեն ինչ-որ խոսելու բան և որոշակի պայմանավորվածությունների հասնելու անհրաժեշտություն: Եթե բարի կամք ցուցաբերվի, ապա, օրինակ, կարելի է պայմանավորվել պաշտոնական ԶԼՄ-ներում ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու մասին շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:

 


Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ